Դեկտեմբերի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանն ամփոփեցին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի արդյունքներն անցնող 2013 թվականին։ Նշենք, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։
Գևորգ Վարդանյանը նշեց, որ 2012թ. հուլիսի 1-ից մեկնարկեց ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որի բյուջեն կազմում էր 100 միլիոն դրամ, և ընդհանուր առմամբ մոտ 1500 երիտասարդներ օգտվեցին այդ ծրագրից։ 2013-14թթ. համար ՀՀ նախագահի կողմից երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի բյուջեն կրկնապատկվեց՝ դառնալով 200 միլիոն դրամ։ «Ինչպես 2012, այնպես էլ 2013-ին գործել ենք 4 հիմնական ուղղություններով՝ երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության անցկացում ու ֆինանսավորում։ 2013-ին ընդլայնվել է ծրագրի համագործակից կազմակերպությունների թիվը»,- նշեց Գևորգ Վարդանյանը։ Նա տեղեկացրեց, որ 2013թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը մրցութային հիմունքներով երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների համար ֆինանսավորվել է 33 հայտ, գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման համար՝ 11 հայտ։ Համաֆինանսավորման սկզբունքով գիտության պետական կոմիտեի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է «Երիտասարդ գիտաշխատողների հատազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը, որտեղ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ներդրումը հասարակական բնագավառում մեկ գիտական խմբի ֆինանսավորումն է՝ 2 տարվա համար 9 միլիոն դրամ։
Համաֆինանսավորման սկզբունքով Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի ԳԼՈԲԱԼ-ի հետ համատեղ իրականացվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը՝ ֆինանսավորելով 14 հայտ։ 2013-ին անցկացվել է նաև գիտական լրագրության մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել 10 լրագրող։ Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում, որի արդյունքները կամփոփվեն 2014թ. հունվարին, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը կտրամադրի լրացուցիչ 5 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Գևորգ Վարդանյանը նշեց, որ անցած 6 ամիսների ընթացքում մոտ 700 երիտասարդ գիտնական օգտվել է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրից։
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը, նկատելով, որ 2013թ. ընթացքում, ՀՀ նախագահի կողմից կրկնապատկվեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆոնդը, նշեց, որ այդ միջոցները կուղղվեն դեպի նոր ուղղություններ։ «2014-ին կմեկնարկեն նոր ծրագրեր, ինչը կմեծացնի պոտենցիալ շահառուների թիվը։ Մասնավորապես, առաջին նոր ուղղությունը երիտասարդ գիտնականներին գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման հարցում աջակցությունն է։ Մենք կաջակցենք երիտասարդ գիտնականներին նաև իրենց գիտական հետազոտությունները, գրքերը տպագրելու գործում։ Հաջորդ նախաձեռնությունն ուղղված կլինի հայկական և արտասահմանյան գիտական խմբերի համագործակցության խթանմանը»,- տեղեկացրեց Կառլեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ 2014-ից կսկսի գործել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պաշտոնական կայքը, որտեղ կներկայացվի ոչ միայն կատարված աշխատանքի հաշվետվությունը, այլև կայքի միջոցով կստեղծվի երիտասարդ գիտնականների բազա։ Բանախոսն ընդգծեց նաև, որ իրենք պարբերաբար հանդիպումներ են ունենում երիտասարդ գիտնականների հետ, և հաշվի են առնվում նաև նրանց ակնկալիքները։