«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Լկտիացող Կապիկը քաշքշում է Վագրի բեղերը»

«Լկտիացող Կապիկը քաշքշում է Վագրի բեղերը»
10.10.2014 | 12:41

Օրերս Չինաստանում 162 հազար պետական պաշտոնյա հեռացվեց աշխատանքից կոռուպցիոն իրավախախտումների համար։ Վերցրին ու հեռացրին։ Կենտրոնական կառավարության հրապարակած զեկույցի համաձայն, հեռացումները կատարվել են կենտրոնական կառավարության աշխատակազմում և նահանգային վարչակազմերում, ինչպես նաև պետական ձեռնարկություններում, երկրի ֆինանսական և ուսումնական հաստատություններում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում։ Ընդ որում, ընդգծվում է, որ նման նոր օրինախախտումների բացահայտման դեպքում մեղավորները կպատժվեն ոչ միայն հեռացումներով, այլև օրինախախտ գերատեսչությունների բյուջետային հատկացումների կրճատմամբ։ Պարզաբանվում է, որ չինական կառավարական հիմնարկների մի շարք ղեկավարներ սկսել էին «աշխատանքի ընդունել» իրենց ազգականներին, ովքեր աշխատավայրերում չէին լինում, սակայն աշխատավարձ էին ստանում։
Ընդօրինակման արժանի քայլ է, չէ՞։ Հատկապես մեր Հայաստանի համար։ Բայց հետաքրքրական է այն փաստը, որ «ժողովրդավարության ամերիկյան խաչակիրները» հենց Չինաստանն են այժմ ընտրել իբրև երկրորդ (ՈՒկրաինայից հետո) թիրախ տխրահռչակ «ժողովրդավարացման» համար։ Շատերն այն կարծիքին են, որ Հոնկոնգ կղզում ուսանողների նախաձեռնած «Occupy Central» շարժումը, որի ընթացքում բողոքողները շրջափակել էին Հոնկոնգի բիզնես-կենտրոնն ու փորձում էին թափանցել կառավարական համակառույց, սկսվել էր սեպտեմբերի 26-ին կամ 30-ին։ Հանրահավաքների մասնակիցները պահանջում են 7-միլիոնանոց Հոնկոնգի ղեկավարի ուղղակի ընտրություններ` ներկա երկաստիճան ¥ընտրող պատվիրակների կոլեգիայի միջոցով¤ ընտրակարգի փոխարեն։ Ամեն ինչ կարծես ժողովրդավարության նորմերի ու սկզբունքների շրջանակում է, և անգամ Չինաստանի Սահմանադրության, որում Հոնկոնգի կարգավիճակը վավերագրված է որպես «մեկ երկիր` տարբեր համակարգեր»։ Հիշեցնենք, որ կղզին Անգլիայի գաղութն էր մինչև 1997 թ., երբ լրացավ չինական և անգլիական իշխանությունների միջև գոյություն ունեցող համապատասխան պայմանավորվածությունների ժամկետը։
Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէր այն փաստը, որ փոքրաթիվ դժգոհության բռնկումները (իսկ Չինաստանի համար նույնիսկ կեսմիլիոնանոց բողոքավորները շատ քիչ են բազմաթիվ կոչվելու համար) մի նահանգում, որտեղ մոտավորապես նույնքան մարդ է ապրում, որքան, օրինակ, ՈՒկրաինայի հարավ-արևելքի Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում, սկսվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը և Կիևի նրա խամաճիկները գիտակցեցին, որ Նովոռուսիայի դեմ ուղղված «բլիցկրիգը» ձախողվել է։ Այսինքն, ՈՒկրաինայում տեղ գտած արգելակումը ամերիկյան «հեղափոխությունների ջատագովների» համար ընդհուպ Չինաստանով զբաղվելու հիմք դարձավ։ ՈՒ, պարզվում է, Հոնկոնգի «հովանոցների հեղափոխության» (իրավիճակն այսպես են արդեն բնութագրել արևմտյան լրատվամիջոցները) պլանաչափ նախապատրաստությունը ամերիկացիները սկսել էին դեռ այն ժամանակ, երբ իրենց խամաճիկները մարդկանց սպանում էին Օդեսայում և Մարիուպոլում այս տարվա մայիսին։ Համենայն դեպս, հունիսին Հոնկոնգի ուղղակի ընտրությունների կողմնակիցները ԱՄՆ-ի օգնությամբ 10-օրյա առցանց հանրաքվե անցկացրին իբր 800 հազար մարդու մասնակցությամբ, որը Պեկինն անվանեց անիրավազոր։ Այսպես, թե այնպես, սեպտեմբերի վերջին «ամերիկյան հեղափոխության պայմանական մայդանը» իրականում ՈՒկրաինայից տեղափոխվեց Հոնկոնգ։ Այսինքն, ըստ էության` Չինաստան։
Թե ինչու Հոնկոնգ` հասկանալի է. դա Չինաստանի ամենաանգլախոս մասն է։ Պորոշենկոն նոր-նոր է իր երկիրը նախապատրաստում դարձնելու ԱՄՆ-ի գաղութ, երկրորդ լեզու ազդարարելով... անգլերենը, որով, ի դեպ, լիովին պատճենում է Սաակաշվիլուն, ում օրերս նույն ԱՄՆ-ը մերժեց ԱՄՆ այցելելու մուտքի վիզա տալը և ով հետախուզվում է Ինտերպոլի կողմից։ Հոնկոնգի անգլո-ամերիկացած չինացիների գլուխները շատ հեշտ է մտցնել իշխանություններին հակազդելու պարզունակ սխեմաները, որոնք փորձարկում են անցել և՛ Կահիրեի Թահրիր հրապարակում, և՛ Կիևի «Մայդանում»։ Ստրուկները ստրուկ են հենց նրանով, որ պատրաստ են ստրկատիրոջ հրահանգով անմռունչ նետվելու անհայտության վիհը։
Բայց ինչո՞ւ պիտի ԱՄՆ-ը աջակցեր Հոնկոնգի «ուսանողներին», չէ՞ որ բուն Ամերիկայում չկան, ասենք, ԱՄՆ-ի նախագահի ուղղակի ընտրություններ։ Աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, ինչպիսին իրենց երկիրը համարում են ամերիկացիները, իրականում ունի պետության ղեկավարի ամենափակ ու ոչժողովրդավարական ընտրության համակարգը։ ԱՄՆ-ի նախագահներին ընտրում են ոչ թե հարյուր միլիոնավոր ամերիկացիներ, այլ սոսկ մի քանի հարյուր... ընտրող պատվիրակներ։ Ընդ որում, ԱՄՆ-ում մեկ պատվիրակը ներկայացնում է միջին հաշվով 300-800 հազար ամերիկացու (նահանգների բնակչության խտությունից ելնելով)։ Հոնկոնգում ընտրող պատվիրակների կոլեգիայի ամեն մասնակից ներկայացնում է ուղիղ 100 հազար բնակչի։ ՈՒրեմն որտե՞ղ է ժողովրդավարությունն ավելի շատ` ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Հոնկոնգում։ Պատասխանն ինքնըստինքյան պարզ է։ Բայց միայն ոչ ԱՄՆ-ի իշխանությունների ու նրանց նոր խամաճիկների համար, որ այս անգամ Հոնկոնգի «ուսանողներն» են։ Եվ գործի դրվեց Կիևի «Մայդանի» հոնկոնգյան սցենարը։ Ամեն ինչ նույնն է. բառացիորեն «օգնություն» աղերսող գեղեցկադեմ աղջիկ, ոստիկանական մահակներ, ծեծի «տեսարաններ» և այլն։ Եվ դա այն դեպքում, երբ անգամ արևմտյան լրատվամիջոցներին է հայտնի. «գեղեցկադեմ աղջիկներն» ու «ուսանողներն» էլ են ոստիկանների վրա հարձակվում ու մարմնական վնասվածքներ հասցնում։ Չկա միայն Վիկտորյա Նուլանդը, որ քաղցրավենիք բաժանի ինչ-որ տատիկների կամ փոքրիկների։ Բայց դա էլ կլիներ, եթե Չինաստանն էլ ՈՒկրաինայի նման կարճամիտ լիներ։
Չինաստանի «Սինխուա» պաշտոնական լրատվական գործակալությունը, մեջբերելով երկրի ղեկավարության անանուն մի աղբյուր, ցույցերն անվանել է «ապօրինի», «վճռականորեն դատապարտել է» բողոքների գործողությունները և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ՉԺՀ-ի խորհրդարանի) որոշումը հայտարարել է «անքննելի ու անբեկանելի»։ Հոնկոնգին հասկանալ են տվել, որ ուսանողների դժգոհությունը, փաստորեն, խռովության է հավասարեցվում` այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Հոնկոնգի իրադարձությունների հաշվով Չինաստանի ղեկավարության անհանգստությունը միանգամայն հասկանալի է։ Մի կողմից, մայրցամաքային Չինաստանում դժգոհության ցանկացած դրսևորում ճնշվում է արագորեն ու առավելագույնս կոշտ (Չինաստանի կոմկուսի տեսակետից` այստեղ ոչ մի զիջում լինել չի կարող. վարչակարգի կայունությունն ամենակարևորն է)։ Մյուս կողմից, Հոնկոնգը, իրոք, հատուկ կարգավիճակ ունի. այն աշխարհի աչքի առաջ է, լինելով նրա ֆինանսական գլխավոր կենտրոններից մեկը, այնտեղ ապրում են միանգամայն այլ մտածելակերպ ունեցող մարդիկ։ Եթե փորձ արվի այնտեղ կարգուկանոն հաստատել ավտոմատավորների ու տանկերի միջոցով, ապա կարելի է «վաստակել» ոչ միայն ժողովրդական ապստամբություն, այլև համաշխարհային ընկերակցության ամենաբացասական արձագանքը։
Իշխանությունները Հոնկոնգում բազմամսյա «մայդան» թույլ տալ չեն կարող ոչ միայն ֆինանսական կորուստների, այլև երկրի մնացած մասի համար անցանկալի ահազանգի պատճառով (մարդիկ կարող են կարծել, թե արդեն դա կարելի է)։ «Ժողովրդավարություն» բացիլը (կարդա` անպատիժ ամենաթողություն) խիստ վարակիչ է, իսկ ՉԺՀ-ի կառավարող վարչակազմի համար` հնարավոր մահացու։ Ի վերջո, Պեկինում չեն մոռացել, որ երկրորդ երկիրը, որ ԱՄՆ-ը ուզում էր անմիջապես «ժողովրդավարացնել» ԽՍՀՄ-ից հետո, հենց Չինաստանն էր։ Պատմության մեջ դա հայտնի է իբրև «1989 թ. հունիսի 4-ի իրադարձություններ» Պեկինի Տյանյանմեն հրապարակում, երբ իշխանությունները հարկադրված էին ամենակոշտ ուժը գործադրել նրանց նկատմամբ, ովքեր ավելի վաղ ենթարկվել էին ամերիկյան քարոզչության, ինչպես նաև «ներչինական» ֆալունգուն աղանդի քարոզչության ազդեցությանը, որի կենտրոնակայանը, «չգիտես ինչու», գտնվում է... ԱՄՆ-ում։ Դե, հետագայում էլ ամերիկացիները ջանում էին այս կամ այն անձանց կամ խմբերի ձեռքով Չինաստանը «պայթեցնել ներսից. 2008 թ., երբ տեղի էր ունենալու Պեկինի օլիմպիադան, Տիբեթի միջոցով, 2011 թ.` արդեն Սինցզյանի միջոցով։ Լամայական բուդդիստները ԱՄՆ-ի համար թույլ դուրս եկան, պանթյուրքական ույղուր արմատականները` գերկատաղի, և բոլոր դեպքերում չինական հատուկ ծառայությունները «հանցանքի պահին» բռնեցին ամերիկյան գործակալներին, ինչպես նաև արևմտյան այլ երկրների «ժողովրդավարության մասնագետներին»։
Արևմտյան լրատվամիջոցների կողմից «խաղաղ և ժողովրդավարական» հայտարարված հոնկոնգյան բողոքները ֆինանսավորել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ն։ ՈՒկրաինայից հետո ԱՄՆ-ը որոշել է զբաղվել Հոնկոնգով, բացահայտորեն հայտարարել է OpEdNews լրատվական կայքի մեկնաբան, ամերիկացի Ջեֆ Բրաունը։ «ԱՄՆ-ը մինչև հիմա հավատում է «գունավոր» հեղափոխությունների արդյունավետությանը։ Այլ հնարավորություն չունենալով իր աշխարհաքաղաքական մրցակիցների դեմ պայքարելու համար, Վաշինգտոնը հույսը դնում է դրսից ֆինանսավորվող անկարգությունների վրա։ Այս տակտիկան արդյունք է տվել Հարավսլավիայում, Վրաստանում, ՈՒկրաինայում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։ Բայց Ռուսաստանում, Բելառուսում և Վենեսուելայում այն չանցավ։ Հիմա էլ ԿՀՎ-ն վճռել է «թափ տալ» Չինաստանին»,- համոզված է Բրաունը։ Արևմուտքի առաջատար լրատվամիջոցները «ստրկամտորեն» ընդունեցին Վաշինգտոնի, Լոնդոնի ու Փարիզի «կոնսենսուսը» հոնկոնգյան բողոքների առնչությամբ։ Նրանք վստահեցնում են, որ «Occupy Central» շարժման մասնակիցները պարզապես արևմտյան տիպի «ժողովրդավարության» քաղց են զգում։ Բայց ինչո՞ւ հենց Հոնկոնգը։ Բրաունի կարծիքով, ներկա ցույցերը ուղղակիորեն կապված են «Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի» հետ, որը սոսկ ծխածածկույթ է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի համար։ Այդ կազմակերպությունն արդեն վաղուց է աշխատում Հոնկոնգում։ Նման «կեղծ ոչառևտրային կազմակերպությունները» գործել են այն բոլոր վայրերում, ուր «գունավոր հեղափոխություններ» են կատարվել։ Հասկանալու համար, թե ինչ տարածում ունեն այդ «ԿՀՎ-ի շոշափուկները», բավական է միայն մի հայացք նետել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող այն ոչառևտրային կազմակերպությունների երկար ցուցակի վրա, որոնք աշխատել են Ռուսաստանում։ «Այդ ցուցակի երկարությունն «ապշեցուցիչ է», սակայն «Ռուսաստանի փլուզումը» ԱՄՆ-ի նպատակն է, ուստի և խաղադրույքներն են բարձր»,- գրում է Բրաունը։
Այդուամենայնիվ, նման կազմակերպությունների նկատմամբ ռուսական խորհրդարանի կողմից վճռական միջոցների ձեռնարկումից հետո մյուս երկրներն էլ որոշեցին հետ չմնալ և ավելի զգոն լինել։ Սակայն, վստահ է հեղինակը, բավական է ԱՄՆ-ին շանս տաս, և նա երկիրը միլիոնավոր, իսկ ՈՒկրաինայի դեպքում` միլիարդավոր դոլարներով կհեղեղի, միայն թե տապալի իրեն անհաճո կառավարությունը և իր «խամաճիկ պարագլուխներին» կարգի։ Իսկ վերջինները, ծախված լինելով ոտքից գլուխ, իրենց երկիրն արագորեն կվերածեն ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի «ռեսուրսային պոռնիկի»։ Հոնկոնգում ԿՀՎ-ն փորձում էր ճեղքվածք գտնել չինական զրահում։ Տեղի բնակիչների շրջանում, դե, ասենք, ինչպես և ամենուր, դժգոհություն կա կոռուպցիայից։ Երիտասարդությունն այն կարծիքին է, որ գանձագողության դեմ կարելի է պայքարել հեղափոխություններով, սակայն ՈՒկրաինայի փորձը ցույց է տալիս, որ դա այդպես չէ։ «Տնտեսական, կրթական և մասնագիտական կյանքը Հոնկոնգում վերջին սերնդի համար լրջորեն վատացել է»,- նշում է Բրաունը։ Սակայն ԿՀՎ-ն դա սոսկ իր շահերի համար է օգտագործում։ ՈՒկրաինայում հեղաշրջման կազմակերպիչներին հաջողվեց Կիևի կենտրոնական հրապարակից չհեռանալ։ Դրա հետ մեկտեղ ԿՀՎ-ն զբաղվում էր արմատականների հավաքագրմամբ, որոնք ուկրաինացի նացիոնալիստներն էին։ ԿՀՎ-ն նրանց ամեն օր վճարում էր, որ նրանք «դժոխք սարքեին», մահ ու ավերածություն տարածեին։ «Այս ամենն էլ հենց կազմում էր այն հինգմիլիարդանոց պլանի մի մասը, որով այնքան պարծենում էր ԱՄՆ-ի պետդեպի աշխատակցուհի Վիկտորյա Նուլանդը»,- նշում է Ջեֆ Բրաունը։ Հոնկոնգը հարմար էր նման ձեռնարկումների համար, քանի որ չինական իշխանությունները պարտավորվել էին մինչև 2047 թ. «չփոխել» Մեծ Բրիտանիայի նախկին գաղութի «ապրելակերպն ու կառավարման համակարգը»։ Տարածքի վրա լուրջ ազդեցություն են գործում նաև տեղի օլիգարխները։ Այստեղ ևս նմանություն կա ՈՒկրաինային։
«Ինչ խոսք, Չինաստանն ինքն էլ այդ քաղաքում իր կուլիսային խաղն է խաղում։ ՈՒ թեև Պեկինը գրեթե զուրկ է Հոնկոնգի միլիարդատերերի կապիտալի վրա ազդեցություն գործելու հնարավորությունից, որոնք զետեղված են հենց քաղաքում, սակայն նրանց բոլորի փողերի մի մասը ներդրված է մնացյալ Չինաստանում»,- արձանագրում է OpEdNews-ի մեկնաբանը։ Բրաունի կարծիքով, եթե չինական իշխանությունները ճնշում չգործադրեն Հոնկոնգի միլիարդատերերի վրա և չստիպեն «տարածքի հարստություններից» բաժին հանել տեղի աղքատ խավին ու բանվոր դասակարգին, ապա ԱՄՆ-ը «արնահոսող բաց վերքի» կվերածի այդ քաղաքը, որն առայժմ հարմար թիրախ է չինական զրահում։ Եթե ԿՀՎ-ն կարողանա գոնե ստիպել չինական ղեկավարությանը «չափն անցնել», օրինակ, Հոնկոնգում ռազմական դրություն հայտարարել կամ այնտեղ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ստորաբաժանումներ ուղարկել, ապա դա Արևմուտքի համար կդառնա «խոշոր քարոզչական հաջողություն», ինչպես Տյանանմեն հրապարակի իրադարձությունների դեպքում։ Չէ՞ որ մինչև օրս էլ Չինաստանին ամեն տարի կեղծիքով «համեմված» մեղադրանքներ են ներկայացվում «եղեռնի» վերաբերյալ։ Ի դեպ, Նովոռուսիայում էլ են ամերիկացիները ձգտում հասնել «չափն անցնելուն», բայց, բնականաբար, Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի կողմից։ Այդ բանն արվում է նրա համար, որ խաթարվեն Ռուսաստանի ու Եվրոպայի տնտեսական և քաղաքական կապերը, դրանով իսկ երաշխավորելով, որ Եվրոպան այսուհետև ևս կմնա ԱՄՆ-ի անդեմ ու հլու խամաճիկը։ Բարեբախտաբար, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն արդեն բաց տեսքով խոստովանել է. այո, մենք ճնշում գործադրել ենք Եվրամիության վրա, որպեսզի նա միանա հակառուսաստանյան պատժամիջոցներին։
Բայց... դուք Չինաստանում եք, նույնիսկ եթե դա Հոնկոնգ է կոչվում։ Եվ ոչ թե կիսաավազակային ՈՒկրաինայում։ Հոկտեմբերի 3-ի ուրբաթ օրը, երբ Վիկտորիա ծովածոցի` կառավարական շենքերի հանդիպակաց կողմում գտնվող Մոնկոկի շրջանում, «Occupy Central» շարժման ակտիվիստներին ցրեց նրանց հակառակորդների ամբոխը, իրադրության մեջ բեկում տեղի ունեցավ։ Տղամարդկանց մի բազմահազարանոց ամբոխ հարձակվեց ցուցարարների վրանավանի վրա, բախումներ սկսվեցին։ Ակտիվիստներին պաշտպանելու համար ոստիկանությունը նրանց օղակի մեջ առավ։ Իրավապահները հետ էին մղում հարձակվողների գրոհները, որոնք մի գլուխ գոռում էին. «Ազատեք հրապարակը», նկատի ունենալով ցուցարարների վրանավանները։ Ոստիկանները որոշ չափով ազատեցին հրապարակը` շարժման հակառակորդների ուրախ ճիչերի ներքո։

Հոնկոնգի շատ բնակիչներ դժգոհություն են արտահայտում ձգձգվող ակցիայի կապակցությամբ։ «Սրանք արդեն մեկ շաբաթ է` այստեղ են, արդեն թող հեռանան։ Դա վնասում է մեր տնտեսությանը»,- հայտարարել է քաղաքի 58-ամյա բնակիչ Ջո Լին։ Հոնկոնգի քաղաքագլուխ Լյան Չժենինը, հակառակ ցուցարարների պահանջների, հրաժարվեց հեռանալ իր պաշտոնից։ Դրա փոխարեն նա խոստացավ, որ իր ներկայացուցիչը` Հոնկոնգի վարչակազմի գլխավոր քարտուղար Քերի Լամը, հանդիպում կունենա բողոքի շարժման առաջնորդների հետ և կքննարկի «սահմանադրական զարգացման» հետ կապված հարցեր։ Չժենինը նաև ակտիվիստներին նախազգուշացրեց կառավարական շենքերի զավթման փորձերից, հայտարարելով, որ նման միջադեպերը լուրջ հետևանքներ կունենան հենց ցուցարարների համար և անպատիժ չեն մնա։ Միևնույն ժամանակ ՉԺՀ-ի արտգործնախարար Վան Ին, ի պատասխան ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի «ռեպլիկի», ոչ միայն հոնկոնգցի «մայդանախփնվածների» գործողությունները «անօրինական» անվանեց, այլև նախազգուշացրեց Վաշինգտոնին, հիշեցնելով, որ Հոնկոնգը Չինաստանի բաղկացուցիչ մասն է, և Չինաստանի ներքին գործերը բնավ ԱՄՆ-ին չեն վերաբերում։
Այդ ամենից հետո բողոքողների քանակն էապես նվազեց, վերացավ լարվածությունը նրանց գործողություններում, ովքեր դեռևս «պառկած են» Սյանգանի կենտրոնում։ Բայց ի՞նչ է յոթմիլիոնանոց կղզու համար ընդամենը 2-3 հարյուր ցուցարարը։ Իրավիճակի վրա ծանր անդրադարձավ նաև այն, որ հոկտեմբերի 4-ին և 5-ին նույնպես ձերբակալություններ եղան` թե՛ առավել ամերիկացած խամաճիկների, թե՛ հանցավոր խմբավորումների` տրիադների ութ ենթադրյալ անդամների։ Չէ՞ որ Հոնկոնգը Մաո Ցզեդունի հաղթանակից համարյա անմիջապես հետո դարձավ չինական կազմակերպված հանցավորության համաշխարհային կենտրոն։ Տրիադների հետ են կապված նաև Հոնկոնգի առաջատար օլիգարխները, օրինակ` Ջիմի Լայը, որը համատեղության կարգով նաև ամերիկացի նոր պահպանողականների, այդ թվում` գարշելի «հեղափոխական» սենատոր Ջոն Մակքեյնի մերձավոր բարեկամը։ Եվ որոշ տեղեկությունների համաձայն, հենց Ջիմի Լայն է ֆինանսավորել հոնկոնգյան «մայդանը»։ Ինչպես տեսնում ենք, անգամ այս պարագայում կիևյան սցենարն է «խաղում». ամերիկացիներ - տեղի օլիգարխիա - կազմակերպված հանցախմբեր- «բողոքող ուսանողների» բութ զանգված` սադրիչ խմբերով, որոնք իրենց գործողություններով հրահրում են իրավապահ մարմիններին։ Ի դեպ, մեդիամագնատ Ջիմի Լայի` Ցզյուլունի շրջանում գտնվող տունը օգոստոսի 28-ի առավոտյան 7.00-ից մինչև 11.00-ն խուզարկում էին։ Դա խոսում է այն մասին, որ Պեկինում եթե չգիտեին էլ, ապա զգում էին օլիգարխի մասնակցությունը կղզում տեղի ունեցող ամերիկամետ «հեղափոխական խաղերին»։ Աշխարհին մնում է սպասել` կխնայի՞, արդյոք, չինական «վագրը» «ժողովրդավարության լկտիացող կապիկին», որն այնքան անզգուշորեն որոշել է քաշքշել «վագրի» բեղերը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ