Վերջին տարիներին մի շարք ԶԼՄ-ների ու փորձագետների համար ընդհանրական տեսակետ էր, որ Չինաստանը ահա-ահա կվերացնի, ծայրահեղ դեպքում, շատ խիստ կխարխլի դոլարի գերիշխանությունը: Սպասվում էր, որ դա կարվի տնտեսական հարթակներում, մասնավորապես Շանհայի տնտեսական համագործակցության և Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի ու Հարավաֆրիկյան Հանրապետության հարթակում: Այդ գործընթացի ջատագովներին շատ քիչ է մտահոգում այն փաստը, որ Պեկինը, կարծես, առանձնապես չի շտապում «ոչնչացնել դոլարը», համենայն դեպս, այդ մասին բոլոր անկյուններում չի բղավում: Այսպես, ԲՌՀՉՀ-ի նիստում Չինաստանը գործնականում անպատասխան թողեց Մոսկվայի այդ կոչերը, համարժեք է գործում և ՇՏՀ-ի տնտեսական ծրագրերը հաստատելիս, վերջապես՝ Ռուսաստանի հետ էլ գազային «դարի գործարքը» նախընտրեց կնքել դոլարով:
Սակայն ասել, որ Չինաստանը ոչինչ չի անում յուանն իբրև համաշխարհային տարադրամ առաջ մղելու համար, սխալ կլինի, բայց ամեն ինչ արվում է հանդարտ, առանց խառնաշփոթի ու գովազդային միջոցառումների: Մի քանի երկրների հետ Չինաստանն արդեն ազգային տարադրամով է անցել փոխադարձ հաշվարկների, 2009-ից մի քանի դինամիկ զարգացող նահանգների ընկերությունների թույլատրվել է իրենց ապրանքները վաճառել յուանով, վերջերս Շանհայում բացված էներգառեսուրսների բորսան մտադիր է գործարքների մի մասն իրականացնել յուանով: Այդ պատճառով միանգամայն տրամաբանական էին Հու Ձինտաուի խոսքերը Washington Post-ին և Wall Street Journal-ին տված հարցազրույցներում, որ ՉԺՀ-ն քայլեր է ձեռնարկում առևտրական գործարքների մեծ մասում դոլարը յուանով փոխարինելու ուղղությամբ, թեպետ «այդ գործընթացը կարող է բավականաչափ երկար տևել»: Իսկ այդ ընթացքում յուանը դանդաղ, բայց բավականին վստահ քայլում է առաջ ամբողջ մոլորակով:
Վերջերս City of London Corp առաջատար միջազգային ֆինանսական ու բիզնես կենտրոնը հաղորդեց, որ հունիսից Մեծ Բրիտանիայում բացվում է յուանով գործարքներ անող քլիրինգային բանկ: Բանկը Լոնդոնում բացվում է Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի միջև ապրիլին ստորագրված փոխըմբռնումի հուշագրի շրջանակներում: Կենտրոնի ղեկավար Մարկ Բոլիտը կարծում է, որ քլիրինգային բանկը Լոնդոնում կնպաստի յուանով հաշվարկների շատացմանը, գործունեության այդ տեսակը արդեն հաջողությամբ իրականացնում են մի շարք առևտրային բանկեր: Անցած տարվա դեկտեմբերին Standard Chartered Bank-ը համաձայնագիր ստորագրեց Չինաստանի Գյուղատնտեսական բանկի հետ սեփական քլիրինգային հարթակի ստեղծման վերաբերյալ՝ ներառելով հաճախորդների ցանցը Մեծ Բրիտանիայում ու Չինաստանում: Մեծ Բրիտանիայում քլիրինգային բանկի պաշտոնական բացումը նպաստում է օֆշորային գործարքների արդյունավետ իրականացմանը՝ այդ բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի ուղիղ համագործակցությամբ: Առաջիկայում նման բանկեր կբացվեն Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում: Չինաստանը հուշագիր է ստորագրել Գերմանիայի հետ Ֆրանկֆուրտում քլիրինգային բանկի բացման վերաբերյալ: Ի դեպ, այն փաստը, որ շեշտը դրվում է հենց քլիրինգային բանկերի վրա, որ առաջատար դեր ունեն ներքին հաշվարկների իրականացման մեջ, մատուցում են բանկային ծառայությունների բոլոր տեսակները, մասնակցում են միջազգային կոնսորցիումներին, ակտիվ են տարադրամային, վարկային և մյուս շուկաներում, վկայում է կողմերի փոխվստահության մասին: Ավելին, այդ բանկերի բացումից հետո հնարավոր կլինի տարադրամի դիվերսիֆիկացիա կատարել դուստր և ասոցացված ընկերությունների լայն ցանցի միջոցով՝ բանկային, ֆինանսական, ապահովագրական, տրաստային, լիզինգային և այլն:
Չինաստանում տարադրամային քաղաքականության ազատականացման մեկնարկը ընդունված է համարել 2005 թվականը: Այդ ժամանակ համաշխարհային տեղեկատվական ասպարեզում սկսեցին սցենարները քննարկել, ընդ որում՝ հետաքրքիր է, որ ավանդաբար շեշտադրվում էին ծայրահեղ տարբերակները: Սցենարներից մեկը նախատեսում էր յուանի կտրուկ անցումը «ազատ նավարկության», իսկ հակառակ տեսակետը հաստատում էր, որ չինացիները հետագայում էլ կշարունակեն իջեցնել յուանի կուրսը: Իսկ չինացիներն այդ ընթացքում անցան կոնկրետ գործողությունների: Շուտով ՉԺՀ-ն, ի դեմս իր Ժողովրդական բանկի, հայտարարեց, որ յուանի կուրսը ԱՄՆ-ի դոլարից կկտրվի: Յուանի պահուստային տարադրամի կարգավիճակի հաջորդ ինքնատիպ աստիճանը 2009-ի օգոստոսին դարձավ Չինաստանի հայտարարությունը ֆինանսական քաղաքականության նախատեսվող փոփոխությունների մասին: Այն ժամանակ խոսվում էր, որ հնարավոր է օտարերկրյա ընկերությունների բաժնետոմսերը մուտք գործեն Շանհայի բորսա, և յուանով հաշվարկներ արվեն արտաքին քաղաքական գործարքներում: Այդ քայլը շատերը գնահատեցին ԱՄՆ դոլարի դիրքերի խարխլում միջազգային շուկայում: Հաճախացան ՉԺՀ-ից բողոքները, որ, ինչպես ասում էին, իր տարադրամի հետ մանիպուլյացիաներ է անում մեկ նպատակով՝ թույլ պահելու: Մանիպուլյացիա էին անվանվում յուանի վաճառքը և օտարերկրյա տարադրամի գնումը: Այդօրինակ ֆինանսական գործարքների տեմպերը բավականին լուրջ էին՝ ամսական երկիրը կուտակում էր 10 միլիարդ դոլար: Չինաստանում համառորեն պնդում էին, որ իրենց ազգային տարադրամի որևէ իջեցում չկա: Այնպես որ աշխարհը և հատկապես ԶԼՄ-ներն ապրում էին սկանդալի սպասումով: Սակայն ֆինանսական փորձառու վերլուծաբանները կարծում են, որ Չինաստանի կողմից դոլարի դիրքերի թուլացման մասին խոսակցությունները թատերական ներկայացման են նման: Մինչդեռ, հենց ԱՄՆ-ում դոլարի հետ խնդիրների ծագման համապատկերում, Չինաստանում կատարվեց բավականին նշանակալից ֆինանսական իրադարձություն՝ սկսեց աշխատել միջբանկային տարադրամային շուկան, ինտենսիվ աշխատանքներ սկսվեցին Շանհայում միջազգային ֆինանսական կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Շուտով մի քանի երկրներում յուանի փոխանակման կետեր կբացվեն:
Հետո Պեկինն ավելի ու ավելի նպատակասլաց սկսեց գործել յուանի միջազգային ներգործության մեծացման ուղղությամբ: 2011-ի ապրիլի վերջին Չժու Սյաոխուանը՝ Չինաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը, հայտարարեց, որ Չինաստանի՝ ԱՄՆ-ի դոլարով տարադրամային պաշարները «չափազանց շատ են» և արագ պիտի դիվերսիֆիկացվեն: Ապա տեղեկատվական արտահոսքեր եղան, որ իբր Չինաստանը պատրաստվում է իր ունեցած 3,04 տրիլիոն դոլարից մոտ 2 տրիլիոնը փոխանակել այլ տարադրամների և դոլարի հետ չկապված պարտքային պարտավորությունների ու այլ ակտիվների հետ: Այդ հայտարարությունները Արևմուտքում ընդունվեցին իբրև ուլտիմատում՝ յուանին պահուստային տարադրամի կարգավիճակ տալու վերաբերյալ: Բայց բերվում էին հակափաստարկներ, որ յուանը ազատ փոխարկվող տարադրամ չէ, որ Չինաստանի իշխանությունները, ըստ էության, դեռ երկար պիտի կատարելագործեն ֆինանսական համակարգը, որ յուանը գրավիչ դառնա ներդրողների համար: Պաշտոնական Պեկինը, ընդհանուր առմամբ, այդ փաստարկին չէր արձագանքում և ձևացնում էր, որ տարադրամային պահուստի մասին տեսակետները մասնավոր են: Սակայն տագնապները՝ տագնապներ, քաղաքականությունը՝ քաղաքականություն, իսկ ինչպե՞ս է իրականում Արևմուտքը գնահատում իր համար նոր իրավիճակը: Դատելով ֆինանսական աշխարհում գերիշխող դեր ունեցող Լոնդոնի, իսկ նրանից հետո եվրոպական ֆինանսական հսկաների քայլերից, ով էլ ինչ ասի, յուանն աստիճանաբար թափ է հավաքում արտաքին տարադրամային շուկայում՝ բավականին կայուն մնալով ՉԺՀ-ում: Հենց դա է յուանն առավել գրավիչ դարձնում ներդրողների համար:
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից