ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Խեղճ Ֆինլանդիա, գծուծ ֆիններ

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Խեղճ Ֆինլանդիա, գծուծ ֆիններ
12.04.2014 | 13:31

Ֆինլանդացին պայուսակում սովորաբար մթերքի դատարկ տոպրակ է պահում, որպեսզի գործից հետո գնում կատարելիս ավելորդ ծախս չանի, քանզի խանութներում այն անվճար չէ, ընդ որում, վաճառքում ցելոֆանի կողքին առկա են թղթյան և կտորից կարածը: Հարկադրված` գնելիս էլ շատերն օգտվում են վերջին երկու տեսակից: Տարօրինակ է, չէ՞. մեզնից բազմապատիկ շատ աշխատավարձ են ստանում, բայց ափսոսում են մի քանի ցենտ ավել ծախսել, խանութատերերն էլ մարքետինգից բացարձակ գաղափար չունեն, չեն վախենում, որ գնորդ կկորցնեն:
Հալալ չէ՞ մերոնց. թեթևակի խնդրիր, տասը տոպրակ ավել կտան, գնումներդ առանձին-առանձին կդնեն: Առևտրի, սպասարկման մշակույթ ունենք, աշխարհը չունի, ուր մնաց հյուսիսային երկիր Ֆինլանդիան։
Մեկ այլ տարբերություն էլ մեզնից․ նրանք տանը մի քանի աղբաման ունեն՝ հատուկ դույլ՝ հումուսացուի համար, մեկ ուրիշը՝ պլաստմասից մնացուկի, երրորդը՝ մետաղի, չորրորդը՝ թղթե, այդ թվում՝ կաթի տուփերի, որը, ի դեպ, նախապես լվանում են: Առանց ծուլանալու, խորշելու աղբը տեսակավորելով՝ շաբաթվա հարմար օր, ժամի տանում, դնում են դրսի նույնպիսի համարակալած աղբամանները, փոխանակ նետեն աղբամուղը, բացօթյա կերուխումից հետո թողնեն տեղում կամ թե ընթացող մեքենայից թաքուն, ի տես բոլորի շպրտեն կողքի առուն, ձորակը:
Փոխարենը, գիտե՞ք, նրանց փողոցներում, բակերում, դաշտերում, անտառներում, գետերի ու լճափերին, գերեզմանատներում միանգամյա գործածության շիշ, բաժակ, պնակ, ցելոֆան, փայլաթուղթ, ընդհանրապես աղբ չեք գտնի, իդեալական մաքրություն է։ Հիմա հասկացա՞ք, թե ինչու են տոպրակները փողով արել, ինչու են տանը կամովին աղբ քչփորում, նրանց ջրերում ինչու են առատ ձկները, անտառներում՝ վայրի կենդանիները, մշակված է հողը, անապակ՝ բնությունը, հարուստ՝ երկիրը, քաղաքացին, չեն պարտքում, վարկեր մուրում, կիրթ են, քաղաքակիրթ, անշարժ գույքի և ներդրումների համար բարենպաստ դաշտի, կաշառակերության դեմ պայքարի, տնտեսական մրցակցության ու կայունության, մայրության, մանկան, մարդու իրավական պաշտպանվածության, ընտանեկան բարեկեցության առումով աշխարհի լավագույն երկրների հնգյակում են, շատ ուղղություններով՝ առաջին տեղում:
Հիմա ո՞վ է խեղճ՝ մե՞նք, թե՞ ֆինները, գեյերը նրա՞նց են տիրել, թե՞ մեզ, նրանց թվացյալ գծուծությու՞նն է արդյունավոր, թե՞ մեր անիմաստ բացձեռությունը, անաղմուկ երկիր սիրելն ու նրա մասին շարունակաբար հոգա՞լն է լավ, թե՞ կերուխումի սեղանի շուրջ թևքերը քշտած թշնամու հասցեին հոխորտալը, իրականում՝ բացեիբաց ու թաքուն մեկմեկու բզկտելը, հայրենիքը մաս-մաս հանձնելը, պետության կառուցումն այս էլ որերո՜րդ անգամ ձախողելը:

Դիտվել է՝ 2312

Մեկնաբանություններ