Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում են կնոջ հետ, որովհետև դա պղծություն է»

«Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում են կնոջ հետ, որովհետև դա պղծություն է»
09.04.2019 | 00:07

Այո, քանի որ եկանք ու ահա թե ուր հասանք, ա՛յ ժողովուրդ, որ էս սոդոմական աղտեղության մասին ենք գրելու, որ մինչ իսկ հայոց խորհրդարանի ամբիոն բարձրացավ: ՈՒ չլինի թե սկսված այդ վարակը շատ տարածվի, թե չէ մի տասը արդար էլ չենք գտնելու մեր ազգի մեջ, որ Աստված նրանց երեսին նայի ու մեզ Սոդոմ-Գոմորի պատժի կրակին չմատնի։


Հիմա, որպեսզի այդ պատճառով Տիրոջ օրհասը մեզ վրա չհասնի, հարկ է, որ տեղեկանանք Աստծո խոսքի ու մեր սուրբ պապերի զգուշացումներին այդ արվամոլական ախտի մասին։
Գրիգոր Լուսավորիչ հայրապետն իր «Հաճախապատում» ճառերի մեջ այս ախտի մասին դեռ 1700 տարի առաջ գրել է. «Տղամարդկանց և կանանց մեջ ցանկության ախտերի բազում չարիքներ կան, որոնց մասին ասելը կամ լսելը զազրելի է մտքով մաքրվածներին և սրբացածներին։ Այս, որ ասելու եմ, կլսեն նրանք, որոնք սրանցում սատանայի ձեռքն են ընկած՝ հարբելով պոռնկության ախտով։ Որի համար մարգարեն ասում էր. «Վա՛յ ձեզ, որ հարբել եք ցանկություններից և ոչ թե գինուց» (Եսայի 51.21)։ Որովհետև բոլոր չարիքների մայրը պոռնկությունն է, մեղքերի մայրը, քանի որ սրա համար է Աստծո բարկությունը գալիս երկրի վրա՝ սովի, պատերազմի ու գերության և տեսակ-տեսակ ախտերի, հարազատների ու օտարների, ծնողների ու զավակների խռովությունների, ինչպես և կռիվների ու մահվան։
Այն ավելի չար է, քան ասված ախտերի գարշանքը, որ ավելի քան անասունները, գազանները, սողունները, պղծվում են անասունների և արուների հետ։ Արուները թողելով իգության կարիքները և էգերին, բորբոքվեցին միմյանց նկատմամբ իրենց ցանկություններով անասելի աղտեղության մեջ, որ հնարավոր չէ տեսնել այլ շնչավորների մեջ նման գարշելի ախտեր»։
Իսկ եզրակացությունն այս է. սոդոմական ախտը ոչ միայն մարմնավորի հետ է կապված, այլև մտավորի ու հոգևորի, քանի որ նման մարդիկ բացարձակապես Աստծո խոսքին ու պատվիրանին անհաղորդ են լինում, որոնց համար եկեղեցին ու սրբությունը այլևս գոյություն չունեն։ Բայց քանի որ մեր ընթերցողներից շատերը քրիստոնյաներ են կամ էլ բարոյական արժեքները վեր դասող անձինք, այդ պատճառով արժե նորից մի քանի տողով հիշեցնել մեզ բոլորիս Արարող Տիրոջ զգուշացումները. «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում են կնոջ հետ, որովհետև դա պղծություն է։ Ոչ մի անասունի հետ չխառնակվես, պղծվելով նրա հետ» (Ղևտացիներ 17. 22):


Ըստ եկեղեցու վարդապետների. «Չնայած միանման ախտեր են սրանք, բայց սա շնությունից առավել չար, ստուգապես սատանայական ախտ է, որովհետև դուրս է մարդկային բնությունից և անպիտան որդեծնության համար: Քանզի սատանան, որքան կարողանում է, հնարներ է մտածում, ջանալով ավելի մեծ չարիքներ գործել տալ մարդկանց, որ նրանք իսպառ հեռանան Աստծուց: Դրա համար էլ հնարեց, ջանաց և Ադամի որդիների մեջ այս ախտը սերմանեց: Սակայն տե՜ս բանսարկուի չարության արվեստը, թե որտեղից սկսեց այս անտանելի չարիքը: Պատմում են, թե Կայենի զավակների մեջ կար մի կին, որը դարձավ սատանայի անոթ. սատանան խառնակվեց նրա հետ և նրա միջոցով մարդկանց սովորեցրեց արվամոլություն: Այդ կինը դժվարածին էր և որպեսզի չչարչարվի ծննդաբերելիս, իր ամուսնուն սովորեցրեց անբնականը և սոդոմականը գործածել իր չար ախտը բավարարելու համար և ոչ թե ծննդական որովայնը:


Եվ որովհետև հնարավոր չէ, որ աշխարհում գործվող չարիքը թաքուն մնա, մարդիկ այս չարիքի մասին լսեցին, սովորեցին նրանցից և սովորեցրեցին շատերին: Կամաց-կամաց տարածվեց այն: Տղամարդիկ սովորելով՝ թողեցին իրենց կանանց անկողինը, ու տղամարդը տղամարդու հետ էր գործում այս խայտառակությունը: Հետո տարածվեց ախտը, և Աստծո որդիները, որոնք Սեթի որդիներն էին, խառնակվեցին Կայենի որդիների բարքերին:
Աստված տեսավ նրանց գործերն ու հույժ տրտմեց: Եվ քանի որ հետ չէին դառնալու իրենց մեղքերից, Նա վավաշոտ այդ ախտի պատճառով ջրհեղեղով կործանեց նրանց: Ջրհեղեղից հետո բարձրացավ աշտարակը, հիմն ի վեր փլվեց այն, տապալվեց, և Ադամի որդիները ցրվեցին երկրի երեսին: Այնուհետև սատանան եկավ Սոդոմ և Գոմոր, նրանց այլ քաղաքներն ու սովորեցրեց նախկին արվամոլությունը: Եվ այնքան բազմացրեց չարիքը, որ նույնիսկ մոռացան կանանց, ու պակասեց նրանց ծնունդը:
Այս ամենը հասավ Աստուծո ականջին: Սրտագետ Աստված գիտեր, որ նրանք հետ չեն դառնալու չարիքից, իջավ երկիր և եկավ Աբրահամի մոտ, Իր երկու հրեշտակներին էլ ուղարկեց Սոդոմ՝ Ղովտի համար: Եվ Սոդոմի տղամարդիկ եկան կուտակվեցին Ղովտի դռան մոտ և պահանջում էին Ղովտից նրա մոտ եկած հրեշտակներին, որովհետև մարմնավոր հյուրեր էին կարծում նրանց, քանզի Սոդոմի և Գոմորի անօրեն սովորությունն այն էր, որ եկած հյուրին չարչարում էին սոդոմական պիղծ ախտով: Որպեսզի հավատաս այս խոսքերին, թող քեզ վկայություն լինի այն, որ Ղովտը հրեշտակների փոխարեն իր երկու կույս աղջիկներին էր տալիս նրանց ձեռքը՝ նրանց չար և անօրեն ախտերը բավարարելու համար: Իսկ նրանք չհավանեցին ու չվերցրին նրա դուստրերին»:


Նաև հայրապետներից մեկի մոտ գրված գտանք. «Որովհետև նրանք չարաչար ցանկացան հրեղեն, անմարմին հրեշտակներին, Աստված իրավամբ վերին հուրը, որտեղ բնակվում են հրեղեն հրեշտակները, անձրևի նման տարածեց ու թափեց նրանց վրա և իսպառ ջնջեց նրանց չար հիշատակը:
Բայց նրանց չար գործն ու դառը հիշատակն աշխարհում չպակասեց, այլ Սոդոմի դառնատես չար տունկը օրըստօրե գնալով աճում է ողջ երկրի երեսին և պտուղ տալիս, իսկ Գոմորի անօրեն ողկույզը մահացու պիղծ վիշապների գինի է պատրաստում, որը տնկեց սատանան՝ Ադամի սերունդներին կործանելու համար»:


Լսեցի՞ք, գիշեր-ցերեկ մեր ազգը պիղծ ֆիլմերով ու սերիալներով պղծող հայորդի մշակութաբաններ, որ թեկուզև այդ սոդոմական ախտով վարակված չեք, բայց հայոց եթերի միջոցով ապականում եք մեր ընտանիքները ձեր պղծախորհուրդ հաղորդումներով, ու դո՛ւք էլ եք այդ օրը պատասխան տալու Աստծո առաջ որպես պղծության համախոհներ, ինչպես որ զգուշացնում է Պողոս առաքյալը. «Այդպիսիները գիտեն Աստծո դատաստանը, թե այդպիսի բաներ գործողները մահվան են արժանի և ոչ միայն նրանք, որ անում են, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս» (Հռոմեացիներին 1.18-20)։
Իսկ այն, ինչ անցյալ շաբաթ կատարվեց հայոց խորհրդարանում, հենց այնպես չեղավ: Սա ահազանգ էր ամենքիս համար, որոնք լսելու ականջ ունեն և իրենց չափի ու ծիրի մեջ հոգ են տանում մեր ազգի բարոյական մաքրության ու ընտանիքների պահպանման համար. որ սատանան իր նմանների միջոցով հայոց օրհաս է նախապատրաստում:
Իսկ այս եղածի արմատները դարերի խորքն են տանում, երբ մոտ 2000 տարի առաջ Հովհաննես առաքյալը Պատմոս կղզում տեսիլք տեսավ ու գրեց Հայտնության գիրքը, որով վերջանում է Ավետարանի խոսքը, քանի որ այդ տեսիլքը գալիք սերունդների համար մարգարեական գիր էր, որ կատարվել ու հիմա էլ կատարվում է, ինչը մեր աչքերով տեսանք ու լսեցինք մեր խորհրդարանում:


Գրածիս հավաստիության մեջ համոզվելու համար կարդացեք այդ տողերը Սուրբ Գրքից.
«Այնուհետև տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և ուներ մեծ իշխանություն. և նրա փառքից երկիրը լուսավորվեց: Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՛վ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի ոգիների, քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագավորները, որոնք պոռնկություն արեցին նրա հետ: Ապա երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. Ելե՜ք դրա միջից, Իմ ժողովո՜ւրդ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները, քանի որ դրա մեղքերը դիզվեցին հասան մինչև երկինք: Աստված հիշեց դրա ամբարիշտ արարքները: Եվ նա պիտի հատուցի դրան, ինչպես որ մեզ հատուցեց: Եվ դա կրկնակին պիտի ստանա իր գործերի փոխարեն» (Հայտնություն 18.1-4):
Եթե տեղյակ չեք, ապա իմացեք, որ այդ կատաղի պոռնկության` սեռապղծության վարակի օրինականացումը սկսվեց 1979 թ. եվրոպական Նիդերլանդներից, որից հետո Դանիան վարակվեց, ապա մնացյալները: Այժմ դրանցից ախտավորվել և օրինական իրավունք են տվել միասեռականներին ամուսնանալու աշխարհի 18 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգները: Իսկ ամենացավալին այն է, որ այդ բոլոր երկրները, բացի մի քանիսից, այսպես կոչված, «քրիստոնեական» երկիր են իրենց համարում:


ՈՒ հիմա էլ այս աշխարհի իշանի՝ սադայելի ախորժակը բացվել է և ուզում է Քրիստոս Հիսուսին առաջինը Տեր ու Աստված դավանող մեր ազգին ծնկի բերել իր կճղակների առաջ: Բայց նա տգետ լինելով, չհասկացավ, որ արդեն քսան դար է մեր ազգը ապրում է իր բարի Հովվի՝ չարին հաղթած Աստծո Որդու Խաչի պահպանության տակ, որի զորությամբ Տերը հաղթեց մահվանն ու սատանային: ՈՒ դարձյալ կհաղթի մեր ազգի միջոցով. «Զի Աստուած ընդ մեզ է»:
Մենք էլ ազգովի հիշենք ու երբեք չմոռանանք, որ թշնամի գայլերով շրջապատված Հայաստան ու Արցախ աշխարհի սահմանների ամրությունը նախ մեր բարոյական ու հոգևոր մաքրությունից է կախված, իսկ մնացյալը դրա ուղիղ հետևանքն է։ Քանզի նման հոգևոր պայքարներով մեր ազգը շատ է անցել այլակրոն ու այլազգիների հարևանությամբ ու հաղթող մնացել` պահպանելով մեր հավատքն ու ավանդական ապրեցնող արժեքները:
Հիմա վերջին կռիվն է Տիրոջ երկրորդ գալուստից առաջ. ու չեմ կասկածում, որ սրանից էլ հաղթող դուրս կգանք մեր Տիրոջ հաղթանակած Խաչի, Հայոց անպարտելի սրբերի ու Տիրամոր բարեխոսությամբ:
Մնում է այս ամենից հետո միայն ազգովին բացականչել. «Տե՛ր ողորմյա, Տե՛ր ողորմյա, Տե՛ր ողորմյա, Քո մեծ ու սուրբ Անունով կոչված Հայոց անդրանիկիդ նորից ողորմյա»։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 20528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ