Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Փոփոխություններից հետո ծնողները երեխաներին այլ դպրոցներ չեն տանի

Փոփոխություններից հետո ծնողները երեխաներին այլ դպրոցներ չեն տանի
10.05.2017 | 09:59

Ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով Աբու Դաբի էր այցելել Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն, դոկտոր Ներսես Սարգսյանը: Նա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը հանդես եկավ բանախոսությամբ՝ մանրամասն անդրադառնալով Հայ դատի պատմությանը, Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Թուրքիայի ներկայիս ներքաղաքական իրավիճակին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Հայաստանի Հանրապետության անելիքներին, հայրենիքի հզորացման անհրաժեշտությանը: Միջոցառման ավարտին Ներսես Սարգսյանի հետ զրուցեցինք Քուվեյթի ազգային վարժարանի մասին: Մինչ զրույցին անցնելը նշենք, որ 1961 թ. հիմնադրված ուսումնական հաստատությունը Ծոցի երկրների վարժարանների շարքում լավագույններից մեկն է: Շրջանավարտներն ընդունվում են ոչ միայն արաբական երկրների բուհեր, այլև իրենց կրթությունը շարունակում Հայաստանի համալսարաններում: Վարժարանը կազմված է երեք մասից՝ նախակրթարան, միջնակարգ և երկրորդական դպրոց: Ի դեպ` վերջինն աշակերտներին նախապատրաստում է բակալավրիատ ընդունվելու: Քուվեյթի ազգային վարժարանն այս ուսումնական տարում 398 աշակերտ ունի: Ընդգծենք, որ վարժարանում սովորում են միայն հայ աշակերտներ: Նրանց բարձրորակ կրթությունն ապահովում են 56 ուսուցիչներ, որոնց թվում՝ հայ և օտարազգի ուսուցիչներ: Կես դարից ավելի պատմություն ունեցող վարժարանը եղել և մնում է համայնքի ոգին, հայապահպանության ջատագովը: Հայաստանից, Արցախից Քուվեյթ այցելող պաշտոնյաները, քաղաքական, մշակութային գործիչներն առիթը բաց չեն թողնում ծանոթանալու ազգային վարժարանին: Մեր հարցին՝ համայնքի ծնողները ազգային վարժարանի՞ն, թե՞ այլ դպրոցների են նախապատվություն տալիս, Ներսես Սարգսյանը պատասխանեց, որ մեծ մասամբ համայնքը նախընտրում է երեխաներին ուղարկել ազգային վարժարան: Կան նաև ամերիկյան, անգլիական դպրոցներ ուղարկողներ: Վերջինս հասկանալի պատճառ ունի: Այդ դպրոցներում սովորած երեխաներն արտերկրի անգլալեզու համալսարաններ դիմելիս դժվարությունների չեն հանդիպում: Եվ միանգամից ընդգծեց. «Ոչ թե հարցը ազգային միջավայրից հեռանալն է»: Նա նաև նշեց, որ վարժարանում քայլեր պետք է ձեռնարկվեն դասավանդման չափորոշիչները փոխելու, ընդհանուր չափորոշիչներին հարմարեցնելու ուղղությամբ: Նա վստահեցրեց, որ այդ փոփոխություններից հետո ծնողները երեխաներին այլ դպրոցներ չեն տանի:


Բնականաբար, ուսումնական հաստատության մակարդակն ապահովում են մասնագիտական կրթությամբ, բարձր որակավորում ունեցող մանկավարժները: Այդպիսիք են դասավանդում նաև Քուվեյթի ազգային վարժարանում. «Մենք պետք է որոշ չափանիշներ ամողջացնենք. յուրաքանչյուր դասավանդող պետք է վկայական ունենա, պետք է հատուկ քննություն անցնի»: Ի թիվս այլ առարկաների վարժարանում դասավանդվում է հայոց լեզու առարկան, որի վրա մեծ ուշադրություն են դարձնում: Հետաքրքիր էր, թե վարժարանի կրթական համակարգում ինչպիսի դեր ունի արևելահայերենը, և կարող են արդյոք Հայաստանից եկած մասնագետները դասավանդել այստեղ. «Հայերեն առարկայի դասավանդման դեպքում արևելահայերենի հարցը մի քիչ դժվար է, որովհետև մենք որպես Սփյուռքի դպրոց արևմտահայերենի պահպանման առաքելություն ունենք: Մեր քերականությունը և դասավանդվող առարկաներն արևմտահայերեն են: Չնայած որպես գրականություն արևելահայ գրողներ էլ ենք անցնում: Բայց սկզբունքը արևմտահայերենն է: Խորքում սա հակասական վիճակ չէ: Այլ առարկաների դասավանդման դեպքում խնդիր չկա, որ որևէ հայ մասնագետ Հայաստանից գա և դասավանդի»: Նա նշեց, որ մարմնամարզության ուսուցիչը՝ Արթուր Միրզոյանը, Հայաստանից է (Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից): Շուտով դպրոցում աշխատանքի պետք է անցնի նաև նրա բժշկուհի տիկինը:


Զրույցի ընթացքում չշրջանցեցինք նաև դասավանդման նոր մեթոդների կիրառման հարցը: Ներսես Սարգսյանն ասաց, որ իրենք փորձում են հնարավորինս ինտերակտիվ դաս մատուցել, որպեսզի հետաքրքրեն ժամանակակից երեխային, ինչպես նաև փորձում են կապել աշակերտին բնությանը, շրջապատող աշխարհին: Որպես օրինակ հիշեց Հովհաննես Այվազովսկու մասին ծովի ափին անցկացվող դասը, որն աշակերտներին հնարավորություն է տալիս տեսնելու նկարչի պատկերած ծովը, զգալու այդ շունչը:


Ինչպես հայտնի է, այսօրվա դպրոցն այլևս չի կարող քարացած մեթոդներով աշխատել, այն ձգտում է դառնալ ստեղծագործական, համագործակցության միջավայր աշակերտի և ուսուցչի համար: Դպրոցի որակը և հեղինակությունը պահելու համար անընդհատ պրպտումներ, քրտնաջան աշխատանք են անհրաժեշտ: Կարևոր են նաև այլ կրթօջախների հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը: Մեզ հետաքրքրում էր, թե Քուվեյթի ազգային վարժարանը համագործակցո՞ւմ է սփյուռքյան կրթօջախների հետ. «ՈՒղղակի համագործակցություն չունենք դպրոցական ցանցի հետ: Այդպիսի համակարգ էլ գոյություն չունի, որ մենք այլ համայնքների դպրոցների հետ հարաբերություններ ունենանք: Բայց, եթե, օրինակ, դասագիրք ենք ուզում բարեփոխել, սկսում ենք շփվել այլ համայնքների հետ, ինչպես նաև համագործակցում ենք սփյուռքի նախարարության հետ»: Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարությանը, ապա այն ակտիվորեն մասնակցում է նախարարության համահայկական ծրագրերին: Այդպիսի օրինակ է Մայրենիի տոնին նվիրված «Իմ քաղցր լեզու» թեմայով շարադրությունների մրցույթը: Ի դեպ, մրցույթին ակտիվ մասնակցելու համար Քուվեյթի ազգային վարժարանը սփյուռքի նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի: Ներսես Սարգսյանը նաև հավելեց, որ իրենք անմասն չեն մնում Կիլիկիայի կաթողիկոսության նմանատիպ միջոցառումներից:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 14382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ