«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Դրոշների պատերա՞զմ

Դրոշների  պատերա՞զմ
12.09.2014 | 00:37

Քաղաքական աշնան արդեն երկրորդ շաբաթը ի հայտ բերեց քաղաքական գարնան միտումների անշեղ կրկնությունը: Երկկողմանի անորոշությունն ու անելիքների տարտղնվածությունը՝ ի հավելումն: Սերժ Սարգսյանը իշխանության դրոշին գրեց՝ «Սահմանադրության փոփոխություն, և՝ վերջ», ոչիշխանության դրոշը դեռ տատանվում է սևագրերով, որ իր առաջին հանդիպման ժամանակ քառյակը որոշակիացրեց միայն մեկ կետով՝ հանրահավաք, հայտնի չէ՝ երբ, և հայտնի չէ՝ ինչու: Թեպետ հաստատվեց, թե քառյակը եռյակ չի դառնա, բայց ՀՅԴ-ն կողմ է Սահմանադրության փոփոխության՝ արդեն իսկ կա անհամաձայնության դաշտ: Ի վերջո՝ ինչո՞ւ հանդիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը, այլ ոչ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ղեկավարները: Քառյակի մեջ նոր ձևաչա՞փ է ձևավորվում՝ 2+2, թե՞ ամեն ինչ գնում է 4-1-ի, հետո էլի մեկի, էլի մեկի… Եվ հանդիպեցին՝ Իսակովի պողոտայում, որ շարունակում է հավակնել Մելիք-Ադամյանից քաղաքական մայրաքաղաքը տեղափոխելուն: Քառյակը իր դրոշին մի սևագիր էլ արեց՝ արտագաղթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Ինչո՞ւ: Հերթական թվերի ու աղետալի հետևանքների ևս մի բարձրաձայնո՞ւմ, ու՝ ի՞նչ: Հայաստանի շարքային քաղաքացին իրեն պիտի արտագաղթից պաշտպանվա՞ծ զգա: Քառյակը փոխարենը պիտի առաջարկի ներգաղթի ծրագիր ու պահանջի այդ ծրագրի կատարումը, հատկապես բյուջետային քննարկումներից առաջ: Փաստ արձանագրողից իրավիճակ փոխողի անցումը քառյակը տեսնում է միայն իշխանության գալու պարագայում, բայց ինչո՞ւ պիտի ընտրողը նրանց ձայն տա՝ ապրիորի փոփոխությունների՞, թե՞ ռեալ ծրագրի հիմքով: Ի վերջո՝ արտագաղթի մեջ որքան իշխանությունը, նույնքան ոչիշխանությունն է մեղավոր. եթե իշխանությունը սոցիալական պատճառների հեղինակ է, ոչիշխանությունը՝ բարոյական ու հոգեբանական:
Եթե քաղաքական ուժերն անկեղծ են, ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնելիս շեշտադրում են հասարակական քննարկումների անհրաժեշտությունը, բայց չեն ասում հիմնականը՝ գործող Սահմանադրությունը մեղավոր չէ, որ ընտրությունները կեղծվում են, նոր կամ նորագույն որևէ Սահմանադրություն չի ապահովի ընտրությունն իբրև ընտրություն, այլ ոչ նշանակում: ԲՀԿ-ն նախկինում կողմ, իսկ հիմա դեմ է Սահմանադրության փոփոխությանը, որովհետև նախորդ երկու ընտրություններում խորհրդարանական մեծամասնություն չի դարձել՝ լինելով իշխանության մեջ, իբրև ընդդիմություն հաղթելու շանսերն էլ հավանական չի համարում, որովհետև չի կարող անհետևանք դուրս գալ այլընտրանքի կարգավիճակից: ԲՀԿ-ն չի կարող նաև հանրաքվեն բոյկոտելու մարտավարություն որդեգրել, որովհետև լավ տեղյակ է 2005-ին Սահմանադրության փոփոխության հանրաքվեում րոպեում 45 քվեարկող, Գինեսի գրքում չգրանցված ռեկորդին՝ քաղաքական մեթոդները իշխանության դեմ պայքարում գործուն մեխանիզմներ չեն: ՀԱԿ-ը դեմ է ինքնաբերաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող կողմ լինել նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելուն՝ իբրև հիմնադիր նախագահ, ի վերջո «Ագռավն իր ճտին սև չի ասի»: «Ժառանգությունը» համակարգային փոփոխություն է ուզում և չի համարում, որ դա Սահմանադրության փոփոխությամբ կարվի: Ինչո՞ւ ոչ ոք չի ասում, թեև բոլորը տեսնում են, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն առաջին անգամ մտնում են բաց ու անզիջում պայքարի փուլ, արդեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են միմյանց հետ իշխանության հարցը լուծում, իսկ մյուսները խաղատախտակի վրա փորձում են պահել իրենց դիրքերը: ՈՒ՝ ի՞նչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ապրիլի 28-ի իր աշխարհացունց հանրահավաքից քառյակը հրաժարվեց՝ համարելով, որ ինքն է հասել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Ի՞նչ պահանջ պետք է հանրահավաքը ներկայացնի՝ նո՛ր վարչապետի հրաժարականը, որովհետև չի կանխել արտագա՞ղթը: Թե՞ իր 12 կետերի կատարումը, որն անլուրջ է ու չի արտահայտում ՀՀ քաղաքական օրակարգը: Կորչեն սահմանադրական փոփոխություննե՞րը, որոնց կողմ է ՀՅԴ-ն: Ընթացքում կորոշեն, իսկ մինչ այդ կարևորը՝ ի զեն, ի մարտ:

Դիտվել է՝ 1275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ