Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ոչ բոլոր ինքնասպաններն են հոգեկան հիվանդներ

Ոչ բոլոր ինքնասպաններն են հոգեկան հիվանդներ
10.06.2008 | 00:00

Հետխորհրդային տարիներին համոզմունք կար, որ ինքնասպանությունը հոգեկան հիվանդության նշան է։ Եվ յուրաքանչյուր ինքնասպան հետմահու արժանանում էր հոգեկան հիվանդի որակմանը։ Իսկ նրանց, ում ինքնասպանության փորձն ապարդյուն էր անցնում, հաշվառման էին վերցնում հոգեբույժի մոտ։ Հայտնի հոգեբույժ Ա. Ամբրումովան (ի դեպ, ազգությամբ հայ) դեռևս խորհրդային տարիներին կարողացավ ապացուցել, որ ինքնասպանների մեծ մասն առողջ մարդիկ են։ Նա Մոսկվայում ստեղծել է հեռախոսային թեժ գիծ և հիմնադրել կենտրոն, որի նպատակն ինքնասպանությունները կանխարգելելն է։

Մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գրեթե մեկ միլիոն մարդ է ինքնասպան լինում։ Այս ճանապարհով կյանքից ավելի շատ մարդ է հեռանում, քան պատերազմների ժամանակ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ 2020-ականներին արդեն ինքնասպանության հետևանքով մահերի թիվը կհասնի 1,5 միլիոնի։ Ընդ որում, տարեկան 10-20 միլիոն մարդ ինքնասպանության փորձ է կատարում, որն ավարտվում է ամենատարբեր վնասվածքներով։ Ինքնասպանության առումով առաջատար երկրներ են համարվում Արևելյան Եվրոպայի պետությունները, հատկապես հետխորհրդային հանրապետությունները՝ Լիտվա, Էստոնիա, Ռուսաստանի Դաշնություն, Լատվիա, Հունգարիա։ Չինաստանում տարեկան ավելի քան 195 հազար մարդ է ինքնասպան լինում, Հնդկաստանում՝ մոտ 90 հազար, Ռուսաստանում՝ 50 հազար, Միացյալ Նահանգներում՝ 30 հազար։ Ամենացածր ցուցանիշը Լատինական Ամերիկայում է, ինչպես նաև մահմեդական և ասիական երկրներում։ Վիճակագրությունը վկայում է, որ տղամարդիկ ավելի շատ են ինքնասպան լինում, քան կանայք։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2000-2005թթ. մեր հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանությունների 1241 դեպք, այսինքն՝ տարեկան միջին հաշվով ավելի քան 200 դեպք։ Մոտավորապես այդքան էլ կազմում են ինքնասպանության փորձի դեպքերը, երբ ինքնասպանությունը չի հաջողվում ավարտին հասցնել, և ինքնասպան լինողի կյանքը փրկվում է։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է սա պայմանավորված։ Հայերը 1990-ականներին էլ են լուրջ խնդիրներ ունեցել, խորհրդային տարիներին էլ, բայց ինքնասպանությունների դեպքերն այսքան շատ չեն եղել։ Գուցե մեր ժողովրդի բարոյահոգեբանական արժեքային համակարգը (եթե այդպիսին կա) խարխլվե՞լ է հիմքից։ Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել հոգեբույժ, հոգեվերլուծող, Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության նախագահ ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԻ հետ զրույցում։

«Ինքնասպանության պատճառները, բնականաբար, շատ են՝ աղքատություն, գործազրկություն, սիրած մարդու կորուստ, ընտանեկան հարաբերություններ, աշխատանքային խնդիրներ, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահում, սոցիալական մեկուսացում, հոգեկան խանգարումներ, դեպրեսիա»,- պարզաբանում է հոգեբույժը՝ վերջին տարիներին Հայաստանում այս երևույթի խորացման հիմնական պատճառը համարելով սոցիալ-հոգեբանական ճգնաժամը, որը ցածր կուլտուրայի հետևանք է։

-Թեև չորս-հինգ հազար տարվա մշակույթ ունեցող ազգ ենք, սակայն Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքացին չունի կենցաղային, հաղորդակցական տարրական հմտություններ, ունենք շատ լավ անհատներ, բայց խմբային աշխատանքը մեզ մոտ ընդունված չէ։ Նման մտայնությունը սահմանափակվում է միայն դեկլարատիվ կարգախոս-ներով՝ մեր ուժը մեր միասնության մեջ է կամ մեկ ազգ՝ մեկ մշակույթ։ Բոլոր ոլորտներում՝ թե՛ ԶԼՄ-ներում, թե՛ ընտանիքում, թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմությունում, թե՛ բիզնեսում, համատարած ճգնաժամային վիճակ է՝ ցածր կուլտուրայի պատճառով։ Մարդը կենդանուց տարբերվում է նրանով, որ հասարակական էակ է և պետք է ենթարկվի հասարակական կանոններին։ Իսկ մեր համաքաղաքացիները հասարակական կանոններն անտեսում ու ապրում են սեփական կանոններով։ Սենք աշխարհի ամենախելացի և ամենաաղքատ ազգն ենք։ Ենթադրվում է, որ խելացի մարդը պետք է ունենա իրեն համապատասխան կենցաղ, առօրյա։ Բայց արի ու տես, որ նա չի կարողանում իր գիտելիքներն ու շնորհքը ծառայեցնել բարեկեցությանը։ Այսինքն՝ ներքին կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում. մարդը գիտի իր ունակությունները, սակայն չի կարողանում իրացնել, ինչն էլ ներքին հակասության հետևանք է դառնում։

Հոգեվերլուծողի կարծիքով՝ դրանից դուրս գալու ելքեր, իհարկե, կան, սակայն դրանք ի սկզբանե փակված լինելու հետևանքով է մեր ժողովուրդն ընկել այս վիճակի մեջ։ Այսինքն՝ բազմաթիվ ասպարեզներում (անձնային, միջանձնային, ընտանեկան, համայնքային, հասարակական) համակեցության մշակույթի ցածր մակարդակը հանգեցնում է դիսկոմֆորտի՝ հաճախ ողբերգական հետևանքներով։

Ինքնասպանությունները, ըստ Չալիկյանի, բաժանվում են երեք խմբի՝ իրական, թաքնված և ցուցադրական։ Իրական ինքնասպանությունը հաճախ անսպասելի է։ Նման ինքնասպանություններին նախորդում են վատ տրամադրությունը, դեպրեսիվ վիճակը կամ էլ կյանքի անիմաստության զգացումը։ Հետաքրքիր է, որ հաճախ նման մարդկանց շրջապատողները որևէ կասկածելի բան չեն նկատում նրանց վարքագծում։

Ինքնասպանների մեծ մասն իրականում ցանկացել է ոչ թե մահանալ, այլ պարզապես լսելի դարձնել իր խնդիրները, ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա, օգնություն խնդրել։ Այս երևույթը հոգեբաններն անվանում են ցուցադրական ինքնասպանություն։ Երբեմն ինքնասպանության այս ձևը շանտաժի յուրահատուկ մեթոդ է։

Թաքնված ինքնասպանության դիմողները հասկանում են, որ այս ճանապարհը խնդիրը լուծելու լավագույն ձևը չէ, սակայն, այնուամենայնիվ, այլ ելք չեն տեսնում։ Նման մարդիկ ընտրում են կյանքից հեռանալու ոչ բացահայտ ճանապարհ։ Դա կարող է լինել բարձր արագությամբ երթևեկը, էքստրեմալ մարզաձևերով զբաղվելը, կամավոր մեկնումը թեժ կետեր, նույնիսկ թմրամոլությունն ու ալկոհոլի չարաշահումը։

Ի՞նչ անել, երբ տեսնում եք՝ ձեր կողքինը հակված է ինքնասպանության կամ նկատում եք, որ սկսել հաճախ մտորել կյանքի իմաստի մասին։ Նախ՝ պետք է հասկանալ, որ ոչ բոլոր պոտենցիալ ինքնասպաններն են հոգեկան հիվանդներ։ Եվ այն մարդկանց, ում հնարավոր է եղել հետ բերել այն աշխարհից, պարտադիր չէ պիտակել հոգեկան ախտորոշմամբ։ Եվ ընդհանրապես՝ ինքնասպանությունը քննադատության առիթ չպետք է լինի։ Իհարկե, դա հարցը լուծելու լավագույն ճանապարհը չէ, բայց ինքնասպանը մեղավոր չէ, որ հարցի լուծման այլ եղանակ գտնել չի կարողացել։

Կյանքի իմաստի մասին հարցին միանշանակ պատասխանել հնարավոր չէ, քանի որ դա շատ անհատական է։ Եթե ձեզ մոտ առաջացել է «ինչո՞ւ եմ ես ապրում» հարցը, ապա այդ իմաստն ուղղակի կորցրել եք, բայց այն հնարավոր է գտնել։ Ընդ որում, այդ փնտրտուքների ժամանակ կարող եք գտնել բոլորովին նոր, անակնկալ իմաստ, գուցե՝ շատ ավելի հետաքրքիր։ Հոգեբանները նշում են, որ ցանկացած իրավիճակից ելք կա, այն միշտ կողքիդ է, պարզապես պետք է գլուխը փոքր-ինչ թեքել՝ տեսնելու համար։

Եվ, այդուհանդերձ, մինչ դուք կարդում էիք այս հոդվածը, աշխարհում մի քանի մարդ ինքնասպան եղավ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 14831

Մեկնաբանություններ