ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չի ներում, և վե՛րջ

Չի ներում, և վե՛րջ
04.08.2009 | 00:00

ԱՐԴԵ՞Ն
Կասկածից վեր էր, որ Վերաքննիչ դատարանը Սասուն Միքայելյանի առնչությամբ այլ որոշում չէր կայացնելու: Համենայն դեպս, ոչ այնպիսին, որը հնարավորություն կտար համաներումը տարածել նաև նրա վրա: Չնայած «դատաքննությունը» նշանակվել էր համաներման վերջին օրը` հուլիսի 31-ին:
Սասունին «վերից» բան ունեին հասկացնելու. չի՜ ներում նրան Սերժ Սարգսյանը: Եվ վե՛րջ: Խիստ է խոցված: Ասում են` Սասունին շատ էր սիրում և 2008-ի նախագահական ընտրությունների օրերին բոլոր «դավաճանություններից» ամենից ծանր տարել էր հենց այդ «դավաճանությունը»: Ասում են` ռազմաճակատի իր ընկեր Սասունին նա օգնել է ինչով կարողացել է` հնարավորն ու անհնարն անելով:
Դաժան է: Երկուստեք:
Ասում են նաև` Սերժ Ազատիչը Սասունի ազատման համար կկիրառի այն «ձևաչափը», որը կիրառվեց Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի ազատման ժամանակ:
Աշնանը: Ցանկանք:
Բա՜յց. Սասունը կկորցնի նույն Սերժ Սարգսյանի միջոցով (ըստ չար, թունավոր լեզուների) ձեռք բերած ԱԺ պատգամավորական մանդատը:
Վերաքննիչ դատարանի դատավճռի հրապարակման պահից տվյալ վճիռը կուղարկվի ԿԸՀ, նաև` ԱԺ: ԿԸՀ-ն այն հիմք կընդունի և 80 օրվա ընթացքում Սասունի ընտրատարածքում կնշանակի նոր ընտրություններ:
Ոնց ասում են` սուրբ տեղը պարապ չի մնում. արդեն իսկ նոր ընտրությունների ուղղությամբ լուրջ «աշխատանքներ» ու «մտորումներ» են ընթանում:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ ընտրատարածքում կրկին իր թեկնածությունը կառաջադրի 2007-ին Սասունից պարտված (լավատեղյակները բոլորովին այլ բան են պատմում) ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը: Ի դեպ, նա ևս Ղարաբաղում կռված, էդ կողմերում «ճանաչված տղա» է:
Թե ինչ «նոու-հաուներ» կմատուցեն այդ ընտրությունները, դեռ կերևա, որովհետև իշխանական տանդեմում ընթացող ՀՀԿ-ԲՀԿ մեղրամիս-ապահարզանները երբեք հստակություն չեն գրանցում, և քաղաքական իրադրությամբ ապրող ու առաջնորդվող հայոց բազմաչարչար էլիտան, ի դեմս ՀՀԿ-ի, չի բացառվում, որ սատարի նույն ԲՀԿ-ականին` քվոտան տալով նրան, մանավանդ որ կա «բավականին» լուրջ պատճառ` նույն Սասունի հակառակորդին հաղթեցնելով` ևս մեկ անգամ ցուցանել, թե որտեղ են այս «հայրենիքում» ձմեռում խեցգետինները:
Չի բացառվում նաև, որ նույն ԲՀԿ-ին խեցգետինների տեղը ցույց տալու նպատակադրումով ՀՀԿ-ն «խոդ կանյոմ» անի ու սեփական, «աշխատող-խաղացող» թեկնածուին առաջադրի այդ ընտրատարածքում` որպես «կոնտր» քայլ:
Ի դեպ, «ձիերի և խաղերի» մասով. Մխիթար Հարությունյանն Աղավնաձորից է: Դա այն գյուղն է, որը 2003-ի ընտրություններից առաջ Ստեփան Դեմիրճյանին էնպիսի՜ մի ընդունելություն ցույց տվեց, էնպիսի՜ մի... ձիերի վրա նստած գյուղի ջիգիթները գյուղի մատույցներում «Դեմիրճյան-նախագահին» դիմավորեցին քառատրոփ վարգով, ողջ գյուղը բռնած առաջ շարժվեցին` ուղեկցելով «նախագահին» դեպ գյուղամեջ, ուր ժողովուրդը մեծ ոգևորությամբ սպասում էր «իր Դեմիրճյանին» և երկար, շատ երկար բողոքեց-տնքաց նախարար Անդրանիկ Մանուկյանից, որ չի թողել ձիերը հասնեն գյուղամեջ, հատ-հատ բոլորին զգուշացրել է` չտեսնեմ-չիմանամ մասնակցել եք Դեմիրճյանի հետ հանդիպմանը, էս գյուղը 100 տոկոսով պետք է Քոչարյանին ընտրի:
Հարցնում եք` բա ինքը` նախարար (նախկին) Մանուկյանը, «տո՞ւտ պրիչյոմ»: «Պրիտո՜մ», որ Անդրանիկ Մանուկյանը ևս Աղավնաձորից է, «պրիտո՜մ», որ Անդրանիկ Մանուկյանը ևս ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել այդ ընտրություններում:
Հարցնում եք` «ա Պոլշա՞». իսկ մոսկվաներում ինչպե՞ս յոլա կգնան առանց Անդրանիկի` Մանուկյան, որը «անակոնդա պահող» Արմեն Սմբատյանին պետք է «փոխարիներ» ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանի երազված-մուրազված պաշտոնում:
Ասում են` գործն «ամալ չի կյամ». կոմպոզիտորը շատ պինդ է նստած Մոսկովում, ավելին` ծլեցնում-ծաղկեցնում է իր «անմուզիկանտ» բիզնեսները:
ՈՒ երիտթոշակառուի կարգավիճակում հայտնված Անդրանիկը փորձում է իր թեկնածությունն առաջադրելով Սասունի ընտրատարածքում` ա) բարձրացնել իր լոտերը, որպեսզի «վերևիններն» ասեն` տալի՜ս ենք, տալի՛ս, ա՛ռ, Անդո, քո երազած դեսպանի պաշտոնը Մոսկվայում, բ) պատգամավոր դառնա, մարդամեջ մտնի, այլոց տեսնի, իրեն ցույց տա:
Իմացաք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ