ՀՀ ԲՈՀ-ի սահմանած ցուցակում ընդգրկվելու համար գիտական պարբերականները պետք է համապատասխանեն նոր չափանիշներին:
ԵՊՀ ռեկտորատի նիստում քննարկվեցին ՀՀ ԿԳ նախարարի՝ 2014թ. հունվարի 20-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջների վերաբերյալ հրամանի կատարման հետ կապված հարցերը:
Ինչպես հաղորդում է ԵՊՀ կայքը, ըստ նշված հրամանի՝ գիտական աստիճանների հայցման ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը հրապարակվում են միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում, միջազգային գիտական համաժողովների թեզիսների ժողովածուներում կամ ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում:
ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ռեկտորատի անդամներին ներկայացրեց նոր չափորոշիչները, ինչից հետո ակտիվ քննարկում ծավալվեց նիստի մասնակիցների միջև:
Պրոռեկտոր Գևորգյանը նշեց, որ առաջիկայում ֆակուլտետները պետք է սահմանված չափանիշներին համապատասխան հրատարակումների հայտադիմումներ ներկայացնեն, որոնք ԵՊՀ ռեկտորատի և գիտխորհրդի կողմից քննարկվելուց հետո կուղարկվեն ԲՈՀ:
Հավելենք, որ նախարարի հրամանի համաձայն՝ գիտական ժողովածուններն էլ պետք է հրապարակվեն տարին մեկ անգամ, բավարարեն գիտական հանդեսների համար պարտադիր պահանջները, գրանցված լինեն գրքի միջազգային ստանդարտ համարակալման (ISBN) համակարգում և ունենան ISBN համարանիշ:
Վերը նշված պայմանները բավարարելու դեպքում պարբերականը կարող է ընդգրկվել ՀՀ ԲՈՀ-ի սահմանած ցուցակում: Ցուցակը վերանայվելու է տարին մեկ անգամ և ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի երաշխավորությամբ հրապարակվելու է ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական կայքում:
Ցուցակում ընդգրկվելու համար բավարար պայման կհամարվի նաև «Web of Science» կամ «Scopus» ցիտման համակարգերից որևէ մեկում տվյալ պարբերականի ընդգրկված լինելը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը քննարկման ներկայացրեց նաև ֆակուլտետներում հրապարակվող տարեգրքերում գիտական աշխատանքների որակի ապահովման խնդիրները և նշեց, որ ընդհանրապես տարեգրքերի փոխարեն գիտական արդյունքների հրապարակումների հիմնական մասը նպատակահարմար է կենտրոնացնել հանդեսներում: