ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Առաքելական եկեղեցի՞ ենք, ուրեմն` առաքյալին լսենք, որն ասում է` եպիսկոպոսը կարող է կին ունենալ

Առաքելական եկեղեցի՞ ենք, ուրեմն` առաքյալին լսենք, որն ասում է` եպիսկոպոսը կարող է կին ունենալ
24.10.2008 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Մարդկության պատմության մեջ, երբ էլ գլոբալացում է սկսվել, դրանք ուղեկցվել են ժողովուրդների մեծ ալեկոծություններով, տարերային խոշորաչափ աղետներով, այլասերություններով: Հիսուսը մանավանդ վերջինից` այլասերություններից է պատվիրել նախ և առաջ զգուշանալ:
ՇՆՈՐՀԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ՊԻՏԻ ԼԻՆԻ, ԱՅԼ` ԸՍՏ ՃՇՄԱՐԻՏ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ
Եվ այսօր օտար շատ եկեղեցիներ են մեղադրվում պղծությունների մեջ՝ վարակվելով Նեռի ներմուծած արվամոլության ու մանկապղծության մահացու հանցանքներով: Տեղեկատվական դաշտից այդ մասին ողջ աշխարհը գիտի: Մեզանում էլ են երբեմն խոսում որոշ հոգևորականների անբարո վարքի մասին: Որքա՞նն է դրանցից ստուգված ճշմարիտը և որքանը՝ բամբասանքը: Աստված գիտի: Սակայն դրսի օրավուր մեծացող գայթակղությունների առջև Հայոց առաքելական եկեղեցին հարկ է, որ հավատի և հավատարմության ամուր պատնեշներ դնի, որոնցից մեկն էլ բարձրաստիճան հոգևորականների ամուսնությունը կլինի, որպեսզի պարտադիր կուսակրոնությունը եկեղեցում փոխվի, մնա միայն կամավոր սկզբունքների հիման վրա: Որովհետև, ովքեր պատրաստ չեն կուսակրոնության, ամուսնանալով և երեխաներ դաստիարակելով, պիտի որ հեռու մնան գայթակղություններից: Ի վերջո, բարեպաշտությամբ ընտանիք ղեկավարողը իր հոտն էլ բարեպաշտությամբ կղեկավարի: Եվ այդպես առաքինությունը կշահի: Եվ հավատացյալներն էլ չեն ամաչի իրենց գլխին հովիվ կոչվածների կողմից աշխարհիկի մեղքերից էլ պիղծ բաներ գործելու համար:
Իսկ որ բարձրաստիճան հոգևորականները ևս կարող են ամուսնանալ, այդ մասին Պողոս առաքյալն է ասում. «Եպիսկոպոսը մեկ կնոջ այր լինի»: Միայն արքեպիսկոպոսների և կաթողիկոսների համար, հասկանալի է, որ անընդունելի է ամուսնանալը, որովհետև նրանք այն մարդիկ են, որ ոչ միայն ամուսնանալու իրավունք չունեն, այլև իրենց ողջ ժամանակը պիտի տրամադրեն Աստծուն և ժողովրդին:
Երբ մեր ընտիր հայրենասերների` ֆիդայիների համար բնական է եղել ասելը, թե իրենք զենքի հետ պսակվեցին, հանուն հայրենյաց չամուսնացան և իրենց կյանքը դրեցին հանուն հայրենյաց, ապա որքան առավել է նույնը պատշաճ արժանավոր բարձրաստիճան հոգևորականների համար, որոնք, գերընտիր մարդիկ լինելով, իրենց ողջ կյանքը պիտի ապրեն հանուն Աստծո և հանուն ժողովրդի:
Ըստ այդմ, Պողոս առաքյալը, որ քաջալերում էր կույս մնալ, կուսությունն ամուսնությունից ավելի բարձր, Աստծուն ավելի մերձակա դիտելով, սակայն առանց կնոջ չդիմացողների համար ավելացնում է նաև հետևյալը, թե` ամենքին Աստծուց այդ տրված չէ, և ավելի լավ է ամուսնանալ, քան ցանկությունից այրվել: Նույնպես ասում է. «Ամեն մեկն իր կինը ունենա, որպեսզի պոռնկության պատճառ չլինի»: ՈՒստի և այն հոգևորականները, որ Աստծով պատրաստ չեն կուսակրոնության, մինչև ներառյալ եպիսկոպոսի աստիճան, բանական ու բնական կլինի ամուսնանան, քան այրվեն կամ շնանան, կամ ավելի պիղծ բաներ գործեն, ինչպես օտար եկեղեցիներում, այդպես անվանարկելով իրենց պաշտոնն ու Հայոց եկեղեցու սուրբ անունը: Կուսակրոնության օրենքը վերացնելով՝ եկեղեցուն ոչ հարիր պիղծ գայթակղություններն ու ամոթալի երևույթները վերջ կգտնեն, և մանավանդ բամբասանքներն ու չարախոսությունները մեծ չափով կլռեն: Եվ կեղծ կուսակրոններն ամուսնանալով` իրենց մարդկային ցանկականը կբավարարեն և այլևս խաբելու, ստելու կամ թաքուն մեղք գործելու առիթ ու պատճառ դժվար թե որոնեն, որովհետև զբաղված կլինեն իրենց զավակների դաստիարակությամբ և մեղքի դրդող վայրերից իրենք հեռու կմնան: Իսկ թե այդ դեպքում էլ ամոթալի վարք շարունակեն, ապա թող Աստծուց դատվեն:
Այսինքն, բանական ու բնական է, երբ կուսակրոնությունը կամավոր լինի և ոչ թե օրենք: Չէ՞ որ մեր եկեղեցին շնորհի եկեղեցի է առավել, քան օրենքի: Մանավանդ որ առաքելական կարգ է ամուսնության թույլտվությունը մինչև եպիսկոպոսության աստիճանը ներառյալ:
Եվ ամուսնացած լինելը, կարծում ենք, չպիտի խանգարի, որ ամուսնացած արժանավորը եպիսկոպոս, արքեպիսկոպոս, անգամ կաթողիկոս դառնալու աստիճան բարձրանա: Երբ Պետրոսն ամուսնացած լինելով կարող էր արժանավոր առաքյալ դառնալ, բնականաբար, Գրիգոր Լուսավորիչն առավել իրավունք ուներ ամուսնացած լինելով` կաթողիկոս դառնալու: Այսինքն, առաջին խնդիրն արժանավոր լինելը պիտի դիտվի: Այդ դեպքում ոչինչ արգելակ չպիտի տեսնել, որ «Ռադիովեմով» քարոզող տեր Մեսրոպն ու տեր Տաճատը, այլ արժանավոր ամուսնացած քահանաներ ևս մի օր եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ դառնան՝ այդպես առավել օգտակար լինելով մեր ժողովրդին: Այսինքն, հոգևորականների համար երբևէ մեղք չի դիտվել ամուսնությունը և կամ անօրինություն: Ընդհակառակը` անբնական և անբանական է, երբ Աստծո տված տաղանդներով օժտված ամուսնացած քահանայի աստիճանը չեն բարձրացնում, որ կարողանա առավել բարի պտուղներ տալ:
ԱՄՈՒՍՆԱՑՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՑ ԷՐ, ՈՐ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԾՆՎԵՑ
Աստծո թագավորության մեջ ամուսնության հարցը երբ ուղղեցին Հիսուսին, նա պատասխանեց. «Աստծո թագավորության մեջ հարության ժամանակ «ոչ կանայք են մարդու գնում, և ոչ այրերն են կին առնում, որովհետև նմանվում են Երկնքի հրեշտակներին»: Այսինքն՝ արքայության մեջ, հարության ժամանակ սերը հոգևոր է և ոչ թե մարմնավոր: Եվ ոչ կանայք, ոչ այրերը հարության ժամանակ չեն կարող ամուսնանալ: Միմյանց սիրում են, որովհետև սերը ողջ տիեզերքի բանալին է, և սիրո մեծությունից են մեկը մյուսից մեծ կամ առավել պատվարժան կամ առավել փառավոր, բայց ամուսնանալ այլևս չկա, ամուսնանալ չեն կարող: Մի տեղ կարդացել եմ, որ հրեշտակները սեռական օրգաններ չունեն: ՈՒրեմն, երկրավոր ամուսնությունը զավակներ ունենալու, նրանցով երկիրը լցնելու համար է, որ և Աստծո հրահանգն էր մարդուն, թե` գնացեք, բազմացեք և լցրեք երկիրը: ՈՒստի սովորական մարդկանցս համար էր մարմնավոր ամուսնությունը և ոչ թե Աստծո առանձնահատուկ քիչ ընտրյալների ու հոգևոր գերընտիր հովիվների: Երբ, ինչպես տեսնում ենք, ամուսնացած հետևորդներն էին հանուն Հիսուսի, կատարյալ հոգևոր մարդ լինելու համար թողնում իրենց կանանց: Նման հոգևոր դիրքերում կռվող ազատամարտիկի, որը կնոջը հետը պատերազմի վտանգին չէր տանի: Ինչպես Պետրոս առաքյալը, ինչպես նաև հայ լուսավորիչ Գրիգորը, որ արդեն մի քանի զավակներ ուներ, սակայն, հովվապետ դառնալով, առանձնացավ կնոջից, և Գրիգորի կինը կանանց մենաստան մտավ: Եվ այդպես անում էին գիտակցաբար՝ լսելով Հիսուսի այն խոսքը, թե. «Ով որ հանուն Ինձ ու Ավետարանի չթողնի իր հորը, մորը, կնոջն ու զավակներին և Իմ հետևից չգա, Ինձ արժանի չէ»: Առավելի խնդիրն է այստեղ, որ ամենքին տրված չէ կամ կանչվածներն այդ առավելին հարկ եղած չափով դեռ չեն արժանավորվել:
Իսկ ինչ որ ենք, մեր ավելին լինելը Աստված երբևէ չի սահմանափակում, եթե... աշխարհին խաբվելով չենք ուշանում: Պետրոսը ոչ միայն դարձավ առաքյալ, այլև Տերը նրան տվեց դժոխքի և դրախտի բանալիները, քանի որ, ամուսնացած լինելով և երեք ուրացում ունենալով, իր այդ կյանքի փորձով ավելի խոր հարցերի էր տեղյակ և ըստ իր ամուսնացածության և ուրացումների` նմաններին (եթե ներելիի սահմաններից դուրս չեն) կարող էր լավագույնս օգնել, որ հույսը չկորցնեն և ժամանակին Աստծուն դառնան, չուշանան: Ամուսնացյալ Լուսավորիչը Հայոց ամենամեծ կաթողիկոսը անվանվեց, Հայոց եկեղեցուն հոգևոր հենարան կոչվեց, և Քրիստոսի առաքյալների հետ նրան համեմատեցին, թեպետ հետո բազմաթիվ կուսակրոն կաթողիկոսներ ունեցանք: Նրա ամուսնացած որդիները ևս կաթողիկոսներ եղան, թոռներն ու ծոռները կրկին կաթողիկոսներ, մեծ հոգևոր այրեր, սքանչելի զորավարներ: Բավական է հիշենք Ներսես Մեծին, սուրբ Սահակ Պարթևին, սուրբ Վարդան զորավարին: Ամուսնացյալ հոգևորականից էր, որ Գրիգոր Նարեկացի ծնվեց: Նժդեհը քահանայի որդի էր: Ինձ թվում է՝ եկեղեցու այս հարցին վերաբերող խիստ օրենքը կարելի է վերանայել, շահեկանորեն, ըստ Ավետարանի խմբագրել, դարձնել առավել Տերունական: Առաքելական եկեղեցի՞ ենք, ուրեմն` առաքյալին լսենք, որն ասում է` եպիսկոպոսը կարող է կին ունենալ: Հայրերը, թվում է, բարի նախանձավորությունից խիստ օրենք դրեցին, բայց ամուսնացած քահանան աստիճանակարգի աճ այլևս չէր ունենում: Սակայն Քրիստոսի եկեղեցին ըստ հավատի և շնորհի է և ոչ թե ըստ օրենքի և ոչ էլ ըստ Հայրերի, ովքեր, մարդ լինելով, անսխալական չէին: Եվ հետևա՞նքը. ամուսնացած տաղանդավոր մարդը, շարունակ գտնվելով իր մեծավորների հրամանների տակ, գրեթե առավել մարդուն, քան Աստծուն ծառա լինելու կարգավիճակում, անկարող է լինում ավելի մեծ անհատականություն դառնալ: Իսկ սակավատաղանդ, ըստ օրենքի ակամա կուսակրոնը, որ պատշաճ բարոյականություն էլ կարող է չունենալ, «առաջ է սլանում»: Այդ չէ՞ նաև պատճառ, որ դարերով մեր եկեղեցին խոշոր անհատականություններ գրեթե չի տալիս, երբ ճեմարանում անհամեմատ ավելի բարձր կրթություն են ստանում, քան աշխարհիկ որևէ կրթօջախում: Պողոս առաքյալն այս նուրբ հարցի մասին ասում է. «Հավատը, շնորհը օրենքից չեն» կամ «Օրենքը հակառակ է շնորհին», նույնն է թե` տաղանդավոր մարդուն: ՈՒստի ամուսնացած ակնհայտ տաղանդավորների ճանապարհն օրենքով փակելը ըստ Քրիստոսի Ավետարանի չէ: Նման դեպքերում օրենքը տաղանդավոր ամուսնացածներին հաշմելու դեր է կամա-ակամա կատարում` այդպես ավետարանահակառակ գործ գործելով, որպես թե «բարի նախանձավորությունից դրդված» ոչ փոքր սխալով: Այդպես եկեղեցին է տկարանում ու խեղճանում, ոչ թե զորանում: Խեղճանում է զորընդեղ ամուսնացածների` Գրիգոր Լուսավորչի, Ներսես Մեծի և սուրբ Սահակի եկեղեցին: Արհեստական օրենքով, որ շնորհից չէ, չպիտի թույլ տալ, որ եկեղեցին խեղճանա: Հայրական օրենքները, որտեղ հակասում են Քրիստոսի Ավետարանին, պիտի ուղղության բերել և ոչ թե հարմարեցնել, սվաղել: Որ ոչ թե ըստ սարքված օրենքի ուխտի կույս մնան, այլ կույս մնան ճշմարիտ կամավորները, կուսակրոնությանը ճշմարիտ կոչվածները: Այսինքն` կույս մնան ըստ վերին շնորհի և ոչ թե ըստ պարտադրանքի: Աստծո ամենասիրելի մարդկանցից և Նոյ Նահապետն էր ամուսնացած, և՛ Հոբ Երանելին: Ինչո՞ւ արգելվի եպիսկոպոսի ամուսնությունը, երբ մեծ հոգևոր անհատների զավակները մեր ազգի գենոֆոնդն են նաև խոշոր անհատներով հարստացրել: Եթե ուշադիր լինենք, քահանաների որդիները կամ նրանց թոռները նկատելիորեն հաճախ շնորհալի, ազգօգուտ, նշանակալի մարդիկ են եղել: Ինչպես ասում են` արծվից արծիվ է ծնվում, մկից` մուկ: Իսկ ինչ Քրիստոսից է ծագում, կատարյալ է ամեն բանից:
Նաև ճշտենք, որ նախորդ հոդվածում շեղ էր հասկացվել Պողոս առաքյալի այն խոսքը, թե, առաքյալները, որ «կանանց հետ էին շրջում», իբր ամենքն էլ ամուսնացած էին: Ճշմարիտն այն է, որ նրանց հետ շրջող կանայք հավատացյալ կանայք էին, որոնք ուղեկցում և իրենց ունեցվածքով հոգում էին առաքյալներին նրանց քարոզությունների ժամանակ: Առաքյալներն իրենք այնժամ կամովին ընտրեցին կուսակրոնությունը, երբ Տերը նրանց մեկնում էր ամուսնական խնդիրները և երկնքի արքայության խորհուրդները: Այդ ժամանակ էլ նրանք ասացին. «Եթե այդպես է, ապա մարդու համար առավել լավ է չամուսնանալ»՝ այդպես իսկ գիտակցաբար դառնալով կամավոր կուսակրոններ: Իսկ Պետրոս առաքյալը մինչ այդ էր ամուսնացած: Ըստ այս ըմբռնման էր, որ Պողոս առաքյալն ասում էր. «Նա, ով ամուսնացնում է իր կույս աղջկան, լավ է անում, իսկ ով չի ամուսնացնում, առավել ևս լավ է անում»: Այսինքն թե` ամուսնացած կամ չամուսնացած լինելը ամենակարևորի` մարդու հոգու փրկության հիմնապայման երբևէ չի եղել, այլ խնդիրը չափանիշների մեջ է` «լավի և առավել լավի»: Եթե առավել լավն այժմ չեմ կարող և լավը կարող եմ, ինչո՞ւ առավելը չկարողանալուս պատճառով ընկնեմ գայթակղությունների մեջ և լավ կարողանալս էլ կորցնեմ: Չէ՞ որ այս ամենը վարք ու կյանք պիտի լինի: Նախ հասունացիր, առաջ գնա առավելին և թե ամուսնացած ես, կինդ էլ թող դառնա քեզ համար աղոթող, ինչպես Լուսավորչի պարագայում:
Թեկուզ հարյուր քառասունչորս հազար կույս ընտրյալներին հիշենք Հայտնության գրքից. «Նրանք էին արժանի միշտ Գառան հետ լինելու, ուր էլ նա գնար, կույս էին և չխառնակվեցին կանանց հետ և նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց»: Բնականաբար, ոչ միայն սուրբ եկեղեցու հոգևոր բարձր պաշտոնյաների, այլև եկեղեցու հավատացյալների մեջ էլ է նախանձախնդրություն առաջանում կուսությամբ ընթանալու, ըստ այդ հարյուր քառասունչորս հազար ընտրյալների: Արդյո՞ք միլիարդավոր մարդիկ դարեր շարունակ չեն հավակնել ու հավակնում այդքան փոքր բանակում տեղ ունենալու: Այնուամենայնիվ, ջանալը ավելիին յուրաքանչյուրիս անհատական իրավունքն է: Այդ իրավունքը Տերն ամենքիս տվեց, սակայն այդ նվիրումը, կոչվածությունը եթե չունեցար, ոչինչ չես շահի և կարող ես ունեցածդ էլ կորցնել: Լամպի բնույթը լույս տալու մեջ է, թե ոչ` դեն գցելիք կլինի: Եթե կոչված ենք, ապա վարքով ու ճշմարիտ գործերով պիտի այդ արտահայտվի:
«Պետրոս սկսաւ ըսել անոր. «Ահա՛ մենք թողուցինք ամէն ինչ և հետևեցանք քեզի»։ Յիսուս պատասխանեց. «ճշմարտապէ՛ս կը յայտարարեմ ձեզի. «չկայ մէկը՝ որ թողուցած ըլլայ տուն, եղբայրներ, քոյրեր, հայր, մայր, կին, զաւակներ, կամ արտեր՝ ինծի և աւետարանին համար, ու չստանայ հարիւրապատի՛կը հիմա՝ այս ատեն՝ տուներ, եղբայրներ, քոյրեր, մայրեր, զաւակներ և արտեր՝ հալածանքներու հետ, ու յաւիտենական կեանքը՝ գալիք աշխարհին մէջ։ Բայց շատ առաջիններ պիտի ըլլան յետին, և յետիններ՝ առաջին»։
Խոստումը կա, և այդ խոստումը, ինչպես տեսնում ենք, հրաման չէ: Ով ինչ խաչ կանչված է վերցնելու, լավ է ջանա այդքանը վերցնել և ոչ թե ջիպերով, չիպերով (Նեռի 666 խորհուրդ թվի քարտով), աշխարհիկ խրախճանքներով և ասելով, թե` կուսակրոն ենք, աստվածասեր: Որ ամոթ է մեր ամենքի մայր ու հենարան եկեղեցու համար և Աստծուն է բարկացնում: Պիտի առավել հստակ տարորոշենք, թե ում ենք ծառայում: Երբ կուսակրոններն անգամ միս չէին ուտում կամ հազվադեպ էին ուտում, իսկ սրանց մեջ կան, որ թվում է` մարդ էլ կարող են ուտել:
Այսինքն, «առավել լավի» հարթության վրա էր, որ Պետրոս առաքյալը թողեց իր կնոջը և նվիրվեց Աստծուն: Եվ Հայաստանում նույնօրինակ կաթողիկոսներ եղան: ՈՒստիև, բարին, վստահ ենք, կուսակրոնության կամավորն է և ոչ պարտադրանքը, որին չդիմանալով՝ գայթակղությունների մեջ ընկնողների և այլոց էլ վարակողների թիվը կարող է աճել:
Հարցն այն է, որ շատ քչերը կարող են լրջորեն ըմբռնել, թե ինչ է նշանակում թողնել ամեն ինչ և մերձավորներին` հանուն Քրիստոսի և Ավետարանի: Իսկ ճշմարիտ կուսակրոնության համար լավ է կառուցվեն վանքեր ու մենաստաններ, որ հեռու գտնվեն աշխարհիկ խրախճանական վայրերից:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5060

Մեկնաբանություններ