Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Հերթական դեժավյուն երկրի ու Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ կյանքում

Հերթական դեժավյուն երկրի ու Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ կյանքում
04.11.2012 | 19:58

Նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերստին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց` շտաբը գլխավորելու համար` բացատրելով, որ այդ աշխատանքն ավելի կարևոր է և ուժերի համախմբում է պահանջում: Նոր գումարման խորհրդարանում նա վերադարձավ իր պաշտոնին: Բնականաբար` գործող նախագահի նախընտրական շտաբը վերստին ղեկավարելու պաշտոնական տեղեկատվությանը հաջորդող հարցը մեկն է` դարձյա՞լ Հովիկ Աբրահամյանը հեռանալու է ԱԺ նախագահի պաշտոնից: Բոլոր նրանց, ովքեր կշտապեն ասել «Ոչ», որովհետև մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները մնում են ոչ թե ամիսներ, այլ տարիներ, իսկ խորհրդարանը ընտրովի մարմին է, հիշեցնեմ, թե ինչպես առաջին անգամ ԱԺ նախագահ դարձավ Հովիկ Աբրահամյանը` լրացուցիչ ընտրություններով, թիվ 17 ընտրատեղամասից: Այն ժամանակ մանդատը վայր դրեց նրա եղբայրը, հիմա մանդատը, անհրաժեշտության դեպքում վայր կդնի մեծամասնականով ընտրված պատգամավորը: Սա ընդամենը տեխնիկական խնդիր է: Հովիկ Աբրահամյանը կարող էր խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբի փայլուն պետ լինել, որովհետև նրանից լավ ոչ ոք չի տիրապետում ով ում ինչ է պարտք, ով ումից ինչ է ուզում, ով ում մարդն է, ով ումից ինչ կախում ունի, ով ում ինչ կտա` ինչի դիմաց և այս կարգի բազմազան ու բազմաշերտ տեղեկատվությանը հանրապետության մասշտաբով: Գործադիր իշխանությունում աշխատանքային տարիները տվել են ոչ միայն փորձ ու հմտություն, այլև կապեր ու կախվածություն, որ կառավարման համակարգի հայաստանյան այսբերգային մոդելի պարագայում ամենակարևորն է: Կարող էր շտաբի փայլուն պետ լինել, եթե թողնեին: Բայց գործնականում ՀՀԿ ամբողջ նախընտրական քարոզարշավը վարեց Սերժ Սարգսյանը և համենայն դեպս հրապարակավ շտաբի պետի ու շտաբի աշխատանքը տեսանելի չէր, իսկ աշխատանքի անտեսանելի մասի մասին դատելն անազնիվ է, որովհետև ենթադրությունների ու ասեկոսեների դաշտում չեն կարող հաստատուն պտուղներ աճել:

Ինչպիսի՞ շտաբի պետ կլինի Հովիկ Աբրահամյանն այս անգամ: Նվիրված, համառ, արագընթաց ու անհանդուրժող` ինչպես միշտ: Ամբողջ հարցը` հերթական բարձրագույն վստահությանն արժանանալու փաստը ձևակա՞ն, թե՞ բովանդակային իմաստ ունի: Ակնհայտորեն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան ազգակցական հարթության մեջ չեն լուծվելու: Հովիկ Աբրահամյանն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պաշտճառներով շատ վաղուց այն մարդը չէ, ով կուսակցությունների ու նրանց ղեկավարների փոխհարաբերությունների հարցեր է լուծում: Այդ հարցերը ընդհանրապես լուծվում են ոչ միայն «հայրենական գետնին վրա»: Նրա առաքելությունը այս հարցում, իրոք, կատարման ենթակա չէ: Այլապես` իր անհամբեր բնավորությամբ ու ամեն ինչ արագ ավարտելու սովորությամբ Հովիկ Աբրահամյանը վաղուց անուշի կապած կլիներ ու կլմնցներ խնդիրը: Իսկ խնդիրը կա ու կա:
Եթե սա այն տարբերակն է, որով կանխվում է նախագահական ընտրություններում ևս նրա ԲՀԿ-ամետ դիրքորոշումը` ՀՀԿ-ի բարձրաձայն աջակցության պարագայում, ԲՀԿ-ի սեփական թեկնածու չառաջադրելու դեպքում այդ գործոնը վերանում է: Իսկ եթե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, ընտրությունների գնում է սեփական թեկնածուով, ոչինչ չի խանգարի Հովիկ Աբրահամյանին ազգակցական կապերը վեր դասել քաղաքականից, իսկ արտաքուստ լինել ամենահհկական կուսակցականը:
Բոլոր դեպքերում, հակառակ տարածված պնդումների, այս անգամ Հովիկ Աբրահամյանը հազիվ թե պաշտոնից հրաժարական տա, նախ, իրոք, խորհրդարանի նախագահի պաշտոնը բնավ չի խանգարում նախընտրական շտաբի պետի աշխատանքին, ոչ էլ հակառակը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հերթական նստաշրջանը փետրվարից է սկսվում, ապա` հրաժարականի պարագայում առաջնահերթ է դառնում գործադիր մարմնում նրա պաշտոնավարումը: Հազիվ թե իր նախագահության երկրորդ ժամկետում Սերժ Սարգսյանը, որ հարկադրված է լինելու լուծել բարեփոխումների նոր փուլի, նոր որակի ու նոր մակարդակի ապահովման խնդիրը, խելամիտ համարի վարչապետի պաշտոնում տեսնել մի մարդու, ում փոխվարչապետի պաշտոնից բերեց օրենսդիր աշխատանքի: Եթե լինելու էր, Հովիկ Աբրահամյանը վաղուց կարող էր վարչապետ լինել Հայաստանում և նախագահական ընտրությունները բոլորովին էլ այն ցատկահարթակը չեն, որ նրան երկրորդից երրորդ դարձնեն երկրում, որքան էլ` նա ցանկանա իշխանական հիերարխիայի սեփական հետընթացը, որ, գործնականում, սակայն, ավելի գործուն ու մեծ մեխանիզմներ ունի կառավարման ոլորտում:
Այնպես որ երկիրը նախագահ կընտրի, իսկ Հովիկ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարել Ազգային ժողովում և այդ դուբլ դեժավյուն 2012-2013-ի կտրվածքով առավելագույնն է, որին նա կարող է հավակնել: Իվերջո, կարևորը դա չէ, պաշտոնը` պաշտոն, բայց երկրի տնտեսական լծակների վերաբաժանման անխուսափելի գործընթացում նվազագույն կորուստներով ունեցվածքը պահպանելու խնդիրը շատ ավելի կարևոր է Հովիկ Աբրահամյանի համար, քան որևէ պաշտոն կորցնել կամ ստանալը: Բայց այս հարցում նա արդեն միայնակ չէ` ամբողջ մի վաշտ այս դրոշի տակ սպասում է որոշման` նախկին նախագահներից ու կուսակցության ներկա ղեկավարներից սկսած մինչև մեծ ու մանրիկ օլիգարխներ: Այս դաշտում արդեն կորուստները շատ ավելի շոշափելի ու վտանգավոր են լինելու: Իրենց համար, իհարկե, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության դիվերսիֆիկացման, տնտեսության կառուցվածքի փոփոխության, հավասար մրցակցության ապահովման, շուկայում գերիշխող դիրքի արգելման, ատկատների բացառման, հարկերի վճարման տեսանկյունից օրենսդրության գերակայությունը քաղաքական թողտվության ու պայմանավորվածությունների նկատմամբ միանշանակ շահեկան է լինելու պետության ու ժողովրդի համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ