Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սագա ազգային դիմադրունակության մասին

Սագա ազգային  դիմադրունակության մասին
25.06.2013 | 02:04

«Մեծ ութնյակը», որի անդամները պարբերաբար հանդիպում են իրենց երկրների տարածքում, ունի բազմամակարդակ օրակարգ: Նախ քննարկվում են բոլորին հետաքրքրող խիստ քաղաքական, հետո հույժ հրատապ տնտեսական հարցերը, հիմնականում այս օրակարգերը միախառնված են, որովհետև քաղաքականն ու տնտեսականը, ի վերջո, նույնանում են: Համաշխարհային քաղաքականության հարցերը լուծելուց հետո անցնում են երկկողմ հարաբերությունների պարզաբանմանը: Կան նաև մշտական հարցեր, որոնց անդրադառնում են պարտադիր ու պարտադրված` հավաստելու, որ իրենք հանձնառու են այդ հարցերը լուծելու: Այդ հարցերը, սակայն, հակառակ թվացյալ անկարևորությանը, իրականում կարևոր լծակներ են այդ պետությունների համար` լուծելու իրենց օրակարգի առաջնային հարցերը: Հանդիպումից հանդիպում, քննարկումից քննարկում այդ հարցերն օգտագործվում են ու չեն լուծվում, որովհետև հենց այդ չլուծվելը դառնում է միջանկյալ լուծում, որ բավարարում է կողմերին: Այդ ընթացքում կարող են լինել հավասարակշռությունը խախտող իրադարձություններ ու նախաձեռնություններ բոլոր կողմերից, բայց ոչ շրջադարձային ու վճռական որոշումներ: Կարող են լինել նաև ընդունված որոշումներին ու արված հայտարարություններին հակասող որոշումներ, որոնք պատճառաբանվում են ու արդարացվում` մնալով անհասկանալի ու անընդունելի: Նվազագույնը կողմերից մեկի համար: Բայց դրանք արդեն մեծ քաղաքականության քմայքներ են: ՈՒ կյանքը շարունակվում է: Թվում է` պահպանելով մեկնարկային իրավիճակը: Հարցը մեկնարկային իրավիճակի և ստեղծված իրավիճակի տարբերություններն են, որ չեն կարող շահեկան լինել բոլոր կողմերի համար: Իսկ նոր իրավիճակում արդեն կարող են ընդունվել իրավիճակին համարժեք որոշումներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հանդիպելով Էնիսկիլենում «Մեծ ութնյակի» շրջանակներում, հերթական հայտարարությունն արեցին Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իրենց պատկերացումների մասին: Իհարկե, դիվանագիտական նրբերանգներ ու նախորդ հայտարարությունների համեմատ որոշակի տարբերություններ այս հայտարարության մեջ կան: Բայց մի կողմ դնենք հայտարարության տեքստը և փորձենք հասկանալ` իսկ հայտարարություն անողներն իրենք իրենց հայտարարությանը հավատո՞ւմ են: Արդյո՞ք այդքան անսպասելի էր, որ կողմերը «փոխադարձ շահերի վրա հիմնված լուծում փնտրելու փոխարեն, շարունակել են միակողմանի առավելություններ կորզելու փորձերը»: Ինչի՞ համար են միջնորդներն այդ դեպքում: Կամ ձախողվել են, կամ իրենք էլ մեկ խնդիր են ունեցել` նպաստել խաղաղության պահպանմանը, այսինքն` պահել ստատուս քվոն, որի անընդունելիության մասին կարող են խոսել բոլորը, բայց մեծ քաղաքականության մեջ ընդունված է խոսքի ու գործի շեշտակի տարբերությունը: Անհուսալիորեն հնացել են արդեն միայն քմծիծաղ հարուցող պարիտետային կոչերը երկու կողմերին: Հնարավոր չէ այդքան անտեղյակ լինել իրավիճակին: Հնարավոր չէ հակամարտության կողմերին կոչ անել ժողովուրդներին նախապատրաստելու խաղաղության, բայց միակողմանի զինել կողմերից մեկին: Ինչպե՞ս է պատկերացնում հայտարարությունը ստորագրած Վլադիմիր Պուտինը խաղաղությանը պատրաստվելը, երբ զուգահեռաբար մեկ միլիարդի զենք է վաճառում Ադրբեջանին: Իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հարկադրված «արդարացնում է» Ռուսաստանին` հայտարարելով, որ նոր զինատեսակները չեն խախտում ուժերի հավասարակշռությունը: Խիստ կասկածելի պնդում: Հազիվ թե Բաքուն այդ զենքն ուղղելու է համաշխարհային մասշտաբով պատերազմի դեմ: Պատերազմն ապրիորի հասկացություն չէ: Պատերազմը սպանությունների շարան է, որի մեջ ներքաշվում են նվազագույնը երկու կողմեր ու պատասխանատվություն չեն կրում մարդ սպանելու համար:

Հազիվ թե նաև Բաքուն զենքը կուտակում է թանգարանային հավաքածուի համար: Որ զենքը կրակում է, ռուսները շատ լավ գիտեն` իբրև զենք արտադրող: Իհարկե, նրանք ունեն զենք վաճառելու իրենց իրավունքներն ու շահերը, բայց և Ադրբեջանը միակ գնորդը չէ աշխարհում: Ճիշտ նույն կերպ` միակ զինավաճառը Ռուսաստանը չէ, և ցանկության դեպքում Ադրբեջանը զենք կարող է գնել այլ երկրներից (ինչը և արել ու անում է): Տեսնում եք` ինչ պայմանական են ռազմավարական դաշնակից լինելու, դարավոր բարեկամության գրավոր ու բանավոր հավաստիացումները: Եվ, այնուամենայնիվ, խնդիրը միայն Ռուսաստանը չէ: Օլանդի կամ Օբամայի մտքով անցե՞լ է հարցնել Պուտինին, թե ինչպես է նույն աջով և՛ հայտարարություն ստորագրում` խաղաղության կոչ անելով, և՛ զենք վաճառում` պատերազմի հնարավորություն տալով: Միանշանակ` ոչ: Որովհետև հանդիպակաց հարցը միշտ կա` իսկ դուք ի՞նչ եք անում: Ի՞նչ է անում Եվրամիությունը Հայաստանի համար: Արևելյան իր հարևանի: Էնիսկիլենում «Մեծ ութնյակի» հանդիպման ժամանակ քանի՞ անգամ տրվեց Հայաստանի Հանրապետության անունը: Կա՞ այդպիսի երկիր աշխարհում: Հայտարարություններից դուրս մակարդակով: Համարժեք «խորին ափսոսանքով» պիտի ընդունենք, որ Եվրամիությունը ավելի շատ զբաղվում է հռչակագրային քաղաքականությամբ, խորին ափսոսանքի, հիասթափության և ակնկալիքի: Նույն Եվրամիությունը երկու տասնամյակ ականատես է հայ-թուրքական միակողմանի փակ սահմանի, և նույնքան ժամանակ խոր հիասթափություն, ափսոսանք ու ակնկալություն է ունեցել, բայց ոչ մի որոշակի քայլ: Ինչպես և ԱՄՆ-ը, որի ռազմական դաշնակիցն է Թուրքիան` լինելով ՆԱՏՕ-ի անդամ: Միամիտ է հավատալը, որ մեկ Ադրբեջանը հակազդում է երկու մայր ցամաքի և ուղղորդում Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությունը: Շատ հարմար է ունենալ նման խաղաքարտ ու օգտագործել բոլոր առիթներով` տարածաշրջանում, Ռուսաստանի հետ հարաբերություններում, Եվրամիության, ԱՄՆ-ի: Խորին ափսոսանքով պիտի արձանագրենք, որ Եվրամիությունը շատ քիչ կամ համարյա ոչինչ չի անում Ռուսաստանին այլընտրանք դառնալու համար: Հայաստանը գրեթե հարկադրված է «դաշնակցել» Ռուսաստանին, որովհետև ինչպես անցյալ դարասկզբին, հիմա էլ անգլիական նավերը հայկական լեռները չեն կարող բարձրանալ, որովհետև հիմա էլ իր կենսական հարցերը Հայաստանը լուծում է Ռուսաստանի թելադրանքով, որովհետև Կրեմլին այլընտրանք ոչ Վաշինգտոնը, ոչ Բրյուսելը չեն դառնում: Եվրասիական միության անդամակցությունը հայկական դիվանագիտության հաղթանակ չի լինելու, չի լուծելու ոչ մի կենսական հարց` ինչ դրախտ էլ անդամներին խոստացվի, ինչ դժոխք էլ չանդամներին սպասվի, բայց ո՞րն է Հայաստանի այլընտրանքը: Ռուսաստանը շարունակելու է նույն կողմնակալ քաղաքականությունը, ի՞նչ է անում Եվրոպան: Բացի Մոսկվային քննադատելուց: Ընդհանրական կոչերից, ժողովրդավարական ժպիտներից, քաղաքակիրթ ձեռքսեղմումներից: Հիանալի հասկանալով ու փայլուն տեղեկացված տարածաշրջանային բոլոր նրբություններին: Ի՞նչ է անում քրիստոնյա Եվրոպան քրիստոնյա Հայաստանի համար, որ շրջապատված է մահմեդականներով (սուննիներով ու շիաներով, որ միմյանց հետ փոխհարաբերություններ են պարզում), քրիստոնյա Վրաստանն էլ ինքնահաստատվում է հայկական եկեղեցիներում: Նոյեմբերին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանը կստորագրի, թե չի ստորագրի Եվրամիության հետ ասոցիացման և ազատ առևտրի անցնելու պայմանագիրը, Եվրոպան միանշանակ ընդունելու է Ռուսաստանի առաջնայնությունը և Հայաստանին է թողնելու հետագա ճանապարհի ընտրությունը, որ գործնականում չկա:
Այնպես որ` հայտարարություններն ու գագաթնաժողովները, քննարկումներն ու համաձայնագրերը հիմքում ունեն միայն մեկ իրականություն` ի՞նչ արժի տվյալ երկիրը, ի՞նչ է իրենից ներկայացնում և որքանո՞վ է ինքնաբավ, որքանո՞վ է հետաքրքիր միջազգային ասպարեզում: Բոլոր հարցերը լուծվում են այդ մեկնակետից: Քաղաքականության մեջ էլ, ինչպես կյանքում, տարեցներին ու տկարներին չեն սիրում, նախընտրում են երիտասարդներին ու առողջներին: Վերջին երկուսը կարող են փոխարինվել բնական հարուստ ռեսուրսներով: Քանի որ ռեսուրսները հավասար չեն տեղաբաշխված, համաժամանակյա չեն հայտնաբերվում ու շահագործվում, քաղաքական նախապատվությունները պտտվում են տնտեսական շահերի շուրջ, որոնք ամրակայվում են ռազմականորեն:
Իսկ հիմա այս համապատկերին համադրեք մեր իրականությունը: Բուռն քաղաքական ու տնտեսական կյանք, բոլորը բոլորի հետ պարզելու հարցեր ունեն, համաձայն չեն ու պատրաստ են պայքարի: Ո՞Ւմ դեմ: Ինչի՞ համար: Կեսարների ժամանակ ներքին խնդիրներ չունենալու համար հայտնագործվել էր հացի ու զվարճանքի բանաձևը: Ճիշտ կիրառման դեպքում արդյունավետ գործում էր հսկայական կայսրությունում: Մեր ժամանակներում բանաձևը մնացել է, բայց փոխվել են բաղադրիչները. հիմա զվարճանքի հետ տրվում է ոչ թե հաց, այլ սկանդալ: Ակնկալվում է, որ սկանդալները երկրորդ-երրորդ պլան կմղեն իրական հարցերը: Սա էլ հայկական հայտնագործություն չէ: Ճիշտ նույն կերպ սոցիալական ու տնտեսական հրատապ լուծումներ պահանջող խնդիրների առաջ կանգնած Ֆրանսիան գնում է զվարճանք+սկանդալ ճանապարհով: Հինգերորդ հանրապետության ամենացածր վարկանիշ ունեցող նախագահ Ֆրանսուա Օլանդը, բարեհաջող չլուծելով այն խնդիրները, որոնց լուծման համար ֆրանսիացիները սոցիալիստին նախընտրեցին Նիկոլա Սարկոզիից, հասարակությանը հրամցնում է միասեռականների ամուսնություններ` երեխա որդեգրելու իրավունքով: Թող հասարակությունը բաժանվի երկու մասի, պարտադրաբար ներհակ, թող բանավիճեն ու վիճեն, իսկ ինքը ինչ-որ լուծում գտնելու ժամանակ է շահում: Հայաստանում էլ խնդիրները տեսնելու ու լուծելու փոխարեն իշխանության տարբեր թևերը պատերազմում են միմյանց դեմ ու սկանդալ սկանդալի հետևից նետում ընդդիմությանն ու լրատվամիջոցներին: Թող զբաղվեն, որ իրենց հանգիստ թողնեն: Բայց մի քանի ժամվա, առավելագույնը` օրվա զբաղմունք դառնալուց հետո սկանդալները հեռանում են (կամ նոր սկանդալներով փոխարինվում), իսկ խնդիրները խորանում են: Այս պայմաններում են կարևորվում արտաքին աշխարհի ներգործությունները, հայտարարությունները հնչում են ցավոտ, որոշումները բախտորոշ են դառնում: Որովհետև չկա ազգային դիմադրունակություն: Որովհետև չկան պետության ըմբռնում ու ընդհանրական շահի զգացողություն. անձնական ու հատվածական շահերը գերակայում են բոլոր մակարդակներում: Իհարկե` կառավարելի կլինենք Ռուսաստանի համար: Իհարկե` անհետաքրքիր կմնանք Եվրամիության ու ԱՄՆ-ի համար: Բայց մինչև ե՞րբ: Ինչքան կբավարարի մարդկային, քաղաքական, տնտեսական, կապիտալը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ Էնիսկիլենում հայտարարություն անողները, եթե այլևս չեն ցանկանում հիասթափվել, թող բարի լինեն իրականությանը համարժեք գնահատականներ տալ, պատերազմից խուսափելու ճանապարհ չընտրեն պատերազմելու հնարավորություն ստեղծելը և ընդհանրական անպատասխանատվությամբ չքողարկվեն, բանակցությունների սեղան վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչին: Եթե իրենց դեպքում հիասթափվելը քաղաքական կատեգորիա է, մեզ համար վաղուց է ազգային դարձել: Չի բացառվում, որ դասեր քաղենք: Երբևէ:

Դիտվել է՝ 2209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ