Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ռուսաստանը հաջողությամբ լուծել է վրացական գինու և հանքային ջրերի առջև իր շուկաները փակելու հարցը

Ռուսաստանը հաջողությամբ լուծել է վրացական գինու և հանքային ջրերի առջև իր շուկաները փակելու հարցը
05.03.2013 | 11:48

Խորհրդային քաղաքական ու տնտեսական համակարգի փլուզման հենց սկզբից Վրաստանում շատ թևաթափ ընդունեցին ստեղծված իրավիճակը, քանի որ ոչ մի ելք չէին տեսնում եղած արդյունաբերական կարողությունները տնտեսական նոր պայմաններին հարմարեցնելու հարցում: Շուտով պարզ դարձավ նաև, որ երկիրը կարող է հույսեր կապել գինեգործության, հանքային ջրերի, հացամթերքի և սպառման այլ արտադրատեսակների ոլորտի ձեռնարկությունների գործարկման հետ: Ռուսթավիի մետալուրգիական գործարանը փրկելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, և, փաստորեն, դա համոզիչ օրինակ դարձավ վրացական հասարակության համար, որ անհրաժեշտ է այլ կերպ, ավելի իրատեսորեն մոտենալ Վրաստանի տնտեսական զարգացմանը: Վերնախավն ու հասարակությունը միանգամայն գիտակցաբար, որպես ազգային գաղափար ընդունեցին փոխադրական ճյուղի և զբոսաշրջության ոլորտի գերակա զարգացումը: Այսինքն, ենթադրվում էր, որ տարանցման-սպասարկման մոդելի կիրարկումը կդառնա վրացական տնտեսության շարժիչ ուժը, իսկ փաստացիորեն` ազգային տնտեսության միակ մրցունակ ոլորտը: Այդ ընտրության որոշ քննադատական գնահատականները, արդյունաբերության զարգացման անհրաժեշտության կոչերը քննության չդիմացան, քանի որ վրաց հասարակությունը պատրաստ չէր, չուներ իրական ձգտումներ ու պատկերացումներ արդյունաբերության զարգացման հարցում: Վրաստանը կարողացավ շատ բան անել, բայց բնավ չձգտեց տարաճյուղ դարձնել իր տնտեսությունը:
Վրաստանի տնտեսության նախկին պրոֆիլային ճյուղերի ներկա վիճակը, ինչպես նաև բնակչության սոցիալական շարժը, ազգային ձեռնարկատերերի տնտեսական հակումները, Վրաստանի ստացած արտաքին օգնության օգտագործման արդյունքները թույլ են տալիս կանխատեսել երկրի զարգացման կառուցվածքի հեռանկարը:
Վրաստանում կարելի է թողարկել բավական շատ բարձրորակ ապրանքատեսակներ, որոնք հաջողությամբ կմրցակցեին ներմուծվածների հետ: Ցավոք, երկրի օրենսդիրների, կառավարության կողմնորոշումը դեպի ներմուծում Վրաստանը ողբալի վիճակի է հասցրել: Բացարձակապես բոլորն ասում են, թե ճգնաժամից դուրս գալու միակ ուղին այն է, որ «կանաչ լույս» վառվի տեղական արտադրողների ճանապարհին: Բայց իրականում առայժմ ամեն ինչ արվում է նրա համար, որ ներմուծողների առանձին կոռումպացված խմբեր, որոնք մաքսանենգ ճանապարհով երկիրը հեղեղել են ցածրահարգ ապրանքներով, կաթվածահար անեն Վրաստանի արդյունաբերության ամբողջական ճյուղեր: Հիմքեր չկան պնդելու, թե Վրաստանին կհաջողվի վերականգնել մեքենաշինական, մետալուրգիական, քիմիական արդյունաբերությունը: Չի հաջողվի վերականգնել նաև թեթև արդյունաբերությունը, հատկապես տեքստիլ արտադրության հիմնաճյուղերը։ Վրացական արդյունաբերությունը կներառի հետևյալ ճյուղերը. 1. ներքին սպառման ապրանքներ արտադրող ձեռնարկություններ (ալրաղաց, հացամթերքների, մսեղենի-կաթնեղենի, ծխախոտի, սննդի, շինանյութի և փայտամշակման ցածրտեխնոլոգիական արտադրանքի, մեխանիկական սարքավորումների նորոգման, այդ թվում` կապված փոխադրական ու առողջարանային սպասարկման հետ): 2. երկու պրոֆիլային արտահանական ճյուղ` գինեգործություն և ոգելից խմիչքների այլ արտադրություններ, հանքային ջրեր: Հնարավոր է, որ արտահանական ճյուղերի մեջ ինչ-որ չափով հայտնվեն նաև ծխախոտի ու թեյի արտադրությունները:
Արտաքին քաղաքականության մեջ Վրաստանում երկար ժամանակ (հնարավոր է մի քանի տասնամյակ) բացասական հաշվեմնացորդ կնկատվի: Վրացական արդյունաբերությունը մեծ մասամբ կներկայացվի մանր-մունր, փոքր և միջին ձեռնարկություններով, որոնց համար շատ դժվար կլինի աշխատել արտաքին շուկաներում: Հետագայում միգուցե ստեղծվեն հոլդինգներ և միավորված ընկերություններ, որոնք ընդունակ լինեն մրցակցելու և ավելի ընդարձակ շուկաներ նվաճելու: Այսպես թե այնպես, դժվար է որևէ բան ձեռնարկել մի երկրի արդյունաբերության զարգացման դեմ, որտեղ, ըստ էության, արտաքին շուկաների հավակնող արդյունաբերություն չկա էլ: Ներմուծվող ապրանքների առջև հայրենական շուկաների դռների փակումը իրավական տարբեր մոտեցումներ է պահանջում: Ռուսաստանը, օրինակ, հաջողությամբ լուծել է վրացական գինու և հանքային ջրերի առջև իր շուկաները փակելու հարցը, թեև նրա մասնակցությունն ԱՀԿ-ին կնեղացնի այդ մեթոդների կիրառման հնարավորությունները: Իրոք, այդ մեթոդների կիրառումը շոշափելի հարված էր Վրաստանին, որի արտահանական հատվածում այդ երկու արտադրաճյուղերը հսկայական տեղ են գրավում: Ռուսական շուկան երկար ժամանակ Վրաստանի գինեգործական արտադրանքի համար այլընտրանք չուներ, որովհետև հազիվ թե եվրոպական շուկայում այն կարողանա որոշակի դիրք գրավել: Այդ «էմբարգոյից» Վրաստանը պաշտոնական հաշվարկով կորցրել է 60-70 մլն դոլար, իսկ փաստացի` առնվազն 250 մլն, եթե նկատի առնենք ինչպես Վրաստանում, այնպես էլ Ռուսաստանում թողարկված կեղծ գինու և հանքային ջրի ամբողջ քանակությունը:
Հարկ է քննության առնել ռուսական շուկայի փակման նպատակահարմարությունը Վրաստանի այն արտադրատեսակների առջև, որոնք ապագայում ներմուծվելու են: Խոսքը, ասենք, ծխախոտի, ոչ ոգելից խմիչքների, հյութերի, պտղի պահածոների, մեղրի ու թեյի մասին է: Որոշ ջանքերի դեպքում այդ ապրանքները կարող են հայտնվել ռուսական շուկայում, ընդ որում` հարաճուն ծավալներով: Միաժամանակ, Վրաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի ցիտրուսային և այլ մրգերի արտահանումը Ռուսաստան: Դրանից մեծ չափով կախված է գյուղական բնակչության տնտեսական գոյատևումը: Վրաստանին չի հաջողվի իր պտղարդյունաբերությունը վերակողմնորոշել այլ շուկաներ, քանի որ երկրում հյութերի ու պտղապահածոների ժամանակակից, բավական հզոր արդյունաբերություն չկա: Հետագայում, իհարկե, մեծ խնդիր չի լինի Վրաստանում ստեղծել պտուղ-բանջարեղենի արդիական արդյունաբերություն, հատկապես, եթե Եվրամիությունը շահագրգռված լինի էկոլոգիապես մաքուր արտադրանքի նոր մատակարարների հետ համագործակցությամբ: Այդ ճյուղը կարող է դառնալ հիմնարար և կազմել արտահանության զգալի մասը:
Ընդհանուր առմամբ, ագրարային հատվածը կմնա որպես առաջատար ճյուղ, կապահովի արտահանության կեսից ավելին, անգամ երեք քառորդը: Միաժամանակ, մինչև բարձրարդյունավետ գյուղատնտեսության և ժամանակակից վերամշակման արդյունաբերության ստեղծումը դեռ շատ ճանապարհ կա անցնելու: Օրինակ, գյուղմթերքների այնպիսի խոշոր մատակարարներ, ինչպիսիք են Բուլղարիան, Հունգարիան, Ռումինիան և Մոլդովան, առայժմ չեն կարողացել գոնե մի քիչ վերակառուցել ագրարային արդյունաբերության հատվածը: Դա շատ ծախսատար խնդիր է և երկար ժամանակ է պահանջում: Իսկ Ռուսաստանը չի կարող շարունակ սահմանափակել Վրաստանից գյուղմթերքների արտահանման հնարավորությունները:
Այս պայմաններում, Վրաստանի կառավարությունը, թեև դեռևս անհաջող, այնուամենայնիվ, ջանքեր է գործադրում վերականգնելու ծանր արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ: Սա շատ կարևոր է ոչ միայն տնտեսական նկատառումներով: Վրաստանում հասկանում են, որ էներգամատակարարման համալիրի ձևավորման ավարտից հետո խոշոր ներդրողների համար հիմքեր չեն լինի լուրջ ներդրումներ կատարելու վրացական տնտեսության մեջ, քանի որ պարզապես գործունեության առարկա չկա: Այս կապակցությամբ, Վրաստանի համար մեծ նշանակություն ունի Ճիաթուրայի մանգանի հանքավայրը, որն ունի որակյալ հումք` 60 մլն տոննա հեռանկարով: Այդ հանքավայրն այնքան էլ չի հետաքրքրում եվրոպական մետալուրգիական ընկերություններին, քանի որ Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և Մեծ Բրիտանիայի առաջատար ընկերությունները հանքարդյունաբերական ձեռնարկություններ ունեն Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի երկրներում, որոնք ավելի որակյալ և տեխնոլոգիապես պատրաստի մանգան են արդյունահանում: Այդ ձեռնարկություններն արտադրության ծավալներով ու մանգանի պաշարներով զգալիորեն գերազանցում են Ճիաթուրային, մանգան են մատակարարում աշխարհի մի շարք խոշոր ձեռնարկությունների, ուստի եվրոպական մետալուրգիական ընկերությունները, փաստորեն, շահագրգռված չեն Վրաստանի այդ ձեռնարկության շահագործմամբ: Հնարավոր է, որ այն դիտարկվում է որպես ռեզերվային, նկատի ունենալով հեռանկարը: Դրա հետ մեկտեղ, Արևելյան Եվրոպայի, Ղազախստանի, Թուրքիայի և Իրանի մետալուրգիական ձեռնարկությունների համար նշանակություն ունեցող այդ ձեռնարկության սեփականաշնորհմանը մասնակցող ընկերություններն այն համարում են գլխավորապես ռուսական սպառողների մատակարար, քանի որ մերձակա տարածաշրջանների մյուս երկրները, այնուամենայնիվ, մանգանի իրենց աղբյուրներն ունեն և այնքան էլ մեծ քանակության կարիք չունեն:
Այնուհետև, անհրաժեշտ է նաև նշել, որ երկաթի համաձուլվածքների մեծ պահանջարկի բերումով Զեստաֆոնի մաշված ձեռնարկությունը (ամորտիզացիան հասնում է 90 տոկոսի) գործել է որոշակի կարողությամբ (20-25 տոկոսի չափով), իսկ արտադրանքը արտահանական էր: Ընդ որում, երկաթի համաձուլվածքների միակ սպառողը Ռուսաստանն էր: Վերը նշված երկու` մանգանի արդյունահանման և պողպատի արտադրության ձեռնարկությունները, ըստ էության, ավերված օբյեկտներ են, որոնց շահագործումը բնականոն ընթացքով անհնար է: Դրանք նշանակալի ներդրումներ են պահանջում, ինչը կարող է իրականացվել միայն իրական սպառողներ ունենալու դեպքում:
Ծանր արդյունաբերության մյուս ձեռնարկությունը, որը գործում է, Ռուսթավիի «Ազոտ» գործարանն է: Այն ազոտական պարարտանյութ է թողարկում: Ձեռնարկությունն սկզբում աշխատում էր մետալուրգիական կոմբինատում ածխի կոքսացումից արտազատվող գազով: Հիմա այն աշխատում է բնական գազով, ինչն այն կախման մեջ է դնում գազի գնից: Արտադրանքն այնքան էլ որակյալ չէ, չի համապատասխանում արդի պահանջներին, և արտադրանքի իրացումը հնարավոր է միայն Հարավային Կովկասի շրջանակներում: Ազոտական պարարտանյութի արտահանության մեծ մասն ուղղվում է Հայաստան, որտեղ ավելի արդյունավետ համանման ձեռնարկություն կա, սակայն անգործության է մատնված որոշակի ձեռնարկատիրական խմբավորումների անհամաձայնության պատճառով: «Ազոտ» գործարանը կարիք ունի արմատական վերակառուցման, իսկ առանձին գնահատականներով դրա վերակառուցումը, ըստ էության, իմաստ չունի: Միաժամանակ, ռուսական որոշ ներդրողներ հետաքրքրություն են ցուցաբերում այդ ձեռնարկության նկատմամբ: Բացի ռուսական ընկերություններից, նման հետաքրքրություն ոչ ոք չի ցուցաբերում: Կարծիք կա, որ այդ ձեռնարկության վերակառուցումը կարող է կատարվել միայն Ռուսաստանի օգնությամբ, ուր, իբր, հանքային պարարտանյութերի մեծ պահանջարկ կա: Դա հազիվ թե համապատասխանի իրականությանը, քանի որ մերձակա Հյուսիսային Կովկասում (Նևիննոմիսսկում) գործում է ազոտական պարարտանյութերի արտադրության խոշոր ձեռնարկություն: Քննության առնելով «Ազոտ» գործարանի սեփականաշնորհման ընթացքը, կարելի է հետևության հանգել, որ գործ ունենք կապիտալացման աճի սովորական խաղի հետ, որն առնչվում է ինչպես ռուսական ներդրողների, այնպես էլ վրացական վարչակազմի շահերի հետ: Այդ խաղերի ընթացքում ձեռնարկության «կյանքը» երկարացվում է, որը վաղուց դադարեցրած պիտի լիներ իր գոյությունը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ