ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մակրոնն ուզում է վերաիմաստավորել տրանսատլանտյան հարաբերությունները

Մակրոնն ուզում է վերաիմաստավորել տրանսատլանտյան հարաբերությունները
07.02.2021 | 11:30

Եկել է պատմական պահը տրանսատլանտյան հարաբերությունների համար, որ վերանայել էր Դոնալդ Թրամփը, իսկ հիմա որոնում են վերածննդի ճանապարհներ: Ջո Բայդենի առաջին քայլերը միջազգային ասպարեզում՝ ԱՄՆ վերադարձը ԱՀԿ և Կլիմայի Փարիզի համաձայնագիր, ֆրանկոֆիլ Էնտոնի Բլինկինի նշանակումը պետքարտուղար, լավ նորություններ են Եվրոպայի ու հատկապես Փարիզի համար: Եվրոպան Վաշինգտոնի հետ մերձեցման և միջազգային համակարգը գործարկելու հնարավորություն է տեսնում: Ատլանտյան խորհրդի հետազոտական կենտրոն հրավիրված Էմանուել Մակրոնը՝ Բենջամին Հադադի գլխավորությամբ Վաշինգտոնում Եվրոպայի կենտրոն բացելու առիթով, անգլերեն մանրամասն պատմեց՝ ինչպիսին է տեսնում տրանսատլանտյան հարաբերությունները և վերսկսման հնարավորությունները՝ գրել է Իզաբել Լասերը Le Figaro-ում:

Թրամփի կառավարման քաոսային տարիներից հետո Սպիտակ տուն ավելի դասական նախագահի վերադարձը որոշ եվրոպացիների նախկին ատլանտյան նորմալ հարաբերությունների հույս է ներշնչել: Գերմանիայի քաղաքական դասի որոշ մասը նույնիսկ գայթակղություն ունի տեղավորվելու ԱՄՆ անվտանգության հովանոցի տակ, սակայն ԱՄՆ նախագահը Ատլանտյան խորհրդում ևս մեկ անգամ հայտարարեց եվրոպական ինքնիշխանությունը վերաիմաստավորելու իր հավակնությունների մասին: Նա նաև հաստատեց Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև ավելի ռեալիստական մոտեցումների անհրաժեշտությունը, որ նույնիսկ Ջո Բայդենի հետ ավելի կողմնորոշված են դեպի Ասիա, այլ ոչ թե Մերձավոր Արևելք ու Եվրոպա : 2019-ի նոյեմբերին Ֆրանսիայի նախագահը միջազգային ցունամի հարուցեց՝ հիշատակելով «ՆԱՏՕ-ի ուղեղի մահը»: Հինգշաբթի Ատլանտյան խորհրդում նա փորձեց համոզել ամերիկացիներին, որ եվրոպական «ինքնիշխան կառույցի» ստեղծումը համապատասխանում է նրանց շահերին: «Նախկինում ԱՄՆ-ը միակն էր, որ մտահոգվում էր մեր անվտանգության մասին: Բեռը չէր բաժանվում: Հարաբերությունները անառողջ դարձան, որովհետև ՆԱՏՕ-ի անդամությունը հանգեցվում էր տանուլ տված տարբերակի»՝ ԱՄՆ ռազմական հովանին՝ ամերիկյան տեխնիկայի գնման ու պայմանագրերի փոխարեն:

«Մենք պետք է զբաղվենք մեր հարևանների հետ հարաբերություններով»՝ բացատրում է Ֆրանսիայի նախագահը՝ հենվելով իրականության վրա՝ «Մեր հարևանները Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան են, ոչ թե ԱՄՆ-ը»: Նա հիշեցրեց 2013-ին Ֆրանսիային հասցված հարվածի մասին, երբ Բարաք Օբաման վերջին պահին հեռացավ Սիրիայից, որտեղ Բաշար Ասադի վարչակարգը նորից հատեց քիմիական զենքի կարմիր գիծը: «Եվրոպացիները չպետք է լինեն մի իրավիճակում, երբ իրենք կախված են Ամերիկայի որոշումներից»՝ հաստատում է նախագահը: Երբ Բեռլինը գայթակղվում է Եվրոպան ԱՄՆ-ից ու Չինաստանից հավասար հեռավորության վրա տեսնել, Էմանուել Մակրոնը ընտրել է իր ճամբարը: «ԱՄՆ-ը մեր դաշնակիցն է, մինչդեռ Չինաստանը, լինելով գործընկեր ու մրցակից, համակարգային հակառակորդ է»:


Ռուսաստանի նկատմամբ, որ հաճախ է ենթարկվում Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերից քննադատության, Ֆրանսիայի քաղաքականության վերաբերյալ հարցին պատասխանելիս Էմանուել Մակրոնը հիշեցրեց իր դիվանագիտության երկու ուղղությունները: Մի կողմից՝ Նավալնու ձերբակալության ու ճնշումների, որ հիմա թափվել են երկրի վրա, քննադատություն ու Ղրիմի անոքսիայի պատճառով պատժամիջոցների պահպանություն, մյուս կողմից՝ համոզվածություն, որ Ռուսաստանը պատկանում է եվրոպական ընտանիքին, և անհնար է մայրցամաքում խաղաղության ու կայունության հասնել՝ Ռուսաստանի հետ բանակցություններ չվարելով: Ֆրանսիայի նախագահը ընդգծեց, որ ինքն ամեն ինչ հստակ գիտակցում է: Հասկանում է, որ արդյունքների հասնելու համար պետք են տարիներ, գուցե նաև տասնամյակներ:
Իզաբել Լասեր, Le Figaro


Հ.Գ. Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ երկրում կարող է ընդունվել երրորդ կարանտինը, եթե սրվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ հայտնում է «Ouest-France» թերթը: «Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ մենք կկարողանանք հաղթահարել համավարակը՝ առանց կարանտինային նոր ռեժիմ մտցնելու: Ակնհայտ է, որ վերջին օրերին Ֆրանսիայում համավարակի տեմպերը դանդաղել են: Դա ձեռք է բերվել մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ», - ասել է նա՝ ավելացնելով, որ իրավիճակը կտրուկ վատանալու դեպքում հնարավոր է նոր կարանտին մտցվի: Վարչապետը նշել է, որ նման միջոցը ծայրահեղ է, քանի որ կարանտինը բացասաբար է անդրադառնում սոցիալական, հումանիտար և նույնիսկ սանիտարական ոլորտների վրա:
Ֆրանսիայի թանգարանները ամիսներ շարունակ փակ են կորոնավիրուսային համավարակի կարխարգելման նպատակով սահմանված արգելափակումների պատճառով և սնանկացման եզրին են՝ տեղեկացրել է Լուվրի և դեկորատիվ արվեստների ազգային դպրոցի ադմինիստրատոր Ֆրեդերիկ Ժըսեն:

«Մեծ կամ փոքր թանգարանները գրեթե ավերված են: Որոշ թվեր նշելու համար կարող ենք ասել, որ Լուվրը ամսական կորցնում է 10 միլիոն եվրո, Վերսալը 70 միլիոն կորցրեց անցյալ տարի», - նշել է Ժըսեն: Լուվրը հայտնել էր, որ 2020-ին այցելությունը նվազել է 70 տոկոսով: Ֆրանսիայի թանգարանների և արվեստի կենտրոնների հարյուր ներկայացուցիչներ կոչով դիմել էին երկրի մշակույթի նախարարին հորդորելով թույլատրել թանգարաններին՝ մասնակի վերսկսել իրենց աշխատանքները:


«Մենք խնդրում ենք, որ թանգարանները բաց լինեն նույն պայմաններով, ինչ խանութները: Կան թանգարաններ, որոնք օրական ընդամենը մի քանի այցելու են ընդունում, ավելի քիչ քան հացի խանութը: Հետևաբար, կարող եք դրանք բացել: Բնականաբար, Լուվրի կամ Վերսալի նման մեծ թանգարանները պետք է գործեն սահմանափակումներով: Բայց նրանք կարող են ամեն ինչ կատարելապես կազմակերպել, կա առցանց ամրագրման համակարգ», - հավելել է Ժըսեն՝ զարմանալով, թե ինչու են բաց ոչ պարենային ապրանքների խանութները, որտեղ շարժը շատ է, իսկ թանգարանները մնում են փակ:


Համավարակի տարածման սկզբից Ֆրանսիայում վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է 3.2 միլիոն մարդ, 77 հազարը մահացել է: Այս պայմաններում Էմանուել Մակրոնը իր քաղաքական կարիերայի լուրջ երկընտրանքի առաջ է՝ նրա աչքի առաջ կորոնավիրուսի պանդեմիայի ավերածությունների հետևանքով Դոնալդ Թրամփը չվերընտրվեց՝ ընտրություններից մեկ տարի առաջ, նախքան կորոնավարակի տարածումը ունենալով վերընտրության 90 տոկոսանոց շանսեր: Մակրոնը պետք է որոշի՝ ազատություննե՞ր հանուն ներքաղաքական հանդարտության, թե՞ տեղաշարժի սահմանափակումներ՝ հանուն ազգի առողջության: Բայց դա միակ ընտրությունը չէ: Մակրոնը նախագահության առաջին օրից ձգտում է ԵՄ-ն դարձնել ինքնաբավ կառույց՝ բոլոր առումներով, և առաջին հերթին որոշումների կայացման ու անվտանգության՝ առանց ՆԱՏՕ-ի: 2022-ին՝ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ Մակրոնին պետք են լուրջ արդյունքներ՝ համոզելու կորոնավիրուսից տանջահար ֆրանսիացիներին իրեն նորից ձայն տալու, ոչ միայն Ֆրանսիայում, այլև միջազգային ասպարեզում: Եվ հատկապես կարևոր են դառնում ԱՄՆ-Ֆրանսիա, Ֆրանսիա-Ռուսաստան, Ֆրանսիա-Չինաստան հարաբերությունները: Եվ, իհարկե, Մակրոնը փորձելու է Ֆրանսիայի խոսքն ասել Արցախի հարցում՝ ընդհանուր հայտարարի գալով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ