ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ ՀՂՎԱԾ «ՄԵՍԻՋՆ» ՈՒ ԽԱՂԻ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
«ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան զեկույցում նշվում է, որ 2008-ին արտասահմանում գործունեություն ծավալող ամերիկյան բիզնեսմենները հատկապես Արևելյան Եվրոպայի երկրներում բախվել են կոռուպցիայի աճի հետ։ Կոռուպցիայի պրոբլեմն ակնհայտ ընդգծված է համարվում Ռուսաստանում, որտեղ կասկածելի բնույթի գործարքների թիվն անցնում է տրամաբանական բոլոր սահմանները, իսկ կառավարական կառույցների կապերը քրեական տարրերի հետ ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչների հատուկ մտահոգությունն են հարուցում»։
Այս բնորոշումը մեջբերված է արտասահմանում անվտանգության հարցերով ԱՄՆ-ի խորհրդատվական կոմիտեի կայքից։ Այն, որպես տեղեկատվություն հայ ընթերցողի համար, կարող է հետաքրքրություն ներկայացնել իբրև ռուս-ամերիկյան խորացող հակադրության ևս մեկ փաստ։ Բայց չի կարող որոշակի զգացողություններ չառաջացնել հենց մեր երկրի հետ կապված զուգահեռների առումով։
Դեռ մի քանի ամիս առաջ Հայաստանի քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր էին շրջանառվում, թե Վաշինգտոնից Երևան է փոխանցվել ամերիկացի մի շարք բիզնեսմենների բողոքն այն հանցագործությունների մասին, որ տնտեսության ոլորտում իրենց թույլ են տալիս հայաստանցի օլիգարխները, ովքեր համատեղության կարգով միաժամանակ հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ։ Ըստ լուրերի, Վաշինգտոնից ուղարկված «մեսիջը» հայաստանյան իշխանություններից միաժամանակ պահանջում էր պարզել հանգամանքները և պատժել մեղավորներին։ Արդյունքներն առայժմ լայն հասարակությանը հայտնի չեն, սակայն այլևս ակնհայտ է, որ այս կարգի տագնապի ազդանշանների հետագա անտեսումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով։ Նկատի ունենանք, որ հայկական խոշոր բիզնեսում տիրող «բեսպրեդելի», կոռուպցիայի և քրեական տարրերի ակտիվ դրսևորումների մասին ահազանգեր եղել են և նախկինում։ Մասնավորապես, հիշատակելի է հայտնի, սակայն այդպես էլ հանրության սեփականությունը չդարձած «Վազգեն Սարգսյանի ցուցակը», որը, ըստ հավաստի լուրերի, նրան էր հանձնվել հոկտեմբերի 27-ից քիչ առաջ ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի ժամանակ։ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, ինչպես նաև Հայաստանի ղեկավարության մեջ կողմնորոշումների հետագա փոփոխությունը խանգարեցին, որ այս հարցը տրամաբանական լուծում ստանա։ Ավելին, օլիգարխները ժամանակի ընթացքում դարձան իշխանության հիմնական հենարանն ու քաղաքական դաշտի կարևոր բաղադրիչը, իսկ հիշյալ ցուցակում տեղ գտած մի շարք դեմքեր այս անգամ հայտնվեցին անձեռնմխելիների ցուցակում։ Սակայն այսօր միանգամայն հավանական է, որ հիշյալ ցավալի թեմայի վերակենդանացման առումով ականատես լինենք նոր միտումների և մոտեցումների։
Այսպես, տարեսկզբին Հայաստանի կառավարությունն իր գործունեությունը սկսեց` հայտարարելով, թե անհրաժեշտ է լրջագույն կարգ ու կանոն հաստատել առաջին հերթին խոշոր բիզնեսի ոլորտում։ Կառավարությունը համոզված է, որ 2009-ին հարկային մարմինների գործունեության գլխավոր թիրախը պետք է դառնան հենց խոշոր ձեռներեցները, ովքեր պարտավոր են այսուհետ աշխատել թափանցիկ և վերահսկելի։
«Այդ նպատակով մենք ներառելու ենք խաղի նոր կանոններ, որպեսզի հասարակությունը վստահի և հավատա կառավարությանը»,- հայտարարեց գործող վարչապետը, ճշգրտելով, որ խաղի նոր կանոնները պետք է ենթադրեն հասարակության կողմից խոշոր բիզնեսի վերահսկում։ Ակնհայտ է նաև, որ այսպիսի հայտարարության, իսկ առավել ևս լուրջ գործողությունների համար պատճառներն ավելի քան բավարար են և պայմանավորված են ոչ այնքան արտաքին գործոններով, թեկուզև Հայաստանի հեղինակությունը հիշյալ պատճառով արտաքին աշխարհում վարկաբեկվում է, ինչը կարող է արտաքին լուրջ ճնշումների առիթ դառնալ։ Գլխավոր շարժառիթը միայն այն չէ, որ առկա է բնակչության կայուն դժգոհություն, որը վարպետորեն օգտագործում է արմատական ընդդիմությունը։ Ամենայն հավանականությամբ, իշխանության համար այսպիսի կեցվածք որդեգրելու հիմնական պատճառ է դարձել այն, որ երբեք (բացառությամբ, թերևս, անկախության առաջին տարիների) կառավարման համակարգում չի դիտարկվել այսպիսի իրարամերժ իրավիճակ և միմյանց հակադրվող քաղաքական կենտրոնների առկայություն։ Ավելին, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները ոչ միայն դադարել են իշխանության հնազանդ հենարանը լինելուց, այլև իրենց քաղաքական հավակնությունների բավարարման միտումներ են դրսևորում։ Ընդ որում, օլիգարխիական կապիտալի հետ վաղուց սերտաճած և «հիմնադիր հայր» Ռոբերտ Քոչարյանի կողմից ոգևորվող կոալիցիոն ուժերից մեկը վերջին շրջանում սկսել է բացեիբաց ինտրիգներ լարել ընդդեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ փորձ` կասեցնելու կրիմինալ օլիգարխիական համակարգի փլուզումը, և այդ միտումը դարձել է վտանգ ոչ միայն գործող կառավարության, այլև երկրի համար ընդհանրապես։ Ի՞նչ արժեն միայն որոշ ԶԼՄ-ներով տարածվող ոչ անհիմն պնդումները, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փետրվարին կայանալիք համագումարում քաղաքական այդ ուժը մտադիր է հայտարարել նոր կառավարությանն իր անվստահության մասին, ղեկավար ընտրել Ռոբերտ Քոչարյանին, իսկ խորհրդարանում սկսել կառավարության հրաժարականին հասնելու գործընթաց։ Թեպետ տրամաբանորեն միայն վատ երազում կարելի էր կանխատեսել այսպիսի զարգացում, մանավանդ, եթե վարչապետ դառնալու հավակնություններ է դրսևորում այդ դերակատարությանը բացարձակապես անհամապատասխան օլիգարխներից մեկը։ Ավելի մեծ բացասական հետևանքներ կարող է ունենալ նախկին նախագահի վերադարձը քաղաքական դաշտ, առավել ևս նույն ղեկավար պաշտոնը զբաղեցնելու հավակնություններով, եթե նկատի ունենանք բնակչության մեծամասնության խիստ բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ։
Ի՞նչ կհետևի այդ ամենին, այնքան էլ բարդ չէ կանխագուշակել։ Հատկապես, թե ինչպես կօգտագործի արմատական ընդդիմությունն այդպիսի իրավիճակը։ Այդ պարագայում ակնհայտորեն թուլացած Սերժ Սարգսյանի և ռևանշիստական հավակնություններ դրսևորող օլիգարխների խորապատկերի վրա Լևոն Տեր-Պետրոսյանի որոշակի անկում ապրած վարկանիշը կրկին կարող է աննախադեպ աճ արձանագրել։ Սա գիտակցում է նաև արմատական ընդդիմությունը, և, հավանաբար, դրանով են պայմանավորված նրա քննադատական գործողություններն ու հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանի վերաբերյալ։ Իշխանության կոլապսը կարող է իրականության վերածվել, եթե ընդդիմությունը «գարնանային հարձակում» կազմակերպելու հնարավորություններ ունենա և կարողանա փողոց դուրս բերել լուրջ զանգված ներկայացնող ժողովրդական բազմություն։ Համապատասխանաբար պարզ է, թե ինչու է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարում, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները խոշոր բիզնեսը հարկային թափանցիկ դաշտ բերելու վերաբերյալ պարզապես հեքիաթ են, և կառավարությունն իրականում ոչինչ չի անում այդ ուղղությամբ։ Այսպիսով, ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտից անիմաստ է աջակցություն սպասել կառավարության բարեփոխումներին։
Ըստ այդմ, հզորագույն զենքից` «նախագահական լծակից» բացի (որի կիրառումն ակնհայտորեն ուշանում է գործող նախագահի զգուշավորության պատճառով), Տիգրան Սարգսյանին չի մնում այլ բան, քան իսկապես փորձել օգտագործել հասարակության նախաձեռնողական ներուժը։ Օլիգարխների և քրեական-կլանային համակարգի ջախջախումն այն թեզն է, ինչն ամենից ավելի կարող է նպաստել իշխանության ժողովրդականության բարձրացմանը` միաժամանակ Արևմուտքում ապահովելով անհրաժեշտ քաղաքական վարկանիշ։ Օրինակ կարող է ծառայել նույն Սաակաշվիլին, ով, չնայած արտաքին և ներքին քաղաքական լրջագույն սխալներին, միևնույն է, շարունակում է պահպանել կոռուպցիայի և քրեածին տարրերի դեմ պայքարի մարտիկի իր կայուն հեղինակությունը, և գուցե հենց դրա շնորհիվ է, որ մնում է իշխանության գլուխ։ Այլ բան է, որ միայն հասարակության զգացմունքային աջակցությունը, առանց համապատասխան հասարակական ներկայացուցչական կառույցների ստեղծման, ակնհայտորեն չի կարող բավարար լինել։ Եվ այս իմաստով կարելի է հիշատակել այն ժամանակները, երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին օրերին լրջորեն քննարկվում էր հասարակական կազմակերպությունների ֆունկցիոնալ նշանակության բարձրացման հարցը կոռուպցիայի և քրեական դրսևորումների դեմ պայքարում։ Այն ժամանակ առաջ քաշված առաջարկություններն իրականություն չդարձան, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ օրվա իշխանությունն ուներ բոլորովին այլ ձգտումներ օլիգարխիական համակարգի ձևավորման համատեքստում։ Միակ իրական փորձը կատարեց Վազգեն Սարգսյանը, որն իր զոհվելու նախօրեին արդեն որոշել էր ստեղծել կարգ ու կանոնի հաստատման հատուկ կոմիտե, ինչի մասին խոսել էր նաև նեղ շրջանակում։ Իսկ հետագայում այս ուղղությամբ իշխանության ցանկացած դրսևորում կրել է լոկ իմիտացիոն բնույթ։
Ակնհայտ է, որ այսօր Հայաստանն ունի ներքին իրավիճակի փոփոխության բացառիկ հնարավորություն, որովհետև իշխանության որոշակի մասի, կոնկրետ արտաքին ուժերի և բնակչության բացարձակ մեծամասնության շահերն ու ցանկությունները համընկնում են, և հասարակական կառույցները կարող են շատ կարևոր դեր խաղալ այդ ծրագրերի իրագործման համար։ Թեկուզև արժե հիշեցնել, որ, օրինակ, Հասարակական պալատի ստեղծումն այդպես էլ մնաց մշուշոտ ապագայում։ Կարելի է ենթադրել, որ նախկին նախագահի շրջապատից այն գործիչները, որոնց, չգիտես ինչու, հայտարարվեց այդ նախագծի իրագործումը, միանգամայն հաջողությամբ կատարեցին բոլորովին այլ հանձնարարություն այդ գաղափարի վարկաբեկման և տապալման առումով։ Ըստ այդմ, առանց գործնական դերակատարության են մնացել քաղաքական դաշտում դեռևս որոշակի հեղինակություն ունեցող քաղաքական գործիչները, որոնց ներուժն ու ազդեցությունը կարող են դրական նշանակություն ունենալ, եթե նկատի ունենանք ներկա իրավիճակում մնացած քաղաքական ուժերի բևեռացվածությունն ու ակնհայտ ապակառուցողական տրամադրությունները։ Ֆրանսիական քաղաքագիտության դասականներից Միշել Մոնտենը ժամանակին տվել է շատ ճշգրիտ մի բնորոշում. «Նրանք, ովքեր ցնցումների մեջ են նետում պետականությունը, հաճախ իրենց ենթարկում են նրա փլատակների տակ առաջինը զոհվելու վտանգին»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ