Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բալանսավորված հարաբերությունների կառուցումը՝ Վրաստանի սուբյեկտայնության բարձրացման նախադրյալ

Բալանսավորված հարաբերությունների կառուցումը՝ Վրաստանի սուբյեկտայնության բարձրացման նախադրյալ
25.07.2024 | 19:27

Վրաստանը փաստացի ձգտում է բալանսավորված հարաբերություններ կառուցել և դառնալ հավասարակշռված պետություն Հարավային Կովկասում։ Խնդիրը այն չէ, որ այստեղ առկա են բիզնես շահեր Ռուսաստանի հետ կամ Ռուսաստանում ինչ-որ բիզնես հետաքրքրություններ, ինչպես շատ են սիրում խոսել Հայաստանում, այլ խնդիրն առաջին հերթին աշխարհագրությունն է, տարածաշրջանի քաղաքական քարտեզը, որը Վրաստանում լավ են հասկանում։ Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը այս իմաստով գրեթե միշտ կարողացել է զգալ իրողությունները և խուսափել մեծ փոթորիկներից (Սաակաշվիլիի իշխանությունը այլ դեպք էր): Վրաստանը չի կարող արհամարհել իր հարևանությունը Ռուսաստանի հետ, միաժամանակ Վրաստանը ազդեցության, ռեսուրսների և այլնի իմաստով անգամ չափազանց հեռավոր ապագայում չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ, ուստի ստիպված է հաշվի առնել տարածաշրջանային իրողությունները և խուսափել Ուկրաինայի ճակատագրից։ Ի դեպ, սա առայժմ ստացվում է Վրաստանի մոտ, իսկ բալանսավորված հարաբերությունների կառուցումը միանշանակ բերելու է Վրաստանի սուբյեկտայնության բարձրացման։

Միաժամանակ առայժմ գոնե կեղծ են պնդումները, թե Վրաստանը հրաժարվում է իր եվրոպական ապագայից, որովհետև Վրաստանի եվրոպական ուղղությունը ամրագրված է երկրի Սահմանադրությամբ, իսկ այդ հարցով սահմանադրական հանրաքվեն, կարծում եմ, տեսանելի ապագայում իրատեսական չէ նախ այն պատճառով, որ հասարակական նման պահանջի անգամ նախանշան չկա։ Հետևաբար Վրաստանը ձգտելու է ԵՄ անդամ լինելով ունենալ համեմատաբար ներքին և արտաքին (տարածաշրջանային) ինքնուրույնություն։

Իսկ Վրաստանի այս գծի հետ անհաշտ արտաքին ուժերը վաղ թե ուշ հաշվի են նստելու այսպիսի ընտրության հետ, եթե Վրաստանի ժողովուրդը և քաղաքական իշխանությունները հաստատակամ լինեն իրենց ընտրության մեջ, մնան կանխատեսելի և հասկանալի արտաքին ե ներքին քաղաքականության մեջ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 9073

Մեկնաբանություններ