Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ամենուր շահի և փողի կռիվ է

Ամենուր շահի և փողի կռիվ է
08.06.2023 | 14:28

Վերլուծական, հետազոտական կենտրոններում մեծամասամբ այն կարծիքն է թևածում, որ պատերազմն Ոկրաինայում ունի շատ կոնկրետ շահառուներ: Բանն այն է, որ երկրորդ աշխարհամարտից հետո, մոտ 70 և ավելի տարիներին, սպառազինությունների մրցավազքի ընթացքում արևմտյան բլոկի զինապահեստներն այնքան են լցվել, որ դարձել են լուրջ խնդիր: Այստեղ պահվող զինատեսակները արդեն հնացած են: Անօդաչուների և թևավոր հրթիռների կողքին անցած դարի 50-ից 70-ական թթ. արտադրված զինատեսակներն այլևս կիրառելի չեն: Իհարկե, նույն իրավիճակն է նաև Ռուսաստանում և այլուր: Ստացվեց այնպես, որ դրանց պահելը անմաստ է, բայց միաժամանակ լիկվիդացնել միլիարդների հասնող այդ զինատեսակներն ու դրանց համար արտադրված զինամթերքը, նույնպես նպատակահարմար չէ: Եվ ահա խնդրեմ, հարցի փայլուն լուծումը: Կարելի է դատարկել պահեստները, առատաձեռն «օգնել» Ուկրաինային և միաժամանակ դառնալ պարտատեր, որովհետև դեռ լրիվ պարզ չէ՝ այդ օգնությունն ինչպես է ձևակերպվում, ինչպես է Կիևը փակելու իր պարտքերը: Ռուսաստանն էլ է ազատվում հնացած զինտեխնիկայից, բայց նրա համար առավել կարևոր են իրական մարտական պայմաններում նոր զինատեսակների փորձարկումներն ու ռազմական գործողությունների վարման փորձի հարստացումը: Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև ինձ շատ է հիշեցնում տասնամյա պատերազմը Վիետնամում 1966-1976 թթ., որտեղ իրենց զինատեսակներն էին փորձարկում ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը:

Մի քանի օր առաջ Քիշնևում, համաեվրոպական քաղաքական հավաքում Զելենսկին կրկին զենք էր պահանջում: Բայց Կիևում արդեն հիմար չեն և օդում առավելության հասնելու համար միանշանակ «հզոր քանակությամբ» F-16 կործանիչներ են պահանջում, որն արդեն կանգնել է արևմտյան դաշնակիցների կոկորդում: Ստրատեգիական այս կործանիչները պահեստում հնացած զինատեսակ չեն, դրանց արտադրողն ու վերահսկողը Վաշինգտոնն է, առանց որի ոչ մի երկիր չի կարող տնօրինել և ինքնուրույն որոշում կայացնել: Ուկրաինայի գործընկեր երկրները հաստատել են, որ պատրաստ են F-16 կործանիչներ տեղափոխել Կիև, բայց նախ հարցը պետք է համաձայնեցվի Միացյալ Նահանգների հետ, որպես արտադրող երկրի: Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտության հենց սկզբից Ուկրաինան հայտարարեց, որ իրեն անհրաժեշտ են ժամանակակից ռազմական ինքնաթիռներ։ ԱՄՆ-ն ավելի վաղ բացառել էր իր F-16 կործանիչների մատակարարումը Կիևին. ձմռանը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ դրանք Ուկրաինային պետք չեն։ Նման մատակարարումներին դեմ է արտահայտվել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Սակայն մայիսին ԱՄՆ-ը փոխեց իր դիրքորոշումը. Սպիտակ տունը հայտարարեց, որ ուկրաինական կողմին կարող են ապագայում կործանիչներ անհրաժեշտ լինել։ Բայդենը դաշնակիցներին խոստացել է, որ չի արգելի օդաչուների ուսուցումը ամերիկյան տեխնոլոգիայով։ Նրանց տեսակետը վերանայելու հնարավորության մասին հայտարարել են նաև Գերմանիայում:

Դժվար է կանխատեսել՝ Ուկրաինան կստանա՞ F-16, թե ոչ: Նույնիսկ նատօյական Թուրքիայի չեն տվել: Վաշինգտոնում դեռ մտածում են. չէ՞ որ միջուկային տերության հետ գործ ունեն: Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ կործանիչների մոդիֆիկացիաներից մեկն ընդունակ է միջուկային զենք կրել։ Նրա կարծիքով, եթե արևմտյան երկրները չեն հասկանում, որ Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարումը կարող է սրել հակամարտությունը, ապա «նրանք անարժեք են որպես ռազմական ստրատեգներ և պլանավորողներ»։

Շատ հետաքրքիր էր կարդալ Ավաստրալիայի առաջարկի մասին, որը լրիվ տեղավորվում է օգուտով զենքից ազատվելու ճարպիկ տրամաբանության մեջ: Խոսքը Ավստրալիայի ռազմաօդային ուժերի F/A 18-Hornet 41 կործանիչների մասին է: Այժմ այդ հարցը քննարկվում է Կիևի և Վաշինգտոնի հետ: Բայց տեղեկատվական աղբյուրներից պարզ դարձավ, որ դրանք ենթակա են դուրս գրման կամ էլ պետք է օգտագործվեն ուսումնավարժանքների նպատակներով: Իրավիճակից օգուտներ քաղելու ձգտումը հասել է նաև հեռավոր Ավստրալիա:

Այնպես որ, հարգելի հայ ժողովուրդ, ամենուր շահի և փողի կռիվ է: Իսկ մենք դեռ խոսում ենք արդարությունից, մարդկությունից, ինքնորոշման իրավունքից և էլի հազար ու մի միամիտ բաներից:

Գարիկ Քեռյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 6642

Մեկնաբանություններ