Ես չգրեցի ո՛չ ապրիլյան, ո՛չ էլ 44-օրյա պատերազմների տղաների մասին։
Տարբեր մարդկանցից բազում խնդրանքներ եղան, հորդորներ, առաջարկներ։ Շատերն ասացին. «Ափսոս է գրիչդ, գրի՛ր»։
Չգրեցի։ Ի՞նչ գրեի, ինչպե՞ս, երբ ամեն օր ՊՆ-ի մուտքի մոտ տեսնում էի որդեկորույս մայրերի ողբը, օրեցօր կուչ եկող ու մազերը ճերմակող երիտասարդ հայրերի արցունքակալած աչքերը, տատիկների ձեռքերից բռնած` որբացած մանուկների աղեկտուր լացը:
Ի՞նչ գրեի, երբ ծանոթ-մտերիմներիս` իրենց տղաների մասին որևէ լուր ստանալու համար ամենօրյա հեռախոսազանգերին պատասխանելիս դողում էի. «Ո՞նց եմ ասելու, որ ասում են` իբր «լուր չկա», կամ «ինքը չկա»։ Ո՞նց... »։
Արցախյան առաջին պատերազմի տարիներին հաճախ եմ գրիչս թաթախել կորուստների դառնաղի արցունքների մեջ, անքուն, անհանգիստ գիշերներ լուսացրել։
...Նրանց մասին ոչ այնքան գրել է պետք, որքան` հիշել նրանց։
Նրանց` այն լույս տղաներին, ուղղակի պետք է հիշել։
Ու միշտ։
Անուն առ անուն։
Կարեն Հովհաննիսյան