15.10.2024|
09:17
Հեռավոր 1975-ի սեպտեմբերյան մի խաղաղավետ երեկո համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Սմբատ Ավագյանը ինձ ու համակուրսեցուս` Կարինե Արամյանին «Արմենիա» հյուրանոց տարավ՝ հանդիպելու Մոսկվայից ժամանած հայտնի գրականագետ, պրոֆեսոր Արշավիր Արշարունուն: Մոտ երկու ժամ տևած զրույցն ասես մեր համալսարանական դասի շարունակությունը լիներ` ակադեմիական կոկիկ խոսքով ու ոճով, և, անկեղծ ասած, այսօր այդ հանդիպումից սրտումս էական բան չի մնացել: Այ, ուրի՜շ էր քիչ անց Ամիրյան փողոցում Հովհաննես Շիրազի հետ մեր` թեկուզև շատ կարճատև, «ոտքի վրա» պատահական հանդիպումը: Հախուռն, բնական, մարդկային ջերմությամբ առլեցուն այդ քաղցր հուշ-պատառիկը հիմա էլ վառ է իմ սրտում: