Աշխարհից, կյանքից կտրված, մեկուսացած մարդիկ սովորաբար ձանձրալի ու մտավոր սահմանափակ են լինում։ Սա հատկապես նկատելի ու վանող է, երբ արվեստագետները, գրողներն են այդպիսին։
Մեր արվեստագետների, գրողների մի մասը երևի թե տարրական պատկերացում չունի համաշխարհային արժեքներից, դարերի ընթացքում տաղանդավոր մարդկանց, հանճարների ստեղծած գլուխգործոցներից։ Պարզ է, որ ես չէի կարող դա ստուգել անձնական շփումներով կամ ինչ-որ թեստերով։ Դա ակնհայտ զգացվում, ցցուն երևում է նրանց ստեղծագործություններից։ ՈՒ երբ հնարավորության դեպքում շփվում ես նման մարդկանց հետ, համոզվում ես, որ նրանք սահմանափակ, տաղտկալի են, ինչպես իրենց ստեղծագործությունները։
Նման «արվեստագետներից» ընթերցողը, արվեստով հետաքրքրվողները սովորելիք չունեն։
Այս ծավալուն նախաբանն ինչու՞ գրեցի։ Վերջին ամիսներին ես շատ-շատերի հետ եմ ծանոթացել, որոնց մինչ այդ գիտեի հեռակա, վիրտուալ։ Շատերը, իրոք, հետաքրքիր, հրաշալի մարդիկ են, և ես մինչ այդ նրանց այդպես էլ պատկերացնում էի։ Ի դեպ, հաճախ եմ կեսլուրջ-կեսկատակ ասում, որ կարողանում եմ մսրդկանց ճանաչել հազարավոր մղոններից։
Բայց ես ուզում եմ առանձնացնել նրանցից մեկին`
Խորեն Գասպարյանին։ Նրան ևս վաղուց գիտեի ու հեռակա կարգով։ Սակայն, անձամբ ծանոթանալով Խորենին, մեծագույն հաճույքով պարզեցի, որ նա հրաշալի մարդ է, անկրկնելի ընկեր, լավ զրուցակից ու տաղանդավոր թարգմանիչ։ Կուզեի առանձնացնել հատկապես թարգմանիչ լինելը, որովհետև, համոզված եմ, որ համաշխարհային գրական և ոչ միայն գրական արժեքներին քաջածանոթ լինելը զգալիորեն ազդել է նրա բնավորության, աշխարհընկալման, աշխարհայացքի վրա։ Նրա հետ միշտ հետաքրքիր է ու, ամեն անգամ հետը զրուցելուց, հասկանում ես, որ այդ համեստ ու ազնվագույն մարդը քո մեջ արդեն իր հաստատուն տեղն ունի, ու այն եզակի հայ մտավորականներից է, որ իրոք Մարդ է և նրանից բոլորը սովորելիք ունեն։ Թեկուզ պարզապես ՄԱՐԴ լինելու առումով։
Վարդգես ՕՎՅԱՆ