Կադաստրի կոմիտեի գրասենյակում քաղաքացին առաջին հերթին վերցնում է հերթի կտրոնը և սպասում: Այսպես են վարվում բոլորը` ծերերը, մեծահասակները, հիվանդները, հաշմանդամները, հղիները, բժիշկները, բանասերները, ուսուցիչները, ճարտարագետները, սակայն ոչ զինվորականները:
Ըստ Կադաստրի կոմիտեի աշխատակից Ս.է-ի, իրենց հիմնարկում զինվորականներին շատ են հարգում և բոլորին առանց հերթ սպասարկում:
Կապ չունի, որ մոնիտորի վրա ձեր հերթի համարն է: Առանց հերթի պատուհանին մոտենում է քաղաքացիական հագուստով քաղաքացի (ըստ Ս.Է-ի, զինվորական է), այնուհետև` զինվորական հագուստով քաղաքացի (առերևույթ զինվորական է), հետո նորից «քաղաքացիական» զինվորական և այսպես շարունակ: Հերթում սպասում են ծերերը, մեծահասակները, հիվանդները, հաշմանդամները, հղիները, բժիշկները, բանասերները, ուսուցիչները, ճարտարագետները և մնացածները:
Ստացվում է` պատշաճ սպասարկման համար, քաղաքացիները Կադաստրի կոմիտեի գրասենյակ պետք է այցելեն զինվորականների ուղեկցությամբ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
ՀԳ1.
Եթե Կադաստրի կոմիտեում այդքան շատ են հարգում զինվորականներին, ապա ի՞նչն է խանգարում բոլոր զորամասերում Կադաստրի ներկայացուցչություն հիմնել:
ՀԳ2.
Իսկ, եթե լուրջ, ապա չի կարելի հասարակության մի խավին հարգել, անարգելով մնացածներին: