ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Մինչև թուրքերը չընդունեն իրենց ոճիրը, լիարժեք երկխոսություն չի կարող լինել»

«Մինչև թուրքերը չընդունեն իրենց ոճիրը, լիարժեք երկխոսություն չի կարող լինել»
22.05.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«ՖՐԱՆՍԻԱՑԻՔ ԱՆՎԵՐՋ ՃԳՆԱԺԱՄԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԻՑ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ԻՍԿ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԴԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ Է»
Հայ արվեստասերներին քաջածանոթ դերասանուհի ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԸ ծառայում է նաև մեկ այլ մուսայի: Արձակի և թատերգության ժանրում գրած նրա երկերը տպագրվել են մամուլում, լույս տեսել առանձին գրքերով, թարգմանվել մի շարք լեզուներով: Վերջերս տպագրված «Հայելի» ժողովածուն հեղինակի անդրադարձն է իր շրջապատի վայրիվերումներին և դրանց հորձանուտում հայտնված ծանոթ-անծանոթ մարդկանց, սակայն ուշադիր ընթերցողը կնկատի, որ բոլոր գործերում գլխավոր հերոսուհին ինքը՝ հեղինակն է՝ իր ապրած-իմաստավորածով:
«ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՑԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԻՑ»
-Տիկի՛ն Անահիտ, Ձեր պատմվածքներից մեկն այսպես է վերնագրված. «Իմ միլիցիան ինձ այսպես չի պաշտպանում»: Եթե խոսենք գեղարվեստական ժանրից դուրս, ի՞նչ կարծիքի եք մեր ոստիկանության մասին, և փոխվե՞լ է Ձեր այդ կարծիքը մարտի 1-ից հետո:
-Շատ բարդ հարց է: Ես չգիտեմ, թե ինչպես է պահել իրեն մեր ոստիկանությունը մարտի 1-ին, այստեղ չեմ եղել ու անձամբ չեմ տեսել կատարվածը, ցավոք սրտի և գուցե բարեբախտաբար, որպեսզի դատեմ անաչառ: Չեմ ուզում սխալված լինել իմ մեկնաբանություններում, որովհետև մարդկանցից տարբեր, հակասական բաներ եմ լսել: Բայց կարող եմ ասել, որ Եվրոպայում ոստիկանությունը վախեցած է ժողովրդից: Հանրահավաքներ են լինում, ամբոխն անկարգություններ է անում, հասարակական տականքը ջարդում-փշրում է մեքենաներ ու խանութներ, ֆրանսիական police-ը վախեցած նայում է այդ ամենին, իրավունք չունի կրակելու, զերծ է մնում բռնություններ կիրառելուց: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պիտի ոստիկանությունն այդքան անպաշտպան և անվճռական լինի տականքի հանդեպ:
-Դուք հետևո՞ւմ եք «7-ի գործի» ընթացքին: Ի՞նչ դիտարկումներ ունեք՝ կապված այդ դատավարության հետ:
-Ամեն բան շատ անորոշ է, ոչ մի ճշգրիտ ինֆորմացիա չենք ստանում: Ինձ թվում է, որ հետքերն անընդհատ կորչում են:
-Մարտի 1-ի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների համար նախատեսված ժամանակը երկարաձգվել է մինչև սեպտեմբեր: Կարծում եք` այս ժամանակահատվածը նախատեսված է իրական հանցանշանները բացահայտելո՞ւ, թե՞ վերջնականապես կոծկելու համար:
-Ըստ երևույթին՝ կոծկելու համար: Ամեն մեկի վրա երևի մի մեղք կա, որը չեն ուզում բացահայտել: Եթե մեկինը բացահայտեն, դրանից կբխի նաև հաջորդի բացահայտումը, ուրեմն գերադասելի է չբացահայտելը:
-Աստվածաշնչյան առակում ասված է. «Անիրավ վկան բորբոքում է ստությունը և գրգռություն է գցում եղբայրների միջև»: Ինչպե՞ս կգնահատեք «7-ի գործով» որոշ «վկաների» ոչ ադեկվատ պահվածքը դատարանում, տրամաբանության հենքից զուրկ նրանց ցուցմունքները:
-Ինչպե՞ս պիտի գնահատեմ: Ահավոր բան է դա: Փչացրել են ժողովրդին: Այդ «վկաները» թափթփուկներ են պարզապես:
«ՏՂԱՄԱՐԴԸ ՄԱՐԴ ՉԷ, ԵՐԲ ՏՂԱՄԱՐԴ ՉԷ»
-Անդրադառնանք Ձեր գրքում տրված ևս մեկ բանաձևումի. «Տղամարդը մարդ չէ, երբ տղամարդ չէ»: Որպես հայ կին՝ համատարած անգործության ճահճում խեղդվող (խեղդվա՞ծ) հայ տղամարդուն ընկալում եք ա՞յս բանաձևի շրջանակներում:
-Սոսկալի վիճակում է հայ տղամարդը: Այնպիսի հետադիմություն է ապրել նա, որ կարոտախտով ենք հիշում երբեմնի այն անհատներին, որոնք գեղեցկացնում էին Երևանը: Թեկուզ միայն աչքով տեսանելի նրանց որակները (խոսելաձև, պահվածք, վարվեցողություն, հագուկապ) արդեն շատ բան արժեին: Վերջապես բարեկիրթ ազգ, քաղաքակիրթ երկիր էինք դարձել, թատրոնը հանդիսատես ուներ: Իսկ հիմա ամեն բան կորցրել ենք: Մի անգամ համալսարանում հանդիպում ունեցա ուսանողության հետ: Դահլիճի 90 տոկոսը կանայք էին: Մի քանի երիտասարդ տղամարդիկ կային միայն՝ տձև, սուրքիթ կոշիկներով, միմյանց թևանցուկ արած, տարօրինակ քայլվածք-պահվածքով. հասկանալի չէր, թե որ մոլորակից էին եկել: Փորձում էին խանգարել զրույցը վարելուն, որովհետև զգում էին, որ դեմ եմ իրենց տոհմատիրական, կնոջը ճնշելու, նրան միայն խոհանոցում ճաշ եփողի կարգավիճակում պահելու հայեցակարգին: Ես կողմ եմ, որ կինն ավելի հարմոնիկ լինի, անհատականություն լինի, տղամարդուն հավասար դիրքերում լինի և կարողանա իրեն լիարժեք դրսևորել: Դա նաև տղամարդու, ընտանիքի համար է շահեկան:
-Ապրելով Ֆրանսիայում՝ կարող եք իրատեսորեն գնահատել. եվրոպացի կինն առավե՞լ շահեկան վիճակում է այդ իմաստով:
-Իհարկե, մեր կանանց մխիթարելու համար չէ, որ պիտի ասեմ, բայց, հավատացեք, որ այնտեղ էլ անտանելի բաներ կան: Գուցե շատ զարմանաք, բայց Եվրոպայում գոյություն ունի կանանց մի կատեգորիա, որը կոչվում է femme battue (ծեծվող կին): Նրանց մասին ես գրել եմ: Ֆրանսիացիների, անգլիացիների, իսպանացիների, գերմանացիների մեջ էլ կան մարդիկ, որոնք կնոջը համարում են այնպիսի օբյեկտ, որին պետք է պահել տանը և նյարդերը հանգստացնելու համար նաև երբեմն ծեծել-ջարդել՝ առանց որևէ պատճառի: Ռուսներն ասում են, չէ՞. «Պատճառ լիներ, կսպանեի»: Իսկ ծեծելու համար պատճառ պետք չէ: Եվ եվրոպացի այդ կանայք, տնտեսական հանգամանքներից ելնելով, վախենում են բողոքել իրենց նկատմամբ կիրառված բռնությունների դեմ, որովհետև պարզապես կհայտնվեն փողոցում ու կդառնան բոմժ: Եթե անգամ բողոքեն, դժվարությամբ կկարողանան ապացուցել իրենց դեմ կատարված բռնությունը: Պետք է անպայման թարմ վնասվածքների հետքեր ունենան իրենց վրա, պետք է հարևանները վկայություն տան ու հաստատեն կատարվածը: Իսկ հարևաններն այնտեղ շատ անտարբեր են իրենց կողքինի նկատմամբ: Մեզ մոտ այդ իմաստով վիճակն առավել բարվոք է, մենք ավելի արձագանքող ենք ուրիշի ցավին, մեկս մյուսին պաշտպանող: Մի անգամ ինքս եմ միջամտել հարևանիս և նրա կնոջ վեճին, սաստել կնոջ վրա ձեռք բարձրացրած ամուսնուն: Այսինքն՝ պաշտպանել եմ մի կնոջ, որն ընկերուհիս էլ չէր, պարզապես կին էր: Քիչ անց այդ մարդը եկավ ամուսնուս մոտ, քաշեց մի անկյուն ու ասաց. «Դու որ քո կնկան ծեծում ես, ես խառնվում ե՞մ»: Ալեքսանդրն ասաց. «Ես իմ կնոջը չեմ ծեծում»: «Հենց էդ ա քո սխալը: Չես ծեծում, դրա համար էլ իրեն էդպես ա պահում»,- դժգոհեց հարևանս: Իմ մայրը լեհուհի է, իր ամուսնուն շատ նվիրված է եղել ամբողջ կյանքում, բայց ճորտ չի եղել, չի սիրել ճնշված լինել: Դա էլ, երևի, փոխանցվել է ինձ, ես ըմբոստ հոգի ունեմ: Համ էլ անունս Անահիտ է, աստվածուհու անուն է, ի վերջո: Դատելով հայոց պատմության ընթացքից՝ կարելի է եզրակացնել, որ մեր տղամարդկանց մեջ առկա տոհմատիրական հակումները հայկական երևույթ չեն, դրանք ավելի շատ թուրքական, մուսուլմանական դրսևորումներ են, արևելյան ներմուծումներ են մեր վարքում:
«ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԱԿՏԻՎ ՉԵՆ»
-Ինչպե՞ս եք ընկալում կին և քաղաքականություն զուգահեռը: Կինը, մասնավորապես, հայուհին, անելիք ունի՞ քաղաքականության մեջ:
-Անպայման ունի: Բայց ես չեմ տեսնում, չեմ նկատում հայուհիներին քաղաքականության մեջ: Իհարկե, նստած են ինչ-որ տեղերում, բայց չեմ կարող խոսել նրանց վճռորոշ գործոնի մասին: Կարող էին ավելին անել, ավելի տեսանելի լինել, բայց նաև մտածում եմ, որ եթե ինքս հայտնվեի նրանց շրջապատող տղամարդկանց կողքին, արդյո՞ք կկարողանայի ավելին անել: Վստահ չեմ, որ այդ կաբինետներում թույլ են տալիս կնոջն ազատ գործել: Ես չեմ պատկերացնում այդ կանանց իրական վիճակը, որպեսզի դատեմ նրանց աշխատանքի մասին: Իսկ այն, ինչ առայժմ տեսնում եմ, շատ գովելի չէ: Հայուհիները քաղաքականության մեջ բավականաչափ ակտիվ չեն, ինքնուրույն չեն: Փորձում են ինչ-որ բաներ անել, բայց դեռ քիչ բան է հաջողվում: Մտածում եմ՝ եթե նրանք չենթարկվեին տղամարդկանց, գուցե և չմնային իրենց պաշտոններում:
-Կանացիությունը չի՞ տուժում քաղաքականության մեջ մտնելիս:
-Ո՛չ: Փարիզում ահագին գեղեցիկ կանայք կան քաղաքականության մեջ: Եվ, բացի այդ, ես չգիտեմ՝ մինչև քաղաքականություն գալն այդ կանայք ավելի՞ կանացի էին, թե՞ ոչ:
-Արևմուտքի առաջին տիկնայք մշտապես գտնվում են լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում: Մերթ Սարկոզիի կնոջ անպարկեշտ լուսանկարներն են երևակվում, մերթ Օբամայի կնոջ՝ Անգլիայի թագուհուն գրկելու անբարեկրթությունն է ծաղրվում, մերթ Բեռլուսկոնիի կնոջ աղմկահարույց ապահարզանն է լուսաբանվում: Իսկ ինչպե՞ս են ներկայացվում հայ գործիչների տիկնայք արևմտյան լրատվամիջոցներում:
-Մենք նրանց ուշադրության դաշտից դուրս ենք: Մեզ թվում է, թե շատ մեծ տեղ ենք զբաղեցնում աշխարհում, բայց դեռ չենք հասել այն բանին, որ Արևմուտքի լրատվամիջոցները մեզնով այդչափ հետաքրքրվեն:
«ՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԻՐԵՆՑ ՏԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԻՆ»
-Դրսում ապրող հայի հայացքով ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը:
-Նախ՝ ես դրսում ապրողի հայացքով չեմ նայում, նայում եմ հայաստանցու հայացքով: Սփյուռքի և իմ մոտեցումները շատ տարբեր են: Օրինակ՝ Հայաստանում կատարված որևէ վատ երևույթ ինձ ցավ է պատճառում: Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ասեմ, որ Էդվարդ Նալբանդյանն իր այս դերում ինձ ավելի համոզիչ է թվում, քան Ֆրանսիայում դեսպան եղած ժամանակ: Նա պրոֆեսիոնալ է, կիրթ և լավ գործ է անում:
-Ձեզ համար հասկանալի՞ է մեր վարչապետի կոչը, թե պետք է վարենք ոչ թե հակաթուրքական, այլ պրոհայկական քաղաքականություն:
-Ինձ համար դա աբսուրդ է: Եթե իսկապես ուզում ենք մեր շահերը պաշտպանել, պիտի հասկանանք, որ դրանց բաղադրիչ մասը Հայոց ցեղասպանության ընդունումը և հատուցումը պիտի լինի: Իսկ դա արդեն, ուզես-չուզես, դառնում է հակաթուրքական մոտեցում:
-Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալը վտանգավոր չէ՞ հայերի համար:
-Կարծում եմ՝ վտանգավոր է: Որովհետև հայերը պատրաստ չեն իրենց տանն ընդունելու թուրքին: Հնարավոր է, որ թուրքը գա Հայաստան, և Հայաստանը նրա տունը դառնա: Հայն այնքան դիվանագետ չէ, որ կարողանա թուրքին իր տեղը դնել, հասկացնել, որ նա հյուր է ու պիտի իրեն հյուրի նման պահի: Ես վախենում եմ՝ թուրքերն այնքան շատանան մեր երկրում, որ մենք դառնանք հյուր մեր սեփական տանը, ինչպես եղել է միշտ, ինչպես ադրբեջանցիների դեպքում էր խորհրդային տարիներին: Հետո պիտի նորից թուրքի հետ կռվենք, որ քշե՞նք այստեղից: Բացի այդ, մինչև թուրքերը չընդունեն իրենց գործած ոճիրը, լիարժեք երկխոսություն չի կարող լինել նրանց հետ: Մեկ այլ վտանգ էլ կա. նրանք կապիտալ ունեն և կարող են գալ ու ներդրում անել մեր երկրում, գնել տներ, գործարաններ, հիմնել արդյունաբերություն: Արդեն իսկ գնել են շատ բաներ: Եվ կարճ ժամանակում մեր երկիրը կդառնա նրանցը: ՈՒրեմն, մեր ինչի՞ն է պետք այս ամենը, որպեսզի Եվրոպայի աչքում թուրքի երեսը ճերմակացնե՞նք, նպաստենք, որ նրան ընդունեն Եվրամիությո՞ւն: Զո՜ւր ջանքեր…
«ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՄ ՉԿԱՏԱՐՎԱԾ ԲԱԶՈՒՄ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ»
-Երևանի քաղաքապետի ընտրություններին Հայաստանում չեք լինելու: Հե՞շտ եք հրաժարվում ընտրելու Ձեր հնարավորությունից:
-Մեկ ձայն ավել-պակաս լինելով բան չի փոխվի: Բացի այդ, մեզ գնել, սիրաշահել շատ դժվար է: Կարծում եմ` Երվանդ Զախարյանը լավ էր աշխատում այդ պաշտոնում: Ճիշտ է՝ ամեն հարց չէ, որ լուծվում էր: Աղբանոցների, քարուքանդ ճանապարհների խնդիրը դեռ կա: Չգիտեմ՝ այսօրվա թեկնածուներն ի՞նչ են խոստանում և ի՞նչ են անում: Առհասարակ, հիասթափված եմ չկատարված բազում խոստումների պատճառով, ոչ մեկին չեմ հավատում: Բայց եթե պետք է ընտրություն կատարել Գագիկ Բեգլարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, ես, անշուշտ, կընտրեի առաջինին: Բեգլարյանը, գոնե, հանցագործ չէ, իսկ Լևոնն ինչե՜ր արեց մեր ժողովրդի գլխին:
-Հնարավո՞ր եք համարում ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի՝ ընդհանուր ճակատով հանդես գալը քաղաքական պայքարում:
-Եթե դաշնակները նման բան անեն, ես նրանցից շատ կհիասթափվեմ:
-Կարելի՞ է ենթադրել, որ հիմա հիասթափված չեք և համակրում եք դաշնակցությանը:
-Համենայն դեպս, իրենց այս վերջին քայլը՝ կոալիցիայից դուրս գալը, ինձ դուր եկավ: Նրանք լուռ կուլ չտվեցին թուրքերի հետ գրկախառնվելու մեր մտադրությունը:
-Ձեր ամեն այցի ժամանակ ի՞նչ փոփոխություններ եք նկատում Երևանում:
-Գալիս եմ տարին մեկ-երկու անգամ: Ամեն անգամ տեսնում եմ նոր շենքեր, որոնց մեջ մարդիկ չեն բնակվում, տեսնում եմ փոփոխված գներ, խեղճացած ժողովուրդ, անտեսված ծերեր, որոնք ժամերով հերթ են կանգնում իրենց ողորմելի թոշակներն ստանալու համար:
-Ֆինանսատնտեսական ճգնաժամն ինչպե՞ս է անդրադարձել ֆրանսիացու, ինչպե՞ս՝ հայի վրա:
-Ֆրանսիացիք շատ են լաց լինում, հայերը, ատամները սեղմած, տառապանքով դիմադրում են: Ֆրանսիացիք անվերջ ճգնաժամի սարսափներից են խոսում, իսկ մեզ համար դա սովորական բան է: Այսպիսին է մեր ժողովուրդը:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2439

Մեկնաբանություններ