Կանցնի ևս մեկ օր, և Եվրոպան կբռնվի ֆուտբոլային հերթական տենդով։ Վաղը Շվեդիա¬Չեխիա և Պորտուգալիա¬Թուրքիա հանդիպումներով կմեկնարկի Հին աշխարհի հերթական առաջնությունը, և ընտրական փուլի արգելքները հաջողությամբ հաղթահարած 16 ուժեղագույն հավաքականները կսկսեն պայքարը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար։
Շվեյցարիայում (Բազել, Բեռն, Ժնև, Ցյուրիխ) պայքարի մեջ կմտնեն A և B ենթախմբերի թիմերը։ A խմբում վերը նշված չորս թիմերն են, իսկ B խմբում՝ Ավստրիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Խորվաթիայի հավաքականները։
Հաջորդ երկու ենթախմբերի թիմերի մրցատեղին կլինի Ավստրիան (Վիեննա, Կլագենֆուրտ, Զալցբուրգ, Ինսբրուկ)։ C խմբում քառորդ եզրափակիչի երկու ուղեգրերի համար կպայքարեն Ֆրանսիայի, Իտալիայի, Հոլանդիայի և Ռումինիայի հավաքականները, իսկ D խմբում՝ Եվրոպայի ներկայիս չեմպիոն Հունաստանը, Իսպանիան, Շվեդիան և Ռուսաստանը։
Եվրոպայի առաջնության անդրանիկ մեկնարկը տրվել է 1960 թվականին, Փարիզում, և այն ժամանակ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Խորհրդային Միության հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս նաև Մելբուռնի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը։
Ինչպիսի՞ ավարտ կունենա այս՝ թվով 13¬րդ առաջնությունը։ Ովքե՞ր կլինեն այն երկու երջանիկ հավաքականները, որոնք հունիսի 29¬ին Վիենայում կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը։ Ո՞վ կլինի առաջիկա չորս տարիների եվրոպական ֆուտբոլի առաջատարը։ Այս և ֆուտբոլասերներին հետաքրքրող այլ հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ հայկական ֆուտբոլի մի խումբ հանրահայտ ֆուտբոլիստներից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (ՀՀ վաստակավոր մարզիչ) ¬Դատելով բոլորովին վերջերս կայացած եվրոպական գավաթների եզրափակիչ հանդիպումներից, ակնկալում եմ բարձրակարգ ֆուտբոլ։
¬Ձեր կարծիքով ովքե՞ր են հաղթողի հիմնական հավակնորդները։
¬Առաջին հերթին Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Պորտուգալիան։ Մի փոքր վերապահումով եմ մոտենում Եվրոպայի ներկայիս չեմպիոն Հունաստանի հավաքականին, թեև նա ՖԻՖԱ¬ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է բավականին բարձր՝ 8¬րդ տեղը։ Կարծում եմ` պայքարի հաջորդ փուլում կարող է լինել նաև Թուրքիայի հավաքականը։
¬Ռուսաստանի հավաքականի մասին ի՞նչ կասեք։
¬Գիտե՞ք, ռուսները հավասար խաղ չեն ցուցադրում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տրամադրությամբ և տրամադրվածությամբ նրանք դուրս կգան խաղադաշտ։ Գիտեմ մի բան, որ, այսպես ասած, պատերազմ գնացողը պետք է կռվի մինչև վերջ։ Բոլորն էլ ձգտելու են որքան հնարավոր է վեր բարձրանալ։ Ժամանակակից ֆուտբոլը մեծ բարձունքների վրա է գտնվում, և առաջիկա երեք շաբաթը մեզ համար լինելու է կատարյալ ֆուտբոլային տոն։
ՍԵՄՅՈՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (ՀՀ վաստակավոր մարզիչ) ¬Դժվար է միանշանակ ասել, թե ով կնվաճի չեմպիոնի կոչումը։ Վերջին տարիներին համաշխարհային մակարդակի խաղ են ցուցադրում Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Պորտուգալիան։ Հետաքրքրությունն առաջնության նկատմամբ չափազանց մեծ է, և կարծում եմ` մեր սպասելիքները լիովին կարդարանան։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԵՀԵՅԱՆ (ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ) ¬Այս առաջնության 16 մասնակիցներից առնվազն յոթը ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող երկրներ են։ Խոսքը վերաբերում է Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, Իսպանիային, Պորտուգալիային, Չեխիային և Շվեդիային։ Սակայն չպետք է տեսադաշտից դուրս թողնել նաև Եվրոպայի ներկայիս չեմպիոնին։ Չմոռանանք, որ նախորդ առաջնության գլխավոր հայտնությունը երկու անգամ պարտության մատնեց պորտուգալացիներին և այն էլ որտե՞ղ, հենց նրանց հարկի տակ։ Չի կարելի անտեսել նաև թուրքերին, քանի որ նրանց ակտիվում էլ աշխարհի առաջնության բրոնզե անակնկալը կա։ Չեմպիոնի կոչման համար հիմնական պայքարը կսկսվի առաջնության երկրորդ փուլից, և հաջողության կհասնեն այն հավաքականները, որոնք խաղադաշտ դուրս կգան բոլորովին նոր ռազմավարությամբ։ Մի բան միանշանակ է. մեզ սպասում է դիտարժան պայքար, և փառք ու պատիվ այն երկրին, որի պատվիրակները մինչև վերջին վայրկյանը կկարողանան պահպանել հաղթանակի հասնելու իրենց ձգտումն ու կամքը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆ (ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր) ¬Մյուս տարիների համեմատ բավականին լավ առաջնություն է լինելու։ Հաղթողի գլխավոր հավակնորդները կլինեն Իսպանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի հավաքականները։ Չի բացառվում, որ մրցակիցների խաղաթղթերը խառնեն ռուսները։ Նրանք տևական ընդմիջումից հետո առաջին անգամ են դուրս գալու խաղադաշտ, իսկ հավաքականում քիչ չեն Պետերբուրգի «Զենիթի» խաղացողները, որոնք բոլորովին վերջերս նվաճեցին ՈՒԵՖԱ¬ի գավաթը, իսկ ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում։ Այժմ նրանք գտնվում են հենց այս փուլում։ Կարծում եմ՝ տակտիկական առումով շատ նորություններ կլինեն։ Իսպանիան առանձնանում է հարձակողական, Գերմանիան՝ չոր խաղով, Ռուսաստանը՝ պաշտպանական հատկանիշերով, Իտալիան... Մի խոսքով, ոճերի յուրօրինակ ծաղկեփունջ է լինելու։ Չպետք է անտեսել նաև կազմակերպիչ երկրներին՝ Ավստրիային և Շվեյցարիային, որոնք հնարավոր է` դուրս գան երկրորդ փուլ։ Նույնը կարելի է ասել նաև ռումինացիների մասին...
***
«Արարատ-73»¬ի լեգենդար ավագն անդրադարձավ նաև լեգեոնականների հիմնախնդրին, որի պատճառով ազգային առաջնություններում սեփական ֆուտբոլիստների մեծ մասը հայտնվում է պահեստայինների նստարանին և միայն նման առաջնություններում է կարողանում ինչպես հարկն է դրսևորել իր ունակությունները...
Մի խոսքով, վաղը, ժամը 21¬ին, Բազելի «Ջակոբ¬պարկ» ստադիոնում Շվեյցարիա¬Չեխիա հանդիպումով կմեկնարկի ֆուտբոլային մարաթոնը։ Ովքե՞ր կլինեն այն երկու երջանիկները, որոնք Վիեննայի գլխավոր ստադիոնում կորոշեն առաջիկա չորս տարիների եվրոպական ֆուտբոլի առաջատարին. պատասխանը կստանանք հունիսի 29¬ին...
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ