38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կիլիկիան և հայերը՝ թուրքական մուրճի և ֆրանսիական սալի արանքում. 1920-1921 թթ.

Կիլիկիան և հայերը՝ թուրքական մուրճի և ֆրանսիական սալի արանքում. 1920-1921 թթ.
24.02.2024 | 19:24

1920 թ. սկզբին, օգտվելով ‎ֆրանսիացիների անտարբերությունից, քեմալականները հարձակման անցան Կիլիկիայի ուղղությամբ` դեպի Մարաշ:

Ֆրանսիացիների` Մարաշը լքելու քայլը, ողբերգական նշանակություն ունեցավ ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ Կիլիկիայի հայության համար: Քաղաքում և փախուստի ընթացքում հազարավոր հայ մարաշցիներ կոտորվեցին: Փրկվածների մի մասը ապաստանեց Սիրիայում:

1920 թ. գարնանից սկսած անհավասար դիմադրությունից հետո հոկտեմբերին տները լքեցին նաև հաճընցիները` տալով շուրջ յոթ հազար զոհ:

Հայ քաղաքական կուսակցությունները շարունակում էին հավատալ, որ ‎‎ֆրանսիացիների օգնությամբ հնարավոր կլիներ Կիլիկիայի անջատումը կործանվող Օսմանյան կայսրությունից և նրա ինքնավարությունը Ֆրանսիայի հովանավորության տակ:

1920 թ. օգոստոսի 4-ին Ադանայում Ազգային խորհուրդը Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակեց Կիլիկիայի անկախությունը.

«Այսօրվանից սկսած` Կիլիկիան հանդիսավորապես հռչակում ենք Թուրքիայից բոլորովին անկախ, ազատ երկիր` օժտված քրիստոնեական ինքնավար վարչությամբ և Ֆրանսիայի մանդատի տակ: Նախկին Օսմանյան կայսրությունից Կիլիկիայի այս անջատումը համարում ենք այնքան վերջնական և լիակատար ու միևնույն իրավունքներով, որքան Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Միջագետքի և Արաբիայի անջատում»:

Սակայն ֆրանսիացիները ոչ միայն դրժեցին իրենց խոստումը, այլև Կիլիկիայի անկախ հռչակումից մեկ օր անց` օգոստոսի 5-ին, երբ հայերը Տամատյանի գլխավորությամբ Ադանայում կառավարչատնից հեռացրին վալիին ու մյուս թուրք պաշտոնյաներին և իրենք զբաղեցրին տարածքը, նույն Բրեմոնը Տամատյանից պահանջեց հեռանալ շենքից: Երբ հայերը մերժեցին կատարել թվացյալ բարեկամներ ու դաշնակիցներ ‎ֆրանսիացիների պահանջը, անձամբ կառավարչատուն եկավ Բրեմոնը և, զինվորական սպառնալիքներ տեղալով, շենքից հեռացրեց Տամատյանին:

Ակնհայտ էր դառնում, որ Ֆրանսիան պայմանավորվածություն ուներ քեմալականների հետ: Հայկական լեգեոնը ցրելով` նրանք թուրքերի առաջ բացեցին դեպի Կիլիկիա տանող ճանապարհները:

1920 թ. փետրվարի 10-11-ի գիշերը ֆրանսիական ուժերը նահանջեցին Մարաշից, հայերի մի մասը նույն գիշերն իսկ հետևեց ֆրանսիական բանակին, իսկ նրանք, ովքեր փորձեցին հեռանալ ավելի ուշ, ենթարկվեցին քեմալականների հարձակմանն ու ջարդին:

Ֆրանսիացիների` Մարաշը լքելուց հետո, հայությանը սպառնացող ընդհանուր վտանգի մտահոգությամբ Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը դիմեց Ֆրանսիայի ղեկավարներին, որին ի պատասխան վերջիններս վստահեցրին, թե Ֆրանսիան մտահոգված է հայերի պաշտպանության հարցով և այդ ուղղությամբ միջոցներ են ձեռք առնվելու:

1921թ. մարտին Լոնդոնում ստորագրվեց թուրք-ֆրանսիական զինվորական, քաղաքական և տնտեսական համաձայնագիր Բեքիր Սամի բեյի և Ֆրանսիայի ներկայացուցիչ Արիսթիդ Պրիանի միջև: Մեկ շաբաթ անց` մարտի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գահակալ Սահակ Բ Խապայան կաթողիկոսը նամակով դիմեց Բրիանին` հայտնելու, որ Ֆրանսիայի կողմից Կիլիկիայի պարպումը վտանգում է հայությունը, որ արդեն սարսափն ընկել է հայության մեջ և որ նրանց ապահովության միակ գրավականը Կիլիկիայում գրավման բանակի առկայությունն է:

Այնթափում հայերի մոտ խուճապ սկսվեց, երբ տեղեկացան Լոնդոնի թուրք-ֆրանսիական համաձայնագրի բովանդակությունը:

1921 թ. գարնանը քաղաքից հեռացան ֆրանսիական զորքերը, որին անմիջապես հետևեց այնթափահայության նահանջը դեպի Սիրիա:

Քեմալականների` դեպի Միջերկրականի ափեր ընդարձակման և նորանոր հաջողությունների գործում բոլշևիկների ցույց տված օգնությունից բացի, կարևոր դերակատարություն ունեցան ‎‎ֆրա‎նսիացիները:

1921թ. հոկտեմբերի 20-ին Ազգային մեծ ժողովի կառավարության և Ֆրանսիայի պաշտոնական լիազոր ներկայացուցիչ Ֆրանկլին-Բույյոնի միջև Անկարայում ստորագրվեց թուրք-‎ֆրանսիական համաձայնագիրը, որով կողմերը դադարեցնում էին պատերազմական գործողությունները, իսկ ֆրանսիական զորքերը երկու ամսվա ընթացքում պետք է դուրս բերվեին Կիլիկիայից, բացառությամբ Ալեքսանդրետի սանջակի:

1921 թ. նոյեմբերի 21-ին Սահակ կաթողիկոսը հեռագրեց Արևելյան Միջերկրականում ֆրանսիական ուժերի գերագույն զորահրամանատար զորավար Հանրի Կուրոյին, որպեսզի նրա միջնորդությամբ վերադարձվեն թուրքերի մոտ պահվող հայ բանտարկյալները, հայ որբերը փոխադրվեն ֆրանսիական շրջան, իսկ Դորթ Յոլի հայերը` Ալեքսանդրետ, որտեղից նավով նրանք կարողանային ազատվել թուրքական հետապնդումից:

Համաձայն Անկարայի պայմանագրի, սկսվեց ֆրանսիական ուժերի պարպումը Կիլիկիայից: 1921 թ. դեկտեմբերի 19-ին դատարկվեց Ադանան, 25-ին` Այնթափը, 31-ին` Դորթ Յոլը:

Ֆրանկլին-Բույյոնի ստորագրած թուրք-‎ֆրանսիական համաձայնագիրը և Կիլիկիայում Ֆրանսիայի քաղաքականությունը ընդհանրապես աղետալի հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար: Այս համաձայնագիրը Քեմալի դիվանագիտական մեծ հաջողություններից էր, որին նախորդել էին բոլշևիկների հետ կնքած երկու կարևոր պայմանագրեր Մոսկվայում և Կարսում: Փաստացի, ‎Ֆրանսիան օրինական ճանաչեց Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը: Բայց ամենակարևորը քեմալականների համար այն էր, որ Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքելուց հետո նրանք զինուժը Կիլիկիայից տեղափոխեցին արևմտյան ճակատ` հույների դեմ պատերազմը նոր թափով շարունակելու նպատակով:

Հատված`

«Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» հատորից

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5983

Մեկնաբանություններ