«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

...Այլապես երկու տիրոջ ծառա հողը միշտ կմնա ջրի կարոտ

...Այլապես երկու տիրոջ ծառա  հողը միշտ կմնա ջրի կարոտ
15.04.2014 | 10:55

Առաջնորդվելով ԶԼՄ-ների մասին օրենքով, սույն հրապարակումը` անդրադարձի իրավունքով, ուղարկել եմ «Չորրորդ ինքնիշխանությանը»։ Չտպագրվեց։ Այդ պատճառով էլ այն լույս է տեսնում թերթում, որի հեղինակներից եմ ես։

Վայ-լրագրողի հոյակապ կերպար է տվել Մոպասանն իր «Սիրելի բարեկամ» հայտնի վեպում: Լրագրողական աշխարհ նոր ոտք դնող հերոսին ընկերուհին համոզում է, որ հոդված գրելն այնքան էլ դժվար բան չէ, միայն պետք է ունենալ վառ երևակայություն և ստելու արվեստ: Օրինակ, ինձ հանձնարարված է հոդված գրել Մոզամբիկի մասին, և մենք միասին կգրենք այդ հոդվածը:
-ՈՒրեմն պետք է գնանք Մոզամբի՞կ,- միամտաբար հարցնում է ապագա լրագրողը:
-Ամենևին էլ ոչ: Մենք այստեղ էլ` Փարիզում, կարող ենք հոդված գրել Մոզամբիկի մասին: Միևնույն է, ինչ էլ գրենք, նրանում բերված փաստերի հավաստիությունը ոչ ոք չի ստուգելու, այդ ո՞վ պիտի գնա Մոզամբիկ և ստուգի մեր գրածի իսկությունը:
Հավանաբար այս տրամաբանությամբ է ղեկավարվել «ՉԻ»-ի լրագրողուհին իր «անջրդի» հոդվածում: Թե որտեղից է վերցրել լրագրողուհին իր ապատեղեկատվությունը, դժվար է ասել:
«ՉԻ»-ի տեղեկություններով` «Արարատի մարզի ջրօգտագործողների ընկերություններն ավելացրել են ոռոգման ջրի համար նախատեսված գումարները»,- գրում է լրագրողը:
Այստեղ օրինական հարց է ծագում` ո՞վ և ի՞նչ է իրենից ներկայացնում ՋՕԸ-ն: Նա ջուր է գնում ջրառից և իր օգուտները հաշված այն վաճառում է սպառողին, ընդ որում, այդ վաճառվող ջրի գինը չի կարող ավելին լինել, քան օրենքով սահմանված գինը` մեկ խորանարդ մետր ջրի արժեքի 11 դրամը: Ճիշտ է, դաժան էր ձմեռը, ավելի քան դաժան էին մարտի վերջին օրերը, բայց արի ու տես, որ ¥ոչ միայն գյուղացու համար¤ ընդհանուր այդ աղետը ոմանք փորձում են է՛լ ավելի աղետալի դարձնել, գյուղացուն գոտեպնդելու, հույս ներշնչելու փոխարեն` հուսալքել: ՋՕԸ-ի պետերից մեկը, որի հետ տողերիս հեղինակը յուղ ու մեղր չէ, ապրիլի մեկին զանգահարեց և զուտ մարդկային ձևով ասաց. «Եթե ինձ ստիպեն սկզբից փող հավաքել և նոր միայն ջուր տալ, ինչպես եղել է տարիներ շարունակ, ես կհրաժարվեմ աշխատանքիցս»: Իսկ հարգելի լրագրողուհին ցուցամատը չգիտեմ որտեղ դնելով և զոռ տալով գլխին, գրում է. «Սկսել են ոռոգման ջրի համար պայմանագիր կնքել մեկ հեկտարի համար 20 հազար դրամ` նախորդ տարվա 15 հազարի փոխարեն»:
Գուցե անտարբեր անցնեի զուտ ստեղծագործական այս հերյուրանքի կողքով, եթե հոդվածում նշված չլիներ Այգեստան գյուղի անունը, որի գյուղապետն եմ: Որ մեկ անգամ չէ, որ տողերիս հեղինակը պայքարի մեջ է մտել ՋՕԸ-ների ղեկավարների հետ, և այն էլ մամուլով, ու հասել ամռան թեժ օրերին անխափան ջրամատակարարման, կհաստատեն շատ շատերը և, անշուշտ, լրագրողուհու անանուն աղբյուրը: ՋՕԸ-ների ղեկավարները երբեք էլ դեմ չեն, որ ջուրը տրվի հաշվիչով, թեպետ այն պրակտիկ կիրառելու համար բավականին դժվարություններ են առաջանում, որից ամենակարևորը ջրի մակարդակի տատանումն է:
Որպեսզի ընթերցողին և հատկապես հարգելի Մելանյա Ծառուկյանին պարզ լինի, կներկայացնեմ օրերս իմ (որպես ջրօգտագործողի) և «Ազատ» ՋՕԸ-ի միջև կնքած պայմանագիրը, որից պարզ կերևա, որ ոչ մի 20 հազար (մեկ անգամ ջրելու համար) դրամի մասին խոսք չկա պայմանագրում և չէր էլ կարող լինել, որովհետև դա հանցագործության հատկանիշներ պարունակող փաստ կլիներ:
Ես չգիտեմ, լրագրողուհին երբևէ եղե՞լ է Այգեստան գյուղում, թե՞ ոչ, կամ էլ` քանի՞ կիլոմետր է Երևանից Այգեստան, ի՞նչ տրանսպորտով է եկել, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ իր աղբյուրը Այգեստան գյուղի բնակիչ չէ, կամ էլ, եթե նույնիսկ գյուղի բնակիչ է, և եթե լրագրողուհու նպատակը կեղծիքը որպես իրականություն ներկայացնելը չէր, և եթե անգամ ցանկություն չուներ գյուղ գալու, կարող էր զանգահարել Այգեստանի գյուղապետին` փաստերը ճշտելու համար, թե չէ ինչի՞ է նման։ Ախր այսօր ապրում ենք 21-րդ դարում և ոչ թե 18-րդ դարի Ֆրանսիայի մայրաքաղաքում, և կապի առկա միջոցների շնորհիվ կարելի է ցանկացած փաստ թղթին հանձնելուց առաջ ճշտել: Բայց քանի որ հոդվածի նպատակը ոչ թե ճշմարտությունն ընթերցողին հասցնելն է, այլ…
Մեջբերեմ ևս մի տող. «Էս իշխանություններն իրենք նվագում են, իրենք էլ պարում»:
Մա՛րդ Աստծո, որ կառավարությունը շատ մեղքեր ունի, բոլորս գիտենք, բայց կառավարությունը ՋՕԸ-ների պետերին չի ասում. «Գնա՛ և օրենքով սահմանված գնից ավելին առ գյուղացուց»:
Եթե ինչ-որ բան այն չէ ջրօգտագործման ժամանակ, ապա սպառողներն էլ են մեղավոր: Ջուրը փող է, և ոչ մի սեփականատեր (տվյալ դեպքում` ջրի տերը) չի ասի` ջուրը դիր հողիդ վրա և թող գնա այնքան, որ ժամերով նշտավ դուրս գա, մինչև հողդ սևանա: Խորհրդային տարիներից մնացած հայտնի փաստ է, որ մեկ հեկտար հողը ջրելու համար ամբողջ սեզոնի ընթացքում ծախսվում է 5-6 հազար խորանարդ մետր ջուր: Հետևաբար, սա այն ելակետային տվյալն է, որով պիտի հաշվարկվի ջրի արժեքը: Բայց քանի որ այսօր ոռոգման համակարգը հեռու է բավարար լինելուց և կորուստներն էլ շատ են, բնականաբար, այդ ամենը չի կարող չազդել ջրամատակարարման որակի վրա: Իր փոքրիկ հոդվածում լրագրողը չի խնայել ո՛չ գյուղնախարարին (ի միջի այլոց ասեմ, տարին մի քանի անգամ է հանդիպում գյուղապետերի հետ, մթերումների ժամանակ կանգնած է գյուղացու կողքին), ո՛չ էլ ԱԺ-ի պատգամավոր Կարինե Պողոսյանին, որն իր նստավայրում` Արտաշատի ՀՀԿ-ի գրասենյակում, միշտ սիրով ընդունում և լսում է իրեն դիմողներին և միշտ պատրաստակամ է օգնելու մարդկանց:
Այգեստան գյուղում կան երկու արտեզյան հորատանցքեր, որոնք միացվում են ամռան պիկին: Բաժակով ոչ ոք սածիլ չի ջրում: Բայց այստեղ չեմ կարող չասել, որ մարտ ամսին գյուղում ջրի կարիք կար, մանավանդ երբ կատարվում են զանգվածային ծառատնկումներ: Այսօր գյուղը պատրաստ է գարնանացանին: «Արտաշատ» և «Ազատ» ՋՕԸ-ների տնօրենությունները մաքրել են բոլոր մայր առուները, բայց ջրամատակարարումը դեռևս չի սկսվել: Մինչդեռ այսօր, ցրտահարությունից հետո, հողը ոռոգման կարիք ունի:
Գյուղատնտեսության ոլորտը միշտ բաց կմնա, քանի դեռ հողի տերն ուրիշ է (նկատի ունեմ գյուղնախարարությանը), ջրի տերը` ուրիշ: Եթե այդ երկու կառույցներն անհնար է միավորել, ապա ելնելով գյուղացու շահերից, ՋՕԸ-ները պիտի տալ գյուղնախարարությանը (ԽՍՀՄ-ում երկու կառույցներն ունեին մեկ տեր` շրջկոմի քարտուղար), այ այդ ժամանակ հնարավոր կլինի գյուղնախարարից շատ բան պահանջել, այլապես երկու տիրոջ ծառա հողը միշտ կմնա ջրի կարոտ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Ջրով հարուստ մեր երկիրը հանցավոր անփութությամբ է վերաբերվում իր եզակի հարստության` ջրի հետ: Մեր երկրի հարստությունը հոսում է դեպի Թուրքիա, Ադրբեջան: Փոխանակ տեր կանգնենք այդ հարստությանը, մսխում ենք Արարատյան դաշտի ընդերքը և ստոր հայացքով նայում Սևանին: Մինչև ե՞րբ…
Ջուրն ամենամեծ հարստությունն է, որը, փա՜ռք Աստծո, մեզ տրվել է: Միայն թե մնում է դրանից խելացի օգտվել:

Դիտվել է՝ 2818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ