ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մարգարիտը ե՛ս շաղ տվի, գարի ցանողը հռչակվեց»

«Մարգարիտը ե՛ս շաղ տվի, գարի ցանողը հռչակվեց»
13.02.2013 | 13:42

Փոխվեց դարը, փոխվեց նաև մեր վերաբերմունքը այս կամ այն երևույթի, մարդու, մարդկայինի, ոչ մարդկայինի հանդեպ: Այս ամենը, անշուշտ, իր արտահայտությունն է գտնում մշակույթի, արվեստի, գրականության մեջ: Այն, ինչ տարիներ առաջ, դարեր առաջ համարվել է մեղք, այսօր՝ օրինաչափ, ընդունելի, հասանելի... Այս ամենը հասկանում ենք, ընդունում ենք, բայց... Ի՞նչը և ո՞ր դեպքում: Արդյո՞ք պետք է ընդունել այն լեզուն, որով խոսում է այսօրվա հայը եթերից, բեմից: Արդյո՞ք պետք է լսել այսքան դատարկ, անիմաստ, անճաշակ երգերը: Լսել և լռել:

Մինչև ե՞րբ, ինչքա՞ն... Ասում ենք՝ ամեն մի սխալի կամ հանցանքի համար պատասխանատու ենք բոլորս: Եթե տեսնում ենք ու լռում, եթե լսում ենք ու լռում, ուրեմն մեղքի բաժին ունենք ամենքս: Իսկ եթե չենք լռում... Խոսում են այդ մասին թերթերը, եթերը, բեմը, բայց այդ խոսքը տեղ չի՛ հասնում: Մեր մտավորականներից շատերն են պահանջում՝ մաքրե՛ք լեզուն, փրկե՛ք երգը: Բայց ո՞ւմ են ասում...
Ռաբիսն արդեն խեղդում է երկիրը: Բողոքում է երկիրը, բողոքում է նո՛ւյնիսկ հայկական սփյուռքը:
Բայց կարծես ավելի ուժգին, ավելի հաղթական են հնչում նույն նողկալի երգը, երաժշտությունը, նողկալի բառը, շեշտը... Անուններ տանք, թե չտանք, միևնույն է: Եթե չի՛ կարող վերանալ այս չարիքը, գոնե կարելի՞ է մեղմացնել, պակասեցնել եթերաժամը հօգուտ բարձրարվեստ խոսքի, հաղորդաշարի: Եթե չենք կարող պարտադրել Ազգային ժողովին՝ խոսել հայերեն կամ պահպանել արժանապատիվ կեցվածք, ապա կարո՞ղ ենք լավ օրինակը ավելի հաճախ լսելի դարձնել, տեսանելի՛: Անպիտան խոսքի, երգի փոխարեն լավը, օրինակելին, լուսավորը ավելի հաճախ հնչեցնել: Կան, չէ՞, օրինակներ: Ինչպե՞ս կարող ենք չունկնդրել Սայաթ-Նովայի, Շերամի հետաքրքիր, ներդաշնակ, կիրթ մեկնաբանումները: Չընկալել դասական, թե ժողովրդական, ազգային, թե համաշխարհային անզուգական կատարումները, որոնք եթերով մտնում են մեր տուն, ուր մեծանում է մեր զավակը, մեր թոռնիկը, մեր սերունդը: Չէ՞ որ նա նո՛ր հայն է, որ նո՛ր դարի պահանջով ավելի՛ մարդկային, ավելի՛ ազգային, ավելի՛ համամարդկային արժեքների կրողը պիտի լինի:
Շատ է խոսվել մեր դարավոր թշնամու երգերը թարգմանաբար «հայերեն» երգի տեսքով «հնչեցնելու» մասին: Շատ է խոսվում նաև փողոցային հայերենը եթերից մեր բնակարան ներխուժելու մասին: Վատը շուտ է թափանցում մանուկ, պատանի հոգեաշխարհը: ՈՒրեմն կանխե՛նք չարի ներխուժումը դեռ չապականված հուզաշխարհ, մեր մանկան աշխարհը, լավի՛, գեղեցիկի՛ միջոցով: Կարծում եմ՝ միակ ելքը բարձր արվեստ մատուցելն է: Մեր մեծերի պատգամներով և ոգով շաղախվածը, այո՛, հենց պարտադրե՛լն է: Այսպես մենք հանցակից չենք դառնա այն հրեշավոր ճառագայթումին, որին ենթարկվում ենք բոլորս: Փրկենք գոնե մեզնից հետո եկողներին: Դա պահանջն է Նարեկացու, Թումանյանի, Նժդեհի, Սևակի: Հանրաճանաչ կատարում, թե սկսնակ՝ երգը, խոսքը, հաճույքից բացի, պետք է ուսանելի լինի, դաստիարակի, առանց այն էլ այսքան ծանր քաղաքական, սոցիալական իրավիճակում պայքարող մեր երկրի քաղաքացուն, բնակչին: Որ նա չուզենա լքել երկիրը, չուզենա չարիք գործել, չուզենա հանցակից լինել ստորին, անմարդկայինին, ապազգայինին: Մեզ պետք է այն ժողովուրդը, որ չցանկանա լսել ավերիչ երգը: Նույնիսկ խնջույքում խնջույքային բարձրարվեստ երգ է պետք: Մենք չենք կարող և իրավունք էլ չունենք այս կամ այն կատարողին արգելել երգել: Բայց կարո՞ղ ենք եթերը, մամուլը, բեմը արվեստի, մշակույթի դարբնոց դարձնել:
Դա կարո՞ղ ենք...
Այսօր երանությամբ ենք հիշում նախորդ համակարգի արժեքները, համակարգ, որը հիմա էլ դատապարտում ենք իր թերացումների համար: Մի կողմ թողնելով նրանց երբեմն ծայրահեղ խստաբարո գնահատականը, երբ Շիրազի, Սևակի հանճարեղ ստեղծագործությունները մնում էին անտիպ, արհամարհված: Եվ խոստովանենք՝ ամենաաննշան սխալի համար եթերի, մամուլի, բեմի պատասխանատուն կրում էր ամենախիստ պատիժը՝ ընդհուպ աշխատանքը կորցնելու վտանգը: Հիշենք տարիներ առաջ Սունդուկյանի անվան թատրոնում «Պեպո»-ի «հանրահայտ» բեմադրությունը Խորեն Աբրահամյանի նման ճանաչված ու սիրված արտիստի համար ի՜նչ թանկ նստեց. իշխանությունները նրան զրկեցին մայրաքաղաքի բեմից: Անշուշտ, դա էլ էր ծայրահեղ: Բայց կար անհանդուրժող վերաբերմունքը բացասական երևույթի հանդեպ:
Մենք այսօր էլ հոգեզմայլ հուզմունքով ենք դիտում Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Վաղարշ Վաղարշյանի անզուգական մարմնավորումները: Այն, ինչ մնացել է ժապավենի վրա նրանցից, մասունքի նման ենք ըմբոշխնում: Չկա՞ այսօր Արմենակ Շահմուրադյանի, Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի և շատ շատերի գենոֆոնդի շարունակողը: Իհարկե, կա՛... Բայց հովանավորվում է անճաշակը, ապաշնորհը, նույնիսկ վտանգավորը: Այն, ինչ դատապարտվում էր տարիներ առաջ, այսօր գովերգվում է և խրախուսվում է: ՈՒզում եմ ավարտել Շիրազի հանրահայտ տողերով՝ «Մարգարիտը ե՛ս շաղ տվի, գարի ցանողը հռչակվեց»: Ապավինենք, ուրեմն, «մարգարիտ շաղ տվողներին»: Վերջերս ստեղծված «Քնար» երաժշտասերների միություն ՀԿ-ն, որի նախագահն է բազմաշնորհ, մեծ արվեստասեր Յուրա Ղազարյանը, լծվել է հենց այս գործին: Փնտրենք նրանց, գտնենք ու փայփայենք:
Միայն այսպես կհաղթահարենք մշակույթի, արվեստի այսքան ցավալի ճգնաժամը:


Ժասմենա ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Քնար» երաժշտասերների միություն ՀԿ անդամ, ասմունքող

Դիտվել է՝ 27950

Մեկնաբանություններ