ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Նույն մետամորֆոզը տեղի է ունենալու Տեր-Պետրոսյանի էլեկտորատի հետ

Նույն մետամորֆոզը տեղի է ունենալու Տեր-Պետրոսյանի էլեկտորատի հետ
30.01.2009 | 00:00

«ՄՈՌԱՆԱԼ ՀԵՐՈՍՏՐԱՏԻՆ»
Անընդհատ շրջանառվելուց ծեծված ու մաշված ճշմարտություն է` առանց ուժեղ ընդդիմության ուժեղ իշխանություն, ըստ այդմ, նաև ուժեղ պետություն լինել չի կարող։ ՈՒժեղ ընդդիմությունը բնորոշվում է թե՛ կուսակցության մեջ ներգրավված մարդկանց քանակով, կուռ գաղափարախոսությամբ, սկզբունքներով և ծրագրերով, թե՛ գործող իշխանությունների հետ մրցակցելու հզոր, ազդու մեխանիզմներով` ժողովրդին իր ճշմարտացիությունն ապացուցելու, իշխանության գալու գլխավոր նպատակին հասնելու ճկուն մարտավարությամբ, ռազմավարությամբ և վճռականությամբ։

Անդրադառնանք այն հարցին, թե ինչու անկախացումից հետո անցած տասնութ տարիներին իշխանության հասնելու ունակ, ուժեղ ընդդիմություն չստեղծվեց։ Իհարկե, թե՛ անցյալում, թե՛ այսօր ընդդիմադիրները կարող են և հակադարձել` «Իսկ ո՞վ ասաց, թե ուժեղ ընդդիմություն չի եղել ու չկա. պարզապես իշխանությունները, ուժային-վարչական լծակներն օգտագործելով, բռնությամբ պահում են իշխանությունը»։ Խոստովանենք, որ սա, թեկուզ ոչ ամբողջովին, բայց որոշ առումով սուբյեկտիվ և միակողմանի բացատրություն է։ Կա սրան հակադիր, սակայն նույնքան սուբյեկտիվ մեկ այլ տարածված գնահատական ևս։ Այն է` ընդդիմության ձախողումները 1996, 1998, 2003, 2008 թվերի նախագահական ընտրություններում բացատրվում են համաժողովրդական բողոքի ալիքը ճիշտ չուղղորդելու, սխալ մարտավարություն որդեգրելու և հարկավոր պահին անհրաժեշտ վճռականություն չդրսևորելու հանգամանքներով։
Վերոնշյալ հարցադրմանը փոքրիշատե օբյեկտիվ պատասխանելու համար պարզապես պետք է ընդունել, որ իշխանափոխության ունակ ընդդիմություն չենք ունեցել և չենք ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ չունենք քաղաքական գիտակցության անհրաժեշտ մակարդակով «զինված», այլ խոսքով` քաղաքացիական հասարակություն, որը գիտե` ում հետևից է գնում և ինչի համար։ Հասարակություն, որը վճռական է, հետևողական, զերծ ենթագիտակցական-հուզական համակրանք-հակակրանքներից, կարճ ասած, անհատներից կուռքեր չի ստեղծում և, որպես դրա հետևանք, նույն կուռքերից շատ արագ չի հիասթափվում։
Այս ընդհանուր տեսական նախաբանն անհրաժեշտ էր հասկանալու համար, թե այսօրվա դրությամբ ինչ իրավիճակում է գտնվում մարտիմեկյան «փոթորկի» մասնակից և կազմակերպիչ (թող սխալ չընկալվի, «կազմակերպիչ» բառն օգտագործելով` մտադրություն չունենք այդ օրերի բոլոր ողբերգական հետևանքները ջարդել միայն տերպետրոսյանական արմատականների վրա) Հայ ազգային կոնգրես անունը կրող շարժումը, պայքարը շարունակելու ի՞նչ հեռանկարներ ունի։ Եվ ընդհանրապես, ունի՞ արդյոք։ Ինչո՞ւ հարցադրման մեջ ընդգծված թերահավատություն կա։ Որովհետև անցյալի փորձը ցույց է տվել, որ մեր ժողովուրդը պարտված կուռքերից շուտ է հիասթափվում։ Այն պարզ պատճառով, որ կուռքը վերացարկված «երկնային» երևույթ է շարքային քաղաքացու ենթագիտակցական հարթությունում և պարտվելու դեպքում կորցնում է «անդրերկրային» լուսապսակը։
Ընդամենը մեկ-երկու օրինակ` որպես ասվածի ապացույց։ 1996-ին Վազգեն Մանուկյանը փաստացի հաղթեց նախագահական ընտրություններում, սակայն արդարությունը վերականգնելուն ուղղված հետընտրական պայքարը տանուլ տվեց։ Նշանակություն չունի, որ դա կատարվեց քաղաք ներխուժած տանկերի օգնությամբ։ Փաստն այն է, որ երկու տարի անց նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանի վարկանիշը «աստղաբաշխական» անկում ապրեց։ Նույնը կատարվեց 2003-ի ընտրություններում` Ստեփան Դեմիրճյանի պարագայում։ Չկարողացավ տեր կանգնել իրենից խլված ձայներին, և մի քանի տարի անց նրա վարկանիշն ընկավ երկրաչափական պրոգրեսիայով։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում նույն մետամորֆոզը տեղի է ունենալու Տեր-Պետրոսյանի էլեկտորատի հետ։ Պետական-քաղաքական հարցերում ոչ թե հուզական, այլ գիտակցական մոտեցման դեպքում հասարակության հոգեբանության մեջ նման կտրուկ շրջադարձերը, բնականաբար, կբացառվեին։ Ի վերջո, անհատապաշտությունը, կուռքեր ստեղծելու սինդրոմը հատուկ է ոչ քաղաքակիրթ ժողովուրդներին։
Սակայն վերադառնանք այն հարցին, թե Հայաստանին ձայնի իրավունքից չզրկելու Եվրախորհրդի որոշումից հետո ընդդիմությունը պայքարը շարունակելու ի՞նչ միջոցներ ունի իր զինանոցում։ Առկա իրավիճակում կրկին հույսը դնել ԵԽ-ի ճնշումների վրա, մանկական միամտություն կլինի։ Հանրահավաքային խոշոր ալիք առաջացնել գարնանամուտին տեսական հարթությունում հնարավոր է, բայց իրատեսական գնահատմամբ` գրեթե անհնարին։ Կրկին հիշեցնենք` մեր ժողովուրդը պարտվածներին չի ներում և չի էլ փորձում պարտության պատճառներն իր մեջ որոնել։ Վերսկսել «քաղաքական զբոսանքնե՞րը». խոստովանենք, որ մի քանի տասնյակ մարդկանց խոսք ու զրույցը Հյուսիսային պողոտայում մի տեսակ արհեստական ու դեկորատիվ բնույթ է կրում և այդպես երկար շարունակվելու դեպքում կարող է դառնալ արդեն ծիծաղելի։ Նոր իրավիճակում ընդդիմությունը, ակնհայտորեն, թարմ գաղափարների և մարտավարության կարիքն ունի։ Ինչ-որ բան տեղից շարժելու, վերակենդանացնելու համար անհրաժեշտ են ոչ թե սովորական, այլ որոշ առումով արտառոց արդյունավետությամբ, գրեթե հրաշատիպ «գյուտեր»` «Էվրիկա» գոչելուն արժանի արտասովոր քայլեր և ծրագրային գործողություններ։ Արդեն օգտագործված, սպառված նախկին տեխնոլոգիաներով «խաղի» մեջ մտնել, կնշանակի հանրությանը պարզորոշ տեսանելի դարձնել, որ ընդդիմադիր շարժումը ոչ թե հոգեվարքի մեջ է, այլ արդեն վաղուց մահացած։
Նման պարագայում ընդհանրապես չարժե «խաղը» վերսկսել։ Ավելի լավ է հարմար պատրվակ գտնել, ինչպես անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին, այս անգամ էլ, օրինակ, վկայակոչել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները և փոքրիշատե արժանապատիվ ձևով անցնել «ընդհատակ»։ Մինչև աշխարհաքաղաքական անակնկալ փոթորիկների ինչ-որ պատահական ալիք կսասանի նաև հայոց պետականության նավը, և կզգացվի նոր` այս դեպքում փրկիչ իշխանությունների անհրաժեշտություն։ Ահա այսպիսի «բնական» աղետի դեպքում ընդդիմությունը կվերադառնա ակտիվ քաղաքական թատերաբեմ` ստանձնելու վերոնշյալ «փրկչի» դերը։ Բայց, ի ցավ ընդդիմության, գոնե այսօրվա դրությամբ, «թարսի պես» աշխարհաքաղաքական զարգացումները, հատկապես Օբամայի նախագահ ընտրվելուց հետո, խոստանում են լինել ոչ թե փոթորկալից, այլ հակառակը, համեմատաբար խաղաղ։ Դրա վկայությունն են մի քանի օր առաջ Օբամա-Մեդվեդև հեռախոսազրույցը և երկու գերտերությունների պատրաստակամությունը` հարթելու սրված տարաձայնությունները նախկինում ու ներկայում առկա բոլոր խնդիրներում։
Սակայն եթե իշխանափոխության հարցում այսօրվա իրողություններից ելնելով` ընդդիմությունը ստիպված է առայժմ ապավինել «նստեմ թախտին, սպասեմ բախտին» տրամաբանությանը, ապա ձերբակալված ընկերների ազատ արձակման խնդրում բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով չպայքարելու բարոյական իրավունքը չունի։ Դրանով էին հենց պայմանավորված Լևոն Զուրաբյանի այցը Ստրասբուրգ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի օրերին, ԵԽ-ի տարբեր պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ Հայաստանում տիրող իրավիճակի մասին իրազեկումները ԵԽ-ի պատգամավորներին։ Իսկ երկու օր առաջ Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, որ Հայաստանին ձայնի իրավունքից չզրկելը դեռ ոչինչ չի նշանակում, հարցը բաց է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ վերջին քաղկալանավորն ազատ չի արձակվել։ ԵԽ-ի հետ աշխատանքները լինելու են շարունակական, Հայ ազգային կոնգրեսը պարբերաբար հանդես է գալու հայտարարություններով և մշտական կապի մեջ է լինելու ԵԽԽՎ-ի ղեկավարների հետ։ Կարծում ենք` «դրսից տղա կանչել» ձերբակալված ընկերներին ճաղերի հետևից հանելու ազնիվ մղումով, զուտ բարոյական հարթությունում արդարացված է։ Շատերը կարող են հակաճառել, թե հանուն զինակից ու համախոհ ընկերների պետության իմիջի հետ չեն խաղում, բայց ի՞նչ անել, երբ իշխանությունները «7-ի գործով» բացառապես ոչ մի այլընտրանքի հնարավորություն չեն թողնում։
Համոզված ենք նաև, որ մարտի 1-ի գործով բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը, անկախ նրանից, մեղավոր են, թե ոչ, կբարձրացնի իշխանությունների, ինչո՞ւ չէ, հենց պետության վարկանիշը, կմեղմացնի այն ահռելի բևեռացումը, որն առկա է իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-հասարակություն հարաբերություններում։ Քաղաքական կամքի և հումանիզմի դրսևորմամբ միայն հնարավոր կլինի մաքրել մարտի 1-ից հետո մնացած մեծաքանակ «աղբի» վերջին կեղտաբիծը։ Այդժամ արդեն այն ողբերգական օրերի վերհուշն այլևս խոր ցավ չի առաջացնի, և թեթևացած սրտով հնարավոր կլինի հրահանգել ինքներս մեզ` «անցանք առաջ»։ Որքա՜ն անհրաժեշտ է ազգովի, իշխանությունով ու ընդդիմությունով այդ «առաջ անցնելը»։ Առավել ևս հիմա` տագնապներով և անորոշությամբ լեցուն մեր օրերում։
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3395

Մեկնաբանություններ