Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը հեռացրեց Հայաստանից իր փեսային, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում զետեղել է հետևյալ դիտարկում-վերլուծությունը:
«Կատարվածի իմաստը և հնարավոր հետևանքները ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այն մեծ ստվերային ազդեցությունը, որը Միքայել Մինասյանը ներգործում էր ներքաղաքական զարգացումների վրա: Իհարկե, այդ ազդեցությունը մասամբ կպահպանվի նաև առաջիկայում, քանզի Միքայել Մինասյանը գործում էր ոչ թե հրապարակային քաղաքական գործչին հատուկ ոճով, այլ «գորշ կարդինալի» կարգավիճակում՝ ապավինելով իր ջանքերով ստեղծված ազդեցության ինֆրակառույցներին ՝ թերթեր, հեռուստաընկերություններ, կայքեր, երիտասարդ պատգամավորներ և քաղաքական ակտիվիստներ: Հիշում եք, Բորիս Ելցինի նախագահության օրոք Ռուսաստանում նմանատիպ վիթխարի ազդեցություն էր ձեռք բերել նախագահի մամլո քարտուղար, իսկ հետո աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միխայիլ Վոլոշինը: Նա նույնպես հեռացվեց նախագահի շրջապատից և ուղարկվեց Վատիկան՝ այնտեղ ՌԴ դեսպան նշանակվելու պատճառաբանությամբ: Սակայն դրանից հետո էլ «գորշ կարդինալ» Վոլոշինը երկար ժամանակ պահպանում էր իր ազդեցությունը, քանզի այդ ազդեցությունը պայմանավորված էր ոչ այնքան իշխանության մեջ սեփական ներգրավվածությամբ, որքան իշխանության կարևորագույն օղակներում և լրատվական դաշտում ստեղծված ազդեցության ցանցով:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանն իր փեսային հեռացրեց Հայաստանից և իր արքունիքից, ապա, կարծում եմ, պատճառը առաջին հերթին այն է, որ Սերժ Սարգսյանը, հետընտրական շրջանում հայտնվելով չափազանց բարդ կացության մեջ, ինչը ես նախընտրական շրջանում կանխատեսել էի, այսօր չի բացառում, որ իրադարձությունների իր համար վատթարագույն զարգացման պարագայում ստիպված է լինելու ապավինել Ռոբերտ Քոչարյան – Գագիկ Ծառուկյան տանդեմի օժանդակությանը: Այդ օժանդակության օգտագործման ճանապարհին Միքայել Մինասյանը կարող էր դառնալ խոչընդոտ, նույնիսկ անհաղթահարելի սեպ:
Հայտնի են այն հակասությունները կամ, ինչպես սիրում էր ասել լուսահոգի Կարեն Դեմիրճյանը, «սպիտակուցային անհամատեղելիությունը», որը գոյություն ունի Միքայել Մինասյանի և արտասահմանյան ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններում ուսում ստացած նրա ընկերների միջև, մի կողմից, և Գագիկ Ծառուկյանի ու նրա շրջապատի միջև՝ մյուս կողմից: Միքայել Մինասյանի «քաղաքական աքսորը» ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյանի քաղաքական մարտավարության մեջ Ռաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվելու անհնարինության և Գագիկ Ծառուկյանի ծառայություններից օգտվելու անխուսափելիության հայելանման արտացոլում»: