Մինչ ԱԺ-ում կիսաբաց լուսամուտների սցենարով՝ կրքերը բորբոքվում են ու «պատահականների» հերթական «սրիկայապայքարն» է էթեր գնում, ամեն երկրորդն էլ, դիլեմայի առաջ՝ Պուտին-Պրիգոժին, Բատյա, Կադիրով ու Սուրովիկին ռեբուսն է բացահայտում, մեզ հարևանած քոչվոր ցեղախմբի ՊՆ նախարարը հաթաթա է մեզ տալիս՝ ասելով, թե քաջատեղյակ է Արցախի Պաշտպանության բանակի ու դրա անձնակազմի մասին, թե ինչ հնարավորություններ այն ունի և որ ադրբեջանական բանակի նույնիսկ մեկ կորպուսը Ղարաբաղում կարող է լուծել բոլոր խնդիրները։
«Մեծ ջանքեր չեն պահանջվի Ղարաբաղում մնացած ռազմական խմբավորումները ոչնչացնելու համար»:
Որ ասեմ «պառաժ» է անում՝ սուտ կլինի:
Ճիշտ է ասում:
Այդ ամենը, առավել ևս հիմա, թշնամու համար գաղտնիք չէ, ասածն էլ հեքիաթ չէ:
Թիկունքին Թուրքիա, Իսրայել ու Պակիստան, Շուշիի դեկլարացիան աչքի առաջ, ԱԹՍ-ների համատեղ արտադրության մեկնարկը, իսրայելական ավիաբազաների ստեղծումը մի կողմից, Քարվաճառի ու Բերձորի պլացդարմի վերածումը մյուս կողմից հնարավություն է տալիս է այսկերպ արտահայտվելու Զաքիր Հասանովին:
Վրադիր՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում, տոտալ բլոկադայի պայմաններում, թշնամական զորքով ամբողջովին շրջապատված, օղակի մեջ վերցված, առանց թիկունքից օգնության (օրհասական պահին ՀՀ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերելու և Արցախի համար չի թաթախվելու նոր պատերազմի մեջ, անգամ, եթե թշնամին կոտորի արցախահայությանը) այո՛, հաշված օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում հնարավոր է կաթվածահար անել մնացյալ Արցախը և օկուպացնել այն:
Արցախի Պաշտպանության բանակը լավագույն դեպքում կդիմագրավի այնքան, ինչքան կբավարարի մնացորդ սպառազինությունն ու մարդկային ռեսուրսը կամ ստիպված կլինի գնալ պարտադրվող կապիտուլյացիայի:
Երկու դեպքում էլ՝ կուլմինացիան ճակատագրական է:
Կամ կկոտորվեն նույնիսկ քաղաքացիականները կամ կհանձնվեն, որից հետո կդրվի պայման՝ լքել Արցախը կամ դառնալով Ադրբեջանի քաղաքացի, ենթարկվելով ադրբեջանական օրենքներին՝ մնալ և շարունակել ապրել Արցախում:
Լավագույն դեպքում գույքի և սեփականության իրավունքները գուցե պահպանվեն:
Իհարկե՝ խիստ կասկածում եմ:
Մնացյալ զինտեխնիկան, ողջ սպառազինությունը կանցնի նրանց տիրապետման տակ, հայկական զորամասերը կա՛մ կրկին կծառայեցվեն որպես զորամասեր կա՛մ կվերածվեն ներքին զորքերի, ոստիկանության բաժանմունքների ու կալանավայրերի:
Հայ տղամարդկանց, առավել ևս բանակ ծառայած, պատերազմի մասնակիցներին ու հատապես զինվորականներին՝ չասեմ թե ինչեր կանեն:
Չասեմ, թե ինչ կանեն նահատակված տղաների շիրիմների հետ:
Չասեմ, թե ինչպես Սուրբ Ղազանչեցոցի ու Բերձորի Սուրբ Համբարձման նման մնացյալ եկեղեցիները մզկիթների կվերածեն կամ Կանաչ ժամի պես հիմնահատակ կավերեն:
Չասեմ, թե ինչ հերթականությամբ, ինչ վայրագություններ կանեն:
Գիտակից և իրեն իսկապես հայ համարողը գիտի՝ ով է թուրքը և թե ինչի է ընդունակ:
Որ անհնար է որևէ կերպ համակեցություն:
Արցախահայությունն առավել ևս այդ ամենը գերազանց գիտի:
Թուրքն էլ մեզ լավ գիտի, ու շան պես վախենում է մեր միաբանվածությունից, համախմբվածությունից ու միասնական լինելուց:
Դրա համար էլ վերը թվարկածներս իրականացնելու հարցերում, այդուհանդերձ, նրանք ունեն խնդիր:
Հետևաբար, արդյոք կգնա՞ն այս քայլերին, կդիմե՞ն արկածախնդրության և հետո՝ արդյոք կմարսե՞ն այն:
Հռետորաբանությունը հուշում է որ՝ այո՛:
Դեպքերի ու իրադարձությունների շարանը, զարգացումները ևս դրա մասին են խոսում:
Հետևաբար, վերջիններս այս անգամ կաշկանդված չեն իրենց գործողություններում:
Ադրբեջանին արտոնվել է 2 բան՝ խախտել ուժի չկիրառման սկզբունքը և վերականգնել իբր թե «տարածքային ամբողջականությունը»։
Ազգերի ինքնորոշման իրավունքի հնարավոր չեղարկումը կլինի 3-րդ արտոնությունն Ադրբեջանին։
Նրանք պարզապես չեն շտապում, ավելին՝ համբերատար սպասում են պատեհ առիթի:
Նրանց մնում է իրենց հարցերը վերջնականապես լուծել ռուսների հետ:
Որոշ հարցեր արդեն իսկ լուծել են, մի շարք հարցերում էլ գործում են սինխրոն, քանի որ կա կոնսենսուս:
Հետևաբար, իրավիճակը սրել, մանավանդ, երբ խաղաղապահների առաքելության ժամկետը մոտենում է ավարտին՝ անիմաստ է:
Նրանք կատեգորիկ դեմ են ևս հինգ տարով նրանց ներկայությանը, ավելին՝ օր ու ժամ են հաշվում, որ ռուսները լքեն Արցախը:
Այդժամ Արցախը կմնա ձեռնունայն ու անպաշտպան:
Ըստ այդմ՝ կվարվեն այնպես, ինչպես կուզենան:
ՈՒստի, անկախ տարատեսակ սցենարների ու հնարավոր «ռասկլադի», ինչ-որ բան ձեռնարկելու, այս ամենի դեմն առնելու համար ունենք մոտ մեկ ու կես տարի ժամանակ:
Ի՞նչ է պետք դրա համար անել.
Նախ այս բարդ ու ճակատագրական պահին հանրությանը պետք է տալ ճիշտ ուղերձներ:
Պետք է կտրականապես բացառել արհեստականորեն կամ կանխամտածված շրջանառության մեջ դրված՝ մեր պետականության հիմքերը թիրախավորող, մեր արժեհամակարգն ու արժանապատվությունը նսեմացնող, մեր հազարամյա պատմությունը կասկածի տակ դնող թեզերի արծարծումը:
«Կադաստրային թղթից» մինչև Մասիս սարը Արագածով փոխարինելու վտանգավոր թեզերն ու նարատիվները տանելու են մեզ կործանման ու հայրենազրկման:
Կատաղի պայքար պետք է տանենք դիվանագիտական ֆրոնտում, բայց և մինչ ատամներս անխնա զինվենք:
Ստեփանակերտը որպես պաշտոնական կողմ պետք է ներգրավված լինի ցանկացած բանակցություններում, այդկերպ դառնալ իրավահավասար կողմ, ստանալ ձայն և սեփական շահերը պաշտպանելու հնարավորություն։ Հրաժարվել բանակցելուց, նշանակում է հրաժարվել ազգերի ինքնորոշման իրավունքից։
Պետք է վերբեռնենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, հստակեցնենք նրա հետ մեր ընդհանուր օրակարգը:
Պետք է Իրանի, Հնդկաստանի, Կիպրոսի, Հունաստանի ու Սիրիայի հետ բարիդրացիական հարարերությունները հասցնենք դաշնակցային մակարդակի:
Այս օրհասական ու ճակատագրական պահին պետք է սթափ դատողություններ անենք, չտրվենք էմոցիաներին, տեղեկատվական ու հոգեբանական սադրանքներին, ձերբազատվենք ներքին գզվռտոցներից:
Վստահեցնում եմ՝ մենք ունենք ներուժ պահպանելու ու այս իրավիճակից դուրս բերելու Արցախը:
Բայց սա այն դեպքում է հնարավոր կյանքի կոչել, երբ ներկայիս ՀՀ իշխանությունները լիովին ու անմնացորդ նվիրվեն այս գործին:
Մենք պարտավոր ենք գնալ այս ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում՝ կանգնելու ենք պետականության կորստի առաջ ու դրա գլխավոր մեղավորը լինելու ենք մենք ինքներս:
Վերջապես հասկացեք ու գիտակցեք, որ Արցախի կորուստը Հայաստանի կորստի սկիզբը կլինի:
Մի պահ էլ սթափվեք, գիտակցելու համար, որ այս ամենի համար սերունդները մեզ չեն ներելու:
Ականջդ կանչի Նժդեհ.
Ազգը չի կարող որոշակի ու շարունակական զարգացում ունենալ առանց ազգային գաղափարի:
Ազգային գաղափարն է, որի շուրջը հավաքվում է ազգի մտածող շերտը, սնվում է նրանից, հոգեպես ամրապնդվում և լծվում է ազգաշեն գործունեության: Ազգային գաղափարն է, որից սնվում և ուժեղանում է ազգային ոգին:
Ազգային գաղափարն է, որ ժողովուրդը դարձնում է ազգ:
Ազգային ոգին է, որ կռում է ազգերի ճակատագիրը:
Այն, ինչը մեզ առ այսօր պակասում է:
Խոհեմություն մեզ բոլորիս:
Խելքի եկե՛ք ՀՀ և ԱՀ իշխանություններ:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ