38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Միջին վիճակագրական» Նիկոլը

«Միջին վիճակագրական» Նիկոլը
20.04.2023 | 22:30

Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը:

Նիկոլն ասում է. «Մենք ամենևին էլ իշխող, կառավարող էլիտա չենք, մենք միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել»։

«Միջին վիճակագրական քաղաքացին» պարտությունից հետո չհեռացավ, որպեսզի ժողովրդին ազատի պարտության ծանր բարոյահոգեբանական բեռից, ու հիմա պատրաստվում է մտնել բակ, բեսեդկա, տնետուն, որ պարտված-ստորացված-մոլորված միջին վիճակագրական քաղաքացուն ի՞նչ համոզի, համոզի ընդունել նոր պարտությու՞նը, նոր ստորացումնե՞րը։

Բայց իր դեմ հակաթույնը մատնում է հենց ինքը՝ «միջին վիճակագրական» Նիկոլը։

Այո, հենց հիմա մեզ պետք է հանրային, քաղաքական նոր էլիտա, առողջ վերնախավ, միջին վիճակագրականից մի քայլ ավելի առաջ մտածող, որը կասի՝ եկեք տեր կանգնենք մեր պետությանը, պահենք պետությունը։ Հենց մենք ինքներս ճանաչենք մեր պետությունը, մեր թշնամիներն ու բարեկամները նորից մեզ կճանաչեն։ Ու պետք չի մեզ վախեցնել այլոց թալանով. այսօրվա իշխանության ընդդիմախոսների մեծ մասը որևէ կապ չունի այդ տխրահռչակ թալանի հետ, նույն ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը որևէ կապ չունի այդ թալանի հետ, ՀՀԿ-ի անունից այսօր հանդես եկող ակտիվ գործիչները կապ չունեն, հանրային գործիչների մեծ շերտը ոչ մի կապ չունի, Նիկոլի հրաժարականը պահանջող ակտիվ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը որևէ կապ չունի, և նրանցից շատերը հենց իրենք հանդես են գալիս սոցիալական արդարության դիրքերից։ Պետական համակարգում մի հսկա հատված հակաիշխանական հայացքներ ունի, բուհական, առողջապահական, մյուս բոլոր ձևավորված համակարգերում հսկայական ընդդիմադիր տրամադրություններ են, և որևէ «թալանչի» նրանց մեջ չկա, աշխատող, նորմալ մարդիկ են, որոնք դեռևս զսպում են իրենց՝ աշխատատեղը չկորցնելու վախից։ Դա ևս շատ ժամանակավոր է, և շատ արագ գալու է պահը, որ զսպել այլևս հնարավոր չի լինելու։ Շատ շուտով այդ «թալանի» նարատիվը չի աշխատելու այլևս։ Արդեն շատերն են հասկացել, որ «թալանչիները» կամ դրսում են ու վայելում են այդ «թալանը», կամ գործող իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ են հասցրել մտնել։

Կա՞ արդյոք այսօր իրական պայքար

Այս պահին մենք մեզ խաբում ենք, թե կա պայքար, թե դիմադրում ենք։ Այս պահին որևէ գրագետ պրոցես դեռ չկա։ Ունենք ցաքուցրիվ, տարբեր ամբիոններից ու եթերներից հորդացող ազգային-քաղաքական վոկալ։ Երբեմն՝ գրագետ խոսք, որը, բնականաբար, կորում է այդ աղմուկում։

Լայն հասարակության հետ կոմունիկացիան չի ստացվում, և արդյունք չկա։ Բայց սրա հետևությունը ոչ թե հասարակությանը մեղադրելն է, այլ՝ աշխատանքի վերանայումը։

Մեծ հասարակությունը պետք է լսի պարզ ու հստակ ձևակերպումներ՝ ի՞նչ ենք ասում, ինչի՞ մասին, և պետք է տեսնի, որ իր հետ խոսողը կազմավորված, համակարգված միավորներ, թիմեր են, որոնք պատրաստվում են ստանձնել պրոցեսների կառավարումը։

Սա է քաղաքական «երգ-ասմունքից» քաղաքական պրոցեսի ձևափոխման ճանապարհը, որը թույլ կտա ազատվել ՄԵԿ հոգու իշխանությունից։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5036

Մեկնաբանություններ