ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

... Իսկ անձրևները չեն դադարում

... Իսկ անձրևները չեն դադարում
23.06.2009 | 00:00

ԵՎՍ ՅՈԹ ՕՐ
Աստծո անցած յոթ օրում Հայաստանում` ոնց միշտ Հայաստանում:

Հունիսի 15-ին Ազգային ժողովում էլի բաց դռների օր էր` ութ տարեկան երեխաների աշխատանքների ցուցահանդեսը նվիրված էր Հենրիկ Իգիթյանի հիշատակին: Արվեստների ու բոլոր տարիքների արվեստագետների հետևողական մեկենաս, համատեղության կարգով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այդ առիթով ասաց. «Ազգային ժողովը բազմակարծության ամբիոն է, պետք է ծառայի քննադատությունների, քննարկումների, կոչերի: Մենք, իհարկե, կողմ ենք ողջամիտ քննարկումներին, առողջ քննադատություններին և չենք էլ խուսանավել քննադատություններից, պատրաստ ենք յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ, դա լինի դիմություն, թե ընդդիմություն, քննարկել յուրաքանչյուր հարց, որը վերաբերում է մեր պետության, երկրի զարգացմանը»: Ճիշտ է` նա այդ ասել էր դեռ 2008-ի սեպտեմբերին և հասկանալի չէր` ցուցահանդեսն ինչու բացվեց, որ նույնը կրկնվի: Միևնույն է` քննարկում չկա ու չկա:
Հունիսի 18-ին Հայաստանում երկրաշարժ եղավ` Գառնուց 10 կմ դեպի հյուսիս էպիկենտրոնով, Երևանում 12.45-ին գրանցված ցնցումը գնահատվեց 4,5-5 բալ ուժգնության: Բարեբախտաբար` առանց ավերումների և զոհերի: Բայց ամբողջ օրը քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն անցկացրեց դրսում` վախենալով հիմնարկ կամ տուն մտնել: Թեպետ պաշտոնապես ոչ ոք չէր ասել, որ հնարավոր է ևս մեկ ցնցում` բուհերում ու հիմնարկներում բոլորին հրահանգվում էր դուրս գալ` դադարեցնելով աշխատանքը, մարդիկ տագնապահար լքում էին բարձրահարկերը: Առավել վտանգավոր էր համարվում ժամը 16-17-ը: Երեկոյան տուն մտած մարդիկ ոչ մի վստահություն չունեին, որ երկրաշարժ չի լինի, բայց և հոգնել էին փողոցներից: Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ ևս 11 ցնցում է եղել, բայց` թույլ: Ամենաուժեղ երկրաշարժը նույն տարածքում եղել է 17-րդ դարում` 1679 թ., 10 բալանոց, ուղիղ 300 տարի հետո` 1979-ին երկրաշարժը եղել է 6 բալանոց: Թեպետ մասնագետները պնդում են, որ ոչ ոք երբեք դեռ ճշգրիտ չի կանխագուշակել տարերային աղետի այդ տեսակի տեղն ու պահը, բայց և հանգստացնում են, որ երկրային ապարների ակտիվությունը մարում է:
Իսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի ակտիվությունը` ոչ: Համենայն դեպս` Հայաստանում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2009-ի առաջին 5 ամիսներին տնտեսական անկումը կազմել է 15 տոկոս: Այսինքն, կառավարության հակաճգնաժամային ծրագիրն ուղղակի չի ծածկում ճգնաժամային տարածքը, չնայած ձեռնարկված քայլերին ու ստացած վարկերին` տնտեսության անկումը կասեցնել չի ստացվում: Այս համապատկերում տնտեսական հարցերին փորձում են քաղաքական լուծումներ տալ` քննարկման խնդիր դարձնելով վարչապետի աշխատանքի արդյունավետությունը: Ապարդյուն ջանք: Ներկա վարչապետը չի սահմանել Հայաստանի տնտեսության որակը, և շինարարության հաշվին տնտեսական երկնիշ աճ ապահովելը նրա նախաձեռնությունը չի եղել, որ հիմա նույն այդ շինարարության կրճատմամբ տնտեսական անկումը նրան մեղսագրվի: Սա ակնհայտ է: Տնտեսական ճգնաժամում հայտնված որևէ երկրում կառավարության փոփոխությունն աշխատատեղ չի ստեղծել ու գնողունակություն չի բարձրացրել: Արտոնյալ հարկային ռեժիմ սահմանելու հարցն էլ, ցավոք, նրա իրավասության մեջ չէ, որովհետև Հայաստանի պես երկրներում նման խնդիրները փաստացի լուծում են նախագահները, իսկ ՀՀ նախագահը հազիվ թե նման որոշում նախաձեռնի` շատ հայտնի պատճառներով: Առավելագույնը, որ վարչապետը կարող է անել, նախարարներին ամռանը մեկ ամսով արձակուրդ չտալն ու Հայաստանից դուրս գալն արգելելն է: Հիշո՞ւմ եք, չէ, անեկդոտը` վարչապետի պաշտոնը լավն է, երկիրը երկիր չէ...
Դե, ուրիշ ո՞ր երկրում, օրինակ, որսորդական հրացանով... օրենքով գող կսպանեն: Օրը ցերեկով, իր տան մուտքի առաջ Մարզպետունի Պետրոսյանը, գողական աշխարհում` Մարսոն, ավարտեց կյանքը. 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով նրան սպանեց Վեդիի բնակիչ Պերճիկ Շաբոյանը և տասը րոպե անց հանձնվեց ոստիկանությանը` իր հրացանով ու 3 փամփուշտներով, պատճառաբանելով, որ անձնական խնդիրներ կային: Ո՞վ չունի անձնական խնդիր, հրաշալի է, որ ոչ բոլորն ունեն հրացան...
Թեհրանում շարունակվում է ընդդիմություն-իշխանություն առճակատումը. ընտրողները չեն ընդունում ընտրության արդյունքները, նրանք փողոցում են պաշտպանում իրենց քվեները` արդեն ոստիկանության հետ մարտերով: Հունիսի 20-ին բախումների զոհ, պաշտոնական տվյալներով 19 մարդ է դարձել, ոչ պաշտոնական` 150: Հոգևոր առաջնորդի դիմումը հայրենակիցներին առանձնապես չի նպաստել իրավիճակի լիցքաթափմանը:
Իսկ ամեն ինչ կարող էր այլ ընթացք ունենալ, եթե միայն ՀՀ ԱԺ նախագահին հնարավորություն տային Թեհրան մեկնելու: Պաշտոնական այցի տեղեկատվությունն արդեն տարածվել էր, ԻԻՀ նախագահի, խորհրդարանի նախագահի, անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումները` նշանակվել, նույնիսկ «Ֆարհանգսայալե մելալ» զբոսայգում ծառատունկ էր նախատեսված (հունիսի երկրորդ կեսին Թեհրանում տնկիները հատկապես լավ են կպչում): Ավաղ: Ահմադինեժադն իր ոսկե հնարավորությունը բաց թողեց` հետընտրական իրավիճակների լիցքաթափման նման մասնագետի հետ հանդիպումից հրաժարվելն իր վիճակում, նվազագույնը, խելամիտ չէ: Ցավոք` խելամիտ չէ նաև ՀՀ ԱԺ նախագահի այցը կազմակերպողների պահվածքը. գործնականում քաղաքացիական պատերազմի վիճակում գտնվող երկիր պաշտոնական այցով մեկնելը վկայում է կամ մեկնողի անձնական անձնազոհության պատրաստակամություն, կամ այցը նախապատրաստողների մասնագիտական պատրաստականության բացակայություն: Եթե ոչ ավելին:
Ավելին արեց ռամկավար ազատական կուսակցությունը. վերստին պառակտվեց ու իր ընդերքից ևս մի կուսակցության ծնունդ տվեց` Արմենական ռամկավար ազատական: Մինչդեռ քանի տարի խոստանում էին միասնական ու մի մեծ կուսակցություն դառնալ` միավորելով իրենց շարքերում «Ազգային վերածնունդը» (հավերժ հրաժարականի անգերազանցելի մասնագետ Ալբերտ Բազեյանը երևի էլի նախ համաձայնեց, հետո հրաժարվեց) և «Դաշինքը» («Դաշինք» դեռ չի նշանակում դաշինք բոլորի հետ): Նոր կուսակցության ստեղծումը ողջունեց ՀՀ նախագահը` իր խորհրդական Մանուկ Թոփուզյանի շուրթերով: Նրա ուղերձը բառացիորեն նշանակում էր, որ նոր կուսակցությունը միանշանակ իշխանական է լինելու, որովհետև ուղղակի չի կարող ոչ իշխանական լինել մի քաղաքական ուժ, որին ասում են. «Ազգային վերելքի ու համընդհանուր բարիքի հաստատման գաղափարների վրա խարսխված աշխատանքը մեզանում մշտապես արժանացել է դրվատանքի ու գնահատանքի»: ՈՒ նաև ավելացնում են. «Հուսով եմ, որ գործով կկարողանաք փաստել դա և մշտապես կլինեք մեր պետության, մեր արժեքների, մեր ազգային միասնության գաղափարի պաշտպանության դիրքերում»: Պատկերացնո՞ւմ եք այս խոսքերը` ուղղված, ասենք, «Նոր ժամանակներ» կուսակցությանը: ՈՒղերձ չէ, հրամանագիր է:
Նման պատասխանատու և նույնիսկ ոչ այնքան պատասխանատու ուղերձ ՀՀ նախագահը, անգամ ամեն առիթով-չառիթով ուղերձառատ ԱԺ նախագահը չուղղեցին փախստականներին` հունիսի 20-ին, իրենց համաշխարհային օրվա առիթով, իսկ փախստականների խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների ներկայացուցիչներին կշարունակեն հավատացնել, որ նրանց խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են:
ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն էլ հերթական անգամ եկան-գնացին, հանդիպեցին, լսեցին, հայտնեցին, հեռացան: Հետո Բաս Քլայնը նրանց մտքերը կձևակերպի մի հերթական-հերթապահ զեկույցի մեջ` առաջընթացի առկայությունն արձանագրող ու էլ` ավելի մեծ առաջընթաց ակնկալող: Նրանք ափսոսեցին, որ մարտյան իրադարձությունների ուսումնասիրման փաստահավաք խումբը լուծարվել է, բայց «մոռացան», որ Թոմաս Համմարբերգի խոստացած միջազգային փորձագետն այդպես էլ տեղ չհասավ: Պատճառն էական չէ: Իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ ավանդական այդ հանդիպումներում նրանք անգիր գիտեն` ով ինչ է ասելու, իրենք էլ ինչ են պատասխանելու, բայց համազեկուցողի իրենց պարտականությունից հրաժարվել չեն կարող, ահա և գալիս-գնում են: Պետք չէ լուրջ ընդունել, հերիք է հյուրասեր լինելը:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կամա-ակամա ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի դերը` հիմա էլ ինքն է ասում, որ «վերջին ժամանակներս իրական առաջընթաց Է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Նրա կարծիքով` բանակցային գործընթացն էլ ակտիվացել է, մի ամսում երկու անգամ հանդիպելուց հետո շուտով երրորդ անգամ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Սեմնեբին նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Թուրքիայի մարտավարական հետքայլն է արձանագրել` երկրում կոշտ արձագանքների հետևանքով: Եվ, ինչպես հավիտենական լավատես Մեթյու Բրայզան, Պիտեր Սեմնեբին էլ լավատեսորեն ասում է, որ դա «բեկումնային շրջադարձ չէ, քննարկումները կշարունակվեն»: Սեմնեբին կարևորում է, որ Թուրքիայի վերցրած դադարը չերկարի, այլապես հարաբերությունների կարգավորման ազդակները կվտանգվեն: Կլսե՞ն ԵՄ ներկայացուցչին ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում: Կերևա:
Շաբաթվա իրադարձությունների մեջ իր աշխարհաքաղաքական տեղն ուներ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի այցը Հայաստան: ՀՀ նախագահի գնահատականով` «պատմական այցը»: Այցի շրջանակներում հունիսի 18-ին հայ-սիրիական գործարար համաժողով էլ տեղի ունեցավ, պայմանավորվածություններ կայացան տրանսպորտային հաղորդակցության, հատկապես ցամաքային տրանսպորտի բնագավառում համագործակցության առումով, ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, այդ թվում` ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիր: Բաշար ալ Ասադը ևս գոհ էր հանդիպումներից և ասաց, թե հարաբերությունները չեն սահմանափակվում պաշտոնականությամբ, այլ առանձնանում են ջերմությամբ: Ավելին, նա նշեց. «Սիրիայում մեծ գոհունակությամբ են ընդունվել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերը: Մենք պատրաստ ենք օգնելու, որ այդ հարաբերություններն առաջ շարժվեն»: Այսինքն, ևս մի խաղացող հայ-թուրքական դաշտում, ընդ որում` երկու երկրների հետ էլ լավ հարաբերություններ ունեցող: Հետաքրքիր է` ո՞ւմ կողմից է նա դաշտ մտնելու: Ընդ որում` խաղի ընդմիջմանը: Էլ ո՞վ է պատրաստվում դաշտ դուրս գալ:
Շաբաթվա իրադարձությունը, իհարկե, ԱԺ արտահերթ նստաշրջանն էր` նախագահի համաներման առաջարկի քննարկման օրակարգով: Առանց ընդմիջման աշխատելով` 98 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱԺ-ն առաջարկն ընդունեց: Ո՞վ էր կասկածում:
Հունիսի 20-ին, ինչպես ամեն օր, վերստին անձրև եկավ, տեղ-տեղ էլ` կարկուտ: Տարօրինակ է այս տարվա ամառը` գարնանաաշնանային, երբ մեկ օրվա մեջ չորս եղանակ է փոխում, իսկ յոթ օրվա մեջ` հաշվեք ինքներդ: Փառք Աստծո, Երևանում ձյուն չի եկել: Դեռ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ