38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Լավ կինոն չի տեղավորվում ինչ-ինչ առևտրային կանոնների մեջ, որոնցում շիտակություն չկա»

«Լավ կինոն  չի տեղավորվում ինչ-ինչ առևտրային  կանոնների մեջ, որոնցում շիտակություն չկա»
26.06.2012 | 00:41

«Իրատես de facto»-ի հյուրը «Մեկ կադր» միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԷՆ է:


-«Մեկ կադր»-ը արդեն 10 տարեկան է, ունի իր կենսագրությունը, իր ձևաչափը, անցել է որոշակի ճանապարհ: Ի՞նչ արձագանք ունի փառատոնն այսօր:
-Նրանք, ովքեր ավելի կրեատիվ են, ստեղծագործող, նորությունների, թարմությունների նկատմամբ ունեն ներքին հետաքրքրություն, հուրախություն ինձ, շատ դրական են արձագանքում: Նկատի ունեմ թե՛ հանդիսատեսին, թե՛ մասնակիցներին, թե՛ կինոգետներին ու կինոռեժիսորներին: Ովքեր հետաքրքրված չեն, ես չգիտեմ` ինչպես են արձագանքում, որովհետև շատ քիչ եմ ճանաչում այդպիսի մարդկանց:
-«Մեկ կադր»-ին մասնակցում են նաև արտերկրի արվեստագետները, միջազգային ճանաչում, որպես այդպիսին, ունի՞ փառատոնը:
-Դա վաղուց լուծված խնդիր է, մենք, իսկապես, վաղուց գոյություն ունենք համաշխարհային ցանցում` թե՛ «Մեկ րոպե» անվանակարգի շրջանակում, թե՛ կարճամետրաժ ֆորմատի: Եթե մեր ռեսուրսները սահմանափակ չլինեին, մենք ավելին կարող էինք անել քանակի, որակի տեսանկյունից: Ընդհանրապես, եթե դիտարկենք տարածաշրջանը` Անդրկովկասը, ինչո՞ւ ոչ, նաև Իրանը, Թուրքիան, մեր փառատոնն իր հիմնակետ անվանակարգով մեկ րոպե ֆիլմերի կոնտեքստում առանձնահատուկ է:
-Ո՞րն է լավ կինոն` ըստ Ձեզ:
-Լավ կինոն այն ստեղծագործությունն է, որի հետևում հեղինակը շիտակ է, անկեղծ` թե՛ կինոլեզվի հանդեպ, թե՛ իր մասնագիտության, թե՛ հանդիսատեսի: Լավ կինոն չի կոծկում ինչ-ինչ բաներ, չի կեղծում, չի տեղավորվում ինչ-ինչ առևտրային կանոնների մեջ, որոնցում շիտակություն չկա:
-Այս տարի փառատոնին ներկայացված ո՞ր ֆիլմը հավանեցիք:
-Ինձ շատ ֆիլմեր են դուր եկել: Փորձում ենք լավ ֆիլմերն ընդգրկել ծրագրում, ներկայացված շուրջ 600 ֆիլմից ընտրել ենք 300-ը:
-Փառատոնի պահանջները խի՞ստ են:
-Ճիշտ հակառակը, մենք շատ ավելի հանդուրժող ենք, հատկապես հայկական կարճ, էքսպերիմենտալ կինոյի հանդեպ: Մեր գերխնդիրը, այնուամենայնիվ, հիմնադրումից մինչ այսօր նույնն է` ուզում ենք օգտակար լինել հայկական կինոյին:
-Թուրքիայից, Ադրբեջանից մասնակիցներ ունենո՞ւմ եք:
-Տարիներ առաջ ենք Ադրբեջանից մասնակից ունեցել, որն անդրկովկասյան մի նախագծի բերումով շատ հետաքրքիր ֆիլմ էր նկարահանել: Դա ցուցադրվել է: Թուրքիայից մշտապես ունենք մասնակիցներ, այս տարի նույնպես:
-Մեր այսօրվա իրականությունը լա՞վ նյութ է ռեժիսորի համար:
-Մեր իրականությունը ստեղծագործելու շատ լավ տարածք է, խոպան տարածք` թե՛ կինոյի, թե՛ գրականության համար: Ցավոք, կինոն այդքան չի անդրադառնում: Կարծում եմ, եթե խաղարկային կինոյի դեպքում մի քիչ դժվար է այսօրվա ժամանակաշրջանը, հենց այս պահը վերլուծելը, ապա վավերագրական կինոյում ուղղակի պետք է բում լիներ, որովհետև ամենուրեք կինոյի համար նյութ կա:
-Կա, բայց չի՞ արվում:
-Կասկածում եմ, որ չի նկարահանվում, երևի տարբերակ չկա այդ աշխատանքները ցուցադրելու: Ըստ էության, կինոյի համար շատ վատ շրջան է այսօր Հայաստանում, թե երբ կլուծվի այդ խնդիրը, չգիտեմ: Հայաստանում կինոն չունի տարբեր էկրաններից ցուցադրվելու հնարավորություն: ՈՒնենք ընդամենը երեք կինոթատրոն, ինչը հավասարազոր է չլինելուն, այդ երեք կինոթատրոնները չեն կարող ինչ-որ ստրատեգիա ձևավորել: Դրա համար մեր կինոն, մի տեսակ, աութսայդերի վիճակում է ժամանակակից արվեստում, գումարած հայկական հեռուստատեսությունների վերապահ վերաբերմունքը կինոյի հանդեպ, և այս ամենից էլ առաջանում է այն պատկերացումը, գուցե և թյուր, իբր կինո չունենք: Ես կարծում եմ` կինոպրոցես, այնուամենայնիվ, տեղի է ունենում, բայց ինչ-որ ձևով այդ ֆիլմերը պետք է բերել դիտարկման, քննարկման դաշտ: Որպեսզի միս ու արյուն ստանան, հանրության հետ օրգանական կապի մեջ մտնեն: Ի վերջո, ռեժիսորը ֆիլմը չի ստեղծում իր և մի խումբ մարդկանց համար:
-Այս տարի «Մեկ կադր» կինոփառատոնին քանի՞ հայ հեղինակ էր մասնակցում:
-Շատ էին, երևի կեսից ավելին Հայաստանից էր:
-Հիմնականում ո՞ր թեմաներն են շեշտադրվում:
-Այսպես ասեմ` նախընտրական տարիներին մեր մասնակիցները պասիվանում են, քչանում է մասնակցությունը, նկատվում է անորոշություն, ցրվածություն: Ես հասկանում եմ` մեր ընտրությունները շատ կիզակետային են, չափից դուրս էներգիա են խլում մարդկանցից, մասնակիցների շրջանում ավելանում է հասարակական այդ շրջանին բնորոշ խնդիրների վերարտադրումը: Այս տարի նույնպես մասնակիցների մի խումբ ուղիղ ձևով իր ֆիլմերը կապել է նախընտրական, ընտրական, սոցիալ-հասարակական խնդիրների հետ:
-Հեղինակները մեկի մյուսի գործերից տեղյա՞կ են:
-Փորձում ենք հնարավոր բոլոր տարբերակներով շահագրգռել, ծրագիրն էլ այնպես ենք կազմակերպում, որ գոնե ստիպված լինեն նայելու մեկը մյուսի գործերը: Չէի ասի, թե կա այդ գիտակցումը մասնակիցների մեջ: Հեղինակներից շատերն առաջին քայլերն են անում, հատկապես Հայաստանի մասին է խոսքը, ու այն դաշտը, որտեղից գալիս են, իրենց չի տալիս նախնական ինֆորմացիա, որովհետև տեղեկացված լինելը կապ ունի նաև կրթության հետ: Մասնակցել փառատոնին և չտեսնել մյուս մասնակիցների ֆիլմերը ուղղակի պրոֆեսիոնալ մոտեցում չէ:
-Հայկական արտադրության Ձեր դիտած վերջին ֆիլմը կարո՞ղ եք հիշել:
-Ցավում եմ, բայց դեռևս չեմ կարողանում այս նոր կոմերցիոն կինոյի հետ հաղորդակցվել: Ընդհանուր առմամբ, լավ է, որ կա այդ կինոն, բայց երբ այդ ֆիլմերը ցուցադրվում են, հետևում եմ արձագանքներին, չեմ ուզում գնալ, ավելորդ անգամ հասկանալ, որ մեր կինոն, այնուամենայնիվ, իր խնդիրներից չի կարողանում դուրս գալ:
Իբրև նոր ժամանակների վավերագրական կինոյի լավագույն դրսևորում տպավորվել է «Ոսկե ծիրան»-ում մրցանակ ստացած և համաշխարհային կինոյում ճանապարհ անցած Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը: Էլի կան մեկ-երկու նման ֆիլմեր: Լավ կինո կա, մենք չենք տեսնում այդ լավ կինոն:
-«Մեկ կադր»-ի ֆիլմերը չե՞ն հետաքրքրում հայկական հեռուստաընկերություններին: Փորձե՞լ եք այդ առումով քայլեր անել:
-Ժամանակ ծախսելն անօգուտ է, բացառվող տարբերակ է: Տարիներ առաջ ջանքեր գործադրել ենք, հիմա 10 տարեկան ենք ու հասկանում ենք, որ դա ուղղակի հնարավոր չէ:
-Ո՞րն է էկրանները գրաված անճաշակ սերիալների դեմ պայքարի ուղին:
-Վաղուց արդեն հեռուստացույց չեմ նայում, մեկ լրատվական աղբյուրի եմ հետևում: Սերիալը չգիտեմ ինչ է, իսկ հեռուստատեսային նոր իրականություն ստեղծելու համար երկու կողմից պետք է զարգացումներ լինեն` դիտողի և հեռուստաընկերությունների: Վերջիններս պետք է նախ վերանայեն իրենց դիրքորոշումը սոցիումի, հասարակության վերաբերյալ: Ըստ նրանց` Հայաստանը կրիմինալ երկիր է: Մեզանում, հուզիչ սիրո պատմությունից բացի, ուրիշ թեմա գոյություն չունի: Կա՛մ այդպես են պատկերացնում, կա՛մ պատվեր է` որոշակի միջավայր ձևավորելու համար, ի վերջո, հեռուստատեսությունը գործիք է: Մյուս թևը պետք է հասկանա, որ հեռուստատեսությունը գործիք է` որոշակի միջավայր ձևավորելու համար, մի օր օգտվի ընտրելու իր հնարավորությունից, ուղղակի անջատի հեռակառավարիչը:
-Խոսենք Ձեր ֆիլմերից:
-Երկու տարի առաջ նկարահանել եմ «Երկխոսություն» վավերագրական ֆիլմը, որը մասնակցել է մի շարք միջազգային փառատոների: Ներկա պահին մի քանի նախագծերի վրա եմ աշխատում և փորձում եմ կարճ «տրամադրություններ» ստեղծել:
-Նկատի ունեք` կարճ ֆիլմե՞ր:
-Կարճ ֆիլմեր, որոնք «տրամադրություններ» են:
-Եվ որտե՞ղ կարելի է դիտել այդ «տրամադրությունները»:
-Ես ասում էի, որ էկրանի խնդիր ունենք: ՆՓԱԿ-ում նպատակ ունենք ստեղծելու «Չտեսնված հայկական կինո» խորագրով նախագիծ: Չտեսնված` երկու իմաստով. չտեսնված լուսավոր կինո, և կինո, որ իրականում չենք տեսել: Կցուցադրվեն թե՛ ժամանակակից, թե՛ խորհրդային շրջանի հայկական կինոյի նմուշներ: Գիտենք, որ խորհրդային շրջանում արտադրվել է հետաքրքիր, լավ կինո, որը մենք չենք տեսել: Եվ հենց այդ «չտեսնելն» է ձևավորել տպավորություն, թե հայկական կինո չկա: Իրականում դա կեղծիք է, պարտադրված պատկերացում է հասարակությանը: Հասարակությունն անգամ չգիտի` ինչ կինոլեզվի կոնտեքստում նայել ֆիլմը: Որպես սպառող դիտելն ու ժամանակ անցկացնելը մի կինո է, բայց վստահ եմ, կան մարդիկ, որ կինոէկրանից ցուցադրվող պատկերի հանդեպ ունեն այլ վերաբերմունք:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ