Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Արման Կոթիկյանին օգնել է մի հույն երիտասարդ կին

Արման Կոթիկյանին օգնել է մի հույն երիտասարդ կին
21.04.2009 | 00:00

«ՄԵՐ ՏՈՒՆԸ»...
Ո՞Վ չգիտի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արման (Առաքել) Կոթիկյանին: Բայց քչերին է հայտնի, որ նա տրապիզոնցի է: Ծնվել է 1896-ին: Նա Անանիայի և Մաքրուհու յոթ երեխաներից վեցերորդն էր: Նախնական կրթությունը ստացել է ծովափնյա Էլևի ավանում, որտեղ ապրում էր նրանց ընտանիքը: Ապա, բնակվելով Տրապիզոնում` ավագ եղբոր` Գևորգի մոտ, ուսումը շարունակել է Ազգային վարժարանում: Նրանց բազմանդամ ընտանիքը ևս տեսել է Մեծ եղեռնի սարսափները, փրկվել են միայն Արմանը, քույրը` Վարդուհին և եղբայրը` Գևորգը: Արմանը և Գևորգն իրենց ընկերոջ` Ղազար Հարությունյանի (Մակունց) հետ ապաստանել են Տրապիզոնի մերձակա թուրքաբնակ և հունաբնակ Զյուրմելա գյուղի անտառում, ուր նրանց 11 ամիս գաղտնի սնունդ է հասցրել Զոյի անունով մի հույն երիտասարդ կին: Հույն կնոջ հերոսությունը գնահատելու համար նշենք, որ հայերի տեղահանության մասին 1915-ի հունիսի 13-ին թուրքերեն հրապարակված պաշտոնական հայտարարության հինգերորդ կետը զգուշացնում էր, որ «Կառավարութեան հրամանին չհնազանդող, տեղափոխութենէն խուսափող և այս ու այն կողմը պահուողները, պահողները, կերակրողները և անոնց պահուիլը ապահովողները կախաղան բարձրացնելու համար զինուորական ատեանին առջև պիտի ղրկուին»: Բայց մահապատժի սպառնալիքի դեպքում անգամ շատ հույներ օգնության ձեռք մեկնեցին հայերին: Սակայն շուտով` 1919-ին, Տրապիզոնի վիլայեթում սկսվեց հույների կոտորածը. ի՞նչ եղան Զոյին և նրա ընտանիքի անդամները, ցավոք, անհայտ է:
1916-ին ռուսական զորքի կողմից Տրապիզոնը գրավելուց հետո 20-ամյա Ա. Կոթիկյանը զբաղվել է որբահավաքով, մասնակցել է Տրապիզոնի Աղջկանց վարժարանի շենքում որբանոց-դպրոցի ստեղծմանը, Մեծ եղեռնի վերապրողներից գրի է առել նրանց վկայությունները, հայոց լեզու և պատմություն է անվճար դասավանդել Մխիթարյան վարժարանում, ուր իր սաներից կազմել է եռաձայն երգչախումբ և համերգներ տվել: Ի դեպ, նրա աշակերտների թվում էր նաև ապագա ամերիկյան նշանավոր գրող և գրականագետ Լևոն-Զավեն Սյուրմելյանը:
1917-ին ռուսական զորքի հեռանալուց հետո Ա. Կոթիկյանը մեկնել է Սուխում` քրոջ մոտ: Այնուհետև` 1918-ին, Ստավրոպոլի նահանգի Եսենտուկի քաղաքում, ծանոթանալով նշանավոր դերասան և բեմադրիչ Օվի Սևումյանի հետ, նրա թատերախմբի կազմում հյուրախաղերով շրջագայել է Հյուսիսային և Հարավային Կովկասի հայաշատ քաղաքներով: 1919-ին 23-ամյա Արման Կոթիկյանը Ա. Արման գրական կեղծանունով Թիֆլիսում հրատարակել է 1914-18 թթ. Տրապիզոնում, Սուխումում, Թիֆլիսում և Հյուսիսային Կովկասում գրած իր բանաստեղծությունների «Մխացող շուշաններ» ժողովածուն: Նույն թվականին Օ. Սևումյանի հետ Բաթումից մեկնել է Կ. Պոլիս: Կարճ ժամանակ անց նա հաստատվել է Փարիզում, ուր մինչև 1925թ. ուսանել է իրավաբանություն և Սորբոնի համալսարանում` գրականություն:
Մեծ եղեռնի հուշերը չէին սպիանում, և Արման Կոթիկյանը 1924-ին գրել է «Մեր տունը» բանաստեղծությունը:

Ծուխն երկնքեն քուլա˜ - քուլա˜,
Քաղցր օրհնությունն գեղի մեր տան…
Երդիքն հիմա նստեր կուլա,
Ճիտ են ծռեր մաճ ու գութան…

Հաց կը թխե մայրըս աղվոր,
Խմորն առա˜տ, հարսս է շաղվեր…
Փուռն է սառած դամբան մը խոր,
ՈՒր մորս օրհնյալ ձեռքն է թաղվեր…

Երինջն անուշ կը բառաչե,
Քույրս իր լեզուն կը հասկընա…
Գոմը դատարկ կը հառաչե,
Ոչ ոք լեզուն կը հասկընա…
Գիշեր է զով` կալի գիշեր,
Հասկն է արծաթ, լուսեն լուսնի…
Արտերուն մեջ` տխո˜ւր հուշեր,
Ցորենի տեղ փուշ կը բուսնի…

Նա Փարիզում ևս բազմիցս հանդես է եկել հայ թատերասերների առաջ, համագործակցել է Փարիզի «Հայ դրամատիկի» հետ, 1932-ին հիմնել է «Հայ ժողովրդական թատրոնը»:
1936-ին հայրենադարձվելով` Արման Կոթիկյանն աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, ուր խաղացել է բազմաթիվ դերեր: Նա նկարահանվել է նաև կինոյում` «Դավիթ Բեկ» (1944), «Անահիտ» (1947), «Հասցեատիրոջ որոնումները» (1955), «01-99» (1959), «Նվագախմբի տղաները» (1960), «Տժվժիկ» (1961), «Մսյո Ժակ և ուրիշները» (1963), «Կարինե» (1967): Արման Կոթիկյանի բարձր տաղանդի և հյութեղ խաղի շնորհիվ Էկրանից արտասանած նրա խոսքերն ու արտահայտությունները դառնում էին թևավոր, նմանակվում և տարբեր առիթներով կրկնվում ժողովրդի կողմից:
Ա. Կոթիկյանը նաև ֆրանսերենի հրաշալի գիտակ էր. հենց նրա թարգմանությամբ են հայ ընթերցողները կարդացել Գի դը Մոպասանի պատմվածքները (1950) և «Սիրելի բարեկամ» վեպը (1953), Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» չափածո պիեսը (1951, Ավ. Իսահակյանի առաջաբանով), Լուի Արագոնի բանաստեղծությունները (1959), Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպը (1964): Նա թարգմանել է նաև Վիկտոր Հյուգոյի բանաստեղծությունները, որոնք տպագրվեցին թարգմանչի մահից... քառասուն տարի անց՝ 2008-ին: Ընդհանրապես նա մեծ սեր ուներ պոեզիայի հանդեպ և բանաստեղծություններ է գրել ողջ կյանքի ընթացքում: 1946-ին հրատարակվել է նրա «Խութեցի Հովնան» պոեմը, 1965-ին` «Ակոսներում» չափածո ստեղծագործությունների ժողովածուն, որում տպագրված է նաև ՄԵծ եղեռնի օրերին նրան փրկած Զոյիին նվիրված «Վերհուշ» վերնագրով հրաշալի բանաստեղծությունը:

Մի անհուն թախիծ տանջում է նորից,
Տանջում է անվերջ հոգիս ալեկոծ.
Ո՞վ էր բաց արավ վարագույրը գոց,
Երբ փակել էի այն ահեղ օրից…

Ինչո՞ւ հիշեցի Սև ծովը հանկարծ,
Մանուկ օրերի հիշատակն անեղծ,
Թե՞ մի այլ կարոտ սրտումըս զարթնեց…
Ինչո՞ւ հիշեցի Սև ծովը հանկարծ…

Ճիշտ է, ծնվել եմ Պոնտոսի ափին
ՈՒ երգն եմ լսել մի հույն աղջկա,
Երգն այն սիրային- «Թալասա մավրա»,
Բայց չէ՞ որ կորավ հուշատետրըս հին…

Օ˜, չքնաղ երազ, օ˜, կիզիչ ամառ,
Ի՞նչ ես շաղ տալիս կըրակըդ հոգուս.
Չէ՞ որ դժվար է լաց լինել անհույս
Արդեն ծերացած մի մարդու համար:

Ոչինչ չի կապում այլևս հիմա ինձ
Ծննդավայրիս հողին ու մարդուն,
Մինչդեռ այն տունը, ուր ծնվել ես դու,
Ասում են թանկ է ամենայն բանից:

Հիշում եմ սակայն մի դեմք սրբանուշ,
Մի քույր մտերիմ` անունը` Զոյի,
Նրան նվիրած երգս այս կուզեի
Որ մնար հավետ, որպես անմեռ հուշ

Մեծանուն դերասանը նաև լուրջ գիտնական էր, այդ են վկայում դեռևս 1935 թ. Փարիզում, Ավետիք Իսահակյանի առաջաբանով նրա հրատարակած «Ֆերդոուսի Թուսի և իր Շահնամէն» աշխատասիրությունը, ինչպես նաև ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր» հանդեսում (1962 թ.) տպագրված նրա «Դպրոցա-թատերական կյանքը Տրապիզոնում (1815-1915)» հոդվածը, որն այդ թեմային նվիրված եզակի ուսումնասիրություն է:
«Իրավունքը de facto»-ի ուրբաթ օրվա` ապրիլի 24-ի համարում ընթերցողներին կներկայացնենք Մեծ եղեռնի օրերին Ա. Կոթիկյանի կատարած գրառումներից մի քանիսը, իսկ ցանկացողները բոլոր գրառումները կարող են կարդալ Ա. Կոթիկյանին նվիրված իմ գրքում, որը հույս ունեմ տպագրել այս տարի:
Սերգեյ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5506

Մեկնաբանություններ