Եթե հակիրճ` ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրեց անսպասելի որոշում: Համարյա երկրորդ սեպտեմբերի 3-ը` մեր կյանքի մեկ տարում: Այո, 80 տոկոսը դեմ էր, թերևս դեմ էր 100 տոկոսը: Այո, առաջարկված օրինագիծը, ապա նաև ընդունված օրենքը հակասահմանադրական էր: Այո, հունվարի 1-ից ՍԴ-ն կասեցրել էր օրենքի մի քանի հոդվածներ: Այո, ձևավորվել էր «ԴԵՄ ԵՄ» շարժումը, որ շատ ակտիվ գործում էր Երևանում ու մարզերում: Այո, եղան նույնիսկ գործադուլներ, ու մետրոպոլիտենի գործադուլավոր աշխատակիցները ազատվեցին աշխատանքից: Այո, օրենքի կիրառումը կարող էր հարուցել հետագա ընդվզում: Այս «Այո»-ների թիվը շարունակական է: «Բայց»-երի թիվը նույնքան պատկառելի չէ, բայց անցած մի քանի ամիսներին օրենքի գործարկմանը կողմ էր արտահայտվել ՀՀ նախագահը (համապատասխանաբար` իշխանական բուրգի բոլոր պաշտոնյաները), ՀՀ իշխանությանը պաշտպանել էր ԱՄՆ դեսպանը ¥որ շատ քիչ է պատահում, ավելի հաճախ Ջոն Հեֆեռնը զարմանում է¤, ՀՀ վարչապետը համարյա բաց տեքստով ասել էր, որ օրենքը չի կարող չընդունվել ու չգործել, որովհետև բյուջեն դատարկ է, իսկ ամենագլխավոր «բայց»-ը Սահմանադրական դատարանն էր, որի ողջ գործունեության ընթացքում կայացրած որոշումներում չկար իշխանությանը անհաճո որևէ վճիռ: Փաստորեն, ՀՀ Սահմանադրական դատարանը տասնամյակներով գործում էր որպես քաղաքական կառույց, և բոլորս արդեն դադարել էինք զարմանալ կամ սպասելիքներ ունենալ: Երբ Սահմանադրական դատարանը մարտի 28-ին սկսեց «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության քննարկումը, նույնիսկ «ԴԵՄ ԵՄ» շարժման անդամները հաջողության հույս չունեին: Նրանք քննարկման առաջին օրը լուռ ակցիա կազմակերպեցին ՍԴ-ի առաջ` ակնկալելով արդար որոշում: Նույնքան վստահ չէին օրինագծի սահմանադրականությունը վիճարկող ԱԺ 4 ոչիշխանական ուժերը, որ հայցով անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին դիմել էին ՍԴ ու որոշման ընդունումից հետո ուրախության հետ չէին թաքցնում զարմանքը: Ակնհայտորեն ՍԴ-ն արդեն ապրիլի 1-ին պատրաստ էր վճռի հրապարակմանը, բայց փորձառու Գագիկ Հարությունյանը չկրկնեց ԿԸՀ-ի նախագահի 2003-ի «սխալը», երբ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդեց երկրորդ փուլ, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվեցին ապրիլի 1-ին` նաև այդ պատճառով կասկածելի դարձնելով Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմությունը: Մարտի 31-ից ապրիլի 2-ը խորհրդակցական սենյակում անցկացրած ՍԴ անդամները առայժմ որևէ մեկնաբանություն չեն տվել` ենթարկվե՞լ են, թե՞ ոչ ճնշումների, և ովքե՞ր են փորձել ներգործել վճռի վրա: Ակնհայտորեն ՍԴ-ի վրա ներգործել կարող էր միայն ՀՀ նախագահը, վճռի բովանդակությունը վկայում է, որ այս անգամ կայացվել է ոչ թե քաղաքական, այլ իրավական վճիռ: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ նախագահը համարյա դառնում է վճռի համահեղինակ` չկասեցնելով կառավարության ու ԱԺ մեծամասնության համար անցանկալի ելքը: Նշանակում է սա, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը կարող է գերակայել իշխանության շահին: Մեկ անգամ այո, իսկ ընդհանրապես «պետության գերակա շահի» անվան տակ ընդունված բազմաթիվ ապօրինի որոշումները հակառակն են վկայում: Համարե՞լ այս նախադեպը օրենքի գերակայության սկիզբ: Խիստ վաղաժամ է: Առավել ևս, որ որոշման հրապարակումից րոպեներ անց հետևեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը, որ խիստ ինքնատիպ լինելով` խիստ օրինաչափ էր:
Դավիթ Հարությունյանն ընդունում է, որ իր մեկնաբանությունը «շատերի դուրը չի գա», բայց հայտարարում է. «Թեև որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ ՍԴ-ն նշել է, որ եթե այդ նորմերն այսօրվանից ուժը կորցնեն, կխաթարվի երկրում իրավական անվտանգությունը, որպեսզի դա չխաթարվի, այդ նորմերը կշարունակեն գործել մինչև սեպտեմբերի 30-ը»: Իսկ մինչ այդ կառավարությունը և ԱԺ-ն պետք է, հիմք ընդունելով ՍԴ որոշման պատճառաբանական մասը, փոփոխություններ կատարեն օրենքում: Նա համոզված է, որ օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է այն տեսքով, ինչ մինչև հիմա, և մասնակիցները պիտի պարտադիր ֆոնդեր ընտրեն ու պահումներ պիտի կատարվեն: Այս իրավականորեն ոչինչ չնշանակող տեսակետը, սակայն, խիստ բնութագրական է Հայաստանի կառավարման համակարգին, որտեղ իշխանական «գերակա շահի» պաշտպանության համար իշխանության ցանկացած օղակ պատրաստ է մեկնաբանել օրենքը իր հայեցողությամբ: Դավիթ Հարությունյանը վատ, սակայն միակ օրինակը չէ: Հունվարի 24-ից Սահմանադրական դատարանի հետ նրա իրավասությունները կատարում էին Կենտրոնական բանկը (ԿԲ-ն, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի օրենքի մի քանի հոդվածների կասեցման որոշումը, հայտարարել էր` «Դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտականությունից չի ազատել»), պետական եկամուտների կոմիտեն ու ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուրը իր տեսակետից հիմնավորելով, թե ինչու կենսաթոշակային կուտակային համակարգը պարտադիր պետք է ներդրվի: Այսինքն` օրենքով պատասխանատվության կենթարկվեն թե՛ աշխատողները, թե՛ գործատուները: Այս համապատկերում ՍԴ-ի որոշումից հետո ՀՀ կառավարության հայտարարությունը հրեշտակային հանդուրժողականության փաստ է: «Սահմանադրական դատարանը շեշտել է` 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը` դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում: Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո», ընդամենը այսքանը: Մինչդեռ նախօրեին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հենց ՍԴ-ում ասում էր. «Մենք արդեն ուշացել ենք որոշակիորեն: Եվս ինչ-որ ժամանակահատված հետաձգել դա շատ ավելի ծանր երևույթների ու իրավիճակի կբերի, և այդ առումով ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորության պատուհան, որը պիտի օգտագործենք` իրականացնելով այս լրջագույն բարեփոխումները»: Ավելին` համակարգի ներդրման շուրջ ստեղծված սոցիալական ընդվզման պատճառը նախարարը համարում էր ոչ թե բուն օրենքը, այլ տեղեկատվության պակասը: Իսկ Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Ներսես Երիցյանը արձանագրում էր, որ համակարգը ռիսկեր պարունակում է, բայց դրանք հավասարակշռված են, ԿԲ-ի հայտարարությունն էլ փաստարկում էր «պրոֆեսիոնալ ենթադրությունների արդյունքով», որի նպատակը «իրավիճակը ինչ-որ ձևով կարգավորելն էր», ԿԲ-ի հայտարարությունն էլ «ընդամենը հայտարարություն էր և պարտադիր պայման չի կրել»: Իսկ թե ոչ «պարտադիր պայմանները» ինչպես են կատարվում, կարող են վկայել 127 հազար երիտասարդները, որ հունվարից վճարումներ են կատարել: Գերազանցապես ոչ իրենց կամքով: Այնուամենայնիվ, կառավարության հրեշտակային հանդուրժողականությունը տևեց մի քանի ժամ. արդեն ապրիլի 3-ին կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ: Նրա և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանմամբ` իր որոշմամբ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել օրենքի որոշ դրույթներ և ժամկետ է տվել` դրանք համապատասխանեցնելու Սահմանադրությանը: Քանի որ այդ դրույթները ուժը կկորցնեն միայն սեպտեմբերի 30-ից հետո, օրենքը մինչ այդ շարունակելու է գործել, ձևավորելու է աշխատանքային խումբ` այդ փոփոխությունները մշակելու և ԱԺ ներկայացնելու համար: Այսինքն` ստացվում է, որ խախտվում է ՍԴ-ի մասին օրենքը, եթե ՍԴ-ի վճիռները, որ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ոչ թե կատարվում, այլ քննարկվում ու մեկնաբանվում են: Նույնիսկ ՍԴ անդամների կողմից Ֆելիքս Թոխյանը, օրինակ, հայտարարել է. «ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում` կառավարության և ԱԺ-ի կողմից», և մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է, քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները:
Սահմանադրական դատարանի աննախադեպ ու արդեն պատմական դարձած 64-էջանոց վճիռը, որ Գագիկ Հարությունյանն այնքան աննկուն կարդաց, դեռ երկար «կմեկնաբանվի»: Որոշման երրորդ օրն արդեն ակնհայտ է.
1. ՀՀ Սահմանադրական դատարանը հետայսու 2014-ի ապրիլի 2-ը կարող է նշել որպես իր ծննդյան օր, երբ իր պատմության մեջ առաջին անգամ հասարակական հնչեղություն ունեցող հայցի վերաբերյալ կայացրեց իրավական, այլ ոչ թե քաղաքական վճիռ:
2. Վիճահարույց օրինագծի ոդիսականն ավարտված չէ: Ոչ միայն այն պատճառով, որ ՍԴ-ն ժամկետ է նշանակել` կառավարությունում ու ԱԺ-ում օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով, այլև այն պատճառով, որ հետայսու էլ պետական կառավարման համակարգի տարբեր շահագրգիռ կողմեր փորձելու են իրենց նեղգերատեսչական շահերի թելադրանքով «մեկնաբանել» ՍԴ որոշումը` չունենալով որևէ իրավասություն, բայց ունենալով գործադիր լծակներ: Պայքարը ոչ թե ավարտված է, այլ նոր է սկսվում:
3. Առաջին անգամ ՍԴ-ում խորհրդարանական փոքրամասնությունը հաջողության հասավ շնորհիվ հետևողական ու փաստարկված քարոզչության, իրավական հիմնավորումների և քաղաքացիական շարժման աջակցությամբ:
4. Օրենքը վերաբերում էր 1974-ից հետո ծնվածներին: Թվում էր` հասարակության մի մասին միայն վերաբերող ու լոկալ շահեր շոշափող օրենքը չի կարող ու չի դառնա բուռն ու համերաշխ ընդվզման պատճառ: Դարձավ: Թերևս նաև տարիքային արեալի բերումով: Տարիքային այլ խմբի վերաբերող նույնքան վիճահարույց օրենքը հազիվ թե այսպիսի արձագանք ունենար ու այսպիսի շարժում հարուցեր:
5. Քաղաքացիական հասարակության ակտիվում գրանցվեց ևս մեկ ձեռքբերում: Այո, խորհրդարանական ուժերը աջակցում էին և ԱԺ-ում քննարկումների ժամանակ փաստարկված ու հիմնավորված տեսակետներ էին ներկայացնում, բայց այդ ամենը կարող էր, ինչպես տասնյակ այլ դեպքերում, Բաղրամյան 19-ից Բաղրամյան 26 հասնել, ու վերջ: «ԴԵՄ ԵՄ» շարժումը արագ կազմակերպվեց և հաջողության հասավ` ունենալով ոչ միայն 1974-ից հետո ծնվածների, այլև հասարակության ընդհանրական աջակցությունը:
6. Եղան քաղաքացիական շարժումը քաղաքականացնելու փորձեր, որոնք դեռ շարունակվելու են: Բայց ի վերջո հարցը մնաց իրավական հարթության մեջ և ստացավ իրավական լուծում, որ աննախադեպ էր` ելնելով ոչ միայն գործադիր իշխանության և իրավական համակարգի փոխհարաբերություններից ¥ավելի ճիշտ գործադիր իշխանության անխախտ գերակայությունից¤, այլև քաղաքական իրավիճակից: ՍԴ որոշումը, ուղղակի կապ չունենալով ԱԺ ոչիշխանական ուժերի` ապրիլի 28-ին կառավարության հրաժարականի հարցը ԱԺ օրակարգ մտցնելու նախաձեռնության հետ, անուղղակիորեն ներգործելու է ոչ միայն ոչիշխանական ուժերի վարկանիշի, այլև հասարակական տրամադրությունների ու ներքաղաքական մթնոլորտի վրա փոքրիկ հաղթանակից մեծ հետևանքներ ձևավորելու նպատակադրումով: Այդ իսկ պատճառով հնարավորն արվելու է հաղթանակը պարտության վերածելու համար:
7. Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, երկիր, որտեղ պետությունը քաղաքացու անունից առավել հաճախ գործում է քաղաքացու դեմ, իսկ դա նշանակում է այն խնդիրը, որ իրականում պետք է լուծեր պարտադիր բաղադրիչը, կլուծվի որևէ այլ, առաջին հայացքից կենսաթոշակային համակարգին չառնչվող, բայց բյուջեն և բյուջեին կցվածներին ֆինանսավորելու նպատակ ունեցող օրինագծով: Եվ, ուրեմն, «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը պարտադիր կուտակայինի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչվելու փաստը իր պատմության առաջին, բայց ոչ վերջին գործն է գրանցելու: Պայքարը շարունակվելու է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ գուցե ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած նախադեպը չունեցող ու անսպասելի որոշումը ոչ միայն համաձայնեցված էր ՀՀ նախագահի հետ, այլև արտահայտում էր նրա կամքը` ժողովրդավարական երկրում միայն գոյություն ունի իշխանության թևերի բաժանվածություն ու անկախություն, թող որևէ մեկը հիմա ասի, որ ՀՀ նախագահը իշխանության բոլոր օղակներին թելադրում է իր կամքը` մեկ, և երկու` նույնքան հավանական է, որ այս որոշման հիմքում բյուջեի մուտքերի նվազումն էր, որովհետև անցած կարճ ժամանակամիջոցը վկայեց, որ հայ հնարամիտ գործատուների և ոչ պակաս հնարամիտ հարկահավաքների համար ավելի ձեռնտու է թաքնված աշխատանքը, քան ստվերից դուրս օրինական հարկումը: Եվ երեք` իսկ ե՞րբ է լրանում Գագիկ Հարությունյանի 70 տարին:
Հ. Հ. Գ.- Կյանքը դառնում է հետաքրքիր, օրվա վերջին հրաժարական տվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայաստանում սկսվում են փոփոխություններ, որոնք, սակայն, միանշանակ, պատճառաբանված են ոչ թե ոչիշխանական ուժերի գործունեությամբ, այլ նրանց գործունեությունն էր թելադրված այդ փոփոխություններով: