Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աշխարհը սրընթաց երկփեղկվում է

Աշխարհը սրընթաց երկփեղկվում է
17.11.2023 | 17:06

14-րդ դարից գերիշխող վաշխառուական կապիտալը, որն ընկել է անհույս գերճգնաժամի մեջ, հոգեվարքային մոլեռանդությամբ սպառնում է աշխարհին իր տեխնոլոգիական գործիքներով, ահռելի ֆինանսներով ու վարչական լծակներով։ Փորձում է տանել թվային ստրկության, կենսաբանական արմատական, բայց արհեստական միջամտության և «կառուցել» անազգ, անհավատ, անսեռ, առանց սեփականության ու միջին խավերի հասարակություն դեռ 20-րդ դարում կանխագուշակված օրուելյան անասնաֆերմա` ինքլյուզիվ կապիտալիզմ կամ new normal հասարակարգ անվամբ։ Մյուս կողմից անբավարար գլոբալիզացված աշխարհն է, որը համառորեն պայքարում է տեսակի պահպանման համար։

Գործընթացներն ուղղակի ընթանում են սրընթաց արագությամբ։

Վերցնենք միայն ԲՐԻՔՍ-ը որպես հակաարևմտյան նախագիծ։ Այն ստեղծվել է դեռ 2009 թվականին՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի մասնակցությամբ։ Ստեղծման պահին ԲՐԻՔՍ-ի երկրներին բաժին էր ընկնում աշխարհի տարածքների 26, բնակչության՝ 42, համախառն արտադրանքի՝ 27 տոկոսը։

Սակայն վերջին տարիներին այնտեղ մտնելու մտադրությամբ են հանդես եկել Արգենտինան, Իրանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Ալժիրը, Բահրեյնը, ԱՄԷ֊-ն, Եթովպիան, Բանգլադեշը, Բելառուսը, Վենեսուելան և այլ երկրներ։

Պատկերացնու՞մ եք՝ ի՜նչ թվերի մասին կարելի է խոսել, երբ այս թվարկված ու չթվարկված երկրները մաս կազմեն ԲՐԻՔՍ-ին։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում 2018 թվականից։

Ամենախայտառակ գունավոր հեղափոխությամբ ու դրսից թելադրվող մանիպուլյացիաների արդյունքում երկիրը վերածվել է Արևմտյան բլոկի կատաղի ֆորպոստի տարածաշրջանում։ Իմ ու ձեր հայրենիքում կատաղորեն ընթանում է ինքլյուզիվ կապիտալիզմ կառուցելու փորձ։ Բավական է միջազգային կազմակերպությունները, որոնք գտվում են Արևմուտքի խորքային պետությունների ազդեցության տակ, ակնարկեն, և հաջորդ վայրկյանին այն դառնում է օրենսդրական ակտ Հայաստանում։

Եթե չեք հավատում, ստուգեք բոլոր օրենքները 2018 թվականից։ Որևէ ռուսական հետք կգտնե՞ք։ Սա ասում եմ այն «գիտունիկներին», որոնք, իբր թե, տեսնում են Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում կատարվող գործընթացներում։

Ու սա արվում է հանրային նստվածքի ակտիվ օգնությամբ։ Ապասոցիալական ու ապասոցիալականին մոտ խավերը, մի կոճակի օգնությամբ, անտանելի ակտիվացել են Հայաստանում։ Սմարթֆոնով լյումպենների կամ, ժողովրդական լեզվով ասած, համբալների տիրապետությունն է, որոնք թքած ունեն քաղաքականության վրա, և նրանց հետաքրքրում է, իբր թե, «թալանի» հետբերումը։

Պիղծ ռեժիմի երկրորդ հենարանը երիտասարդ մասնագետներն են, որոնք աշխատում են դրսի երկրների, վերազգային կորպորացիաների համար։ Վերջին հետաքննությունները ցույց են տալիս, որ այս խավին լիուլի գնել են։

Իհարկե, մեր պատմությունում սև խոռոչի փուլն անպայման ավարտվելու է։ Հանրային նստվածքը կրկին վերադառնալու է իր տեղը, իսկ ապազգային երիտասարդները փախչելու են կամ սսկվելու են հայրենիքում։

Սակայն ո՞ւր կլինի Հայաստանը, եթե շարունակի արևմտյան դուրսպրծուկի դեր խաղալ համաշխարհային այս թեժ ու ահագնացող հակամարտությունում։

Անչափ սպառնալից է...

Մի՞թե դժվար է այս իրավիճակում ընտրություն կատարել։ Ամենևին պարտադիր չէ ԲՐԻՔՍ-ի անդամ դառնալ։ Միառժամանակ պետք է չեզոք քաղաքականություն վարել, հաշվի առնելով մեր իրավիճակի բարդությունը, բայց հստակ կողմնորոշում ունենալ դեպի ԲՐԻՔՍ։

Ես կառաջարկեի ակտիվ քաղաքականություն վարել մեր տարածաշրջանային Միջին Արևելքի ավտոխտոն ժողովուրդների հետ ընդհանուր տուն կառուցելու նպատակով, բայց, ինչպես ցույց են տալիս մեր անհաջող փորձերը, հայկական հասարակությունը դեռ պատրաստ չէ դեմքով շրջվել սեփական տարածաշրջան։ Այլ խոսքով՝ իներցիայով ակնկալում է օգնություն Արևմուտքից կամ Ռուսաստանից։

Այս սցենարը, իհարկե, կարող է գործել իշխանափոխությունից հետո, երբ ամբողջապես մերժվի արևմտյան դուրսպրծուկի քաղաքականությունը և արևմտյան «զամբյուղում» հայկական բոլոր «հավկիթների» պահպանումը։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 4812

Մեկնաբանություններ