Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Տնտեսագիտական համալսարանում ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ լրագրողներին մի խումբ երիտասարդներն թույլ չեն տվել ներկա գտնվել և տեսանկարահանել այն, հերթական անգամ ստիպում է վերանայել բուհական խնդիրները:
Գաղտնիք չէ, որ ուսխորհուրդներում հավաքվում են հիմնականում երիտասարդ կարիերիստները, որոնք էլ հենց բուհում են անցնում կարիերա կերտելու իրենց լուրջ «փորձությունը»: Նրանք հենց բուհում էլ ձեռք են բերում որոշակի արտոնյալ կարգավիճակ՝ ի տարբերություն իրենց ընկերների: Այս երևույթին մենք բախվեցինք նաև տարեսկզբին, ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ հակասություն էր առաջացել իշխանամետ և ընդդիմադիր ուսանողների միջև: Վերջիններս փորձել էին դասադուլ անել՝ որպես բողոքի նշան կեղծված ընտրությունների, և իրենց իշխանամետ ընկերների, բուհական նոմենկլատուրայի կողմից արժանացել էին ամենևին էլ ոչ համարժեք հակահարվածի:
Ասելը, թե իշխանությունները չեն մեղավոր այդ տեսակին խրախուսելու, առաջ մղելու հարցում, սխալ կլինի: Եթե տասնութ-քսան տարեկան կարիերիստները վստահ չլինեն, որ իշխանությունները գնահատելու են իրենց մատուցած «արջի ծառայությունները», ապա նրանք չեն դիմի նման քայլերի և իրենց այդպես ամբարտավան չեն պահի: Եթե նրանք իմանան, որ բուհից հեռացվելու են հենց իրենք, ոչ թե իրենց՝ ըմբոստության նշաններ ցույց տվող ընկերներն են պատժվելու, ապա այդ երիտասարդներն այդքան ինքնավստահ չեն գործի: Երիտասարդների դիմադրությանն ու հայհոյանքներին արժանացած լրագրողները կարողացել են նրանց լուսանկարել և պարզել, որ բուհում խոչընդոտներ հարուցողները Հանրապետական կուսակցության անդամներ են, նրանցից մեկն էլ՝ երիտասարդական խորհրդարանի անդամ է: Ավելին՝ այդ երիտասարդները լուսանկարներ ունեն Սերժ Սարգսյանի հետ: Իսկ Սերժ Սարգսյանի կողքին, խոստովանենք, «պատահական» մարդիկ չեն հայտնվում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ