Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԵՐԿՐԻ ՎՐԱ ՉԷ ԴՐԱԽՏԸ

ԵՐԿՐԻ ՎՐԱ ՉԷ ԴՐԱԽՏԸ
27.11.2009 | 00:00

Արդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած`
Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ
Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ...

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

1937 թ. նոյեմբերի 27-ին բանտի հիվանդանոցում վախճանվեց Եղիշե Չարենցը: Դիահերձման արձանագրության մեջ տասնյակ հիվանդություններ էին նշված. խորացած մորֆինիզմ, որի բացակայությունը հանգեցրել է աղեստամոքսային ուղու քայքայման, պլևրիտ, լյարդի էխինոկոկ, երիկամի բորբոքում, թոքերի կատառային բորբոքում... Ոչ մեկն էլ մահացու չէր: 62 տարի հետո մահվան պատճառներին պետք է ավելացնել գլխավորն ու անբուժելին` 37 թվական... Եղիշե Չարենցը մեղադրվում էր երկրի ղեկավարության դեմ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ, նաև` 67, 68, 78 հոդվածներով` հակախորհրդային տրոցկիստական նացիոնալիստական գործունեություն, Անդրկովկասի ժողովուրդների եղբայրական համագործակցության քայքայման նպատակով ազգամիջյան թշնամանքի բորբոքում: Այսինքն`
Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապոգներ հագին
Եվ գահը արել է ֆայտոն...
62 տարի հետո անխուսափելիորեն հարց է առաջանում` այլախո՞հ էր արդյոք Եղիշե Չարենցը: Ի սկզբանե տարընթերցումից խուսափելու համար հարկ է սահմանել այլախոհությունը որպես հասկացություն:
Եթե ընդունենք, որ այլախոհությունը ժամանակի իշխող գաղափարախոսությունից տարբերվող կամ տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենալն ու դրանք հրապարակավ ներկայացնելը և պաշտպանելն է, հարկավ, Չարենցն այլախոհ չէր: Բայց և նույնքան էլ այլախոհ էր: Ո՞րն է այս հակասության պատճառը:
Ընդունենք նաև այն ելակետային իրողությունը, որ ստեղծագործողը, որպես կանոն, մեծավ մասամբ, իր արվեստի միջոցով վերհանում է ժամանակի ոչ միայն իշխող գաղափարներն ու դրանց նկարագրությունն է տալիս, այլև ուրվագծում կամ գոնե սահմանագծում է իդեալը, ինչին հասարակությանը, որպես զարգացման հաջորդ քայլ, արվեստագետը նախապատրաստում է ու, իբրև կատարելության ձգտում, առաջնորդում: Իր ստեղծագործության երկրորդ` իդեալի հաստատման փուլում նա գիտակցաբար կամ ակամա դառնում է այլախոհ: Այդպես է և՛ գիտության մեջ, և՛ արվեստում: Ժամանակին այդ պատճառով են խարույկ բարձրացել Ջիրոլամո Սավոնարոլան ու Ջորդանո Բրունոն, այդպես է եղել և՛ Գալիլեո Գալիլեյի, և՛ Նիկոլայ Կոպեռնիկոսի, և՛ Անդրեյ Սախարովի պարագաներում: Այդպես են Ֆլորենցիայից տարագրվել և՛ Դանթե Ալիգիերին, և՛ Նիկոլո Մաքիավելին... Եվ այստեղ, ըստ էության, խնդիր ունի ոչ թե արվեստագետը կամ գիտնականը, այլ հասարակությունը, որը դեռ պատրաստ չէ առաջադրված գաղափարի ընկալմանը: Ի վերջո` դա դառնում է արվեստագետ-գիտնականի և իշխանության կոնֆլիկտ, որովհետև ինքնապահպանման և վերարտադրման բնազդով թելադրված` իշխանությունը միշտ պահպանողական է, իսկ արվեստագետը կամ գիտնականը, իրենց գործունեության ոլորտով պայմանավորված, միշտ միտված են առաջ քայլ անելու: Այս հակասության մեջ ժամանակի առումով միշտ պարտվողը իշխանությունն է, բայց այդ պարտության համար արվեստագետն էլ, գիտնականն էլ հաճախ հատուցում են կյանքով կամ, լավագույն դեպքում, իրենց գործունեության դադարեցմամբ (կամ դրա հրապարակային դրսևորման դադարեցմամբ):
Ինչո՞ւ Չարենցն այլախոհ չէր:
20-րդ դարի 30-40-ական թթ. այլախոհություն, որպես այդպիսին, անհնար էր հասարակության մեջ: Նրանց բոլորին հավաքում էին ստալինյան համակենտրոնացման ճամբարներում և պաշտոնապես անվանում էին ժողովրդի թշնամիներ, բայց բնավ ոչ այլախոհներ: Նրանք կոմունիստական պայծառ ներկան ու ապագան իրենց գործունեությամբ կործանող մարդիկ էին, որոնց «մեղքերի» դատավարությունների արձանագրությունները սփռված են ժամանակի մամուլում: Նրանք դրսևորվում էին ոչ որպես այլախոհներ, այլ հենց թշնամիներ, և դատապարտվում էին ուղղակի` թշնամական մտքերի ու արարքների համար:
Այստեղ իսկապես շատ նուրբ ու համարյա անշոշափելի է անցումը. նախ` այդ մարդկանց մեծամասնությունը զրպարտված ու հանիրավի դատապարտված էր, այսինքն` ոչ թե այլախոհությունն է առկա, այլ զրպարտանքը հարկադրաբար ընդունելու կամ չընդունելով դատապարտվելու և գնդակահարվելու, աքսորվելու փաստը: Բայց կար նաև իրական այլախոհություն, թեպետ չձևակերպված: Եվ դա ոչ այնքան կոմունիստական գաղափարախոսության դեմ էր, որքան դրա իրականացման ձևերի ու իրականացնողների: Համենայն դեպս, համակարգի ժխտման փաստ չկար, կար կործանված գաղափարների ու իդեալների համար ցավ, կար բողոք ու ընդվզում կուսակցական-պետական գործիչների վարած քաղաքականության դեմ... Բայց ոչ ոք հարց չէր բարձրացնում համակարգը տապալելու կամ բարեփոխելու մասին: Խնդիրը շատ ավելի նեղ էր դիտվում` մեղադրվում ու մեղավորներ էին համարվում կատարողները, և հազարավոր նամակներ էին գրվում «Հայր Ստալինին»` օգնության ու արդարության վերականգնման ակնկալիքով: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ հենց ժողովուրդների Հայրն է այդ ամենի հեղինակը: Այս առումով` այլախոհություն որպես այդպիսին ու այլախոհներ չկային:
Բայց կար բացահայտ (թեպետ այդ օրերին չտպագրված) գրականություն, որն այլ որակում չի կարող ստանալ, քան այլախոհության դրսևորումը, որովհետև այն ամենը, ինչ չէր համապատասխանում կուսակցական կարգախոսներին, այլախոհություն էր: Այդ շրջագծում իրապես այլախոհներ էին Սերգեյ Եսենինը, Վլադիմիր Մայակովսկին, Բորիս Պաստեռնակը, Աննա Ախմատովան, Մարինա Ցվետաևան, Օսիպ Մանդելշտամը, հարկավ` Եղիշե Չարենցը և շատ ուրիշներ: Նրանց ստեղծագործության մեջ ժամանակագրության արտացոլումն այնքան ճշմարտացի ու խորքային էր, նաև իր բուն պատճառների ու հետևանքների վերհանմամբ, որ ուղղակի վերածվում էր այլախոհության: Պիտի գային հաջորդ տասնամյակները, պիտի փոխվեին քաղաքական հանգամանքները, նրանց (ցավոք, հետմահու) տպագրվելու հնարավորություն պիտի տրվեր, որպեսզի մարդիկ գնահատեին իրենց ապրած ժամանակի իրողություններն ու ի զորու լինեին քայլ առաջ անելու: Ինչպես բոլոր դարերում` արվեստագետ-իշխանություն կոնֆլիկտում իշխանությունը վերստին պարտվելու էր, բայց արդեն առանց արվեստագետի ներկայության: Արվեստագետներին ու գիտնականներին տրված էր ընտրելու հնարավորություն. օրվա` պյուռոսյան հաղթանակի՞ տեր լինել, թե՞ ժամանակի, բայց` ինքնազոհաբերմամբ: Եթե մեծամասնությունն ընտրում էր առաջինը, դա դառնում էր նաև տաղանդի ու ձիրքի առկայության չափանիշ. ո՛չ մի իսկական արվեստագետ այդ կոնֆլիկտում չէր կարող ընտրել ու չի ընտրել օրվա հաղթանակը: Իսկ օրվա տերերին մոռացության է մատնում ժամանակը, որ մաղում է հարդը ցորենից ու ապագայի բերքի համար ընտրում մաքրված ցորենը:
Հասարակության ողբերգությունն է, որ փակ շրջանակը պարբերաբար կրկնվում է` ամեն տասնամյակ բերում է իր արգելված անունները` մարդիկ, որ համարձակություն ունեն սևի ու սպիտակի միջև նաև այլ գույներ ու նույնիսկ գծեր տեսնելու և ցույց տալու: Նույն Բորիս Պաստեռնակը, ում «Դոկտոր Ժիվագոն» դարձավ հասարակական պարսավանքի առարկա, թեպետ արժանացավ Նոբելյան մրցանակի, նույն Ալեքսանդր Սոլժենիցինն իր հանրահայտ ԳՈԻԼԱԳ-ով, որի համար արտաքսվեց երկրից, նույն Անդրեյ Սախարովի գիտական ու հասարակական գործունեությունը (նույնիսկ 90-ականի բացախոսության պայմաններում նա մնաց չհասկացված)... Հայ իրականության մեջ` Պարույր Սևակն ու Հրանտ Մաթևոսյանը և այլք, որոնք բնավ համակարգի փոփոխության խնդիր չառաջադրելով` ակամա դառնում էին համակարգին անցանկալի մարդիկ, որովհետև իրենց ստեղծագործության մեջ ինքնաճանաչման ու գնահատման, նաև վերագնահատման խնդիր էին դնում ու շարունակում էին իրենց ժամանակի մեջ դեռ չպատասխանված` ո՞վ ենք մենք, որտեղից ո՞ւր ենք գնում հարցերի պատասխանները տալ: Հարցեր, որոնց ձևակերպումն ու բարձրաձայնումն արդեն այլախոհություն էին, որովհետև պաշտոնական պատասխանի այլընտրանք էին, որովհետև ստիպում էին մտածել... Ստիպում էին չափանիշի չափանիշ որոնել, երբ ամեն ինչ կուսակցության համագումարներում բանաձևված էր և մնում էր կատարել... ՈՒ նրանք դառնում էին արվեստագետ-իշխանություն դասական հակադրության հերթական զոհը, մինչդեռ իրենց կողքին բարեհաջող ու բազմահատոր ստեղծագործում էին տասնյակները, ում համար ընդհանրապես գոյություն չուներ նման կոնֆլիկտ ու չէր էլ կարող գոյություն ունենալ, որովհետև սոցիալիստական ռեալիզմը միայն լավատեսություն ու սոցիալիստական ապրելակերպի հաղթական ընթացքն էր արձանագրում: Իսկ արդյունքում` հասարակությունը հայտնվում էր իշխանահաճ թմբիրի ու ընդարմացումի մեջ, որ ինքնախաբեության պատրանք էր բերում` ինչպես Ֆրանսուա Ռաբլեի հանրահայտ պանգլոսյան փիլիսոփայությունն էր` աշխարհներից լավագույնում ամեն ինչ լավից դեպի լավագույնն է գնում... Եվ եթե գտնվում էին այդ թմբիրից հանողներ, նրանք հանուրի պարսավանքին էին ենթարկվում...
Բայց այստեղ ևս կա շատ նուրբ պահ` երբ արվեստագետը սկսում է զբաղվել գաղափարախոսությամբ (իմա` քաղաքականությամբ), նա ակամայից դադարում է արվեստագետ լինելուց, և այս փաստի հարյուրավոր հավաստումներ կան մշակույթի պատմության մեջ (այդպես է նաև Չարենցի ու նրա ժամանակակիցների դեպքում), այլ խնդիր է, որ արվեստագետի ստեղծագործությունն է մղում, նախապատրաստում հասարակությանը գաղափարախոսական փոփոխությունների` արվեստագետի քաղաքականությունից դուրս ու վեր լինելու պարագայում: Այս իրողությունը ևս Չարենցի կյանքով ապացուցված փաստ է` ագիտկաները արվեստի աստիճանի բարձրացնելու ձախողված փորձերից հետո «Էպիքական լուսաբաց»-ով ու «Գիրք ճանապարհի»-ով Եղիշե Չարենցը հասավ պոեզիայի այն որակին ու ներգործությանը, որ այսօր նրան դասում է համաշխարհային գրականության դասականների կողքին: Բացի այդ, հենց նրա պոեզիան հենք դարձավ ապագա սերունդների այլախոհության հնարավորության համար:
Բազմակարծությունն ու տարբեր տեսակետների նկատմամբ հասարակական հանդուրժողականության ու ընկալման մթնոլորտի առկայությունն արվեստագետների ու գիտնականների դրախտն է, բայց ինչպես Աստվաշածունչն է վկայում` երկրի վրա չէ դրախտը: Գոնե այն դրախտը, որին արժանի են երկրի աղը դարձողները:
ՈՒ այս փակ շրջանակը պտտվում է բոլոր ժամանակներում` իր անիվի վրա պահելով օրվա տերերին, իսկ անիվի տակ առնելով ժամանակի տերերին:
Եվ, իրավամբ, ժամանակի այդպիսի ՏԵՐ է Եղիշե Չարենցը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 4312

Մեկնաբանություններ