ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Արևմտյան հանրության դիրքորոշումները Սամցխե-Ջավախեթիի խնդիրների վերաբերյալ

Արևմտյան հանրության դիրքորոշումները Սամցխե-Ջավախեթիի խնդիրների վերաբերյալ
03.03.2009 | 00:00

ՋԱՎԱԽՔ
1993-ից, այսինքն` Վրաստանում Է. Շևարդնաձեի իշխանության գալուց հետո, երկիրը հայտնվեց արևմտյան հանրության հետաքրքրությունների ծիրում։ Չնայած եվրոպական պետությունների ու ԱՄՆ-ի դիրքորոշումների էական տարբերությանը, հատկապես տարածաշրջանային քաղաքականության առումով, ամերիկացիներն ու եվրոպացիները միջազգային քաղաքական պրակտիկայում հաստատեցին իրենց անվերապահ աջակցությունը Վրաստանին` իբրև կարևոր գեոռազմավարական դիրք ունեցող ու արմատական արևմտամետ կողմնորոշում որդեգրած պետության։ Արևմտյան հանրությունը հետաքրքրություն չցուցաբերեց Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների կարգավորմանը, քանի որ դրանք լուրջ ազդեցություն չունեին էներգետիկ կոմունիկացիաների ցանցի կառուցման առումով։ Սակայն լուրջ ուշադրություն դարձվեց Աջարիային, որի դիրքորոշումից շատ կողմերով կախված էր կասպիական նավթի առանց խոչընդոտների արտահանումը դեպի սևծովյան նավահանգիստներ։ Այսպիսով, ներվրացական խնդիրները, այդ թվում` ազգամիջյան հակամարտությունները, արևմտյան հանրության կողմից դիտարկվել են բացառապես էներգետիկ կոմունիկացիաների հետ կապված ռիսկերի տեսանկյունից։ Արևմտյան շահերի համատեքստում առանձին տեղ էր զբաղեցնում Վրաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների խնդիրը, բայց դա էլ շատ կողմերով առնչվում էր էներգետիկ կոմունիկացիաների անվտանգությանը։ Հենց այս տեսանկյունից էլ պետք է դիտարկել արևմտյան հանրության դիրքորոշումները` կապված Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի և, մասնավորապես, Ջավախքի հետ` որպես էթնոքաղաքական հիմնախնդրի։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Բելգիայի փորձագիտական շրջանակները, որ ներառում են ոչ ավելի, քան 25 փորձագետների, իրականացրին մանրամասն ու բազմակողմանի վերլուծություն Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի վերաբերյալ։ Այդ աշխատանքն իրականացվել է տարբեր եվրասիական և կովկասյան հետազոտական ծրագրերի շրջանակներում` նշված պետությունների առաջատար ինստիտուտներում ու վերլուծական կենտրոններում։ Սակայն դա երբեք չի կրել հատուկ առանձնացված բնույթ, և միաժամանակ ուշադրության է արժանի այն, որ այդ ուսումնասիրություններն իրականացվել են բավականին փակ ռեժիմով, և դժվար է հայտնաբերել դրանց արդյունքների վերաբերյալ հրապարակումներ։ Առանձին ուսումնասիրություններ էլ իրականացվել են բացառապես դրանց հեղինակների նախաձեռնությամբ։ Կա տպավորություն, որ տարբեր փորձագետների միջև եղել է որոշակի համաձայնություն` ուսումնասիրվող ոլորտի հետ կապված, ինչն ի սկզբանե ենթադրում էր հասարակական հետաքրքրության դիտավորյալ «մարում» այդ խնդրի նկատմամբ։ Սամցխե-Ջավախեթիի վերաբերյալ ուսումնասիրություններով զբաղվել են հետևյալ առաջատար կենտրոնները. The Central Asia-Caucasus Institute - Johns Hopkins University - The Nitze School - SAIS - Washington, D.C; Carnegie Endowement National Democratic Institute, Washington. D.C; Science Applications Institutes (SAIC); Brookings-institute Heritage Foundation Washington, DC; The International Institute for Strategic Stadies - IISS - London; Conciliation resources London Programme - London; Russia and Eurassia Programme - Russia and Eurasia Programm The Royal Institute of International Affairs - Chatham House London; Centre for European Reform, London; The International Policy Institute - School of Sosial Science and Public Policy - King s College London; LINKS - The London information network on conflicts and state-bulding - London; The eurasia Programme manager at International Alert; Control Risks Group - CRG - Cottons Centre, Cottons Lane, London; St. Anne's College University of Oxford; Democracy and Conflict - Foreign Policy Centre; The Centre for European Policy - Studies Relations with Caucasus EU-US Relations - Brussel; Center for International Prospective Studies (CEPII) - Paris։ Այս ինստիտուտներն ու վերլուծական կենտրոնները տարբեր չափով են զբաղվել երկրամասի խնդիրների ուսումնասիրությամբ։ Սամցխե-Ջավախեթին համակարգային ու մշտական ուշադրության է արժանացել միայն Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից, որն իր ուսումնասիրություններն իրականացրել է Եվրոպական հանձնաժողովի պատվերով ու հատուկ պայմանավորվածությունների շրջանակում։ ՈՒսումնասիրության նյութերն ամենից առաջ ներկայացվում են Եվրամիության նախարարների խորհրդին, և բոլորից շուտ դրանց ծանոթանում է Խավիեր Սոլանան։ Նրա հետաքրքրությունն այս հարցի հետ կապված բացատրվում էր Վրաստանից ռուսական ռազմաբազաների դուրսբերման անհրաժեշտությամբ։ 2005-ին Խավիեր Սոլանան Բրյուսելում հայ փորձագետների հետ հանդիպման ժամանակ ստիպված էր համաձայնել, որ «հայ բնակչությունը Վրաստանում ենթարկվում է խտրականության որոշ դրսևորումների, ինչը վտանգներ է ստեղծում»։ Միաժամանակ նա կարծիք հայտնեց, թե «ճիշտ չէր լինի Վրաստանին սուր քննադատության ենթարկել այնպիսի հարցերում, որոնք հնարավոր է հաջողությամբ լուծել։ Վրաստանը պետք է լուծի այն խնդիրները, որոնք հնարավորություն կտան հաջողությամբ ինտեգրացվել Եվրոպա և ՆԱՏՕ։ Այդ հարցերի լուծումից հետո Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, ու նրա ղեկավարությանն այլևս չեն ներվի նման սխալները»։
Մեծ Բրիտանիայում Կովկասի խնդիրներով առաջատար մասնագետ Ռոյ Ալիսոնի խոստովանությամբ, ներկայումս Եվրամիության համար ամենաանցանկալի տարբերակը կլիներ Հայաստանի կամ Ռուսաստանի կողմից Հարավային Վրաստանում բնակվող էթնիկական խմբերի վերաբերյալ հարցի բարձրացումը ԵԽԽՎ-ում։ Միաժամանակ կա այլ կարծիք, որն արտահայտել է Institut de Relations Internationales et Strategiques (IRIS)-ի տնօրեն Պասկալ Բոնիֆասիեն, որը կարծում է, թե Հայաստանը պետք է սկսի գործել հենց հիմա, երբ Վրաստանի հետ կապված հարցերը լուծված չեն։ Որովհետև եթե Վրաստանը դառնա Եվրամիության ու ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ, այդ խնդիրների լուծումը խիստ կդժվարանա։ Ըստ նրա, իրականությանը չի համապատասխանում այն, թե եվրոպական հանրությունը շահագրգիռ չէ Վրաստանի քննադատությամբ, քանի որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև առկա են լուրջ հակասություններ տարածաշրջանային քաղաքականության հարթության մեջ, ինչն էլ պայմանավորում է եվրոպական շահերն այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն իր քաղաքականության իրագործմամբ միաժամանակ անտեսում է մարդու իրավունքները` հատկապես էթնիկական երկրամասերի հետ կապված։ Այս կարծիքը հաշվի առնելով` հնարավոր է մի շարք քայլեր ձեռնարկել եվրոպական ասպարեզում։ Մասնավորապես, Ռուսաստանը կարող էր արևմտյան ոճ որդեգրելով առաջ քաշել Ջավախքի և Վրաստանի այլ երկրամասերի խնդիրը` որպես մարդու իրավունքների ու փոքրամասնությունների խնդիր։
1990-ականներից Արևմուտքի փորձագիտական շրջանակներում ձևավորվել է կարծիք, թե Սամցխե-Ջավախեթիում կուտակվել է բավական մեծ պայթյունավտանգ ներուժ, և իրավիճակը գնալով ավելի անկառավարելի է դառնում։ Համարվում էր, որ Է. Շևարդնաձեն ի վիճակի չէ ապահովելու այդ օջախի մարումը, և Արևմուտքին անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել` լարվածությունը թուլացնելու համար։ Ըստ այդմ, ձևավորվեցին ու շրջանառության մեջ դրվեցին հետևյալ կարծրատիպերը, թե լարվածության հիմնական պատճառը ռուսական ռազմաբազան պահպանելու խնդիրն է, իսկ Ջավախքի հասարակական շարժումները կառավարվում են տեղական կոռումպացված առաջնորդների կողմից, ինչպես նաև լարվածության մեծացման առումով լուրջ դեր են խաղում Հայաստանից ղեկավարվող հայկական ազգայնական կազմակերպությունները, իսկ հայկական քաղաքական ազգայնականությունն ուղղված է տարածաշրջանում արևմտյան ազդեցության և Վրաստանի ժողովրդավարացման դեմ։ Այսպիսով, Ջավախքի հայ բնակչության դիրքորոշումն ու կարծիքը չէր արժանանում լուրջ ընկալման։ 1993-2006 թ. արևմտյան ինստիտուտներն ու կենտրոնները լայնորեն օգտագործում էին վրացական մասնագետների փորձագիտական կարծիքներն ու տեղեկատվական-վերլուծական ծառայությունները` միաժամանակ անտեսելով հայ փորձագետների գնահատականները։ Միայն 2001-2002 թվականներից հետո Սամցխե-Ջավախեթիի հետ կապված հետազոտություններում սկսեցին ներգրավել նաև հայ մասնագետների, սակայն բացառապես արևմտյան կողմնորոշում ունեցող մարդկանց, ովքեր համոզիչ կերպով մինչ այդ արդեն ապացուցել էին իրենց կողմնորոշվածությունը։
Այս մոտեցման արդյունքում պարզվեց, որ ուսումնասիրությունների պատվիրատուները` ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունները, Եվրամիության նախարարների խորհուրդը և Եվրահանձնաժողովը, ինչպես նաև առաջատար նավթային ընկերություններն ու ամենից առաջ «Բրիթիշ Պետրոլեումը», չունեն մասնագիտական վերլուծություններ ու երաշխավորություններ, որոնք կարելի լիներ օգտագործել Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հարավային Վրաստանում արդյունավետ քաղաքականություն իրագործելու համար։ Մասնավորապես, «Բի-Պի» վերլուծական խորհրդի ղեկավար Ջոն Գերսոնը հանդես եկավ հարցադրմամբ` մինչ այդ հետազոտություն իրականացրած մեծբրիտանական ինստիտուտների աշխատանքների ֆինանսավորումն այս ուղղությամբ շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ։ ԱՄՆ-ում Ջավախքի հետ կապված ուսումնասիրությունները սահմանափակվեցին բացառապես «Կենտրոնական Ասիայի և Կովկասի» ինստիտուտի շրջանակներում` շատ ակադեմիական մակարդակով։ Հիմնական ու թերևս միակ կազմակերպությունը, որ Սամցխե-Ջավախեթիի վերաբերյալ հատուկ ռեժիմում շարունակեց ուսումնասիրությունները, ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտն էր, և այդ ուսումնասիրությունները նպատակ ունեին կոնկրետ երաշխավորություններ ներկայացնելու պետդեպարտամենտին։ Մեծ Բրիտանիայում Հարավային Կովկասի, այդ թվում` տարածաշրջանի կոնֆլիկտային գոտիների վերաբերյալ ուսումնասիրությունները կենտրոնացրին հատուկ ստեղծված կորպորացիայում, ուր ընդգրկված են The International Institute for Strategic Stadies - IISS - (London), Conciliation resources, LINKS- The London information network on conflicts and state-bulding (London), International Alert (London) կազմակերպությունները։ Որոշակի դեր այդ ուսումնասիրություններում խաղում է նաև Բրյուսելում գտնվող The Centre for European Policy - Studies Relations with Caucasus EU-US Relations ամերիկյան վերլուծական կազմակերպությունը։ Ներկայումս Սամցխե-Ջավախեթիի խնդիրներով է սկսել զբաղվել նաև ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր տարբեր մշակումներով հայտնի Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ), որը փորձում է այս հարցի շուրջ վերլուծություններ իրականացնել եվրոպական կառույցների համար։ Ըստ հրապարակում եղած տվյալների, ՄՃԽ-ի երաշխավորությունները հիմնականում պարունակում են կառավարման ապակենտրոնացման և իշխանության տեղական մարմիններին ավելի լայն լիազորություններ տալու առաջարկություններ։
Կարելի է համոզված պնդել, որ արևմտյան վերլուծական հանրությունը և համապատասխանաբար նաև քաղաքական գործիչները, ամենից առաջ ԱՄՆ-ում, Սամցխե-Ջավախեթիի վերաբերյալ հանգել են որոշ սկզբունքային եզրակացությունների։ Ելնելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության խնդիրներից` ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հետաքրքրված չեն այս տարածաշրջան թուրք-մեսխեթցիների վերադարձով։ Ի հակակշիռ այս դիրքորոշման, եվրոպական կառույցները շարունակում են պնդել, որ Վրաստանը պետք է կատարի այդ պարտավորությունը։ Հայկական հասարակական կազմակերպությունների գործունեությունը Վաշինգտոնում ու Բրյուսելում վերջին երկու տարիներին ունեցավ որոշ նշանակություն երկրամասի հայ բնակչության իրավունքների պաշտպանության առումով։ Դրա արդյունքում այս հարցի շուրջ հետաքրքրություն է առաջացել, և դրանով զբաղվում են ոչ միայն պետական կառույցների մեջ ինտեգրացված ինստիտուտները, այլև ԱՄՆ-ի ու առաջատար եվրոպական երկրների` Վրաստանում գտնվող դեսպանատները։ Միաժամանակ, ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային միանգամայն կբավարարի անվտանգության բավարար մակարդակն այս երկրամասում, և օրակարգում կմնա միայն շոշափելի դժգոհություններ թույլ չտալու խնդիրը։ Միանգամայն պարզ է, որ ամերիկացիներին ու եվրոպացիներին հետաքրքրում է ոչ թե Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում քաղաքական հիմնախնդիրների հիմնավոր լուծումը, այլ զայրույթի դրսևորումների հիմնավոր մարումը` ապագայում դրանց բորբոքումը բացառելու երաշխիքով։ Այն բանից հետո, երբ Վրաստանում կավարտվի նավթամուղի պաշտպանության համար նախատեսված հատուկ ուժերի ստեղծումը, այս երկրամասը, իբրև հավանական ռիսկի գոտի, ավելի ու ավելի քիչ կարժանանա Արևմուտքի ուշադրությանը։ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Բրայան Ֆոլի կարծիքով, Ջավախքում հիմնական քաղաքական խնդիրը ռուսական ռազմաբազան էր, որի դուրսբերումից հետո բոլոր խնդիրները կլուծվեն արագ։ Ավելի ցինիկ արտահայտություն այս դեպքում դժվար է պատկերացնել։ Միաժամանակ բնութագրական է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կովկասյան ստորաբաժանման ղեկավար Մեթյու Բրայզայի արտահայտությունը` Վրաստանի քաղաքականության մեջ ազգայնականության բաղադրիչի կենտրոնացման վերաբերյալ։ «Վրացական ազգայնականությունը չի կարող բավականաչափ վտանգավոր լինել, քանզի վրացական ազգը գտնվում է ուժերի անկման փուլում։ Նրա ազգայնականությունը կոչված է փրկելու մեռնող երկիրը։ Իսկ, այ, հայկական ազգայնականությունը չի կարող զգուշություն չներշնչել, քանի որ դա շատ էքսպանսիվ, կազմակերպված ու ինտելեկտուալ ազգի գաղափարախոսություն է»,- նշել է Մ. Բրայզան։
Ամերիկյան առաջատար վերլուծաբան ու քաղաքագետ, Արտաքին քաղաքականության խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասը նույնպես համարում է, որ «Հայաստանը հեշտությամբ է լուծում շատ դժվար խնդիրներ։ Ստացած օգնությունն օգտագործվում է շատ արդյունավետ այն դեպքում, երբ Վրաստանը ,փաստորեն կարիք ունի մշտական հովանավորության, իսկ նրա քաղաքական ու սոցիալական ճակատագիրը մնում է անհասկանալի»։ ԱՄՆ-ի ռազմական հետախուզության գնդապետ, Սենատում վերլուծաբանների խմբի ղեկավար Բրյուս Ջեքսոնն օսերի նկատմամբ Վրաստանի կողմից ցեղասպանական գործողություններ կիրառելու հավանականության մասին հարցին ժամանակին արձագանքեց հետևյալ կերպ. «Ի՞նչ ցեղասպանական գործողությունների մասին կարող է խոսք լինել, երբ վրացիներն օրվա մեջ երկու ժամ կարող են սթափ մնալ»։ Ֆրանսիայում Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով առաջատար մասնագետ, փարիզյան IRIS ինստիտուտի վերլուծաբան Առնո Դյուբիենը, որ լավ ծանոթ է վրացական խնդիրներին, կարծիք է հայտնում, թե «Վրաստանի ծրագրերը` երկիրն էթնիկական փոքրամասնություններից «ազատելու» մասին, լավ հայտնի են, բայց դրա վերաբերյալ ընդունված չէ ծավալվել աշխարհաքաղաքական դրդապատճառներով։ Սակայն վրացական ներկայիս ռեժիմին ուղղակի անհրաժեշտ են մշտական սուր իրավիճակներ «ճակատային գծում», քանի որ երկրի ղեկավարությունը ժողովրդին այլընտրանք չունի առաջարկելու»։ Իսկ Բրյուսելում Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կովկասյան ծրագրի ղեկավար Մայքլ Էմերսոնը պնդում է. «Ակնհայտ են դարձել Վրաստանի մտադրությունները` պետական կառուցվածքի այնպիսի բարեփոխումներ իրականացնելու, որոնք թույլ կտային, մի կողմից, արժանանալ Եվրոպայի խորհրդի ու Եվրահանձնաժողովի հավանությանը, սակայն դրան զուգահեռ իրականացնել էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ խտրականության քաղաքականություն, ինչն արդեն լավ հասկացել են եվրոպական նախասրահներում»։ Ֆրանսիական կառավարական հաստատություններին սերտ ինտեգրացված քաղաքագետ Ջերարդ Չալյանն իր հերթին պնդում է . «Ներգործություն ունեցող իշխանության բոլոր կենտրոնների առկայության պարագայում, նկատի ունենալով նաև շահագրգիռ և ոչ շահագրգիռ քաղաքական խմբավորումների գոյությունը, Վրաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը, այնուհանդերձ, որոշում են երկու մարդ` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն ու Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան։ Այս երկու գործիչների միջև հարաբերություններով էլ որոշվում է, թե որքանով է թույլատրելի Վրաստանի քննադատությունը»։ Այսպիսով` Վրաստանն առայժմ «ազատ նավարկության» բավական մեծ կրեդիտ ունի։
Հետաքրքիր է, որ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված է 104 մլն դոլար Սամցխե-Ջավախեթիում 190 կմ ավտոճանապարհ նորոգելու և կառուցելու համար, որպեսզի երկրամասը կապվի Թբիլիսիի հետ։ Սակայն այդ ծրագիրը չի նախատեսում Ջավախքը Հայաստանի հետ կապող 26 կմ ճանապարհի վերակառուցումը, ինչի մասին հայկական կազմակերպությունները բազմիցս հիշեցրել են ամերիկյան վարչակազմին, սակայն առայժմ` ապարդյուն։ Այս պայմաններում, անշուշտ, չի կարելի անտեսել Արևմուտքում հայկական լոբբիստական կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը` Վրաստանում ու, մասնավորապես, Ջավախքում, հայ բնակչության շահերի պաշտպանության առումով։ Սակայն ավելի արդյունավետ կարող է լինել Վրաստանի վրա ճնշման անմիջական լծակների ստեղծումը։ Այդպիսի լծակներ Հայաստանն արդեն իսկ փորձում է ստեղծել, բայց դրանք ավելի գործուն կլինեն, եթե Հայաստանի մասնակցությամբ այդ խնդիրը փորձեն լուծել Ռուսաստանը, ինչպես նաև Իրանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ