Խոսքիս վերնագիրը «Իրատես de facto»-ում (թիվ 36, 45, 2013) պարոն Լևոն Ջավախյանի արտահայտած միտքն ու փակագծված ստորագրությունն է: Ամենայն հարգանքով վերաբերվելով Ջավախյանի խոսքուզրույցին, պիտի տարակուսանքով նշեմ, որ շատ հաճախ էլ զարմանք են պատճառում սովորական այս մարդու մտածում-պնդումները, որոնց թերևս չարժեր անդրադառնալ:
Այնուամենայնիվ… Ջավախյանը, կարդալով «Իրատես de facto»-ում (թիվ 44, 2013) հրապարակված և կոնկրետ հարցերի վերաբերյալ փաստերով հիմնավորված-շարադրված իմ «Լինենք աչալուրջ և հեռատես» հոդվածը, զարմանք է հայտնում, թե Այվազյանը ինչո՞ւ և ինչի՞ համար է մեղադրում ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին` նրա «Քարե երազներ» պատմավավերագրական ստեղծագործության համար: Իր գործն է, իր հասկանալիքն ու չհասկանալիք բանուգործը: Սակայն մի բան շատ հստակ է, որ, իր իսկ խոսքերով ասած, «պարապ ժամանակի խաղալիքներով» զբաղվող (իմա` գրական ստեղծագործությամբ) պարոն Ջավախյանը փաստական տվյալները, պատմական ու գեղարվեստական սկզբունքայնությունը հաստատակամորեն պետք է տարբերի քմահաճույքից, որին, թող թույլ տրվի ասել, չափից ավելի տուրք է տալիս:
Օրինակ, իմ հոդվածում ես փաստերով քննարկել եմ ընդամենը 3-4 հարց և ներկայացրել, որ Այլիսլին իր վեպում հիմք ընդունելով 1990 թ. հունվարին Բաքվի հայկական ջարդերի և Ագուլիսի 1919 թ. դեկտեմբերին հայության եղեռնի պատմական իրադարձությունները, դրանք նպատակադրված կարգով ներկայացրել է աղավաղումներով ու կեղծիքներով: Դրանով իսկ չեզոքացրել կամ ջանացել է չեզոքացնել խաղաղ պայմաններում դրանք ադրբեջանական իշխանությունների ու պետական կառույցների կողմից կազմակերպված ու հրահրված, իրագործված լինելու հանգամանքները: Ահա այս խնդիրների վերաբերյալ կատարած իմ քննադատական մոտեցումը ամենևին դուր չի գալիս Ջավախյանին, և այդ հարցերում իր հպանցիկ իմացումներով վերստին պնդում է, որ «այո, ազգամիջյան բախումներ են եղել, եղել է և պատերազմ», կամ` «Այլիսլին միտում չի ունեցել կարևորելու պատմագրությունը», «չի կարելի բարեկամ գրողի, մեծ հումանիստի մասին անընդհատ նման մեղադրանքներ հնչեցնել»: Շատ լավ, եթե միտում չի ունեցել, ապա պատմական կոնկրետ փաստերը թող հանգիստ թողներ և իր ասելիքը ներկայացներ գեղարվեստական խոսքի այլևայլ հնարանքներով:
Ջավախյանի քաղաքացիական մտահորիզոնի շառավիղներով, երբ որևէ քննադատական կամ թթու խոսք ես ասում Այլիսլիի հասցեին, ապա ոչ ավելի և ոչ պակաս, ինչպես ինքն է հանդգնել գրել, որ «էս ո՞ւր ենք գնում, ամբողջ աշխարհին մենք ի՞նչ է, պատերա՞զմ ենք ուզում հայտարարել: Եվ առաջին հայտարարողներից մեկն էլ Արգամ Այվազյանն է, ով առաջադեմ մտավորականին կեղծարար ու զեղծարար է համարում»:
Մարդ Աստծո, մի քիչ չափավորիր մտքիդ թռիչքի սավառնումները, կամ, Լոռվա բարբառով ասած` մի քիչ «ոտն արա»։ Մի՞թե Այլիսլին կամ էլ Ադրբեջանը Ձեզ համար «ամբողջ աշխարհ»-ն է։ Ի՞նչ է, Այլիսլին արդեն անձեռնմխելի՞ է, կամ էլ ոչ ոք իրավունք չունի՞ նրա գրածների վերաբերյալ որևէ դիտողություն, քննադատական խոսք ասելու։ Այստեղ մի բան կարող եմ շատ հստակ փաստել, որ Այլիսլին կամ այլիսլիները ամենևին ջավախյանական նմանատիպ ու մերկապարանոց «պաշտպանությունների» կարիքը չունեն, որի համար ամեն պատեհ թե անպատեհ առիթներով մշտապես իրեն ի ցույց է դնում Ջավախյանը:
Այլիսլիի կոչեցյալ թե անպաշտոն «դատապաշտպանի» դերը ստանձնած Ջավախյանը, խոսելով Ադրբեջանում Այլիսլիի դեմ իրականացված հալածանքների մասին, շատ պաթետիկ տոնով իր խոսքում գրում է, որ «հետաքրքիր է, ի՞նչ կաներ պարոն Արգամ Այվազյանը, եթե նրա քսակից մի կոպեկ պակասեր»: Ի՞նչ ասես կամ ի՞նչ սպասես այսպիսի իմացումների տեր «սովորական մի մարդուց», ով նաև գրի ու գրչի բնագավառի մարդ է։
Ընթերցողից նախապես ներողություն խնդրելով, ստորև պարտադրված եմ Ջավախյանի և նմանօրինակ ջավախյանների հետաքրքրասիրությունները փարատելով փաստել, որ Այվազյանի քսակից ոչ թե կոպեկներ, այլ հազարավոր ռուբլիներ ու միլիոնավոր դրամներ են պակասում դեռևս 1965 թվականից սկսած առայսօր: Սա որպես ականջօղ և ընդմիշտ: Այվազյանի և նրա ընտանիքի, եղբայրների, զավակների, նրա ընկերների ու հայրենակիցների, պետական, աշխարհասփյուռ հայության ազգային կառույցների ու անհատների քսակների կոպեկների աջակցություններով է, որ 1965-ից ի վեր Այվազյանն իր անձնական նախաձեռնությամբ, անտրտունջ ու անձանձիր, մեն-մենակ կարողացել է Ջավախյանի շատ սիրելի Այլիսլիի (նաև սաֆարովյան) Ադրբեջանի տարածքում բազում բնական և առավել արհեստական խոչընդոտների, կյանքը հազար ու մի վտանգների ենթարկելու գնով (որը, ցավոք, ջավախյանների մտքի ու խելքի իմանալու բանը չէ) ուսումնասիրել, հայագիտությանն ու հայ ժողովրդի այսօրվա և ապագա սերունդներին է ավանդել-փաստագրել մեր ժողովրդի ստեղծած (մեր օրերը հասած) նախիջևանյան ողջ ժառանգությունը: Մի ժառանգություն, որը զոհ դարձավ 1998-2006 թթ. Այլիսլիի և սաֆարովյան Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմին: Մի ժառանգություն, որն այսօր և հետայսու մնալու է միմիայն Այվազյանի քսակի կոպեկներով ստեղծած գիր ու գրականության մեջ: Այնպես որ, եղբայր պատվական, վերոնշյալ հարցումդ ամենևին տեղին չէ, և այդ հարցումովդ ուշացել ես շուրջ 48 տարով:
Ի իմացում նաև ջավախյանների, որ այս ամենն արել և այսօր էլ Այվազյանը անում է Հայաստանը, հայոց պատմությունն ու մշակույթը թե՛ այսօր և թե՛ ապագայի համար զիաբունիաթովյան ու սաֆարովյան Ադրբեջանի ոտնձգություններից զերծ պահելու նպատակով: Այս ամենն արվել և արվում է նաև մեր ժողովրդի պատմությանն ու մշակույթին հասու դարձնելու սովորական մի մարդ Ջավախյանի ու ջավախյանների համար, ովքեր, ավա՜ղ, երբեմն իրենց քաղաքական հայացքներով ու աղքատիկ իմացումներով մեր ժողովրդի պատմական հիշողությանն անհաղորդ են կամ էլ խարխափում են պատմության բավիղներում:
Թող թույլ տրվի Ջավախյանին հիշեցնել նաև այն, որ Այվազյանի քսակի կոպեկների պակասումներով կատարված և, բարեբախտաբար, հրատարակված (Ջավախյանի ի ցույց տրվող 4-5 գրքերի 7-ապատիկ գրքերով և հարյուրավոր հոդվածներով) մեծ ու փոքր աշխատություններին, հազարավոր շարքային ընթերցողներից զատ, անդրադարձել և հավուր պատշաճի գնահատանք (թե՛ գիտական և թե՛ պատմաքաղաքական) են տվել հայ և օտար ճանաչված հարյուրավոր մասնագետներ, պետական ու քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչներ, որոնց սոսկ անունների թվարկումները թերթի սյունակներ կարող են լցնել։ Համենայն դեպս, պարոն Ջավախյանը (նաև ջավախյանները) վերոնշյալների մի մասին (և ոչ միայն) կարող է ծանոթանալ (եթե, իհարկե, հարկ համարի) 2007 թ. հրատարակածս «Նախիջևան. գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ» ծավալուն հատորում:
Մինչ խոսքիս ավարտը ուզում եմ նաև հավաստել պարոն Ջավախյանի այն միտք-հորդորին, որ Այվազյանը ի բնուստ սովորություն ունի միշտ էլ հարգանքով սեղմելու բարեկամական ցանկացած ձեռք, իսկ խարդախության ու անբեկանելի ճշմարտությունները աղավաղողների հանդեպ, անշուշտ, անհաշտ է և չի կարող գործել թե՛ իր ազգային բնազդի և թե՛ ի հաստատակամ համոզմունքների դեմ: Քանզի ցանկացած ճշմարտություն (այդ թվում և` պատմականը) չի ենթարկվում ո՛չ սեփականացման և ո՛չ էլ օտարման, առավել ևս զգացմունքային կամ էլ փանջունիական ճնշումների ու հորդորների։ Ի գիտություն պարոն Ջավախյանի հավելեմ, որ Այվազյանը դեռևս 1961 թվից (իր դպրոցական տարիներից), երբ 14 տարեկան էր և սկսել է գրել ու հրատարակվել, հենց այդպես էլ գործում է. գիտական բանավեճերի մեջ է եղել հայոց պատմությունը աղավաղող ադրբեջանցի գիտնականների հետ, իսկ անաչառ ստեղծագործողներին միշտ էլ հարգանքով է վերաբերվել: Բերեմ միայն մեկ օրինակ. դեռևս 19-ամյա պատանի, երբ Ջավախյանը դեռ դպրոցն էլ չէր ավարտել, Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Սամեդ Վուրղունի ծննդյան 60-ամյակի վերաբերյալ Բաքվի հայերեն «Կոմունիստ» թերթի 1966 թ. մայիսի 21-ի համարում իմ հրատարակած «Նա մեր սրտում է» ոչ ծավալուն խոսքում գրել-արժևորել եմ, որ մեծ բանաստեղծը «երգել է ժողովրդին հուզող տարբեր իրավիճակներ. սեր, եղբայրություն, վիշտ, ազատության գաղափար և մարդկային ուրիշ վսեմ զգացումներ, որոնք ոչ միայն տեղ են գտել ադրբեջանցի ընթերցողների, այլև մեր Միության միլիոնավոր ընթերցողների սրտերի խորքում»:
Խոսքս ավարտում եմ պարոն Ջավախյանի հայրենակից և շատ հարգելի գրող Հրանտ Մաթևոսյանի խոսքերով, որ մարդու «առաքելությունը սկիզբ ունի, վերջը մեր հիշողության մեջ է` կկորչի կամ կմնա` ունակության հարց է»: Այնպես որ, հետայսու ավելորդ եմ համարում անդրադառնալ պարոն Ջավախյանի այլիսլիական «պաշտպանություններին»` համարելով ժամանակի պարապ վատնում: Քանզի ծիածանը վայելելու համար պետք է ապրել նախ և առաջ ամպրոպ ու անձրև:
Պատիվ ունեմ`
Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ