ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՄԱԶԻՑ ԿԱԽՎԱԾ ՏԵՂՈՒՄ ՈՒ ՄԱԶԻՑ ԿԱԽՎԱԾԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ»

«ՄԱԶԻՑ ԿԱԽՎԱԾ ՏԵՂՈՒՄ ՈՒ ՄԱԶԻՑ ԿԱԽՎԱԾԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ»
23.10.2009 | 00:00

Երեկ «Իրավունք de facto» ակումբում հայ-թուրքական արձանագրությունների ու սահմանի բացման շուրջ իրենց տեսակետները բարձրաձայնեցին մտավորականները՝ արձակագիր, սցենարիստ, ազատամարտիկ, պրոֆեսիոնալ լեռնագնաց ու քարանձավախույզ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ և բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
«Այսօր ինչ-որ բան է պարտադրվում մեզ, որը, բարեբախտաբար, մեր օգտին է։ ՈՒ թեև ես չեմ հավատում թուրքերին, սակայն հավատում եմ Սերժ Սարգսյանին, ով ուզում է բացել սահմանը։ Մենք գործ ունենք չափից դուրս դիվանագետ ժողովրդի ու պետության հետ»,- ասաց ՀԳՄ քարտուղարը, ընդգծելով, որ իրեն առավել մտահոգում է այն տրամաբանությունը, որով «դարեր ի վեր հարաբերություններ են կառուցվել Թուրքիայի և Հայաստանի միջև, քանի որ վերջիններս մեզ միշտ խաբել են»։ Նա, այդուհանդերձ, նշեց, թե ստորագրված երկու արձանագրություններում ոչ մի նախապայման չկա։
Վահան Տեր-Ղազարյանի դիտարկմամբ՝ այս արձանագրություններով Թուրքիան փորձում է իր համար «ոտքի տեղ բացել»։ «Հարաբերություններ հաստատելով՝ պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան կայուն և վստահելի երկիր չէ, այն ժամ առ ժամ փոփոխվող, տարբեր ծայրահեղությունների մեջ եփվող ոստիկանական մի պետություն է, որն ամեն պահի կարող է դրժել ցանկացած պայմանագիր»։ Արձակագրի համոզմամբ՝ այս իրավիճակում մեզ ամենից շատ անհրաժեշտ է կազմակերպվածություն։ «Մի բան, որը ոչ մի կերպ չի ստացվում։ Գործընթացը նոր է սկսվել, ու մենք պետք է շատ խելոք լինենք։ Հայկական բնածին խելքը պետք է հաշվարկներ անի ու հասկանա՝ ինչպես գործել։ Մազից կախված տեղում ու մազից կախվածի վիճակում ենք»։
Հովհաննես Գրիգորյանը սահմանի բացման կարևոր օգուտներից մեկն էլ համարում է «սահմանային մոնոպոլիայի վերացումը», մոնոպոլիա, որն արդեն վաղուց ձեռք է բերել Վրաստանը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ Ղարաբաղի հիմնախնդրի առնչությանը, ազատամարտիկ Տեր-Ղազարյանը շեշտեց. «Անձամբ ես ոչ մի սանտիմետր չեմ զիջի։ Զիջելուց առաջ պետք է գնալ Եռաբլուր ու այնտեղ պառկածներին հարցնել՝ համաձա՞յն եք զիջել։ Նախ՝ մեր սահմանադրության մեջ կա մի տարօրինակ կազուս. ոչ թե պետք է լինի Հայաստանի Հանրապետություն, այլ Հայկական Հանրապետություն... Պետք է շեշտը դրվի ոչ թե սահմանի բացման, այլ ճանապարհների վրա։ Սա մեծ բացթողում է մեր դիվանագետների կողմից»։ Շարունակելով թեման՝ Գրիգորյանը հավելեց. «ԼՂՀ-ն չպետք է դառնա առուծախի ապրանք, որովհետև այն մեզ համար միայն տարածք չէ։ Ղարաբաղն ազատագրելով՝ մենք ձերբազատվեցինք պարտված ժողովրդի բարդույթից։ Ղարաբաղի շնորհիվ մի քիչ մեջքներս ուղղվեց։ Հասկացանք, որ մենք էլ հաղթել գիտենք։ Վերադարձնել Ղարաբաղը՝ նշանակում է ոչ թե տարածքներ, այլ արժանապատվություն, ազգային նկարագիր, մեր ողնաշարը կորցնել։ Որևէ այլընտրանք չկա, որի դիմաց արժե նման գին վճարել։ Առանց այդ սահմանի դիմացել ենք, էլի կդիմանանք»։ Տեր-Ղազարյանն էլ կարծիք հայտնեց, թե պետք է գործընթացը դանդաղի, որպեսզի կարողանանք հասկանալ, թե «հողը գցած սերմն ինչ ծիլ է տալիս»։
Անդրադառնալով ողջ մտավորականության ու, մասնավորապես, հայ-թուրքական արձանագրություններին առնչվող գրողների միության ընդհանուր կարծիքին՝ միության քարտուղարն ընդգծեց, թե «որևէ գրող մեկ ուրիշի անունից չի կարող խոսել։ Այս հարցի առնչությամբ միությունում մթնոլորտն այնպիսին է, ինչպիսին ողջ Հայաստանում։ Արվեստի մարդիկ անհատականություններ են և ոչ մի հարցում միության նախագահը կամ քարտուղարը իրավասու չեն նրանց անունից խոսելու»։
Ի վերջո, բանախոսները մի հարցում համակարծիք էին, որ շատ հարցեր կախված են նաև չորրորդ իշխանությունից։ «Եթե դուք ձեր ճիշտ տեղում եղաք, ճիշտ արձագանքեցիք սպասվող զարգացումներին և նպաստեցիք հասարակական ճիշտ կարծիքի ձևավորմանը, պետական շատ հարցերում կարող եք օգտակար լինել»,- ասացին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ