Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Այլախոհներին չեն հանդուրժում` Սիրիա լինի, թե Հայաստան

Այլախոհներին չեն հանդուրժում` Սիրիա լինի, թե Հայաստան
10.06.2013 | 13:34

Սիրիայում ընդդիմության գրոհայինները ծնողների աչքի առաջ գնդակահարել են 15 տարեկան մի տղայի` նրան մեղադրելով աստվածանարգության մեջ: Հալեպում սուրճ վաճառող Մուհամեդ Քաթան փողոցում վեճի ժամանակ իբր ասել է. «Եթե նույնիսկ Մուհամեդ մարգարեն իջնի երկնքից, հավատացյալ չեմ դառնա»: Գրոհայինները նրան գնդակահարել են, չնայած մոր հավաստիացումներին, որ որդին մասնակցել է հակակառավարական ցույցերին: 15 տարեկան տղային կյանքից զրկել են կրոնական ծայրահեղականություն քարոզող կազմակերպության գրոհայինները: «Ջեբհատ ան-նուսրայի» գործողությունները արդեն անհանգստացնում են միջազգային հանրությանը, քանի որ սա առաջին դեպքը չէ:

Նորություն չէ, որ այլախոհներին հալածում են այստեղ էլ: Իշխանության ներսում, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների դաշտում, ընդդիմության ներսում: Մենք նույնքան անհանդուրժող ենք այլախոհների նկատմամբ, որքան մահմեդական ծայրահեղականները: Իշխանությունն ասում է` ով մեզ նման չի մտածում, մեզ խանգարում է աշխատել, ընդդիմությունն էլ իր հերթին իր ներսում չի հանդուրժում այլախոհներին: Ֆաշիզմին հատուկ տարրեր կան մեր հասարակությունում էլ: 2008-ին իշխանությունը հալածանքի ենթարկեց նրանց, ովքեր համարձակվել էին ընդդիմությանն այս կամ այն կերպ աջակցել: Նույն ընդդիմությունը վերջին տարիներին հալածում է նրանց, ովքեր համարձակվել են «գծից» դուրս կարծիք ունենալ: Ստացվում է, որ ոչ միայն ժողովրդավարական արժեքներից խոսող իշխանությունն է հեռու դեմոկրատիայից, այլև ընդդիմությունը, որը պայքարում է նույն անկատար իշխանության դեմ: Ամենաթարմ օրինակը վերջերս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հոդվածաշարում հրապարակված փաստերն էին իր և ՀԱԿ-ի փոխհարաբերությունների դաշտում: Ընդդիմությունը իսկապես կատաղի անհանդուրժող է դարձել այլախոհների նկատմամբ: Նախկինում ասվում էր. «Ով Սերժի դեմ է, մեր համախոհն է»: Այսինքն` ՀԱԿ-ը հստակ տարանջատել էր իշխանություն-ընդդիմություն սահմանը: Ժամանակի հետ չափանիշները փոխվեցին: Վստահ եմ, եթե նույն ընդդիմությունում մեկը հայտարարի, որ նույնիսկ Հիսուսի` երկնքից իջնելու պարագայում ինքը հավատացյալ չի դառնա, ընդդիմադիրները հանդուրժողականությամբ կփայլեն` վկայակոչելով սահմանադրությամբ ամրագրված կրոնի ազատության իրավունքը, քան եթե մեկը, օրինակ, կասկածի տակ դնի ԲՀԿ-ի օլիգարխ ղեկավարի ընդդիմադիր լինելը: Խոսքի ազատության իրավունքը ընտրողաբար ընդունելն ու կիրառելը պակաս դատապարտելի չէ, որքան ծայրահեղ կրոնականների գործողությունները: Հանդուրժողականության և ծայրահեղականության միջև հստակ սահմանը ոմանց համար այլախոհության տարրի` սեփական շապիկին հեռու կամ մոտ լինելով է գծվում, որի հանգուցալուծումը պարտադիր չէ, որ անձնասպանությամբ ավարտվի: Հալեպցի այլախոհ տղայի գնդկահարումը ավելի զարհուրելի չէ, քան Հայաստանում մի գաղափարական այլախոհի հալածելը` բոլոր հնարավոր ուղղություններով: Այնպես որ, մենք մահմեդական ծայրահեղականներից ոչնչով լավը չենք:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ