Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Առաջին անգամ Կովկասում

Առաջին անգամ Կովկասում
02.02.2021 | 12:07

Հունվարի 30-ին բացվեց թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնը, որի ստեղծման որոշումը կայացվել էր, երբ Ադրբեջանը մեծ հաղթանակկ տարավ Հայաստանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում: Կենտրոնում 60 թուրք և 60 ռուս զինվորականներ հետևելու են հրադադարի պահպանմանը: Երկու երկրների զինծառայողները առաջին անգամ են աշխատելու մեկ կենտրոնում:


Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ կառուցված համատեղ կենտրոնի բացմանը մասնակցել են Ադրբեջանի ՊՆ նախարար Ղաքիր Հասանովը, Թուրքիայի ՊՆ փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն, ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և այլ պաշտոնյաներ: Պետական հիմների կատարումից հետո Զաքիր Հասանովը նշել է. «Համոզված եմ, որ թուրք ու ռուս զինվորականները արդյունավետ աշխատելու են կողք կողքի համատեղ մոնիտորինգի կենտրոնում՝ ապահովելու կայուն հրադադարը և կայունությունը տարածաշրջանում՚: Կարաօսմանօղլուն ասել է. ՙՈր մենք այսօր այստեղ կտրում ենք այս ժապավենը, պարտական ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետևողական ջանքերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի: Մոնիտորինգի համատեղ կենտրոնը կատարելու է կարևոր և պատասխանատու խնդիրներ տարածաշրջանի համար: Հրադադարի վերահսկողությունից, խախտումների կանխումից բացի կենտրոնը որոնելու է կողմերի բողոքների ու պահանջների բավարարման լուծումներ՚:


Ադրբեջանը 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողության ժամանակ ազատագրեց 5 քաղաք, 4 ավան, 286 գյուղ Լեռնային Ղարաբաղի շրջանում, որ 27 տարի օկուպացված էր: Նոյեմբերի 10-ին հանձնված Հայաստանը խոստացավ ուժերը դուրս բերել Աղդամի, Լաչինի, Քելբաջարի շրջաններից: Հաջորդ օրը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը և ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնի ստեղծման մասին:


Կենտրոնի 4 հեկտար տարածքում կան մոդուլային 65 բնակելի և ծառայողական շինություններ: Կենտրոնում կարող են աշխատել 60 թուրք և 60 ռուս զինծառայողներ՝ ներառյալ անձնակազմը, անօդաչու թռչող սարքերը սպասարկողներին: Հիմա կենտրոնում կան 38 թուրք սպաներ և 1 համահրամանատար՝ գեներալ-մայորի կոչումով: Ռուսական կողմից՝ համահրամանատար՝ նույն կոչումով, սպաների հետ: Համատեղ կենտրոնի անվտանգությունը, որի տարածքում կա մզկիթ ու եկեղեցի, ապահովելու են ադրբեջանցի զինվորականները: Համատեղ կենտրոնն ապահովելու է ուղիղ շւրջօրյա կապ Անկարայի ու Մոսկվայի հետ: ԱԹՍ-ները վերահսկելու են օդից: Ռուսաստանը հավանություն չի տվել թուրք զինվորականների պարեկությանը՝ պնդելով, որ դա առիթ կդառնա սադրիչ գործողությունների:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին թուրք-ռուսական համատեղ կենտրոնի բացման առիթով: Հեռախոսազրույցում ընդգծվել է վստահությունը, որ կենտորնի բացումը կծառայի խաղաղության ապահովմանը և տարածաշրջանի անվտանգությանը: Ալիևը նաև հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցում նախագահները «ողջունել են Ադրբեջանում ստեղծված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների սկիզբը՚:
Ներդուն Հաջիօղլու, Ուգուր Էրգան, Hürriyet (Թուրքիա)


Հ.Գ. Պոլիշինելի գաղտնիքը չէ, որ Պուտինը այդ կենտրոնի ստեղծումով պարզապես փակում էր Էրդողանի բերանը, թե ինչու՞ Թուրքիան, որ կռվել ու հաղթել է, չի մասնակցել հրադադարի բանակցություններին ու զինտեխնիկա տրամադրելով, մոջահեդներ փոխադրելով, իր զինվորներով ու հրամանատարներով կռվելով՝ իր հաղթանակից ոչինչ չստացավ՝ հայտարարության 9-րդ կետից և իր Բայրաքթարների ձրի գովազդից բացի: Ակնհայտ է, որ Անկարան չի բավարարվելու այդքանով և աստիճանաբար մեծացնելու է իր զինվորների թիվը՝ ձգտելով հասնել խաղաղապահի կարգավիճակի ու պարեկության: Էրդողանի նպատակը մեկն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չպետք է մասնակցեն Արցախի Հանրապետության կարգավիճակի քննարկմանը, և ընդհանրապես Մինսկի խումբը պետք է լուծարվի, դա նաև Պուտինի չբարձրաձայնվող ցանկությունն է: Նորից թուրքերի ու ռուսների շահերը համընկնում են, իսկ Հայաստանը մի կես բերան ԱԳ նախարարի շուրթերով է շեշտում օկուպացված տարածքների ազատման անհրաժեշտությունը՝ ամեն ինչ կապելով ռազմագերիների խնդրին: Իսկ գուցե հակառա՞կն ավելի գործուն տարբերակ է՝ պետք է ակտիվ քաղաքականություն վարել միջազգային կառույցների ներգրավումով, Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների վերհանումով, որ Բաքուն ավելի արագ վերադարձնի ռազմագերիներին:


Փաստը, որ համատեղ կենտրոնի անվտանգությունը ապահովելու են ադրբեջանցի զինվորականները, ռուս համահրամանատարին ու սպաներին դարձնում է պատանդ թուրք-ադրբեջանցիների շրջապատում, և հազիվ թե նրանց համար պաշտպանություն է շուրջօրյա կապը Մոսկվայի հետ, և Կրեմլը կարճ ժամանակից համոզվելու առիթներ կունենա, որ Շոյգուն ու Աքարը իրենց ստորագրած հուշագրով դանդաղ գործողության ական են դրել ռուս խաղաղապահների տակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ