Նախագահական ընտրություններից արդեն անցել է երկու շաբաթ: Ի՞նչ է կատարվել այդ երկու շաբաթում:
Ոչինչ: Նոր` ոչինչ: Կարևոր` ոչինչ: Մնայուն` ոչինչ:
Ես, իհարկե, տեղեկատվական վակուումի մեջ չեմ եղել, ոչ էլ առավոտյան նիհիլիստ եմ արթնացել: Առավել ևս` քաղաքական կուրության պատճառ չունեմ: Ոչ էլ օրիգինալության պահանջ: Հայաստանի Հանրապետությունում մնայուն ոչինչ չի կատարվում: Կատարվում է սովորական և, ինչպես փորձն է ցույց տալիս, վտանգավոր գործընթաց:
Սկզբից ևեթ հերքեմ միֆը: Հերքեմ հարկադրաբար: Լրատվամիջոցները ¥ոչ բոլորը, բայց մեծ մասը¤ հախուռն Րաֆֆի Հովհաննիսյանին անվանում են ընդդիմության առաջնորդ: Միակ փաստարկը, թերևս, նրան տրված ձայներն են ու նրա հետընտրական գործունեությունը: Եվ` վերջ: Բայց այդքանով, բնականաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը չի դառնում և չի կարող ընդդիմության առաջնորդ դառնալ: Նրան ընդդիմության առաջնորդ չի դարձնում նաև այն փաստը, որ մի քանի կուսակցությունների ղեկավարներ հայտարարել են, թե միանում են նրա սկսած շարժմանը: Խնդիրը այդ կուսակցությունների թիվը կամ քաղաքական դաշտում ունեցած ազդեցությունը չէ: Խնդիրն ինքը Րաֆֆի Հովհաննիսյանն է, խնդիրը նրա պահվածքն է, նրա վարած քաղաքականությունը, որ նրան կարող է դարձնել առավելագույնը օրվա հերոս, բայց ոչ առաջնորդ: Սա` մեկ: Եվ` երկրորդ. ընդդիմության առաջնորդ չեն հռչակվում ու չեն ինքնահռչակվում, դառնում են ընդհանրական համաձայնության հիման վրա: Կա՞ այդ համաձայնությունը: Չկա: Հարթակից ելույթ ունեցող որևէ այլ կուսակցության ներկայացուցիչ կամ որևէ այլ ընդդիմադիր ներկայացող կուսակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդ լինելը չի ընդունել: Ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ընդդիմության առաջնորդ չի զգում` ինչ էլ հայտարարի, ինչ էլ ազդարարի, «Ժառանգության» դրոշը վայր դնի, թե այլ դրոշ պարզի: Մարտի 1-ի նրա զիգզագները բավականաչափ խոսուն ցույց տվեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար կարևորը մնում է նախ ինքնահաստատումը, ապա` թատրոնը, երրորդն ու ամենավտանգավորը` նա վճռական որոշումներ կայացնելու, որոշածը կատարելու պատրաստ չէ: Նա պատրաստ չէ նաև այլ կուսակցությունների հետ հարաբերվելու, որովհետև իրավատիրոջ իր դերն ընդունում է միայն ինքը: Այո, Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է: Հետո՞: Անցած երկու շաբաթում ՀԱԿ-ի ¥կամ ՀԱԿ-ից մնացած քաղաքական ուժերի ու անհատների¤ հետ փոխհարաբերությունների հաստատման քայլեր եղա՞ն: Փոխարենը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԲՀԿ-ի հետ: Այո: Քայլ էր: Որոշակի տրամաբանության մեջ տեղավորվող: Բայց` ճի՞շտ: Փակ դռների հետևում մի քանի ժամ խոսակցելուց հետո երկու կուսակցությունների կողմից էլ հանրությանը հրամցվեց արարողակարգային տեղեկատվություն, ոչինչ չասող բառակույտ, որից հասկացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր մտահոգվածությունն իրավիճակով, քննարկումների պատրաստակամությունը, ժողովրդի կողքին լինելու հանձնառությունը: Հրաշալի է, իհարկե, բայց ընդունեք, որ այդ հրաշալին բոլորովին այլ իրավիճակում է հրաշալի: Առաջին հայացքից` գուցե համախմբման տպավորություն է ստեղծվում: Բայց ո՞ւմ է պետք այդ համախմբումը: Կողմերից ո՞ր մեկին: Կամ` նույն այդ ժողովրդին պե՞տք է: Հազիվ թե: Որովհետև թե խորհրդարանական ընտրությունների, թե նախագահական ընտրությունների ողջ պատմությունը ի հայտ բերեց ԲՀԿ-ի տխուր պատկերը: Չքննարկենք Գագիկ Ծառուկյանի տարբեր ժամանակների հայտարարությունները, տարբեր ժամանակների խոսուն լռությունը, ընդունենք նաև, որ կուսակցությունն ինքն է որոշում իր ռազմավարությունն ու մարտավարությունը, համապետական ընտրություններին մասնակցության հարցն ու ձևաչափը: Այդպես է:
Բայց երբ կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունը սկսում են հակասել իր բարձրաձայնած ու վարած քաղաքականությանը, երբ կուսակցության տարբեր անդամներ ունեն միայն անձնական կարծիք, իսկ կուսակցության դիրքորոշումը այս կամ այն չափով կարևոր հարցերի շուրջ ուղղակի մնում է անհայտ, նշանակում է, որ կուսակցությունն ուղղակի սպասարկում է օրվա շահերը: Երբեմն` իր, երբեմն` ուրիշների: Պե՞տք է այդպիսի ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտին: Ի՞նչ դերով: Ժողովրդի տրամադրություններն ու ցանկությունները արտահայտո՞ւմ է: Ինչպե՞ս: Օրը մե՞ջ: Թե՞ ստեպ-ստեպ, բայց միայն իրեն հայտնի պարբերականությամբ: Երբ հաստատում են, որ ժողովրդի կողքին են, բայց իրենց շահերի ու նպատակների հանգույն գնում-գալիս են, դժվար է հավատալ, որ ժողովրդի կողքին լինելն ընդամենը ինքնապահպանման նպատակ չունի և չի ծառայում այս ու այն գործչի քաղաքականության մեջ մնալուն կամ քաղաքականություն վերադառնալուն, կուսակցությունն օգտագործելով` իր կեղծ անհրաժեշտությունը հիմնավորելուն: Անուններ պե՞տք են:
Նոր ոչինչ քաղաքական դաշտում չկա` հերթական նախագահական ընտրություններից հետո ընտրված նախագահի հաղթանակը ընտրություններին մասնակցած թեկնածուները չեն ընդունում ու նրան չեն շնորհավորում: Ընտրություններում ձայների քանակով երկրորդը դարձած թեկնածուն պայքարում է իր հաղթանակի համար: Եթե պայքարի արդյունավետության մասին դատենք արդյունքով, մինչև այժմ պայքարն ապարդյուն է եղել: Նոր` ոչինչ: Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը ևս արդյունքի տեսակետից նոր ոչինչ չունեն: Առաջին անգամ թողեց Երևանն ու գնաց մարզեր` լավ: Առաջին անգամ հանդիպեց գործող նախագահին` լավ: Առաջին անգամ նախագահի թեկնածուն բարևում է անծանոթներին` լավ: Հետո՞: Եթե փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո միայն մարտի 2-ին պիտի հայտարարեր, որ պահանջելու է ընտրված նախագահի ինքնաբացարկը ¥փաստորեն` ոչ հրաժարականը, այլ` ինքնաբացարկը¤, ի՞նչ էր անում մինչև այդ: Ի վերջո` ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը` գործընթա՞ցը, թե՞ արդյունքը: Ժողովրդավարությո՞ւն, թե՞ ժողովրդավարության տնազ է, երբ հրապարակում հայտարարվում է` քվեարկեք, հետո ասվում է, լավ, ես կմտածեմ այդ հարցի մասին ու կորոշեմ: Քվեարկությունն էլ հրապարակում խիստ պայմանական ակտ է: Օրը մի քանի անգամ ազդարարվում է ժողովրդի հետ միասին որոշում կայացնելը, բայց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը մնաց բազում հարցականներով, Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն անցավ փակ դռների հետևում, պարբերաբար այլ հանդիպումներ են լինում, որոնց մասին ընդհանրապես ընդունված է լռել: ՈՒրեմն` պետք չէ հայտարարել, որ որոշումն ընդունում է ժողովուրդը: Պատրանքները դեռ որևէ մեկին իրական ոչինչ չեն պարգևել:
Կարևոր ոչինչ քաղաքական դաշտում չի կատարվում: Սովորականի պես գործընթացին իրենց մասնակցությունը այս ու այն չափով բերող կուսակցությունները փորձում են լուծել իրենց կուսակցական ու անձնական խնդիրները: Քաղաքական նոր քարտեզ գծել: Պաշտոններ բաժանել ու վերաբաժանել: Ազդեցության ոլորտներն ընդլայնել: Եվ սա այսբերգի այն հատվածն է, որ մնում է աննկատ, որովհետև մինչ հերթական ընդդիմադիր թեկնածուի հետ իրենց հույսերը կապած ընտրողները աղմկում են հանրահավաքներում, նրանց թիկունքում վերակառուցվում է կառավարման բուրգը:
Մնայուն ոչինչ էլ չկա, որովհետև այս ամենը չի ունենալու ոչ քաղաքական, ոչ իրավական հետևանքներ: Պետական կառավարման ձևը չի փոխվելու: Արտահերթ խորհրդարանական, առավել ևս նախագահական ընտրություններ չեն լինելու, ոչ երկու, ոչ էլ երեք տարի հետո սահմանադրական հանրաքվե չի անցկացվելու, և Հայաստանի Հանրապետությունը չի անցնելու խորհրդարանական կառավարման:
Բայց կա իրապես վտանգավորը: Նույնիսկ շատ վտանգավորը, որ այսօր երևացող չէ, որ իրական ուժն ու ներգործությունն ի հայտ է բերելու ժամանակի մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանը հանգամանքների բերումով ու իր վարած քաղաքականությամբ դառնում է քավության նոխազ: Պարույր Հայրիկյանը ամբողջ տասնօրյակ կարողացավ դառնալ նախընտրական քարոզչության կենտրոնական դեմք: Ո՞Ւր է այսօր Պարույր Հայրիկյանը: Ո՞վ է նկատում նրա բացակայությունը: Ինքը միայն, որ դժգոհ է մահափորձի հետաքննության ընթացքից: Կարճ ժամանակից Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մոռացվելու է, և նրան մեղադրելու են հերթական անգամ ժողովրդին Ազատության հրապարակում իբրև քաղաքական գործոն օգտագործելու և տուն ուղարկելու մեջ: Ինչ էլ մարտի 5-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ասի, ում անունից էլ պահանջի, որքան մարդ լինի հրապարակում կամ չլինի, քանի բուհ դասադուլին միանա, քանիսը «բարև»-ին «հաջող» ասելու պատվեր կատարի: Նա կորցրեց ամենակարևորը` ժամանակը: Կորցրեց իր ժամանակը և հիմա արդեն նրան և հրապարակում նրա գտնվելն օգտագործելու են բոլորովին ուրիշ ուժեր, բոլորովին ուրիշ նպատակներով: Եվ դա ինքն էլ գիտի. բնավ պատահական չէ, որ հենց ինքը հայտարարեց, որ խորհրդարանում ընթացող քննարկումների հետ կապ չունի և այդ գործընթացներն իր վրա չեն տարածվում: Միայն առաջին հայացքից է այս հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական ինքնահակասումը, իրականում հենց իր կուսակցությունն իրեն օգտագործում է բոլորովին այլ խնդիրներ լուծելու համար: Իր ցանկության դեմ: Ստեղծված իրավիճակը շատ նպաստավոր է նաև Սերժ Սարգսյանի համար: Համենայն դեպս, Մոսկվա այցից առաջ, ուր քննարկումների օրակարգում բազում հարցեր կան, որոնց չպատասխանելու համար հրապարակը գտնված պատրվակ է: Իսկ ամենավտանգավորը` այս պատմությունը կավարտվի նրանով, որ պաշտոնապես Րաֆֆի Հովհաննիսյանը «կնշանակվի» ընդդիմության առաջնորդ և պաշտոնապես փորձ կարվի ընդդիմադիր դաշտը վերաբնակեցնել նոր ընդդիմությամբ` իր հին ասելիքով, հին գործելակերպով, հին խնդիրներով, հին ու սպառված: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը ցավալիորեն ընդամենը կհամալրի ազգընտիրների շարքը ու իրական ընդդիմադիր շարժման համար կդառնա հերթական արգելակը: Ստացվում է, որ իսկապես ազնիվ մղումներով սկսված համաժողովրդական շարժումն ավարտվելու է իր հռչակումների համեմատ զրո արդյունքով և նպաստելու է քաղաքական դաշտի անթաքույց այլասերմանն ու վերասերմանը: ՈՒ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ իր կյանքի գնով ¥ինչպես խոստացել է` հակառակ Արմինե Հովհաննիսյանի տագնապների¤ չի կարողանալու կանխել բացարձակ առևտուրը, որ վարվում է իր թիկունքում` իր անունից ու «հանուն ժողովրդի», որ «արդարացվում է» ժողովրդի շահերի պաշտպանությամբ: Հետ նայեք` որտե՞ղ է այսօր ՀԺԿ-ն, քաղաքական դաշտում ի՞նչ դեր ունի Ստեփան Դեմիրճյանը, ի՞նչ վիճակում է ՀԱԿ-ը, և ի՞նչ է անում Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի հետևանս քաղաքական բոլոր այդ գործընթացների` ի՞նչ է կատարվելու ու կատարվում ընդդիմադիր դաշտում, ինչպես է ընդդիմությանն իր շահերի սպասարկուն իրավամբ դարձնում իշխանությունը: Եվ ճիշտ է անում, որովհետև հիմարություն է չօգտագործել խաղը շահելու` հակառակորդիդ ընձեռած հնարավորությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. -Երբ Ֆրանսուա Օլանդը նախագահական ընտրություններում հաղթեց Նիկոլա Սարկոզիին, նրան առաջինը շնորհավորեց Նիկոլա Սարկոզին և ասաց` որովհետև մենք երկուսս էլ սիրում ենք Ֆրանսիան: Հայաստանն ու Ֆրանսիան չեմ համեմատում, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահական ընտրությունները չեմ համեմատում, ոչ էլ նախագահի ֆրանսիացի ու հայ թեկնածուներին, նախանձում եմ Ֆրանսիային, որին այդպես սիրում են, որին հավատում են, որը 1789 թվականից գիտի հեղափոխություն անել: