Թուրքիայի Բարեկեցության հիմնադրամը շարունակում է ռազմավարական քայլերը: Ռուսաստանի հետ կնքվել է համատեղ հիմնադրամի 8,1 միլիարդ թուրքական լիրայի համաձայնագիր, Ջեյհանը դառնում է նավթաքիմիական արդյունաբերության կենտրոն:
Թուրքիայի Բարեկեցության հիմնադրամի՝ Ազգային մեծ ժողովի ծրագրման ու բյուջետային հանձնաժողովին ներկայացված 800 էջանոց զեկույցում ուշադրությունը կենտրոնացված է ռազմավարական քայլերին, մասնավորապես՝ ներդրումների համատեղ թուրք-ռուսական հիմնադրամին: Սկզբնական փուլում նախատեսվում է նախագծերին հատկացնել 1,8 միլիարդ լիրա (200 միլիոն եվրո), հիմնադրամի ընդհանուր գումարը 8,1 միլիարդ լիրա է (900 միլիոն եվրո): Պայմանագրերի կնքման ընթացքում գումարների կեսը կներդրվի Թուրքիայում, մյուս կեսը՝ Ռուսաստանում: Բարեկեցության հիմնադրամի զեկույցում, որ քննարկվելու է հանձնաժողովում հաջորդ շաբաթ, տեղեկություններ են հաղորդվում հիմնադրամի հետ արդեն աշխատող 20 ընկերությունների մասին, այդ թվում՝ «Թուրքական ավիաուղիների» (THY), «Բոտաշի» (BOTAŞ): Բացի այդ՝ամբողջ թափով շարունակվում է ներդրումների ներգրավումը Իսկենդերուն նեղուցի նավթավերամշակող և նավթաքիմիական համալիրում՝ 10 միլիարդ դոլարի չափով: Ջեյհանում գտնվող համալիրի կառուցումը կսկսվի այս տարի՝ նախագծային ու ինժեներական աշխատանքներից հետո:
Ջեյհանը կդառնա նավթաքիմիական արդյունաբերության կենտրոն 2023-ին: Զեկույցում հիշատակվում է նախագահ Ռեջեփ Էրդողանի ուղերձը, որ 2016-ին հիմնադրված Բարեկեցության հիմնադրամը կդառնա հանրապետության պատմության մեծագույն տնտեսական քայլերից մեկը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն Զաֆեր Սյոնմեզը ասել է, որ հիմնադրամն աշխատում է ներդրումների ու ռազմավարական ոլորտի 3 հիմնական ուղղություններով՝ առաջինը Ստամբուլի ֆինանսական կենտրոնի նախագիծն է, որ Թուրքիան կդարձնի տարածքային ֆինասնական ձգողականության կենտրոն: «Մեկ տարի հիմնադրամը կենտրոնացած էր ներդրումային նախագծերի վրա նավթաքիմիայի, էներգետիկ, լեռնահանքային ոլորտներում, որ կնպաստի Թուրքիայի արտաքին առևտրական դեֆիցիտի նվազմանը,-՝ գտնում է Սյոնմեզը: -Մենք սկսել ենք աշխատել նավթավերամշակող և նավթաքիմիական համալիրի ներդրումների վրա Իսկենդերուն նեղուցի 10 միլիարդ դոլարի չափով»: Զեկույցում ուշադրություն է դարձվում թուրք-ռուսական ներդրումային պլատֆորմի շրջանակներում անցկացվող աշխատանքներին. «Սկզբնական փուլում իրականացվող նախագծերին որոշված է հատկացնել 200 միլիոն եվրո, հիմնադրամի ընդհանուր ծավալը 900 միլիոն եվրո է»:
Խազալ Աթեշ, Sabah (Թուրքիա)
Հ.Գ. Դե հիմա պատկերացրեք՝ Ռուսաստանը կվտանգի՞ թուրք-ռուսական Բարեկեցության համատեղ հիմնադրամը, Ս-400-ների վաճառքը, Спутник V ռուսական պատվաստանյութի համատեղ արտադրությունը Թուրքիայում՝ թուրքերը տարեկան կարտադրեն պատվաստանութի միլիոնավոր դեղաչափեր ոչ միայն ներքին սպառման, այլև արտահանման համար, և այլն, և այլն, հանուն Հայաստանի համար ինչ-որ հարց լուծելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ