Հայ ժողովուրդը դրված է կործանման բութ ռեժիմի տակ։
Շուրջբոլորը խնջույքներ ու տոնակատարություններ են, ամառվա խելահեղ ու թեժ երեկույթներ, գինու և գարեջրի փառատոներ, կրակոտ ու խենթ պարուհիներ:
Գորան Բրեգովիչն է նորից գալիս, դիմավորեք, խնդրեմ, ինչպես 2018-ի ամանորյա համերգին: Սնուփ Դոգն էլ կհանի ձեզ ժամանակավոր դեպրեսիայից, լավ կթմրեցնի, հաճույքի զգայարանները կխթանի:
Եվ կործանումը կթվա շատ թեթև, հանդարտ, խաղաղ, նույնիսկ՝ երանելի, գրեթե՝ խաղաղության էպոխա:
Բայց դա դեռ քիչ է, հենց հիմա համահայկական մարզական խաղերն են մեկնարկում, սպորտը լավագույն միջոցն է զբաղվածության, գաղջ իրականությունից ցրվելու, անէանալու։ Ե՛վ ֆուտբոլ, և՛ գարեջուր՝ միաժամանակ։
Այս ամենը կամբողջանա տաք ու սահուն ասֆալտի ներքո։ Ավելի սրտացավ և բարեհոգի մոտեցում դժվար էր գտնել:
Որ հանկարծ ոչ մի րոպե չմտածեք սթափվելու մասին, ուշքի գալու հնար չունենաք, պարփակվեք նեղանձնական և համահայկական բերկրանքների մեջ, մինչև կթողնի թմրածության չափաբաժինը:
Մինչև կզգաք խաղաղությունը, եթե զգայարան դեռ մնացած լինի:
Վահե Թորոսյան