«ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ»
Խորհրդային ժամանակաշրջանում բարի ավանդույթ էր զանազան փառատոների կազմակերպումը: Հատկանշական էր այն, որ դրանց որոշ մասն անցկացվում էր հանրապետության շրջաններում, և այդ առումով շրջանի բնակիչն անմասն չէր մնում մշակութային կյանքի ռիթմից, մյուս կողմից` այդպիսի փառատոները լավ առիթ էին նաև շրջանային զանազան մշակութային խմբերի համար՝ հավաքվելու և ներկայացնելու իրենց ձեռքբերումներն ու նվաճումները:
Ահա այսպիսի մի փառատոն էր, տվյալ դեպքում՝ թատերական, սկսած 1970-ից անցկացվում նաև Լոռվա բնաշխարհիկ մարզի Ալավերդի քաղաքում: Նրա հիմնական նպատակն էր այն ժամանակվա ԽՍՀՄ և Հայաստանի տարբեր մարզերի ու շրջանների պրոֆեսիոնալ ու սիրողական թատերախմբերը համատեղել մի վայրում, և դա դառնում էր յուրօրինակ միջմշակութային երկխոսության ասպարեզ տարբեր ազգությունների մարդկանց համար: Նախորդ դարի 80-ական թթ. նախկին ԽՍՀՄ լեռնամետալուրգիայի կենտրոններից մեկում` Ալավերդում, անցկացվում էին ոչ միայն համամիութենական, այլև միջազգային ընդգրկվածություն ունեցող փառատոներ, որոնցից նշանակալի էին «Բարեկամության մեղեդիները» և «Թատերական Լոռին»: Բացի Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից, դրանց իրենց մասնակցությունն էին բերում նաև Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Վրաստանը, Բելառուսը, ՈՒկրաինան, Մոլդովան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան: Փառատոներն անցկացվում էին ինչպես Ալավերդում, այնպես էլ Թումանյանի տարածաշրջանի այլ բնակավայրերում, և ամբողջ մեկ շաբաթ տեղի հանդիսատեսն ունկնդիր էր լինում բազմազան համերգների ու ներկայացումների: Մինչև 1991թ. անցկացված փառատոներին ընդհանուր հաշվարկով մասնակցել էր մոտ 6000 արտիստ և կատարող:
Հայաստանի անկախացումից հետո, սոցիալ-տնտեսական և քաղաքական բարդ իրադրության պատճառով, արդեն ավանդական դարձած երաժշտական փառատոնը դադարեց գոյություն ունենալուց: Սակայն «Թատերական Լոռին», չնայած բազմաթիվ դժվարություններին, շարունակեց իր ուղին: 1992-94թթ. փառատոնի կազմակերպիչներն էին Ալավերդու քաղխորհուրդը, Թումանյանի շրջխորհուրդը և ՀԹԸ Կիրովականի բաժանմունքը: 1994-ից սկսած՝ «Թատերական Լոռին» սկսեց անցկացվել 2 տարին մեկ անգամ, քանի որ այդ դժվարին ժամանակահատվածում ամեն թատրոն չէ, որ կարողանում էր յուրաքանչյուր տարի նոր ներկայացում պատրաստել: Ի միջի այլոց, «Թատերական Լոռի» փառատոնի նախապայմաններից մեկն էլ այն է, որ մասնակից թատերախումբն անպայման նոր ներկայացմամբ պետք է հանդես գա:
Այս պարբերականությամբ «Թատերական Լոռին» շարունակվեց մինչև 2003թ.: 2005թ., ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, փառատոնը տեղի չունեցավ, իսկ 2006թ. այն անցկացվեց միայն «Բաց հասարակության ինստիտուտի» ֆինանսական օժանդակությամբ:
Եվ ահա այս տարի, «Թատերական Լոռի» թվով 19-րդ փառատոնը, ընդ որում՝ առաջին անգամ, անցկացվում էր ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ, որին նաև իր աջակցությունն էր ցուցաբերել «Վալլեքս Գրուպը»: Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Վանաձորի, Արտաշատի, Գավառի, Կապանի և Գորիսի պետական ու ևս 7 սիրողական թատերախմբեր: Հոկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում տեղի հանդիսատեսի դատին էր հանձնվել 15 գեղարվեստական և տիկնիկային ներկայացում: Ինչ խոսք, ներկայացումների այս առատության մեջ տեղացի հանդիսատեսը կարողացել էր գտնել իրեն հոգեհարազատ բեմադրությունը, և պատահական չէ, որ բոլոր ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Կարելի է ասել, որ փառատոնը մայրաքաղաքից հեռու ապրող բնակավայրի բնակչին լավ հնարավորություն էր ընձեռել մոտիկից ծանոթանալու թատերարվեստին, իսկ մասնակից թատերախմբերին՝ արժանանալու լավ և բանիմաց հանդիսատեսի:
Փակման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Ալավերդու մշակութային պալատի դահլիճում, նշվեց, որ այս փառատոնի անցկացումն իսկապես Լոռվա աշխարհի տոնն է: Հիշատակվեց, որ Ալավերդին ևս տվել է բավականին տաղանդավոր և ճանաչում գտած դերասանների` Մհեր Մսրյան, Սենիկ Շեկոյան, Բորիս Պեպանյան և ուրիշներ: Փառատոնի հովանավոր «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը մասնավորապես մաղթեց, որ հետագայում ևս բոլոր ներկայացումներն անցնեն լեփ-լեցուն դահլիճներում և խոստացավ հաջորդ՝ հոբելյանական 20-րդ փառատոնին ընդառաջ ամբողջովին վերանորոգել Ալավերդու մշակութային պալատի դահլիճը և այն համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին: Նա նաև հույս հայտնեց, որ հետագայում, չնայած դեռևս առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին, «Թատերական Լոռի» փառատոնն է՛լ ավելի շատ մասնակիցների կներգրավի: Իսկ Պարոնյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն էլ ընդգծեց, որ թատրոնի բեմն ու եկեղեցու հարթակը բարձր են շինված հանդիսատեսից այն պատճառով, որ երկուսն էլ քարոզում են բարություն, սեր, որոնք միգուցե այսօր մոռացվել են, սակայն առանց նրանց դժվար է կառուցել լիարժեք և գործունյա հասարակություն: Փակման արարողության ժամանակ նաև տեղի ունեցավ մասնակից թատերական և տիկնիկային խմբերի պարգևատրության արարողությունը, որի ժամանակ հանձնվեցին պատվոգրեր, հուշանվերներ և դրամական մրցանակներ:
«Թատերական Լոռի» փառատոնի վերջին օրը՝ հոկտեմբերի 18-ը, համընկել էր հյուրընկալող քաղաքի` Ալավերդու օրվան, որի շրջանակներում անցկացվեց Ալավերդու ստեղծագործողների և գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որն ուղեկցվում էր տեղի «Լազուր» ժողգործիքների համույթի ելույթով: Այնուհետև Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում տեղի ունեցավ Սերգեյ Զատիկյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի ընկերական հանդիպում: Քաղաքի մշակույթի պալատում բացվել էր լուսանկարիչ Լևոն Մանուկյանի «Հին ու նոր Ալավերդին» խորագրով անհատական ֆոտոցուցահանդեսը, որտեղ նկարների միջոցով պատկերված էր Ալավերդու պատմությունը` սկսած նախորդ դարի 30-ական թվականներից մինչև մեր օրերը:
Քաղաքի տոնը և «Թատերական Լոռին» եզրափակվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հրապարակում կազմակերպված հայ էստրադայի ներկայացուցիչների համերգով ու հրավառությամբ:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Երևան-Ալավերդի-Երևան