«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Մարդ, որ չունի հիշողություն

Մարդ, որ չունի հիշողություն
24.06.2014 | 01:18

Ռոբերտ Քոչարյանը դարձել է ֆենոմենալ սակավախոս: Ինքնահարցազրույցի ժանրի հերթական չափաբաժինը ամենահակիրճն է՝ երեք կարճլիկ պատասխան, որ լուծում են երկու խնդիր: Առաջին՝ կեցցե Ռուսաստանը և միշտ՝ Ռուսաստանը, իսկ դա իր պարագայում արևմտյան դեգերումներից հետո վերադարձ է ռուսական ափ, երկրորդ՝ ինձնից բացի, ոչ ոք` ոչինչ անել չի կարող: Վե՛րջ: ՈՒ ողջ անդիմադրելի հմայքով ու անառարկելի տրամաբանությամբ ձեր առաջ կանգնում է մարդ, որ չունի հիշողություն: Նա չի հիշում իր նախագահության տարիները, նա հիշում է այն տարիները, որ դեռ նախագահելու ցանկություն ունի: Ռոբերտ Քոչարյանը չի հիշում բաշխիչ ցանցերի մասնավորեցումը, «ԱրմենՏելը», չի հիշում «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, չի հետաքրքրվել, թե քանի երկրում է նման համաձայնագիր կնքվել, քանի երկրի է Ռուսաստանը ընծայել իր բազմակի մեծ պարտքը, նա չի հիշում՝ ինչպես ու ինչու տապալվեց 2001-ին 100000 աշխատատեղերի ստեղծումը, ինչպես ու ինչու Հայաստանը արդյունաբերություն վերականգնողից դարձավ սպասարկման ոլորտի ու շինարարության երկնիշ աճի երկիր, ու ի՞նչ տվեց դա Հայաստանին: Նա խոսում է ներկայի սխալների մասին՝ վստահ, որ հիշողությունը կորցրած մարդիկ են մնացել Հայաստանում, կամ մարդիկ, որ խորապես անտարբեր են՝ ով ում ինչ ծախեց, գցեց, ու՝ ընդհանրապես: Բացի ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի մեկ կետով ներկայացումից, որ, բնականաբար, ուղեկցվում է շիտակ ու անկողմնակալ քննադատությամբ. «Սա անհեթեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որևէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը և քաղաքակիրթ աշխարհի փորձին», ուրիշ ոչինչ: Սա խոսքի կոմիզմն է, բայց կա և դրության կոմիզմը՝ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է: Տեսախցիկների և կայանատեղիների «հայկական տարբերակն» աննախադեպ ու անհաջորդ է, անգամ ոչ քաղաքակիրթ երկրում, տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին, ՃԵԿ խախտումների համար վճարվող միջոցների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, ոչ թե մասնավոր անձի գրպանը, փողոցային կայանումը պետք է բացառապես Երևանի քաղաքապետարանի գործը լինի, և բոլոր միջոցները պետք է մուտք գործեն քաղաքային բյուջե ու ծախսվեն մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատած հոդվածներով, այո: Բայց ամենացնցողը դա չէ, այլ Ռոբերտ Քոչարյանի անկեղծ զարմանքը. «Փաստորեն, մեր երկրում մասնավոր ընկերությունները մենաշնորհային գործունեություն են իրականացնում քաղաքապատկան տարածքներում և, գտնվելով հակամենաշնորհային օրենսդրության ու ծառայությունների դաշտից դուրս, չվերահսկվող գերշահույթներ ստանում»: Պատկերացնո՞ւմ եք: Մեկ խայթոց իշխանությանը, մեկ տնտեսական հարց ու մեկ քաղաքական՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի ու ընդդիմությանը վերահսկողության գործուն լծակների տրամադրման վերաբերյալ, և մի շաբաթ պարապ մնացած լրատվամիջոցները կխոնարհեն ու կհոլովեն Ռոբերտ Քոչարյանի անունը: Խնդիրը դրված է ու լուծված: Մնացածը որևէ իմաստ ու հետևանք չունի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Ամենաձեռնտու գործը Հայաստանում նախկին նախագահի աշխատանքն է. ոչինչ չես անում՝ ուշադրության կենտրոնում ես, անում ես՝ ուշադրության կենտրոնում ես: Իրավունք ունես, պատասխանատվություն՝ ոչ: Ինչ ուզում ես՝ հիշում ես, ինչը չես ուզում՝ մոռացել ես: Եվ՝ բոլորը քեզ հիշում են: Երբեմն՝ բարի խոսքով:

Դիտվել է՝ 1648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ