Փաստորեն ՈՒկրաինայի համար էլ եկավ սեպտեմբերի 3-ը: Բայց` նոյեմբերին: Եվ` ոչ այնքան եկավ, ոչ այնքան անցավ: Պատմությունը մի քիչ նման է դետեկտիվի` Ա կետից դուրս գալով` ուղևորը Բ կետում չի արձանագրվել, իսկ երբ վերադարձել է Ա կետ, Բ կետում հաստատել են նրա ներկայության փաստը: Ամեն ինչ ոչինչ` կյանք է, ինչ ասես պատահում է, բայց տարօրինակ է, չէ՞, որ անհետանում է նախագահը: ՈՒկրաինայի նախագահը: Իսկ հետո պարզվում է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Համարյա հինգ ժամ, և` առանց որևէ տեղեկատվության: Հետո նախագահը հայտնվում է Կիևում ու նամակ ստանում գործարարներից: ՈՒկրաինացի: Տեղնուտեղն էլ հանդիպում է նրանց: ՈՒ այս հայտնի հանդիպումից հետո տեղեկատվությունը նույնքան հակասական է` Կիևը հրաժարվում է եվրաինտեգրումից, Կիևը շարունակում է եվրաինտեգրումը: Ռուսաստանը ինչպես մինչ այդ աղմկում էր, որ ՈՒկրաինան գնում է դեպի կործանում, այնպես էլ շարունակում է նույնը պնդել: Եվրամիությունը հիշեցնում է Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամկետներն ու իր պահանջները և ոչինչ չի հստակեցնում: Ի՞նչ է կատարվում իրականում:
Հինգժամյա հանդիպման հետևանքներից դատելով` Վլադիմիր Վլադիմիրովիչը մեթոդիկ ու տաղտուկ հետևողականությամբ գործընկերոջը բացատրել է, որ գազ իր ցանկացած գնով չի ստանա, գուցե ընդհանրապես չստանա, որ ԵՄ-ին ասոցացվելով` ուկրաինական շուկան անարգել բացվում է եվրոպական ապրանքների առաջ, որոնք, աներկբա, որակյալ են ավելի ու մեծ սպառում են ունենալու, քան ուկրաինական ապրանքները, որ տեխնոլոգիական զարգացումը հեռանկար է, իսկ ուտել ամեն օր է պետք, որ Կիևը (լինելով տարածքով ամենամեծ պետությունը Եվրոպայում) երբեք հավասար գործընկեր չի դիտվելու Եվրամիության ոչ հնաբնակների, ոչ անգամ նորեկների շարքում: Որ անհրաժեշտ է որոշակիացնել դրամավարկային քաղաքականությունն ու ապահովել վարկային մուտքեր շուկայական պայմաններով: Որ շատ կարևոր է արդյունաբերական ձեռնարկությունների մոդեռնացումը (ուկրաինական տեխնիկական ռեգլամենտների համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին պահանջելու է 165 միլիարդ եվրո 10 տարվա ընթացքում, ո՞վ է վճարելու), մասնավորապես երկաթուղային և ավիաշինության մեջ, քիմիական արդյունաբերության: Տնտեսական ևս մի քանի փաստարկներին հավելել է ռազմականը` ՈՒկրաինան ի վերջո դառնալո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամ, թե՞ շարունակելու է իր հռչակած քաղաքականությունը` ռազմական բլոկներին չանդամակցել, ի՞նչ է լինելու ռուսական նավատորմի կարգավիճակը Նովոռոսիյսկում: Մտադի՞ր է Վիկտոր Յանուկովիչը վերընտրվել, և` ինչպե՞ս: Հեղափոխության արքայադստեր ճակատագիրն ի՞նչ է լինելու` մնալու է բանտում ¥հիվանդանոցում¤, գնալու է Գերմանիա, թե վերադառնալու է քաղաքականություն: Յուլյա Տիմոշենկոն նախորդ նախագահի համար էլ փորձաքար էր, գործողի համար էլ: Երկու նախագահների չհրապարակված օրակարգում, իհարկե, եղել են ոչ միայն իրավիճակի արձանագրումներ, այլև խոստումներ: Ի՞նչ կլինի, եթե Կիևը մոռանա Բրյուսելի ճանապարհը և համակվի Մաքսային միությանն անդամակցելու ցանկությամբ: Ի՞նչ կլինի, եթե Կիևը մոռանա Բրյուսելի ճանապարհը և Մաքսային միության ճանապարհն էլ չհիշի: Ի՞նչ կլինի, եթե Կիևը հրաշալի հիշողություն պահպանի եվրոպական ու ռուսական վեկտորների միջև: Առևտուրը բարդ գործ է, մանրակրկիտ ու փոփոխական, միշտ կարելի է ապրանքի որակն ու քանակը փոխել, գին գցել ու բարձրացնել, ուրիշից գնելու և ուրիշին վաճառելու փաստարկը խաղարկել: Ի՞նչ հինգ ժամ, այդ մակարդակի ու այդ ծավալի առևտրի համար, որ քաղաքականության լեզվով կոչվում են բանակցություններ, ավելին է պետք: Իհարկե, Ռուսաստանին ՈՒկրաինան Մաքսային միությունում շատ է պետք` բոլորովին այլ որակի ու այլ մակարդակի տնտեսական տարածք ստանալու համար, պետք է նաև քաղաքական նկատառումներով` թե Եվրամիությունից հեռացնելու, թե եվրոպական մասն ուժեղացնելու ասիական մասի դեմ` եվրասիական տարածքում: Ընդունեք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ամենահաշտ-համերաշխ-կանխատեսելի գործընկերը չէ, Բելառուսի տնտեսությունն էլ համաշխարհային ստանդարտներից բավականաչափ հեռու է` ցանկալի տնտեսական արդյունքներ ստանալու համար: Երբ Կիևը հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հաստատակամ մտադրության մասին, հաջորդ օրը Բելառուսի նախագահը հանդիպեց ուկրաինացի գործընկերոջ հետ և հայտարարեց` հարևանը մնում է հարևան, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Բելառուսը և ՈՒկրաինան շարունակելու են փոխհարաբերություններն ու խորացնելու:
Հետո բացատրվեց, թե Մինսկը բաց է պահում Կիևի դարպասները Կրեմլի համար: Նույնքան շատ է պետք ՈՒկրաինան Եվրամիությանը: Նախ` տարածքն ու աշխարհագրական դիրքը պարտադրում են այդ պետությանն ունենալ իբրև գործընկեր, ոչ մրցակից: ՈՒկրաինայի աքիլլեսյան գարշապարը գազն է, որի փականը բացել-փակելու փաստարկը Ռուսաստանը հրաշալի օգտագործում է, Եվրոպան չի կարողանում: Տրանզիտային գազամուղով գազի հետդարձի տեխնոլոգիան ու ծավալները ակնկալիքները չեն արդարացնում: Գերմանիան պատրաստ է գազ մատակարարել, բայց տարաձայնություններ կան գնի ու ծավալի հարցում: Գնողունակությունը կորցնող Եվրամիությանը սպառման շուկա է պետք, ՈՒկրաինան այդ հնարավորությունը տալիս է, տալիս է նաև էժան աշխատուժի հնարավորություն, էժան ու որակյալ: Վերջապես` առանց ՈՒկրաինայի Ռուսաստանը խորապես խորանում է ասիական տափաստաններում ու ձախողում այն վիթխարի քաղաքական-տնտեսական ծրագիրը, որ կոչվում է Վանկուվերից Վլադիվոստոկ. Եվրասիական միությունը մի քանի աստիճանով կորցնում է զարգացման հեռանկարներն ու ներդրումային գրավչությունը միջազգային ասպարեզում:
Իսկ ի՞նչ է անելու Կիևը: Իհարկե, ամենաձեռնտու տարբերակը ՈՒկրաինայի համար և-և-ն է: Բայց դա չի ստացվում` չափազանց տարբեր են երկու միությունների քաղաքական, տնտեսական, իրավական, տեխնիկական պարամետրերը: Իրավական առումով` ՈՒկրաինայի ռազմավարական քաղաքականությունը եվրաինտեգրումն է, որ ամրագրված է երկրի օրենսդրության մեջ: ՈՒկրաինայի արդյունաբերողների ու գործարարների համար դա ժամանակակից եվրոպական ստանդարտներին համապատասխանելու, մրցունակության բարձրացման, ներդրողների ու սեփականատերերի շահերի պաշտպանվածության հնարավորություն է: Չի բացառվում, որ նախագահ Յանուկովիչի հետ հանդիպման ժամանակ հնչած առաջարկներն այդպես էլ մնան լավագույն մտադրություններ, և Կիևի քաղաքական կուրսը մնա անփոփոխ: Նույնքան չի բացառվում, որ ելնելով ներքաղաքական իրավիճակից ու տնտեսական նպատակահարմարությունից` Կիևը հրաժարվի ասոցացման համաձայնագրի ստորագրումից Վիլնյուսում` հետաձգելով մեկ տարով կամ անորոշ ժամկետով: Բոլոր դեպքերում Վիկտոր Յանուկովիչը ոչ մի տեղ չի կարող գնալ` առանց կորցնելու: Հարցը մեկն է` ի՞նչ է գտնելու: Նախավիլնյուսյան շրջանում մեկտեղվում են ՈՒկրաինայի հետագա ճակատագրի և Յանուկովիչի անձնական քաղաքական ճակատագրի հարցերը: Ինչի՞ն գերակայություն կտա նա` հարց է, որի պատասխանը միայն ինքն ունի: Նա հրաշալի գիտի, որ ասոցացման համաձայնագրի ստորագրումը և իրականացումը ՈՒկրաինայում ստեղծելու է տնտեսական նախնական շոկային թերապիայի անհրաժեշտությունը, որի միջով անցել են ու անցնում են Արևելյան Եվրոպայի երկրները: Իսկ դա նախ և առաջ անձնական վարկանիշի անկում է բերելու: Ընտրություններից առաջ: Խոստումների մակարդակով ևս մեկ հաղթանակ, այս անգամ Ռուսաստանին ունենալով իբրև հակառակորդ, Յանուկովիչը կարող է չստանալ: Մայդանը և Յուլյա Տիմոշենկոյի գործոնը բավարար հիմքեր են` եվրոպացիների վճռորոշ ներգործության հետ հույսեր չկապելու համար: Այն, ինչ եղավ Վիկտոր Յուշչենկոյի դեպքում, Վիկտոր Յանուկովիչի դեպքում հազիվ թե կրկնվի` Արևմուտքն արդեն այլ իրավիճակ ու այլ խնդիրներ ունի, այլ է նաև Ռուսաստանը: Տրամաբանական կլինի, եթե Յանուկովիչը հետաձգի ասոցացման ու ազատ, խոր և համապարփակ առևտրի համաձայնագրերի ստորագրումը նախագահական ընտրություններից հետո` երկու տարով: Բոլորովին ոչ պատահականություն, ոչ զուգադիպություն է, որ Գերագույն ռադան այդպես էլ չվավերացրեց այն օրինագծերը, որոնցով Յուլյա Տիմոշենկոյին հնարավորություն էր տրվում Գերմանիա գնալ բուժման: Առանցքային հարցը` Տիմոշենկոն բուժման է մեկնելու բանտարկյալի կարգավիճակո՞վ, թե՞ ներման արժանանալուց հետո, պատասխան չի ստանում: Խորհրդարանն այդ հարցին վերստին անդրադառնալու է նոյեմբերի 19-ին: Ոչ պատահականություն, ոչ զուգադիպություն էր, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին չհապաղեց հայտարարել, որ ՈՒկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը կարող է տեղափոխվել 2014 թ., եթե Կիևը չլուծի Յուլյա Տիմոշենկոյի հարցը: Եվրամիությունը ևս բացում է առևտրի պատուհանը: Կիևը դադար է վերցրել, որ կարող է ավարտվել Վիլնյուսում` նայած ումից ինչքան կստանա, կարող է հետաձգվել ոչ միայն մինչև 2014, այլև 2015: Իսկ 2015-ին նախատեսված է Եվրասիական տնտեսական միության ծնունդը: Այնպես որ պատմությունը շարունակվում է` ակնհայտ է, որ ոչ արևմտյան, ոչ արևելյան կողմից նվերներ չեն լինելու, լինելու են չոր հաշվարկ և նպատակահարմարության չոր ընտրություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Ի տարբերություն Հայաստանի` ՈՒկրաինան դադար վերցրեց վերջնական վճռից առաջ: Իսկ եթե Կիևը Վիլնյուսում չստորագրի երկու համաձայնագրերը, որ, իհարկե, բոլորովին չի նշանակում, թե Մաքսային միությանն է անդամակցելու, Հայաստանը Մաքսային միության համար գրեթե ինքնաբերաբար կորցնում է հետաքրքրությունը: Կրեմլի համար շատ կարևոր էր ապացուցել, որ հետխորհրդային տարածքում ինքն ի զորու է իր կամքը պարտադրել: Սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը Կրեմլի համար քաղաքական համադարման էր ու սոցիալ-տնտեսական գլխացավանք: Եթե Մոսկվան չի կորցնում Կիևին, Երևանը նրան առանձնապես պետք չէ այլևս, ի հետևանս նոր իրավիճակի` տեխնիկական ստանդարտների համապատասխանեցումը կարող է տևել տարիներ, դա այն դադարն է, որ Հայաստանը կարող է օգտագործել Եվրամիության հետ հարաբերությունները նախկին մակարդակին ու որակին վերադարձնելու համար: Եթե, իհարկե, մինչ այդ քաղաքական ինքնիշխանությունը պահպանած լինի իրավական ու իրական հարթության մեջ: Սահմանադրական հերթական փոփոխությունները ձեռք են բերում առանցքային նշանակություն` ապագայի ընտրության համար: Եվ ԵՄ-ն էլ բացարձակ հետաքրքրությունը կորցրած չլինի Հայաստանի նկատմամբ: Իսկ ընդհանրապես ուկրաինական ճակատում հաջողության հասնելուց հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը կարող է և Հայաստան չգալ` հերթական անգամ այցը հետաձգելով, որովհետև Հայաստանում այլևս ոչինչ նրան չի հետաքրքրում: Նույնքան հավանական է Պուտինի ցուցադրական այցը Երևան, որ գործնական բովանդակություն չի ունենալու, նույնիսկ եթե ինչ-ինչ համաձայնագրեր կնքվեն կամ պայմանավորվածություններ բարձրաձայնվեն:
Ամենակարևոր` տարածաշրջանում ստատուս քվոյի հնարավոր փոփոխության հարցը հազիվ թե Երևանում լուծվի: Նույնիսկ այն դեպքում, երբ ռուսական լրատվամիջոցները պատերազմի վերսկսման մասին խոսում են իբրև կատարված փաստի մասին` նույնքան տաղտուկ ու միապաղաղ, որքան եղանակի տեսության կամ խնձորի առատ բերքի, որ Լիտվան չի կարողանում սեփական ուժերով հավաքել: Իսկ Անկարան ակտիվանում է ու նույնքան տաղտուկ, միապաղաղ համոզվածությամբ խոսում «ադրբեջանական հողերի» վերադարձի անխուսափելիության մասին` 7:5 հարաբերակցությամբ: Համայնապատկերը իր մանրամասների մեջ կամբողջանա դեկտեմբերին: Գուցե 2013, գուցե 2017, գուցե 2018 թվականների: