ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Աշխարհը նորից կմոտենա կայուն երկբևեռության ռեժիմին

Աշխարհը նորից կմոտենա կայուն երկբևեռության ռեժիմին
22.07.2024 | 14:01

Նոր աշխարհաքաղաքական պայմաններում տեղի ունեցող անցումը միաբևեռ աշխարհից դեպի ժամանակավոր բազմաբևեռություն, որի անկայունությունից առաջացած թոհուբոհից հետո աշխարհը նորից կմոտենա կայուն երկբևեռության ռեժիմին, մարդկությունը կսկսի ապրել որակապես նոր պարադիգմի պայմաններում։

Միաբևեռ աշխարհի անցյալ դառնալու հետ միասին մարդկությունը կսկսի նոր հայացքով նայել ու գնահատել ինչպես դասական դեմոկրատիան իր ծայրահեղության, այն է՝ լիբերալ դեմոկրատիայի հետ միասին, այնպես էլ նոր երկբևեռ աշխարհում ավտորիտար հակումներ ունեցող նրա մյուս մրցակցին։

Բանն այն է, որ մարդկությանը սպասող երկբևեռ նոր ռեժիմի անալիզի ու համակողմանի գնահատումների համար կարիք կլինի ունենալ նոր գաղափարախոսություն, որը փոխարինելու կգա եվրոպակենտրոն մտածողությանը, որն ավելի ուշ դարձավ գլոբալ արևմտակենտրոն գաղափարախոսություն։

Նախ, կպարզվի, որ աշխարհաքաղաքական մրցակցության տեսանկյունից լիբերալ դեմոկրատական տեսակի գաղափարախոսությունը պարզապես միցունակ չէ իր սպառված պասիոնարության և կրիտիկական որոշումների կայացման ոչ օպերատիվության պատճառով։

Ինչպես երկարատև բարեկեցիկ ու անվտանգ կյանքով ապրելու պատճառով պասիոնար հատկությունների կորուստը, այնպես էլ կառավարման մեխանիզմի ոչ օպերատիվ լինելը իշխանությունների բաժանման դեմոկրատական մոդելի պատճառով, կրիտիկական պահերին դառնում են գործողությունների ձգձգման ու ոչ էֆեկտիվ լինելու լուրջ պատճառներ։

Այս սկզբունքային բնույթի շատ լուրջ թերությունները միաբևեռ աշխարհում զգալի չեն եղել, քանի որ այդ բևեռը լուրջ մրցակից չի էլ ունեցել։

Ներկայում Ուկրաինայում տեղի ունեցող բախումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև ցույց է տալիս, որ կրիտիկական պահերին ավտորիտար կառավարումը զգալի առավելություններ ունի այլ հարցերում իր էֆեկտիվությունը ցույց տված դեմոկրատական կառավարման նկատմամբ։

Դրա ակնհայտ ապացույցը ԱՄՆ-ի կողմից պատերազմական գործողությունների ֆինանսավորման և զինամատակարարումների վեցամսյա ձգձգումներն էին, որոնք պայմանավորված էին որոշումների կայացման դեմոկրատական տեսակի հետ կապված պրոցեդուրաներով, որոնք էլ իրենց հերթին համեմված էին նախագահական ընտրություններով, որոնք գլոբալ իմաստով Արևմուտքի շահերին հակառակ էին։

Իսկ այդ նույն ժամանակ Պուտինը և՛ վերընտրվեց, և՛ իր պետության շահերին համապատասխան ուժեղացրեց ռազմական արդյունաբերությունը։

Այս ամենը ցույց է տալիս, որ Ֆուկույամայի տեսակի եզրակացությունները դեմոկրատիայի վերջնական հաղթանակի մասին, որոնք բերեցին լիբերալ դեմոկրատիայի անիմաստ ծաղկման ու դրա հետ կապված ԼԳԲՏ և այլ տեսակի ծայրահեղությունների հաղթարշավի, ժամանակավրեպ էին։

Աշխարհի սպասվող երկբևեռության հետ կապված սուր մրցակցությունը կստիպի հակամարտող կողմերին վերանայել բազմաթիվ բաներ, այդ թվում Արևմուքին կստիպի նահանջել լիբերալ դեմոկրատիայի հետ կապված գաղափարախոսական և պրակտիկ ծայրահեղություններից, իսկ Ռուսաստանին՝ զարգացնել ժամանակակից տեխնոլոգիական բազան, առանց որի սկզբունքորեն հնարավոր չէ աշխարհում ունենալ արժանավոր տեղ։

Նոր մրցակցային ռեժիմում սկզբունքորեն կփոխվի նաև վերաբերմունքը կրթական գործի նկատմամբ՝ ապահովելով նոր վերելք գիտության համար, հատկապես կիրառական ռազմական և գաղափարախոսական ուղղություններով։

Այս ամենը կասկածի տակ կդնի նաև չինական աշխարհակարգային դոկտրինի իրագործելիությունը նոր մրցակցային ռեժիմում, որը կողմերին ստիպում է գործել իրենց հնարավորությունների վերին սահմանի ոչ գծային ռեժիմում, որտեղ իրար հարգելն ու բարիդրացիական մոտեցումները պարզապես տեղ չունեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 246

Մեկնաբանություններ